Համարը 
ՍԴՈ-1362
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.04.26/26(1301) Հոդ.425
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.04.2017
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՍՆԴԻԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻՆԱՄԱՏԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 ապրիլի 2017 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՍՆԴԻԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻՆԱՄԱՏԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Մինասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (Կոնվենցիա) ստորագրվել է 2013 թվականի հոկտեմբերի 10-ին` Ճապոնիայում:

Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը կատարել է հետևյալ հայտարարությունը.

«Կոնվենցիայի հավելվածներում կատարված ցանկացած փոփոխություն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի միայն վավերացման, միանալու, ընդունման և հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո»:

 

2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

1) չթույլատրել սնդիկի առաջնային հանքարդյունաբերություն, եթե այն արդեն իսկ չի իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու պահին,

2) փորձել հայտնաբերել սնդիկի կամ սնդիկի միացությունների առանձին պաշարներ, որոնք գերազանցում են 50 մետրիկ տոննան, ինչպես նաև սնդիկի մատակարարման աղբյուրներ, որոնք առաջացնում են տարեկան 10 մետրիկ տոննան գերազանցող պաշարներ Հայաստանի Հանրապետության տարածքում,

3) չթույլատրել սնդիկի ներկրում այն ոչ անդամ կողմից, որին Հայաստանի Հանրապետությունը տալիս է իր գրավոր համաձայնությունը, եթե ոչ անդամ կողմը չի ներկայացնում հավաստագիր առ այն, որ սնդիկը, Կոնվենցիայի համաձայն, անթույլատրելի ճանաչված աղբյուրներից չէ,

4) ձեռնարկել միջոցներ՝ կանխելու համար հավաքովի արտադրանքում սնդիկի հավելիչներով այնպիսի արտադրանքի ներառումը, որոնց արտադրությունը, ներկրումը և արտահանումը թույլատրելի չէ Կոնվենցիայի համաձայն,

5) չխրախուսել առևտրում սնդիկի հավելիչներով ապրանքների արտադրությունը և տարածումը, որոնց վրա չի տարածվում սնդիկի հավելիչներով արտադրանքի որևէ հայտնի կիրառություն նախքան Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելը, եթե միայն տվյալ արտադրանքի ռիսկերի և առավելությունների գնահատումը չի ապացուցում, որ առկա են առավելություններ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար,

6) չխրախուսել որևէ արդյունաբերության զարգացում, որում կօգտագործվեն այլ արտադրական գործընթացներ սնդիկի կամ սնդիկի միացությունների դիտավորյալ կիրառությամբ, որոնք չեն եղել Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ, բացառությամբ Կոնվենցիայով նախատեսված դեպքերի,

7) համապատասխան աղբյուրներ ունենալու դեպքում ձեռնարկել միջոցներ արտանետումները վերահսկելու համար,

8) ձեռնարկել միջոցներ և ապահովել, որպեսզի Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության համար թույլատրելի օգտագործման ենթակա սնդիկի և սնդիկի միացությունների միջանկյալ պահեստավորումը կատարվի շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով` հաշվի առնելով ուղեցույցները և Կոնվենցիայի պահանջները,

9) ջանքներ գործադրել սնդիկով կամ սնդիկի միացություններով վարակված տեղանքներ հայտնաբերելու և դրանք գնահատելու նպատակով համապատասխան ռազմավարություն մշակելու համար, ինչպես նաև նման տեղանքների հետ կապված ռիսկերի նվազեցման համար ձեռնարկվող որևէ գործողություն իրականացնել շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող եղանակով` ներառելով, ըստ անհրաժեշտության, դրանց պարունակած սնդիկի կամ սնդիկի միացությունների՝ մարդու առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի գնահատում,

10) խթանել սնդիկից և սնդիկի միացություններից աշխատանքային ազդեցության մասին գիտականորեն հիմնավորված կրթական և կանխարգելիչ ծրագրերի մշակումն ու իրականացումը,

11) ստեղծել և հզորացնել, պատշաճ կարգով, ինստիտուցիոնալ և առողջապահական պրոֆեսիոնալ կարողություններ սնդիկի և սնդիկի միացությունների ազդեցությանն առնչվող առողջապահական ռիսկերի կանխարգելման, ախտորոշման, բուժման և դիտարկման ոլորտում:

 

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, և այն նպատակաուղղված է պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի ու սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից և արտազատումներից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

18 ապրիլի 2017 թվականի

ՍԴՈ-1362