Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.03.16/20(1200) Հոդ.224
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.08.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.08.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ  ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0191/01/14 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0191/01/14

ԵԿԴ/0191/01/14

Նախագահող դատավոր` Վ. Ռշտունի

Դատավորներ`

Մ. Պապոյան

Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

ե. դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Նարեկ Լևոնի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Ա.Կարապետյանի` 2014 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 16120514 քրեական գործը:

2014 թվականի ապրիլի 29-ին Նարեկ Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Ն.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014 թվականի հունիսի 21-ին քրեական գործով վարույթը կասեցվել է Ն.Խաչատրյանի գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառաբանությամբ:

2014 թվականի հունիսի 27-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է Ն.Խաչատրյանի հայտնաբերման հիմքով, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի հունիսի 30-ին Ն.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:

2. 2014 թվականի նոյեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի դատավճռով Ն.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 18-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ն.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի ապրիլի 20-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Արարատ» կոնյակի գործարանի մոտ տաքսի ավտոմեքենայով տեղափոխման ուղեվարձի կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Անդրանիկ Լևոնի Առաքելյանին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք` թոքի վնասումով` ձախակողմյան լարված պնևմոթորաքսի առաջացմամբ, ձախ բազկի կտրած վերքերի, ձախ բազկի եռագլուխ մկանի փակեղի և մկանաթելերի վնասումով, ինչպես նաև կզակային շրջանի քերծվածք (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 264):

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Դատարանը որպես ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի անձը դրականորեն բնութագրող տվյալ է գնահատում նախկինում դատապարտված չլինելը (ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն 2014թ. մայիսի 12-ին կատարված հարցման արդյունքների), վատառողջ լինելը (ըստ ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննության 2014թ. սեպտեմբերի 9-ի թիվ 359/14 եզրակացության), իսկ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք` տուժողին պատճառված վնասն ըստ էության հարթելը` հաշվի առնելով այն, որ վերջինս Դատարանում նշեց, որ որևէ պահանջ, այդ թվում` նյութաիրավական, ամբաստանյալ Ն.Խաչատրյանից չունի, իր համար ցանկալի չէ, որ վերջինս անգամ քրեական պատասխանատվության ենթարկվի:

(…)

Դատարանն ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չարձանագրեց:

(…)

Ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները Դատարանը հաշվի է առնում նրա նկատմամբ պատժաչափը սահմանելիս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 83-84):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) [Ա]ռաջին ատյանի դատարանը գործի հանգամանքների, մասնավորապես` կատարված արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` նախկինում արատավորված` դատապարտված, չլինելը, վատառողջ լինելու հանգամանքը, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ճիշտ գնահատման արդյունքում նշանակել է ազատազրկման ձևով պատիժ` 3 տարի ժամկետով:

(...)

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պատճառաբանությանը, որ Նարեկ Խաչատրյանը մարմնական վնասվածք հասցնելու համար գործադրել է դանակ և վնասվածքը հասցրել է տուժողի մարմնի կենսականորեն կարևոր օրգանների շրջանում, իսկ տվյալ հանգամանքը վկայում է նրա անձի հասարակական մեծ վտանգավորության մասին, որպիսի պայմաններում հոդվածի սանկցիայով սահմանված պատժի նվազագույն չափի կիրառումը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Նարեկ Խաչատրյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` նրա գործողությունների վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ վիճաբանությունն առաջացել է բարեկամական հարաբերությունների հիման վրա ձևավորված կենցաղային վեճի արդյունքում, նրա անձը, նրան բնութագրող տվյալները, տուժողի հայտնած դիրքորոշումը, գտնում է, որ բողոքաբերի կողմից վերը նշված պատճառաբանությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ չեն կարող վկայել ակնհայտ մեղմ պատիժ նշանակված լինելու մասին: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 26-27):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 61-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի ոչ ճիշտ կիրառում:

Այսպես` ամբաստանյալի նկատմամբ նշանակելով կատարված արարքի համար սահմանված նվազագույն պատժաչափը` դատարանները հաշվի չեն առել հանցագործության` հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, գործի հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող իրական հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը:

Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը վկայակոչել է բարեկամական հարաբերությունների վրա ձևավորված կենցաղային վեճի արդյունքում կատարված գործողությունների վտանգավորության աստիճանը: Մինչդեռ հաշվի չի առել նույն բարեկամական հարաբերություններն անտեսող հանցավորի կողմից հանցավոր մտադրությանը հասնելու համար ընտրված առավել վտանգավոր եղանակը, արհամարհական վերաբերմունքն այդ հարաբերությունների հանդեպ, կիրառված գործիքը և առաջին իսկ հնարավորության դեպքում այն գործի դնելու պատրաստակամությունը, ինչն էականորեն բարձրացնում է նրա գործողությունների վտանգավորության աստիճանը:

Մեջբերելով Վճռաբեկ դատարանի` Գ.Մադաթյանի, Ա.Շահբազյանի, Պ.Բայրամյանի և մի շարք այլ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` բողոքաբերը նշել է, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն հետազոտվել և գնահատվել ամբաստանյալի դիտավորության տեսակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հասցված հարվածների քանակը, հանցագործության գործիքներն ու միջոցները, իսկ շարադրված մեղմացնող հանգամանքները զուտ դատարանների սուբյեկտիվ գնահատման արդյունք են և չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ գործում առկա չէ մեղմացնող հանգամանքների և հանցավորի անձը բնութագրող տվյալների բավարարար համակցություն, որով կհիմնավորվեր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար նվազագույն պատժաչափ կիրառելու անհրաժեշտությունը:

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը մասնակիորեն` պատժի մասով բեկանել և Ն.Խաչատրյանի նկատմամբ նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումն ավելի ծանր պատժաչափով փոխարինելու համար գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված են արդյոք Ն.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը (…)

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Վճռաբեկ դատարանը թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում անդրադառնալով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ հանցավորի անձին և հանցագործության վտանգավորության բնույթին ու աստիճանին համաչափ քրեաիրավական ներգործության միջոց ընտրելու, ինչպես նաև դրա շրջանակներում համաչափ պատժաչափ սահմանելու պահանջն ուղղակիորեն բխում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից: Արդարացի է այն պատիժը, որի ընտրությունը գործի բոլոր հանգամանքների` հանցագործության վտանգավորության բնույթի և աստիճանի (հանցագործության մեղքի ձև, շարժառիթ, նպատակ, պատճառված վնասի չափ, եղանակ, գործիքներ ու միջոցներ և այլն), հանցավորի անձը բնութագրող տվյալների, մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ամբողջական ու բազմակողմանի վերլուծության արդյունք է և բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից: Վերոնշյալ պահանջներից նահանջը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով պատիժ նշանակելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված] հանրորեն վտանգավոր արարքների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեական, այդ թվում` պատժողական քաղաքականության իրականացում: Իսկ դա իր հերթին ենթադրում է ոչ միայն համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն, այլև դրանց գործնական կիրառման հնարավորության ապահովում:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…):

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

[Ա]ռանց նշված հանգամանքների գնահատման առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը):

13. Վերահաստատելով Ա.Շահբազյանի որոշմամբ արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ առողջությանը դիտավորությամբ ծանր վնասի պատճառումը առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում իր վտանգավորության բնույթով առանձնանում է. այն ոչ միայն լուրջ, երբեմն նաև անդառնալի վնաս է պատճառում մարդու առողջությանը, այլև անմիջական սպառնալիքի տակ է դնում մարդկային կյանքը: Դրանով պայմանավորված նշված գործերով պատիժ նշանակելիս դատարանները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն դիտավորության ձևին, հանցագործության գործիքներին ու միջոցներին, հասցված հարվածների քանակին և դրանց տեղակայմանը, փաստացի պատճառված վնասի բնույթին և այլ հանգամանքներին, որոնք ազդում են արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա:

Կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները, առարկաները կամ սարքավորումները, վնասվածքի տեղակայումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս mutatis mutandis, Սարգիս Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշման 14-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Խաչատրյանը տաքսի ավտոմեքենայով տեղափոխման ուղեվարձի կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա.Առաքելյանին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք` թոքի վնասումով` ձախակողմյան լարված պնևմոթորաքսի առաջացմամբ, ձախ բազկի կտրած վերքերի, ձախ բազկի եռագլուխ մկանի փակեղի և մկանաթելերի վնասումով, ինչպես նաև կզակային շրջանի քերծվածք (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը Ն.Խաչատրյանի նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պատժատեսակի նվազագույն չափը` հաշվի առնելով, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է, տուժողին պատճառված վնասն ըստ էության հարթել է, քանի որ տուժող Ա.Առաքելյանն ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ, այդ թվում` նյութական, չունի, բացի այդ բացակայում են պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի, ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, մասնավորապես` նախկինում դատապարտված չլինելու, վատառողջ լինելու, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայության վերաբերյալ եկել է ճիշտ եզրահանգման և նշանակել ազատազրկման ձևով պատիժ` 3 տարի ժամկետով, իսկ բողոքաբերի կողմից բերված պատճառաբանությունները չեն վկայում ակնհայտ մեղմ պատիժ նշանակված լինելու մասին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում վերլուծված փաստական տվյալները համադրելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված և վերահաստատված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ն.Խաչատրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելիս պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, մասնավորապես` հանցագործության եղանակը, գործիքը, հասցված հարվածների քանակն ու տեղակայումը, պատճառված վնասի բնույթը և մեղքի ձևը: Այսպես` Ն.Խաչատրյանի արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին է վկայում տուժողի մարմնի կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող հատվածի` կրծքավանդակի ձախ շրջանի, ինչպես նաև ձախ բազկի ու կզակի շրջանում հարվածներ հասցնելը: Կատարվածի հանրորեն վտանգավոր բնույթն արտահայտվում է նաև ուղղակի դիտավորությամբ տուժողի առողջությանն այնպիսի ծանր վնաս պատճառելով, որը վտանգավոր է կյանքի համար:

15.1. Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև բողոքաբերի փաստարկներին առ այն, որ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով վիճաբանության` բարեկամական հարաբերությունների վրա ձևավորված կենցաղային վեճի արդյունքում տեղի ունենալու հանգամանքը, հաշվի չի առել այդ նույն հարաբերությունների պայմաններում Ն.Խաչատրյանի կողմից հանցավոր մտադրությանը հասնելու համար ընտրված առավել վտանգավոր եղանակը, կիրառված գործիքը, առաջին իսկ հնարավորության դեպքում այն գործի դնելու պատրաստակամությունը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից Ն.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Նարեկ Լևոնի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Նարեկ Լևոնի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան