Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.09.08/57(1146).1 Հոդ.816.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.03.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ  ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ1/0078/01/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԿԴ1/0078/01/13

ԿԴ1/0078/01/13

Նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան

Դատավորներ`

 Ե. Դարբինյան

 Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի մարտի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սարգիս Գոռի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Գալստյանի պաշտպան Ք.Ռուբենյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 49108213 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Սարգիս Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի մարտի 18-ի դատավճռով Ս.Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 3 ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 18-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ք.Ռուբենյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ս.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(…) 2013 թ. հուլիսի 22-ին իրենց թաղամասի վերևում գտնվող աղբանոցի մոտ վայրի աճած կանեփ ցեղատեսակի խոտաբույսերից քաղել, չորացրել և ապօրինի, անձամբ օգտագործելու նպատակով հագուստի գրպանում պահել է 0.81 գրամ հաստատուն քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2013 թվականի հուլիսի 23-ին ընկերոջ` Նորայր Մարտոյանի «ԳԱԶ 31105» մակնիշի մեքենայով Երևան գնալու ճանապարհին, վերջինից գաղտնի դրել է նշված մեքենայի առջևի աջ նստատեղի հետևի գրպանում» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 111-114):

6. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի համաձայն` Ս.Գալստյանը երկու անգամ դատապարտվել է, մասնավորապես` 2007 թվականի հուլիսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով` 2008 թվականի մարտի 3-ին պայմանական վաղաժամկետ ազատվելով պատժի կրումից և 2009 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 3 տարի ժամկետով, ապա ազատվել նշանակված պատժից` ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 21-22):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի ներածական մասում արձանագրված է, որ Ս.Գալստյանը նախկինում դատված անձ է, ում դատվածությունը մարված է: Նույն դատավճռի պատճառաբանական մասում նշված է. «(…) Պատիժ նշանակելիս [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության մակարդակը, այնպես էլ` նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

 (…) որպես Սարգիս Գալստյանի անձը բնութագրող հանգամանք [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում նրա` նախկինում երկու անգամ դատապարտված լինելը (…):

 (…)

[Առաջին ատյանի դատարանը], հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, ինչպես նաև արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, գտնում է, որ ամբաստանյալ Սարգիս Գալստյանի կողմից կատարված արարքի համար նրա նկատմամբ պետք է նշանակվի պատիժ ազատազրկման ձևով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 143-146):

8. Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ արձանագրել է. «(…) ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է (…) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել (…) Ս.Գալստյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող (…) հանգամանքները, Ս.Գալստյանի անձը բնութագրող [հանգամանք] է դիտել (…) [նրա՝] նախկինում երկու անգամ դատապարտված լինելը (…):

(…)

Առաջին ատյանի դատարանը հենց ամբաստանյալ Ս.Գալստյանի կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանը և նրա անձը բնութագրող` նաև վերաքննիչ բողոքում բերած և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը հաշվի առնելով նշանակել է համաչափ` օրենքով նախատեսված նվազագույն պատիժ և հիմնավոր հետևության հանգել, որ նշանակված պատիժը նա պետք է կրի և աննպատակահարմար է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժը պայմանականորեն չկիրառելը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 83-90):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Պաշտպան Ք.Ռուբենյանի համոզմամբ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որպիսի պայմաններում կայացված դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված, իսկ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ խիստ է և չի համապատասխանում նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանին: Մասնավորապես, ըստ բողոքաբերի Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-64-րդ, 70-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 360-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև անտեսվել են Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0034/01/08, թիվ ԱՐԱԴ/0050/01/08, թիվ ՍԴ/0226/01/09, թիվ ԵՔՐԴ/0571/01/08, թիվ ՎԲ-01/08, թիվ ՎԲ-192/07, թիվ ՎԲ-124/07, թիվ ԵԱՔԴ/0078/01/09, թիվ ԵՇԴ/0029/01/08, թիվ ԼԴ/0019/01/09, թիվ ԵԿԴ/0042/01/11 և թիվ ՎԲ-50/07 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ս.Գալստյանի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ամբաստանյալն աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել կատարած արարքի համար, չի թաքնվել քննությունից, նախաքննական մարմնի համար խոչընդոտներ չի առաջացրել, ունի մշտական բնակության վայր, խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, կինը և հորեղբայրը, անապահով ընտանիքի միակ կերակրողն է, բնութագրվում դրական և վատառողջ է (մասնավորապես, ըստ բողոքաբերի վկայակոչած բժշկական փաստաթղթերի` Ս.Գալստյանը տառապում է 1-ին աստիճանի շնչական անբավարարությամբ, ոչ սպեցիֆիկ թոքային հիվանդությամբ` ուղղորդված արյունահոսություններով, ունի սուր թրոմբոզ, սուր իշեմիա 3-րդ «Ա» աստիճանի, հեպատիտ «Ց», արյան շրջանառության 3-րդ աստիճանի խանգարում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ենթարկվել է ձախ վերին վերջույթի` նախաբազկի և ֆալանգների վիրահատության, ինչից հետո ձախ ձեռքի 3-րդ, 4-րդ մատերն անշարժացել են, իսկ 4-րդ մատում հայտնաբերվել է գանգրենա` մատի սևացման նախանշմամբ): Արդյունքում թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարաններն ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել են սխալ հետևության` կայացնելով չհիմնավորված դատական ակտեր:

Բողոքաբերը կարծիք է հայտնել, որ Ս.Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան նշանակելով հնարավոր է հասնել պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև ապահովել արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտպան Ք.Ռուբենյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Ս.Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունները որպես Ս.Գալստյանի անձը բնութագրող հանգամանք հաշվի առնելը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝

«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

(…)

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: (…)»:

Պատժի անհատականացման հանրաճանաչ քրեաիրավական սկզբունքը նախատեսում է հանցանք կատարած անձի նկատմամբ կոնկրետ հանցակազմի սանկցիայի սահմաններում կոնկրետ պատժի նշանակում: Ընդ որում, որպես պատժի անհատականացման ընդհանուր չափանիշներ են սահմանվում`

ա) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ընդհանրապես, կոնկրետ հանցագործության կատարման հանգամանքների տեսանկյունից` մասնավորապես,

բ) հանցավորի անձը,

գ) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (տե՛ս mutatis mutandis Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 17-րդ կետը):

13. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն առ այն, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված հանցագործության բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող տվյալների՝ նրա սոցիալ-հոգեբանական, քրեաիրավական և մի շարք այլ հատկանիշների համակցության ճիշտ գնահատումը: Պատասխանատվության անհատականացման համար անհրաժեշտ է իմանալ ոչ միայն այն պայմանները, որոնցում ձևավորվել է հանցավորի անձը, այլև նրա բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերը, որոնք իրենց արտացոլումն են գտել արարքի` մասնավորապես հանցագործության կատարման մեջ: Այս առումով նախկինում հանցանք կատարած լինելն անշուշտ հանցավորի անձը բացասաբար բնութագրող հանգամանք է, ինչը, սակայն, չի նշանակում, որ անձի նախկին հանցավոր գործունեությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի նրա նկատմամբ նոր հանցագործության համար պատիժ սահմանելիս (տե՛ս Արտաշ Իլյայի Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15 թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 13-րդ կետը):

Քրեական օրենսդրությունը նախատեսում է որոշակի պայմաններում անձի դատվածությունը հանելու կամ մարելու ընթացակարգ, որից հետո անթույլատրելի են դառնում դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասը):

Վերոգրյալի հետ կապված` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը որպես նրա անձը բացասաբար բնութագրող հանգամանք հաշվի առնելն անթույլատրելի է: Նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագիր՝ դատարանը պարտավոր է այն ուղղակիորեն արտացոլել պատժի և պատասխանատվության անհատականացման ժամանակ: Մինչդեռ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած, և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում՝ չի կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա:

Ուստի մարված կամ հանված դատվածության պայմաններում նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի անձնավորությունը բացասաբար բնութագրող հանգամանք՝ դատարանը ոչ միայն կիմաստազրկի դատվածությունը հանելու, մարելու քրեաիրավական կառուցակարգերը, այլև կարող է խախտել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները (տե՛ս Արտաշ Իլյայի Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 15-րդ կետը):

14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Գալստյանը 2007 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով, իսկ 2009 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ Ս.Գալստյանը նախկինում դատված է, իսկ նրա դատվածությունները մարված են: Միևնույն ժամանակ որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում երկու անգամ դատապարտվել է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման է ենթարկել կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես այն, որ նա նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, ինչի արդյունքում Ս.Գալստյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերոգրյալ փաստական տվյալներից հետևում է, որ Ս.Գալստյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, և նրա դատվածություններն օրենքով սահմանված կարգով մարվել են: Չնայած այդ հանգամանքին՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա անձը բնութագրող տվյալ, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել դա:

15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունները որպես Ս.Գալստյանի անձը բնութագրող հանգամանք հաշվի առնելն իրավաչափ չէ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը որպես հանցավորի անձը բնութագրող հանգամանք է դիտել այնպիսի փաստական տվյալ, որը որպես այդպիսին չէր կարող գնահատվել: Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել վերոգրյալը՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ և 84-րդ հոդվածների պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը:

Վերը նշված նյութական իրավունքի խախտումները, որոնք կարող էին ազդել պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

16. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սարգիս Գոռի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան