Համարը 
N 46
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.08.15/17(560)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
03.08.2016
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.08.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.08.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 օգոստոսի 2016 թ.
ք. Երևան

N 46

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության 2016թ. հուլիսի 22-ի դիմումը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «դ» կետով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և նպատակ ունենալով բացառելու Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասի տարաբնույթ ընկալումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն.

«Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում քվեարկության սենյակում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովի նիստերը (այդ թվում` տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը), ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը»:

Նույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության համաձայն. «Տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նիստին բացի ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից իրավունք ունի ներկա գտնվելու նաև թեկնածուն»:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ քվեարկության արդյունքների ամփոփման նիստը սկսվում է ժամը 20.00-ից հետո` երբ հայտարարվում է քվեարկության ավարտի մասին և արգելվում է ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ քվեարկության արդյունքների ամփոփման նիստը ևս ընտրական հանձնաժողովի նիստ է, որն ունի օրենսգրքով հստակ ամրագրված գործառույթների իրականացման շրջանակ: Նշված նիստի գործառույթներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը սահմանել է նաև նիստին ներկա գտնվող անձանց իրավունքներն ու պարտականությունները (ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդված):

Վերոհիշյալ իրավանորմերից ակնհայտ է, որ քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար նիստին ներկայանալու կամ ներկա գտնվելու ժամանակային սահմանափակումներ առկա չեն, իսկ ներկա գտնվելը նշված անձանց համար սահմանված է որպես իրավունք:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասի և 68-րդ հոդվածի կանոնակարգումները, համաձայն որոնց վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները և այցելուները իրավունք ունեն հետևելու ընտրական ողջ գործընթացին և հիմնառանցք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված` ընտրությունների նախապատրաստման և անցկացման հրապարակայնության սկզբունքը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին` ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են ներկայանալ նաև նիստը սկսվելուց` ժամը 20.00-ից հետո և ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան