Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.33
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.11.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵէԴ/0888/02/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵէԴ/0888/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵէԴ/0888/02/14
2015թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան  

Դատավորներ`

Ս. Միքայելյան
 

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 1.313.605 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 08.09.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.12.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.09.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության և Կազմակերպության միջև 11.01.2013 թվականին կնքված պայմանագրի 5-րդ կետի համաձայն` անհաղթահարելի ուժ է դիտվել նաև նշված պայմանագիրը կնքելուց հետո ծագած ցանկացած ակտը կամ գործողությունը, որպիսիք տվյալ դեպքում դրսևորվել են ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և դրա հիման վրա վագոնն ի պահ հանձնելու եղանակներով: Ընդ որում, անհաղթահարելի ուժն առաջացել է վագոնն ի պահ հանձնելու պահից և շարունակվել է մինչև վարչական վարույթի արդյունքում համապատասխան որոշում կայացնելը:

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Ռուսաստանի Դաշնության երկաթուղային տրանսպորտի կանոնադրության մասին» դաշնային օրենքի 22-րդ հոդվածը, ինչը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի խախտմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.09.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 11.01.2013 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է Հարավկովկասյան երկաթուղում իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) (հատոր 1-ին, գ.թ. 10-17).

2) Պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն՝ Պայմանագիրը կարգավորում է դրա կողմերի փոխհարաբերությունները` կապված հաշվարկների կազմակերպման և փոխադրավճարների, գանձումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության երկաթուղով բոլոր տեսակի հաղորդակցություններում երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ժամանակ Ընկերությանը հասանելիք այլ վճարների հետ (հատոր 1-ին, գ.թ. 10-17).

3) Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն՝ Ընկերության կայարաններում բեռնափոխադրումների կազմակերպման հետ կապված լրացուցիչ գանձումները և այլ վճարները հաշվարկվում են Ընկերության պաշտոնական կայքում տեղադրված «Բեռնափոխադրումների կազմակերպման ժամանակ Ընկերության կողմից տրամադրվող աշխատանքների և ծառայությունների գնացուցակ»-ի այն դրույքաչափով, որը գործում է փոխադրման փաստաթղթերում բեռը փոխադրման ընդունելու մասին օրացուցային դրոշմակը դնելու ամսաթվին (հատոր 1-ին, գ.թ. 10-17).

4) Պայմանագրի 5.1-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի կողմերից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում Պայմանագրով իր ցանկացած պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, այն է՝ ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլ բնական աղետներ, Պայմանագրի կնքման պահից հետո ծագած ցանկացած ակտեր կամ գործողություններ: Եթե այդ հանգամանքներից որևէ մեկն անմիջական ազդեցություն է ունեցել Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավորությունների կատարման վրա, ապա պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է այնքան ժամանակով, որքան որ գործել են այդ ուժերը (հատոր 1-ին, գ.թ. 10-17).

5) 07.12.2013 թվականին կազմվել է ընդհանուր ձևի ակտ այն մասին, որ Գյումրի-Մասիս ուղի ժամանելիս թիվ 95012951 վագոնի զննությունից պարզվել է, որ դրա վրայից բացակայում է մաքսային կապարակնիքը (հատոր 1-ին, գ.թ. 56).

6) 10.12.2013 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն այն մասին, որ վերը նշված վագոնի վրայից բացակայում է «Այրում» մաքսային կետում տեղադրված մաքսային ապահովման միջոցը (հատոր 1-ին, գ.թ. 58).

7) 18.12.2013 թվականի գրությամբ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը Կոմիտեի համապատասխան աշխատակիցներին գրավոր հանձնարարել է բեռի բացթողումը թույլատրել միայն նյութերի վերջնական ընթացքը լուծելուց հետո` այդ փաստաթղթի պատճենը նաև ուղարկելով Կազմակերպությանը (հատոր 1-ին, գ.թ. 79).

8) 08.01.2014 թվականին Կազմակերպության գլխավոր տնօրենը դիմել է Կոմիտեին՝ խնդրելով թույլատրել հանձնաժողովի ներկայությամբ բացել վագոնը և դատարկել բեռը: Ի պատասխան` Կոմիտեն 31.01.2014 թվականին հայտնել է, որ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 29.01.2014 թվականի գրությամբ թույլատրվել է բեռի բացթողումը (հատոր 1-ին, գ.թ. 77, 80).

9) Ընկերության կողմից կազմված ընդունող հանձնողի թիվ 002108 հուշաթերթիկի համաձայն՝ թիվ 95012951 վագոնի բեռնային աշխատանքը, տվյալ դեպքում` բեռնաթափումը, ավարտվել է 01.02.2015 թվականին` ժամը 13:50-ին, նույն օրը ժամը 15:10-ին նշված վագոնը հավաքվել է և ժամը 19:35-ին կայարանից ուղարկվել է (հատոր 1-ին, գ.թ. 106).

10) 05.02.2014 թվականին Ընկերության Գլխավոր տնօրենը Կազմակերպության գլխավոր տնօրենին պահանջագիր է ներկայացրել 01.02.2014 թվականի դրությամբ առաջացած 1.313.600 ՀՀ դրամի չափով պարտքը վճարելու մասին` նաև կազմելով ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ: Ի պատասխան դրան` Կազմակերպության գլխավոր տնօրենը 10.02.2014 թվականին նաև հայտնել է, որ միայն 01.02.2014 թվականին է թույլատրվել բեռնաթափել վագոնը, բայց քննությունը դեռևս չի ավարտվել, և հենց պարզվի, թե ով է մեղավոր կապարակնիքի բացակայության հարցում, ապա վագոնի պարապուրդի գումարը կարող է պահանջել նրանից (հատոր 1-ին, գ.թ. 72, 73, 75).

11) Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության 27.02.2014 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» թիվ 298 որոշմամբ Կազմակերպության տնօրեն Ռոբերտ Սարգսյանի նկատմամբ վարչական գործի վարույթը կարճվել է իրավախախտման կազմի բացակայության պատճառաբանությամբ, քանի որ մաքսային ապահովման միջոցը կորել է ոչ թե վերջինիս, այլ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի աշխատակից Բագրատ Թամազյանի կողմից վագոնի պահպանությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով (հատոր 1-ին, գ.թ. 59-61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունն անհաղթահարելի ուժի հետևանքով խախտելու համար պատասխանատվության առանձնահատկություններին` միաժամանակ վերահաստատելով և զարգացնելով իր նախկինում արտահայտած դիրքորոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից վեճերի և այլ գործերի լուծման ժամանակ այլ պետության իրավունքի նորմերի կիրառելիության հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածին, արձանագրել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները (տե'ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ «ԼԵՎ ԳՐՈՒՊ ԻՐԱՎԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1489/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը որպես պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության պարտադիր պայման սահմանել է պարտավորությունը խախտած անձի մեղքի առկայությունը: Նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվել է մեղքի բացակայության պարագայում պարտավորությունը խախտած անձի պատասխանատվությունը, եթե պարտավորությունը բխում է ձեռնարկատիրական գործունեության իրականացումից: Ընդ որում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով: Այդ կանոնը կիրառելի չէ, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսվել է նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձի պատասխանատվություն կրելու հանգամանքը (տե'ս, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ հավելում է, որ մեղքի՝ որպես պատասխանատվության պարտադիր պայմանի առկայության մասին կանոնը կրում է դիսպոզիտիվ բնույթ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածում օրենսդիրը բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ քաղաքացիաիրավական պատասխանատվությունը կարող է վրա հասնել անկախ մեղքի առկայությունից, դրանք են` օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերը: Օրենքով նախատեսված դեպք է, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի իրավակարգավորումը, որի մեկնաբանությունից բխում է, որ եթե անձը պարտավորությունը չի կատարել կամ անպատշաճ է կատարել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս, ապա պատասխանատվությունը վրա է հասնում անկախ նրա մեղքի առկայությունից: Ընդ որում, օրենսդրի կողմից նման տարբերակված մոտեցում դրսևորելը արդարացված է, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով և հետևաբար ենթադրվում է, որ նման դեպքերում բացասական հետևանքների համար պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի հենց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը:

Այսինքն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք` որպես գույքային հարաբերություններում սեփական ռիսկով գործող, գործարարության համապատասխան ոլորտում մասնագիտացված սուբյեկտներ, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում անկախ մեղքի առկայությունից:

Դրա հետ մեկտեղ օրենսդիրն ընդհանուր կանոնից նախատեսել է որոշակի բացառություն, որի դեպքում պարտավորությունը խախտած ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձն ազատվում է դրա համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով: Միևնույն ժամանակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձին անհաղթահարելի ուժի հիմքով պատասխանատվությունից ազատելը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, պայմանավորված է արտակարգ և անկանխելի, այսինքն՝ այնպիսի բացառիկ, անսովոր, եզակի հանգամանքների ի հայտ գալով, որոնք հաղթահարելը տվյալ պարագայում օբյեկտիվորեն անհնարին է: Ընդ որում, ի հայտ եկած հանգամանքի արտակարգ և անկանխելի լինելը յուրաքանչյուր դեպքում պետք է դիտարկել ու գնահատել կոնկրետ պարտավորության բնույթի և դրա կատարման պայմանների շրջանակներում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 10.12.2013 թվականին Կոմիտեի կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն այն մասին, որ թիվ 95012951 վագոնի վրայից բացակայում է «Այրում» մաքսային կետում տեղադրված մաքսային ապահովման միջոցը: 18.12.2013 թվականի գրությամբ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը Կոմիտեի համապատասխան աշխատակիցներին գրավոր հանձնարարել է բեռի բացթողումը թույլատրել միայն նյութերի վերջնական ընթացքը լուծելուց հետո: 08.01.2014 թվականին Կազմակերպության գլխավոր տնօրենը դիմել է Կոմիտեին՝ խնդրելով թույլատրել հանձնաժողովի ներկայությամբ բացել վագոնը և դատարկել բեռը, որին ի պատասխան՝ Կոմիտեն 31.01.2014 թվականին հայտնել է, որ Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 29.01.2014 թվականի գրությամբ թույլատրվել է բեռի բացթողումը: Դրանից հետո Ընկերության կողմից կազմված` ընդունող հանձնողի թիվ 002108 հուշաթերթիկի համաձայն՝ թիվ 95012951 վագոնի բեռնային աշխատանքը, տվյալ դեպքում` բեռնաթափումը, ավարտվել է 01.02.2015 թվականին, նույն օրը նշված վագոնը հավաքվել և կայարանից ուղարկվել է:

Դատարանը, հաստատված համարելով, որ Պայմանագրի 5.1-րդ կետով սահմանվել է, որ Պայմանագրի կողմերից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում իր ցանկացած պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, այն է` ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլ բնական աղետներ, նույն պայմանագրի կնքման պահից հետո ծագած ցանկացած ակտեր կամ գործողություններ, ինչպես նաև արձանագրելով, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2014 թվականի փետրվարի 01-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ առկա է (առաջացել է) անհաղթահարելի ուժի հանգամանքներ (ֆորս-մաժոր), քանի որ Կոմիտեի կողմից վերոնշյալ ժամանակահատվածում մաքսային ձևակերպումներ և բեռի բացթողում չի թույլատրվել, գտել է, որ պատասխանողը որևէ պատասխանատվության ենթարկվել չի կարող, ու հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով 14.02.1992 թվականին ընդունված և նույն օրն ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Անկախ պետությունների համագործակցության երկաթուղային տրանսպորտը համակարգող մարմինների մասին» համաձայնագրի և դրա շրջանակներում 13.02.2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի դրույթներին, կիրառել է «Ռուսաստանի Դաշնության երկաթուղային տրանսպորտի կանոնադրության մասին» դաշնային օրենքի 22-րդ հոդվածը, ու գտնելով, որ անհիմն է Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի կարող կրել, վերաքննիչ բողոքը բավարարել է և Դատարանի վճիռը բեկանելով` գործն ուղարկել է նոր քննության:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, Պայմանագիրը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, արձանագրում է, որ դրա կողմերը, ելնելով կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու սկզբունքներից, Պայմանագրի 5.1-րդ կետով որպես անհաղթահարելի ուժ են դիտել ու որպես դրա հետևանքով պարտավորության կատարումից ազատվելու հիմք են նախատեսել նաև «Պայմանագրի կնքման պահից հետո ծագած ցանկացած ակտերը կամ գործողությունները», «եթե այդ հանգամանքներից որևէ մեկն անմիջական ազդեցություն է ունեցել Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավորությունների կատարման վրա»:

Հիմք ընդունելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պայմանագիրը կնքելուց հետո Պայմանագրի 5.1-րդ կետի իմաստով ծագել է այնպիսի ակտ, տվյալ դեպքում` 10.12.2013 թվականին Կոմիտեի կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որն անմիջականորեն ազդեցություն է ունեցել Կազմակերպության կողմից Պայմանագրով նախատեսված ժամկետում պարտավորությունը կատարելու վրա, և այդ ժամկետն ավարտվել է միայն Կոմիտեի կողմից բեռի բացթողումը թույլատրելուց հետո:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում չի կարող վրա հասնել Պայմանագիրը չկատարելու համար Կազմակերպության պատասխանատվությունը, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել կողմերի կամահայտնությամբ պայմանագրում սահմանված իմաստով անհաղթահարելի ուժի հետևանքով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկը` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը խախտելու վերաբերյալ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը վեճերը և այլ գործերը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի հիման վրա:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանն օրենքին կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանները վեճերը և այլ գործերը լուծելիս պետք է ղեկավարվեն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով, իսկ այլ պետության իրավունքի նորմը Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են կիրառել միայն Հայաստանի Հանրապետության օրենքին կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վեճը լուծելիս կիրառել է այլ պետության, տվյալ դեպքում` Ռուսաստանի Դաշնության իրավունքի նորմը` «Ռուսաստանի Դաշնության երկաթուղային տրանսպորտի կանոնադրության մասին» դաշնային օրենքի 22-րդ հոդվածն այն պատճառաբանությամբ, որ «14.02.1992 թվականին ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Անկախ պետությունների համագործակցության երկաթուղային տրանսպորտը համակարգող մարմինների մասին» համաձայնագրի շրջանակներում Ընկերությունը, որը կատարում է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի համակարգի կոնցեսիոն կառավարումը 13.02.2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով, իր գործունեությունն իրականացնում է երկաթուղով բեռի փոխադրման հետ կապված ծառայությունների մատուցման միասնական կանոններով, որոնք նախատեսված են Երկաթուղային տրանսպորտի կանոնադրությամբ»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ո՛չ 14.02.1992 թվականին ուժի մեջ մտած «Անկախ պետությունների համագործակցության երկաթուղային տրանսպորտը համակարգող մարմինների մասին» համաձայնագիրը, և ո՛չ էլ 07.02.2008 թվականին ՀՀ կառավարության թիվ 83-Ա որոշման հավելված հանդիսացող «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությանը փոխանցելու մասին» 13.02.2008 թվականին ստորագրված կոնցեսիոն պայմանագիրը նման կարգավորում չեն նախատեսում:

Ավելին` վերոնշյալ կոնցեսիոն պայմանագրի 2-4-րդ հոդվածի համաձայն՝ «կոնցեսիոն ժամկետի ամբողջ ընթացքում կոնցեսիոները («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն) պարտավոր է ղեկավարվել և իր գործունեությունն իրականացնել կիրառվող օրենսդրությանը համապատասխան»: Նույն պայմանագրի 1-1-ին հոդվածի համաձայն՝ «կիրառվող օրենսդրություն` նշանակում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը»:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ռուսաստանի Դաշնության երկաթուղային տրանսպորտի կանոնադրության մասին» դաշնային օրենքը սույն գործով կիրառելի չէր, մինչդեռ Վերաքնննիչ դատարանը, այն սխալ կիրառելով, սխալ եզրահանգման է եկել նաև գործի նոր քննության անհրաժեշտության վերաբերյալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Կազմակերպության ներկայացուցիչը վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և այդ ծավալով վճարված պետական տուրքի գումարից, համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի, միայն 39.400 ՀՀ դրամն է անհրաժեշտ եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարից 39.400 ՀՀ դրամը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2014 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2014 թվականի վճռին:

2. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հօգուտ «Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ի բռնագանձել 39.400 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված գումարից փոխհատուցման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան