Համարը 
թիվ 2
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.02.19/4(547).1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
02.02.2016
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.02.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՈՐՈՇ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻՑ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՐԱՎԱՌՈՒԻ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 փետրվարի 2016 թ.

թիվ 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՈՐՈՇ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻՑ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՐԱՎԱՌՈՒԻ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

2015 թվականի հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտան «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ օրենքների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները:

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման համակարգի գործողության սկզբնական փուլում ՀՀ կենտրոնական բանկը բանկերից ու այլ ֆինանսական կազմակերպություններից ստացել է շարժական գույքի գրավի առարկայից բավարարում ստանալու գրավառուի նախապատվության իրավունքի հարցի վերաբերյալ հետևյալ հարցադրումը՝

Արդյո՞ք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, շարժական գույքի՝ ավտոմեքենայի, բանկային հաշվի, դեպոզիտի կամ արժեթղթի նկատմամբ գրավը, որը ենթակա չէ գրանցման Օրենքի համաձայն, տալիս է գրավառուին նախապատվության իրավունք.

Օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքների ուժի մեջ մտնելու արդյունքում ստացվել է այնպես, որ

- Փոփոխությունների արդյունքում շարժական գույքի գրավի դեպքում գրավառուի նախապատվության իրավունք առկա չէ.

- Իսկ Օրենքով միասնական գրանցամատյանում գրանցման ենթակա չեն այլ օրենքներով պարտադիր գրանցման ենթակա շարժական գույքի նկատմամբ իրավունքները, ինչպես նաև բանկային հաշիվների, դեպոզիտների, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի գրանցման հետ կապված հարցերը:

Այդ փոփոխությունները համակարգային խնդիր են առաջացրել, և ֆինանսական կազմակերպությունների մեծամասնությունը խուսափում է այդ գույքի տեսակներով ապահովված վարկեր տրամադրել, քանի որ առկա է կարգավորման անորոշություն: Ֆինանսական կազմակերպությունը այլևս չգիտի, եթե գրավ ընդունի ավտոմեքենա կամ բանկային հաշվի միջոցներ, գրավատուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կունենա առաջնային բավարարում դրանցից, թե՝ ոչ:

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բարեփոխումների նպատակը

Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը առաջադրվել էր շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների (այդ թվում՝ գրավի) ինստիտուտի բարեփոխումների ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն էր՝

- Հեշտացնել մասնագիտացված սուբյեկտների գործունեությունը շարժական գույքով ապահովված իրավունքների մասով.

- Միասնականացնել տարբեր գերատեսչություններում գործող շարժական գույքի ռեգիստրները՝ այն դարձնելով բացառապես էլեկտրոնային.

- Բարձրացնել շարժական գույքի գրավով վարկերի ծավալները։

Ծրագրի արդյունքում 2014թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Օրենքը, ինչպես նաև Օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Օրենքների փոփոխությունների արդյունքում ստեղծվեց շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ռեգիստր, որն այժմ գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում:

Երբևէ Ծրագրի նպատակը չի եղել խոչընդոտներ կամ իրավական ռիսկեր ստեղծել ապահովված իրավունքներով գործունեություն իրականացնող սուբյեկտների համար կամ այնպիսի փոփոխություններ նախաձեռնել, որպեսզի շարժական գույքի գրավով ֆինանսական կազմակերպությունները գրավներ չընդունեն ու չսպասարկեն կամ այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի որոշակի տեսակի շարժական գույքի գրավով ապահովված վարկերի տրամադրումը վերածվի ռիսկային պրոդուկտի: Իսկ հանրահայտ ճշմարտություն է, որ ռիսկային գործիքների տոկոսադրույքները էականորեն բարձր են:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի վերլուծությունը Գրավին վերաբերող դրույթների վերաբերյալ

Բանկերի և այլ վարկավորում իրականացնող կազմակերպությունների համար վարկավորման ապահովման լավագույն տարբերակը գրավն է, քանի որ այն՝

- առավել ապահով է (ապահովում է առաջնային բավարարում),

- օրենսդրորեն հստակ ձևակերպումներ ունի,

- ունի կիրառելիության ավանդույթներ,

- ընդունելի է գրավ տվող անձանց համար, քանի որ գրավադրումը երրորդ անձանց կամքից կախված չէ, ինչը չի կարելի ասել, օրինակ, երաշխավորության կամ երաշխիքի մասին:

Գրավի իրավունքը պետության կողմից ճանաչված ու պաշտպանվող՝ պարտավորությունների ապահովման միջոց է ու նախապատվության իրավունք:

Նման եզրահանգման համար մեզ օգնում են Օրենսդրի կողմից դրսևորված հետևյալ մոտեցումները՝

- Օրենքը նախատեսել է անշարժ գույքի և որոշ տեսակի շարժական գույքի գրավի իրավունքի պետական գրանցման ընթացակարգ, իսկ շարժական գույքի որոշ տեսակների դեպքում էլ՝ կամավոր գրանցում: Հարց է առաջանում, թե ինչու պետք է սահմանել պետական գրանցման պահանջ, եթե այն չի տալիս որևէ նախապատվություն.

- սնանկության օրենսդրությամբ սահմանվել է, որ մորատորիումի գործընթացներից դուրս է գրավի առարկան և որ գրավի առարկան չի կարող այլ անձանց վեճերի առարկա դառնալ սնանկության ժամանակ: Հետևաբար, գրավ ընդունելով, գրավառուն վստահ է, որ իր նախապատվության իրավունքը պաշտպանված է նույնիսկ գրավատուի սնանկության ժամանակ: Այս կարգավորումը ևս հիմք է տալիս եզրակացնել, որ Օրենսդիրը գրավի նկատմամբ դրսևորում է յուրահատուկ մոտեցում.

- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն Գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը: Նման կարգավորումը ևս ապացուցում է օրենսդրի այն մոտեցումը, որ գրավի իրավունքը տալիս է գրավառուին նախապատվության իրավունք:

Նման ընդհանուր կարգավորման ներքո Օրենսդիրը ավելի նեղացրել է գրավի նախապատվության իրավունքը՝ սահմանելով, որ

- Գրավի նախապատվության իրավունքը գործում է միայն անշարժ գույքի նկատմամբ, իսկ շարժական գույքի նկատմամբ նախապատվության իրավունքը սահմանել է «միասնական գրանցամատյանում»՝ ըստ գրանցման առաջնահերթության:

Չնսեմացնելով նման կարգավորումը, պետք է նշել, սակայն, որ Օրենսդիրը չի հստակեցրել «միասնական գրանցամատյան» կարգավորումը և միայն կարելի է եզրակացնել, որ երևի թե խոսքը վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող շարժական գույքի նկատմամբ ապահոված իրավունքների ռեգիստրի մասին:

Բայց եթե ընդունենք, որ գրավի նախապատվության հարցերը այսուհետ կարգավորվում են ըստ գրանցման առաջնահերթության, ապա հարց է առաջանում, թե Օրենսդիրը ինչու է Օրենքից բացառություն կատարել որոշակի գույքի տեսակների գրանցումը միասնական գրանցամատյանում` առանց նախապատվության հարցերի կարգավորումներին անդրադառնալու:

Օրենքից բացառություն կազմող իրավունքները սահմանելիս կարծես թե Օրենսդիրը նպատակ է ունեցել դրանք առանձնացնել ընդհանուր կարգավորումից հետևյալ հիմնավորմամբ՝

- Պարտադիր գրանցման մասին օրենսդրությունը մանրամասն կարգավորումներ է սահմանում, և կամավոր գրանցման գործընթացների կիրառումը իմաստ չունի, օրինակ ավտոմեքենաները, որոնց նկատմամբ գրավի իրավունքները գրանցվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից:

- ՀՀ օրենսդրության համաձայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` արժեթղթով հավաստված իրավունքներն իրականացվում և փոխանցվում են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման միջոցով:

Ոչ փաստաթղթային արժեթղթերի համար ՀՀ օրենսդրությունը սահմանում է ավելի մանրամասն կարգավորում, մասնավորապես՝ օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով սահմանված կարգով հատուկ թույլտվություն (լիցենզիա) ստացած անձը կարող է անվանական կամ օրդերային արժեթղթով հավաստված իրավունքներն ամրագրել` ներառյալ ոչ փաստաթղթային (էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի օգնությամբ և այլն) ձևով:

ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի (բացառությամբ՝ պետական արժեթղթերի) նկատմամբ իրավունքները (այդ թվում՝ սեփականության, գրավի իրավունքները) ամրագրում են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված պահառուները և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան՝ պահառուական երկմակարդակ համակարգի կիրառմամբ:

Միևնույն ժամանակ, պետական արժեթղթերի նկատմամբ բոլոր իրավունքների կենտրոնացված գրանցումներն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

- Բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցների նկատմամբ իրավունքների բացառիկ «ամրագրումն» ու «հաշվառումն» իրականացնում են հենց բանկերը՝ նշված միջոցների նկատմամբ օրենքով սահմանված տիրապետման փաստի ուժով: Նման իրավունքի բացառիկությունը բացատրվում է նաև բանկային գաղտնիքի ռեժիմի կիրառմամբ, քանի որ բանկից բացի այլ անձանց, օրինակ՝ այլ ռեգիստրի, նշված ինֆորմացիայի փոխանցումը անխուսափելիորեն կհանգեցնի հաճախորդի բանկային գաղտնիքի բացահայտման:

Նման կարգավորումների պարագայում կարելի է եզրակացնել, որ Օրենսդրի նպատակը չի եղել գրավի ինստիտուտի այնպիսի փոփոխությունների իրականացումը, որը արժեզրկում է գրավի ինստիտուտը ու խարխլում ֆինանսավորման հիմնական սկզբունքները: Հստակ գիտակցելով, որ վարկավորող սուբյեկտների մոտ գերակշռում են ավտոմեքենաների, արժեթղթերի, բանկային հաշիվների գրավներով վարկերը, և դրանց վերաբերյալ նախապատվության իրավունքի բացակայությունը կնշանակի դրանց վերադարձելիության մեծ ռիսկի առկայություն, Օրենսդիրը չէր կարող հատուկ նպատակ ունենալ վերացնել այդ գույքի գրավի նախապատվության իրավունքը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ելնելով այն հանգամանքից, որ Ծրագրի իմաստը օրենսդրական այնպիսի փոփոխությունների իրականացումն էր, որպեսզի բարձրացնի շարժական գույքով ապահովված վարկերի ծավալները,

հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկերի, պահառուների ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից համապատասխանաբար բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցների, արժեթղթերի և ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների ամրագրումը ըստ էության բավարարում է Քաղաքացիական օրենսգրքի 225.2 հոդվածով նախատեսված «միասնական գրանցամատյանի» պահանջը, հետևաբար նշված շարժական գույքերի նկատմամբ գրավառու-պարտատիրոջ պահանջի առաջնահերթությունը երաշխավորված է,

նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը,

հիմք ընդունելով Օրենքի 1-ին հոդվածի 2-4 մասերը, 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ և 242-րդ հոդվածները,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով՝

Պաշտոնապես պարզաբանում է.

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, շարժական գույքի՝ ավտոմեքենայի, բանկային հաշվի, դեպոզիտի կամ արժեթղթի նկատմամբ գրավը, որը ենթակա չէ գրանցման Օրենքի համաձայն, տալիս է գրավառուին դրա արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան


2016 թ. փետրվարի 9

Երևան