Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.13
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.06.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.06.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0048/01/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԼԴ/0048/01/14

ԼԴ/0048/01/14

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝  

Ս. Համբարձումյան

Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. ԴԱնիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ

պաշտպան

Ա. Ոսկանյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Եղիշե Արիստակեսի Ալոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90453813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2014 թվականի մարտի 25-ի որոշմամբ Ե.Ալոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի մարտի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Ե.Ալոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 1 (մեկ) ամիս ժամկետով:

3. Պաշտպան Ա.Ոսկանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը բեկանել և Ե.Ալոյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված` իրադրության փոփոխման հիմքով:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Ե.Ալոյանի պաշտպան Ա.Ոսկանյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան: Պաշտպանը, մասնավորապես, հիմնազուրկ է գնահատել բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը: Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի սահմաններից դուրս գալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին` պաշտպան Ա.Ոսկանյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով, պարզելով քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք, իրավաչափորեն դուրս է եկել բողոքի սահմաններից:

Անդրադառնալով բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու պահանջին` Ա.Ոսկանյանը փաստարկել է, որ թեև Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել իր կողմից ներկայացված բողոքի հիմնավորումները և մերժել բողոքը, սակայն քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով` կայացրել է բարենպաստ դատական ակտ, որը պաշտպանության կողմը չի բողոքարկել: Այս պայմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճռին օրինական ուժ տալու դեպքում պաշտպանության կողմը կզրկվի իր համար անբարենպաստ դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից, ինչը կհանգեցնի արդար դատաքննության իրավունքի առարկայազրկման: Արդյունքում պաշտպան Ա.Ոսկանյանը եզրահանգել է, որ անգամ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու դեպքում գործը պետք է ուղարկվի ստորադաս դատարան` նոր քննության:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ե.Ալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 51556 զորամասի 2-րդ դիվիզիոնի 1-ին մեկնարկային մարտկոցի 1-ին մեկնարկային բաժանմունքի ավագ օպերատոր, կոչումով լեյտենանտ, 2013 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 19-ի սահմաններում, զորամասի զինավանի իր բնակարանում, ածելիով ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ կատարելով, ինքն իրեն պատճառել է մարմնական վնասվածքներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Նույն օրը լեյտենանտ Ե.Ալոյանը տեղափոխվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից էլ` Նորքի հոգեբուժական կլինիկա» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, գ.թ. 115, 134):

6. Գործի քննության ընթացքում Ե.Ալոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ պարտքերի պատճառով 2013 թվականի նոյեմբերի 29-ին ինքնավնասում է կատարել (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն):

7. Վկա Գ.Կարապետյանը գործի քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ որդին՝ կոչումով լեյտենանտ Ե.Ալոյանը, 2013 թվականին ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ 51556 զորամասում` որպես օպերատոր: Զորամասի զինավանում որդուն տրամադրվել է ծառայողական բնակարան, որտեղ էլ նա բնակվել է: Որդին ծառայությունից գոհ է եղել և ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Իրեն տրամադրված նոր բնակարանը կահավորելու համար «ՎՏԲ» բանկից 1.160.000 ՀՀ դրամի վարկ է վերցրել, սակայն գումարը չի բավականացրել և կրկին նույն բանկից մոտ 300.000 ՀՀ դրամ վարկ է վերցրել: Բացի նշված գումարներից՝ որդին իրեն ասել է, որ Ստեփանավան քաղաքի երկու խանութներից պարտքով մոտ 180.000 դրամի սննդամթերք է վերցրել: 2013 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, զորամասից իրեն զանգահարել և հայտնել են, որ որդին իր բնակարանում ինքնավնասում է կատարել: Անմիջապես գնացել է Ստեփանավանի հիվանդանոց, որտեղ տղան իրեն ասել է, որ պարտքերի պատճառով նեղվել է և ինքնավնասում կատարել: Դրանից հետո ինքը վճարել է բոլոր պարտքերը և հիմա իր որդուց ոչ ոք որևէ պահանջ չունի: Վկան հայտնել է նաև, որ որդու կատարածը զինվորական ծառայության հետ կապ չի ունեցել (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն):

8. Վկաներ Արայիկ Նազարեթյանը և Արթուր Ավագիմյանը գործի քննության ընթացքում ցուցմունք են տվել այն մասին, որ դեպքից հետո տեղեկացել են, որ Ե.Ալոյանն ինքնավնասում է կատարել ինչ-որ պարտքով գումարներ վերցնելու պատճառով (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն):

Վկա Արտաշես Հաջաթյանի ցուցմունքի համաձայն՝ ընդհանուր առմամբ Եղիշե Ալոյանը շատ լավ ծառայող է և դասակի հրամանատարների մեջ լավագույնն է (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն):

9. Ամբուլատոր դատահոգեբուժական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության 2014 թվականի փետրվարի 18-ի թիվ 51/14 եզրակացության համաձայն` Ե.Ալոյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում, այլ նա հանդիսանում է «Շեշտված անձ, տարել է իրավիճակային ռեակցիա ինքնավնասումներով»: Վերը նշված ախտորոշումը հոգեկան հիվանդություն չի համարվում, այլ իրենից ներկայացնում է հոգեկան նորմայի տարատեսակ, որն արտահայտվում է բնավորության որևէ գծի չափից ավելի արտահայտությամբ, ինչը սթրեսոգեն իրավիճակներում կարող է արտահայտվել հուզական անկայուն ռեակցիաների դրսևորմամբ, որոնք, սակայն կարճատև են, անցողիկ, չունեն շարունակական և կրկնվող բնույթ: Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (այսուհետ նաև` ԿՌԲՀ) որոշմամբ Ե.Ալոյանը, ՀՀ ՊՆ թիվ 410- 13 հրամանի 7Գ հոդվածի 3-րդ սյունակի համաձայն, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, և նրա մոտ ախտորոշվել է՝ «Տարել է իրավիճակային ռեակցիա ինքնավնասումներով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, գ.թ. 110-112):

10. Դատարանում հարցաքննված Տ.Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է ԿՌԲՀ-ում որպես փորձագետ-հոգեբույժ: Ե.Ալոյանի մոտ փորձաքննությամբ արձանագրվել է «շեշտված անձնավորություն» վիճակ, որը բնութագրական կատեգորիա է և նորմայի տարատեսակ, միգուցե ծայրահեղ, այնուամենայնիվ, նորմայի տարատեսակ: Դա պաթոլոգիկ վիճակ չէ: Վկայի ցուցմունքների համաձայն` փորձագետներին ներկայացված նյութերում, օբյեկտիվ հետազոտության տվյալներում, հիվանդի հետ առանձնազրույցների ժամանակ ձեռք չեն բերվել բավարար տվյալներ, որ փորձաքննվողը նպատակ է ունեցել խուսափելու զինվորական ծառայությունից, սակայն իր էմոցիոնալ վիճակով Ե.Ալոյանը զրկված չի եղել իր գործողությունների հետևանքները կանխատեսելու ունակությունից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, դատական նիստի արձանագրություն):

11. Առաջին ատյանի դատարանը, ապացուցված համարելով, որ. «Եղիշե Արիստակեսի Ալոյանն իր դիտավորյալ գործողություններով, այն է՝ ինքնավնասում պատճառելով, հայտնվել է անգիտակից վիճակում և այդ վիճակում հայտնաբերվելով ծառայակիցների կողմից՝ անցել է այն պարտադիր բուժական և հետազոտական միջոցառումները, առանց որոնց հնարավոր չէր լինի նրան թույլատրել վերադառնալ իր պարտականությունների կատարմանը և այդ ընթացքում` 2013թ. նոյեմբերի 29-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 25-ը, փաստացի դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը», Ե.Ալոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ (տե՛ս քրեական գործ, հատոր 2, գ.թ. 136-140):

12. Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ Ե.Ալոյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, և որ վերջինիս մեղավորությունը հիմնավորված է դատաքննության ժամանակ հետազոտված և դատավճռում շարադրված` ամբաստանյալի հանցանքը հիմնավորող ապացույցներով, այդուհանդերձ, բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ե.Ալոյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցրել է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի` իրադրության փոփոխման հիմքով` փաստելով, որ «Ե.Ալոյանի մոր կողմից վերջինիս պարտքի գումարները մարելու փաստով կատարվել է իրադրության այնպիսի փոփոխություն, որի արդյունքում հանցանք կատարած անձը` Ե.Ալոյանը, դադարել է հանրության համար վտանգավոր լինել: Տվյալ պարագայում, պարտքի գումարները հատուցվելուց հետո, Ե.Ալոյանի մոտ սթրեսոգեն, հուզական անկանոն իրավիճակի /տես` դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը/ առաջացման առիթներն այլևս վերացել են: Այսինքն` կատարված փոփոխությունները էականորեն նվազեցրել են նոր հանցանք կատարելու` Ե.Ալոյանի օբյեկտիվ հնարավորությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, գ.թ. 45-59):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

13. Բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը: Վկայակոչելով վերոհիշյալ նորմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` Յ.Ղալաչյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0009/11/11 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել գործի փաստական հանգամանքները և եկել է սխալ եզրահանգման այն մասին, որ Ե.Ալոյանը իրադրության փոփոխության հետևանքով դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

Այսպես՝ Վերաքննիչ դատարանն իր եզրահանգման համար հիմք է ընդունել այն, որ Ե.Ալոյանի հանցավոր արարքի շարժառիթը եղել է կուտակված պարտքերի առկայությունը, որոնք մարվել են նրա մոր՝ Գ.Կարապետյանի կողմից, որից հետո Ե.Ալոյանի մոտ սթրեսոգեն, հուզական անկայուն վիճակի առաջացման առիթները վերացել են, և էականորեն նվազել է նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը: Մինչդեռ ստորադաս դատարանը հաշվի չի առել, որ Ե.Ալոյանի կողմից կատարված հանցագործությունն ուղղված է զինվորական ծառայության կարգի դեմ, իսկ նրա կողմից կատարված հանցագործության շարժառիթի վերացումը` կուտակված պարտքերի մարումը, նրան չի զրկում զինվորական կարգի դեմ ուղղված հասարակական հարաբերություններին նույնպիսի վնաս պատճառելու հնարավորությունից: Հետևաբար այդ հանգամանքը էականորեն չի նվազեցրել զինվորական կարգի դեմ ուղղված նոր հանցանք կատարելու օբյեկտիվ հնարավորությունը:

14. Անդրադառնալով ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտումներին` բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, մերժել է վերաքննիչ բողոքը, միաժամանակ բեկանել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և կայացրել նոր դատական ակտ, որն էականորեն տարբերվում է Առաջին ատյանի դատարանի դատական ակտից, այնինչ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու պարագայում իրավասու չէր բեկանել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը:

15. Բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի պահանջները, քանի որ դուրս է եկել Վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններից: Այսպես՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանը որոշում է կայացրել իրադրության փոփոխման հիմքով քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով: Մինչդեռ բողոքաբերի պնդմամբ` եթե վարույթն իրականացնող մարմինը գալիս է այն եզրահանգման, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված հիմքը, ապա քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով, որի հատուկ կարգավորման տիրույթում են գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված իրավահարաբերությունները: Արդյունքում, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման իրավական դիրքորոշումները՝ բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր դուրս գալ վերաքննիչ բողոքի սահմաններից:

16. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից իրադրության փոփոխության դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի (ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդված) սխալ մեկնաբանությանը և կիրառմանը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս) հանցակազմի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Հետևաբար անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ իրավական հարցը. հիմնավոր է արդյոք Ե.Ալոյանին մեղսագրվող արարքում անդամախեղելու եղանակով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս) առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունը:

19. ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) համար, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Վերոշարադրյալ քրեաիրավական նորմը զետեղված է ՀՀ քրեական օրենսգրքի` «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» վերտառությամբ գլխում: Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում իրականացվող պետական գործունեության հատուկ տեսակ է, որի իրականացման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները բնութագրվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ առանձնահատուկ հատկանիշներով: Մասնավորապես, բոլոր զինվորական հանցագործությունների համար ընդհանուր հանդիսացող օբյեկտն օրենքներով, զինվորական կանոնադրություններով, կանոնագրքերով, պետերի հրամաններով սահմանված զինվորական ծառայության կարգն է: Հետևաբար արարքը զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների թվին դասելու համար նախևառաջ պետք է փաստել, որ այն ոտնձգում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ` որպես հանցագործության հիմնական օբյեկտի:

Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելն է (անդամախեղելը): Ընդ որում, կատարված արարքը պետք է հանգեցնի զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն կամ այդպիսի հետևանքի առաջացման հնարավորություն ստեղծի:

Զինծառայողի կողմից իրեն վնաս պատճառելը (անդամախեղելը) կարող է կատարվել ցանկացած եղանակով, օրինակ` որևէ օրգան վնասելով, որը կարող է խոչընդոտել վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուն: Վնաս հասցնելու միջոցները կարող են տարբեր լինել, օրինակ՝ մեխանիկական (այդ թվում զենքի գործադրմամբ), քիմիական, թերմալ (այրվածքներ պատճառելը) և այլն: Փաստորեն, զինծառայողը, իրեն վնաս հասցնելով, արհեստականորեն ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնք ժամանակավորապես անհնարին են դարձնում նրա հետագա ծառայությունը կամ այդպիսի հետևանքի առաջացման հնարավորություն ստեղծում:

20. ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության սուբյեկտը հատուկ է: Որպես այդպիսին հանդես են գալիս ՀՀ զինված ուժերում, ՀՀ այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մաս):

21. Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների առանձնահատկությունների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Ս.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ ընդգծել է, որ «(...) զինվորական ծառայության մեջ ընդգրկված լինելու փաստն ինքնին հիմք չէ արձանագրելու, որ զինծառայողը յուրաքանչյուր պահի զինվորական ծառայության կոնկրետ պարտականություններ է կատարում: (...) ծառայության մեջ գտնվելու ժամանակաշրջանում զինծառայողները գտնվում են ոչ միայն զինվորական ծառայական հարաբերությունների, այլ զինվորական օրենսդրության նորմերով չկարգավորվող այլ (անձնական, քաղաքացիաիրավական, ընտանեկան և այլն) իրավահարաբերությունների մեջ:

(...) զորամասի տարածքում կատարված ոչ բոլոր արարքներն են համարվում զինվորական հանցագործություն, հետևաբար յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է զինվորական հանցագործությունը հստակ սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված այլ արարքներից, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող զանցանքներից: (...)» (տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 19-րդ և 21-րդ կետերը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «(...) Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված անձնական կամ այլ շարժառիթներով իրականացվող հանրորեն վտանգավոր արարքները մինչև օրենքում կատարված փոփոխությունները զինվորական հանցագործություն չեն համարվել: Այդ մասին է վկայում, մասնավորապես, 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում (օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ, 358.1-րդ, 360-րդ հոդվածները), որոնց դիսպոզիցիաներում առկա է «եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ» ձևակերպումը: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված արարքները որպես զինվորական հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է որպեսզի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայում հստակ նշում արված լինի այն մասին, որ արարքը ենթակա է որակման որպես զինվորական հանցագործություն նաև այն դեպքում, երբ կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ» (տե՛ս Մխիթար Ալիկի Սարուխանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴ/0185/01/13 որոշման 19-րդ կետը):

22. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքի ընդունումից առաջ գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն էր նախատեսում իրեն վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու համար:

Սույն որոշման նախորդ կետում մեջբերված դիրքորոշումների համատեքստում վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի նախկին և նոր խմբագրությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես մինչև օրենսդրական փոփոխությունը, այնպես էլ դրանից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում բացակայում է հստակ նշում այն մասին, որ արարքը ենթակա է որակման որպես զինվորական հանցագործություն նաև այն դեպքում, երբ ուղղված չէ զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ անձի դիտավորությունը պետք է ուղղված լինի զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Այլ խոսքով` հանցավորը պետք է գիտակցի իր առողջությանը վնաս պատճառելու արդյունքում զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու հանրային վտանգավորությունը, հանցավոր հետևանքի առաջացման անխուսափելիությունը և ցանկանա դա:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված արարքները կատարելու համար, որոնք կատարվել են զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով:

Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ դրանով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Հետևաբար, եթե ՀՀ քրեական օրենսգքրի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվի նաև անուղղակի դիտավորությամբ, ապա կառաջանա այնպիսի ոչ իրավաչափ իրավիճակ, երբ անդամախեղումը, որը հանգեցրել է զինվորական ծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն, կառաջացնի քրեական պատասխանատվություն, իսկ որը հանգեցրել է զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելուն` ոչ: Մասնավորապես, այն դեպքում, երբ զինծառայողը, օրինակ՝ ընտանեկան խնդիրների պատճառով, իր առողջությանն այնպիսի վնաս է պատճառում, որի արդյունքում զինվորական ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է (անուղղակի դիտավորություն), նա ենթակա կլինի քրեական պատասխանատվության: Մինչդեռ նույն շարժառիթով իր առողջությանն այնպիսի վնաս պատճառելը, որը կհանգեցնի զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելուն, քրեական պատասխանատվություն չի առաջացնի, թեև ավելի բարձր հանրային վտանգավորություն է ներկայացնում:

23. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նաև իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշները բացահայտելիս հաշվի են առնվում արարքի և դրա հետևանքների նկատմամբ անձի դրսևորած մեղքի ձևերը, ինչպես նաև արարքի դրդապատճառները, շարժառիթները, նպատակներն ու հույզերը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, անհրաժեշտ է ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորել անձի մեղավորությունը կամ մեղավորության բացակայությունը տվյալ արարքը կատարելու մեջ:

Այլ խոսքով` կոնկրետ հանցակազմի էությունից և բովանդակությունից ելնելով` յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է պարզել, թե փաստական ինչպիսի հանգամանքներ պետք է ընդգրկվեն սուբյեկտիվ հոգեբանական վերաբերմունքի մեջ, որպեսզի հնարավոր լինի հանգել ճիշտ հետևության վերագրվող արարքում մեղքի առկայության (բացակայության) վերաբերյալ (...)» (տե՛ս Հայկ Արտավազդի Մովսիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՍԴ/0389/01/11 որոշման 22-րդ կետը):

Մեջբերված դիրքորոշումից ելնելով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ զինծառայողի կողմից կատարված յուրաքանչյուր արարք կարող է ունենալ մեկից ավելի նպատակներ, որոնցից մեկը գերակա է մյուսների նկատմամբ: Ուստի յուրաքանչյուր դեպքում արարքի ճիշտ քրեաիրավական որակման համար կարևոր նշանակություն ունի գերակա նպատակի պարզումը (տե՛ս, mutatis mutandis, Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 20-րդ կետը): Այլ խոսքով՝ այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջությամբ կհիմնավորվի, որ զինծառայողի կողմից իրեն անդամախեղելու գերակա նպատակը կապված է զինվորական ծառայություն անցնելու կարգը խախտելու հետ, արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով: Մինչդեռ այն դեպքում, երբ արարքի կատարումը պայմանավորված է անձնական կամ այլ բնույթի մոտիվացիայով, և արարքն ուղղված չէ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ, ապա այն չի կարող որակվել որպես զինվորական ծառայության դեմ ուղղված` ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել զինծառայողի անձը, այդ թվում՝ նրա հոգեկան առողջությունը բնութագրող տվյալները, նշված արարքի կատարմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում զինծառայողի վարքագիծը, իրեն վնասելու (անդամախեղման) եղանակն ու մեխանիզմը, գործիքներն ու միջոցները, ինքնախեղման տեղն ու ժամանակը, վնասվածքների քանակը, բնույթը, տեղակայումը, հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի և վկաների ցուցմունքները, կոնկրետ գործի այլ հանգամանքները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ զինծառայողի արարքի սուբյեկտիվ կողմի՝ դիտավորության ուղղվածության պարզաբանման համար: Այն դեպքում, երբ զինծառայողի արարքը պայմանավորված լինի այնպիսի հանգամանքներով, որոնք ուղղված չեն զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, ինչպես նաև նրա մոտ առկա հուզական լարվածության, արտաքին միջավայրի հետ կապված դժվարությունների, անձնային առանձնահատկությունների, բռնկվող, անզուսպ բնավորության և համանման հանգամանքների հետևանք լինի, ապա զինծառայողի արարքը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով:

24. Ամփոփելով սույն որոշման 21-23-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, ինքնին չի ենթադրում, որ այդ արարքը պետք է որակվի որպես զինվորական հանցագործություն: Քննարկվող հանցակազմի տեսանկյունից զինծառայողի վարքագիծը ոչ իրավաչափ է այնքանով, որքանով իր առողջությանը վնաս պատճառելն ուղղված է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես անհնարին դարձնելուն: Այլ խոսքով` զինծառայողի արարքը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով այն դեպքում, երբ իր առողջությանը վնաս պատճառելն ուղղված է եղել զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ե.Ալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 51556 զորամասի 2-րդ դիվիզիոնի 1-ին մեկնարկային մարտկոցի 1-ին մեկնարկային բաժանմունքի ավագ օպերատոր, կոչումով լեյտենանտ, 2013 թվականի նոյեմբերի 29-ին` ժամը 19-ի սահմաններում, զորամասի զինավանի իր բնակարանում, ածելիով ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ կատարելով, ինքն իրեն պատճառել է մարմնական վնասվածքներ, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Գործի քննության ընթացքում Ե.Ալոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ պարտքերի պատճառով է 2013 թվականի նոյեմբերի 29-ին ինքնավնասում կատարել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Ե.Ալոյանի մայրը` վկա Գ.Կարապետյանը, ցուցմունք է տվել այն մասին, որ որդին ծառայությունից գոհ է եղել և ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Վկան հայտնել է նաև, որ որդին իրեն հատկացված բնակարանը կահավորելու համար «ՎՏԲ» բանկից սկզբում 1.160.000 ՀՀ դրամ, ապա 300.000 ՀՀ դրամ վարկ է վերցրել, բացի այդ, Ստեփանավան քաղաքի երկու խանութներից պարտքով մոտ 180.000 դրամի սննդամթերք է վերցրել, որդին իրեն ասել է, որ պարտքերի պատճառով է նեղվել և ինքնավնասում կատարել: Վկան նշել է նաև, որ որդու կատարածը զինվորական ծառայության հետ կապ չի ունեցել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վկաներ Արայիկ Նազարեթյանը և Արթուր Ավագիմյանը գործի քննության ընթացքում ցուցմունք են տվել այն մասին, որ դեպքից հետո տեղեկացել են, որ Ե.Ալոյանն ինքնավնասում է կատարել պարտքով գումարներ վերցնելու պատճառով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Իսկ դիվիզիոնի հրամանատար, վկա Արտաշես Հաջաթյանն իր ցուցմունքում հայտնել է, որ ընդհանուր առմամբ Եղիշե Ալոյանը շատ լավ ծառայող է և դասակի հրամանատարների մեջ լավագույնն է:

Ամբուլատոր դատահոգեբուժական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության թիվ 51/14 եզրակացության և փորձագետ-հոգեբույժ Տ.Սարգսյանի ցուցմունքի համաձայն` Ե.Ալոյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, պարզապես նրա մոտ հայտնաբերվել է «շեշտված անձ» հոգեկան նորմայի տարատեսակը, որն արտահայտվում է բնավորության որևէ գծի չափից ավելի արտահայտությամբ, ինչը սթրեսոգեն իրավիճակներում կարող է արտահայտվել հուզական անկայուն ռեակցիաների դրսևորմամբ (տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը): Տ.Սարգսյանն իր ցուցմունքում նաև նշել է, որ փորձագետներին ներկայացված նյութերում, օբյեկտիվ հետազոտության տվյալներում, հիվանդի հետ առանձնազրույցների ժամանակ, ձեռք չեն բերվել բավարար տվյալներ, որ փորձաքննվողը նպատակ է ունեցել խուսափելու զինվորական ծառայությունից (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը Ե.Ալոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ այն հիմնավորմամբ, որ ամբաստանյալն իր դիտավորյալ գործողություններով, այն է՝ ինքնավնասում պատճառելով, հայտնվել է անգիտակից վիճակում և 2013 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 25-ը փաստացի դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ Ե.Ալոյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, և որ վերջինիս մեղավորությունը հիմնավորված է դատաքննության ժամանակ հետազոտված և դատավճռում շարադրված` ամբաստանյալի հանցանքը հիմնավորող ապացույցներով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Ե.Ալոյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի` իրադրության փոփոխման հիմքով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

26. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 19-24-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով չի հիմնավորվել, որ Ե.Ալոյանի կողմից իր առողջությանը վնաս պատճառելն ուղղված է եղել զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Մասնավորապես գործի նյութերից հետևում է, որ Ե.Ալոյանի կողմից ինքնավնասում կատարելը պայմանավորված է եղել իր ունեցած պարտքերով: Իսկ պարտքեր ունենալու պատճառով նման ծայրահեղ քայլի գնալը, համաձայն ամբուլատոր դատահոգեբուժական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության թիվ 51/14 եզրակացության և փորձագետ-հոգեբույժ Տ.Սարգսյանի ցուցմունքների, պայմանավորված է եղել վերջինիս հոգեանձնային առանձնահատկություններով, այն է` սթրեսոգեն իրավիճակներում հուզական անկայուն ռեակցիաներ դրսևորելու հավանականությամբ: Ավելին` գործում առկա են տվյալներ այն մասին, որ ընդհանուր առմամբ Եղիշե Ալոյանը շատ լավ ծառայող է և դասակի հրամանատարների մեջ լավագույնն է, ծառայությունից գոհ է եղել և ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ե.Ալոյանին մեղսագրվող արարքում անդամախեղելու եղանակով զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս) առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր չէ:

27. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ե.Ալոյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը Ե.Ալոյանին դատապարտել է մեկ ամիս ժամկետով կալանքի, իսկ Վերաքննիչ դատարանը` գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցրել է ոչ արդարացնող հիմքով:

28. Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով ձևավորած իրավական դիրքորոշումն այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրելով «բոլոր դեպքերում» ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրավանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ, եթե վերադաս դատարանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված չլինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով:

Նույնը վերաբերում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված հիմքերին, որոնցով «հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման». նշված ձևակերպումը ևս վկայում է նշված հիմքերն իմպերատիվ դարձնելու օրենսդրի կամքի մասին:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ և 415-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները չեն կրում և չեն կարող կրել բացարձակ բնույթ, քանի որ կողմերի իրավական հետևողականության ապահովման իրավական շահին հակակշիռ իրավական շահը` դատական սխալների ուղղումը, որոշակի պայմաններում կարող է էապես մեծարժեք լինել, որպես գերակա հանրային շահ: Ուստի, հիմնարար բնույթ կրող դատական սխալների հայտնաբերման պարագայում Վճռաբեկ դատարանն իրավասու է դուրս գալ բողոքարկման սահմաններից և վերացնել այդ դատական սխալները» (տե՛ս Մխիթար Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը):

Այսպիսով, ի թիվս այլնի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Վճռաբեկ դատարանն իրավասու է դուրս գալ բողոքարկման սահմաններից և քննարկման առարկա դարձնել քրեական գործի վարույթը և (կամ) քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության հարցը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին մեղսագրվող արարքում սուբյեկտիվ կողմի և ըստ այդմ՝ հանցակազմի բացակայությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործով վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

Այսպիսով, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, մասնավորապես՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման: Վերջիններս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված՝ համապատասխանաբար նյութական և դատավարական իրավունքի խախտումեր են և հիմք են դատական ակտը բեկանելու, քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

29. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառման հիմնավորվածության վերաբերյալ բողոքաբերի բարձրացրած իրավական հարցին:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Եղիշե Արիստակեսի Ալոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը բեկանել, Եղիշե Արիստակեսի Ալոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան