Համարը 
N 661-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.06.28/41(1316) Հոդ.639
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.06.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2017 թվականի N 661-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հունիսի 20

Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2017 թվականի

հունիսի 15-ի N 661-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում (այսուհետ` օբյեկտ) դիտանցում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են այն ընդերքօգտագործողների վրա, որոնց գործունեության հետևանքով առաջացել են ընդերքօգտագործման թափոններ:

3. Դիտանցումն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների նկատմամբ պարբերաբար իրականացվող գործողությունների (ակնադիտարկումներ, այդ թվում՝ բնապայմանային ուսումնասիրություններ և գործիքային չափումներ, լաբորատոր ուսումնասիրություններ, տեղեկատվության հավաքագրում, մշակում, գնահատում և տվյալների հիմնապաշարների (բազայի) վարում) համակարգն է:

4. Օբյեկտների դիտանցման նպատակն է՝

1) օբյեկտների անվտանգության և կայունության պահպանումը.

2) հնարավոր ռիսկերի բացահայտումն ու կանխարգելումը.

3) օբյեկտների պահպանման և դրանց հնարավոր վթարների օրինաչափությունների ուսումնասիրությունը.

4) օբյեկտների գործունեության կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.

5) օբյեկտների ռիսկայնության աստիճանի գնահատման մասին հենակետային տվյալների ստացումը.

6) օբյեկտների վերաբերյալ օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումը, ամփոփումը և հրապարակումն իր՝ ընդերքօգտագործողի ինտերնետային կայքում.

7) ամփոփ տվյալների հիման վրա առաջարկությունների և կանխարգելման միջոցառումների պլանի մշակումը և իրականացումը:

5. Դիտանցումն իրականացվում է հետևյալ օբյեկտների նկատմամբ` պոչամբարների, տարածքի, տեղի՝ ներառյալ ցանկացած պատվարի կամ որևէ այլ կառույցի (այսուհետ՝ լցակույտի հարթակ), կույտային տարալվացման հարթակների, ինչպես նաև պոչամբարների, կույտային տարալվացման հարթակների ու լցակույտի հարթակի կամ դրանց շրջակա միջավայրի ազդեցության (այսուհետ՝ ազդեցության) տարածքների՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ:

6. Օբյեկտների դիտանցումն իրականացվում է ընդերքօգտագործողի կողմից՝

1) մինչ գործունեության ծավալման փուլում՝ օբյեկտների և դրա ազդեցության ենթակա տարածքների շուրջը բնապահպանական ֆոնային ելակետային տվյալների բազայի ստեղծման համար.

2) օբյեկտների շահագործման փուլում՝ որոշակի պարբերականությամբ՝ օբյեկտի կառույցի անվտանգ և բնապահպանական կայուն ռեժիմով կառավարումն ապահովելու՝ շրջակա միջավայր աղտոտող նյութերի արտանետման դեպքերի բացահայտման համար.

3) օբյեկտի փակման և փակումից հետո փուլում՝ պարզելու համար, որ օբյեկտն այլևս վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար և օբյեկտում իրականացվել են ռեկուլտիվացման աշխատանքներ:

 

II. ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՅՏԱՅԻՆ ՏԱՐԱԼՎԱՑՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ

 

7. Պոչամբարների և կույտային տարալվացման հարթակների (այսուհետ՝ կառույցներ) դիտանցումը՝ մշտական ռեժիմով, անհրաժեշտ է պոչամբարի կառուցվածքների և նրա տարրերի վիճակներին հետևելու համար՝ նշելով ֆիլտրացիայի օջախները, փլուզումները, փլվածքները, նստվածքները, նստեցումները, ճեղքերը, խյուսի և կեղտաջրերի արտահոսքի տեղերը:

8. Կառույցների կայունության վիճակի դիտանցման նպատակն է ապահովել կառույցում տեղադրված ընդերքօգտագործման թափոնների զանգվածի և կառույցների կայունությունը՝ հատկապես նվազեցնելով սողանքային վտանգը:

9. Պոչամբարների կառուցվածքների և կույտային տարալվացման հարթակների վիճակի որակական դիտանցման իրականացման համար պետք է տեղադրվեն հսկիչ-չափիչ սարքեր:

10. Կառույցների կանոնավոր դիտանցման նպատակն է հետևել կառուցվածքի ամբողջականության վիճակին՝ իրականացնելով դիտանցում դրանց գործածության ամբողջ ընթացքում: Կառույցների կարգավորման և կայունության գնահատումը պետք է իրականացվի համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից:

11. Լանջի խախտումը (կուտակումները) շրջակա միջավայրի և մարդու առողջության համար կարող են հանդիսանալ պոտենցիալ վտանգ, հետևաբար լանջերի վրա տեղադրված ընդերքօգտագործման թափոնները պետք է վերահսկվեն կանոնավոր պարբերականությամբ իրականացվող դիտանցումների միջոցով՝ համոզվելու համար, որ դրանց կայունությունը մնացել է ընդունելի:

12. 25 տարվանից ավելի շահագործման մեջ եղած պոչամբարների կառուցվածքները՝ անկախ դրանց վիճակից, ամեն տարի պետք է ենթարկվեն համալիր վերլուծության՝ ամրության, կայունության և շահագործման հուսալիության գնահատումով: Կառուցվածքների նյութերի ու դրանց հիմքերի փաստացի ֆիզիկամեխանիկական բնութագրերի հիման վրա, անհրաժեշտության դեպքում (նախավթարային վիճակի նշանների առկայության), կառուցվածքներն արտահերթ կարգով վիճակի համալիր վերլուծության են ենթարկվում: Կուտակումների կայունության դիտանցման ցուցանիշները պետք է վերլուծվեն՝ հիմք ընդունելով ելակետային վերլուծության տվյալները:

13. Պոչամբարների շահագործման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել դիտանցում`

1) պոչամբարում ջրի մակարդակների, պոչանքների ծավալի, պոչամբար լցվող պոչանքների հոսքի արագության, արտամղման պոմպերի ջրի ծախսի, արտահոսքերի արագության նկատմամբ՝ օրական կտրվածքով.

2) հեղուկի մակարդակից պատնեշի կատարի բարձրության գերազանցման նկատմամբ՝ շաբաթական կտրվածքով.

3) լողափային շեպերի վիճակի նկատմամբ՝ շաբաթական կտրվածքով.

4) պոչամբարի ծակոտկենային ջրերի, ստորերկրյա ջրերի որակի ելակետային տվյալների և աղտոտման մակարդակի նկատմամբ՝ ամսական կտրվածքով.

5) ողողալցման նախագծին պոչամբարի տարածքի համապատասխանության նկատմամբ.

6) պոչանքի՝ պոչամբար տեղափոխվող զանգվածի (ծավալի) նկատմամբ՝ շաբաթական կտրվածքով.

7) կույտային տարալվացման հարթակ տեղափոխվող արդյունահանված հանքաքարի զանգվածի (ծավալի) արագության նկատմամբ՝ օրական կտրվածքով.

8) խյուսատարի և ցամաքուրդի (դրենաժի) համակարգի նկատմամբ.

9) տարվա չոր ժամանակաշրջանում տղմարանների փոշեզատման նկատմամբ.

10) պոչամբարի ազդեցության տարածքի ջրահոսքերում, խմելու ջրի ջրամատակարարման համակարգերի ջրառներում և ստորերկրյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նկատմամբ.

11) տղմազտիչների և հեղուկ թափոնների ամբարների նկատմամբ.

12) արգելափակող սարքվածքների վիճակի, հեղուկի մակարդակից կատարի բարձրության գերազանցման նկատմամբ.

13) անձրևային և հալոցքային ջրերի որսման ու հեռացման համակարգի նկատմամբ.

14) հակածծանցող, ջրամերժ կառույցների (էկրանների, սեպերի, պատնեշների) նկատմամբ.

15) տղմազտարանների ու պահեստարանների տարածքից հեղուկ թափոնների դուրս թափանցման հնարավորությանը հետևող հսկիչ-չափիչ սարքավորման աշխատանքի նկատմամբ.

16) շահագործման և կառուցվածքների վիճակի բացահայտված խախտումների շտապ վերացման, ինչպես նաև հետագայում դրանց կանխարգելման և բացառելու ուղղությամբ.

17) փոշեզատման, վթարների, միջադեպերի և դժբախտ պատահարների տեխնիկական պատճառների նկատմամբ, որի արդյունքում ներկայացվում են առաջարկություններ այդ պատճառների վերացման համար:

 

III. ԼՑԱԿՈՒՅՏԻ ՀԱՐԹԱԿԻ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ

 

14. Լցակույտի հարթակի ձևավորումը, շահագործումը և պահպանումը պետք է իրականացվեն լցակույտի հարթակի կառուցման նախագծի համաձայն:

15. Լցակույտի հարթակում իրականացվում է դիտանցում՝

1) թեքությունների վրա տեղադրված լցակույտի հարթակի սողալը կամ փլուզումը կանխարգելող միջոցառումների կատարման նկատմամբ՝ ամենօրյա (շաբաթական) կտրվածքով.

2) լցակույտի հարթակում մակերևութային կամ հանքախորշային ջրերի ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ՝ շաբաթական կտրվածքով.

3) լցակույտի հարթակից գրունտային, հեղեղատային և անձրևային ջրերի հեռացմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ՝ շաբաթական կտրվածքով.

4) լցակույտի հարթակի տարածքի գրունտային ջրերի մակարդակի նկատմամբ՝ շաբաթական կտրվածքով, ջրի որակի ընդհանուր չափորոշիչների նկատմամբ՝ շաբաթական կտրվածքով, ջրի որակի ընդհանուր (մանրամասն) չափորոշիչների նկատմամբ` ամսական կտրվածքով.

5) լցակույտի հարթակի տարածքում տեղումների ներծծման ցուցանիշների և ընդերքօգտագործման թափոնների խոնավության պարունակության նկատմամբ՝ եռամսյակային կտրվածքով.

6) ընդերքօգտագործման թափոններում պարունակվող ջրերի մակարդակի, ծավալի և ընդերքօգտագործման թափոններում թթվածնի ազդեցության ենթարկվող դատարկ ապարների ծավալի նկատմամբ՝ ամսական կտրվածքով.

7) լցակույտ հարթակի թեքությունում, հիմքի մոտակայքում և տրանսպորտային միջոցների բեռնաթափման տեղերում մարդկանց գտնվելը կանխարգելող նշանների կամ գրառումների առկայության նկատմամբ.

8) ապարների լցակույտերի աստիճանահարթակների և բարձրության, կտրվածքների և բերմաների անկյունների, լցակույտային աշխատանքների ճակատի շարժի արագության նախագծին համապատասխանության նկատմամբ.

9) լցակույտի հարթակում վթարների և վտանգավոր միջադեպերի կանխման, նախագծով նախատեսված կանխարգելիչ միջոցառումների կատարման նկատմամբ.

10) լցակույտի հարթակի ազդեցության տարածքի ջրահոսքերում, մակերևութային և ստորերկրյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նկատմամբ:

16. Իրականացվում են փոշեզատման, վթարների, միջադեպերի և դժբախտ պատահարների տեխնիկական պատճառների ուսումնասիրություններ և ներկայացվում առաջարկություններ այդ պատճառների վերացման վերաբերյալ:

 

IV. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

17. Ստորերկրյա ջրերի նկատմամբ դիտանցումն իրականացվում է թափոնների տեղադրման օբյեկտներում (պոչամբարում, լցակույտի հարթակում, կույտային տարալվացման հարթակներում ձևավորված լցակույտերում, խարամակուտակիչներում և այլն) և դրանց ազդեցության տարածքներում:

18. Ստորերկրյա և ցամաքուրդային ջրերի նկատմամբ դիտանցումն իրականացվում է դիտարկման ջրհորներում և հորատանցքերում, որոնք տեղադրված են անմիջապես օբյեկտում, իսկ եթե այդպիսին հնարավոր չէ՝ ազդեցության տարածքում, կանխատեսվող աղտոտման գոտու շրջանակներում:

19. Դիտանցման հորատանցքերը պետք է հորատվեն համապատասխան տեղում և խորության վրա, որպեսզի հնարավոր լինի՝

1) բացահայտել օբյեկտների ստորերկրյա ջրերի որակի բարելավման միտումները.

2) բացահայտել օբյեկտների ստորերկրյա ջրերի որակի վատթարացման միտումները.

3) ճշգրիտ չափել ստորերկրյա ջրերի մակարդակը.

4) որոշել ստորերկրյա ջրերի շարժման ուղղությունը:

20. Դիտարկման ջրհորների և հորատանցքերի քանակը որոշվում է նախագծային փաստաթղթերով՝ կոնկրետ տվյալ օբյեկտի համար՝ հաշվի առնելով տարածքի ռելիեֆի և ջրերկրաբանական պայմանների բարդության աստիճանը:

21. Դիտարկման հորատանցքերի ցանցում պետք է նախատեսվեն հորատանցքեր նաև ստորերկրյա ջրերի վրա վնասակար ազդեցության գոտու սահմաններից դուրս, ստորերկրյա ջրերի բնական հոսքի շարժման վերին և ստորին հոսանքներում: Նվազագույնը մեկ հորատանցք պետք է տեղադրվի պոչամբար մտնող ջրի սկզբնաղբյուրում և առնվազն երկու հորատանցք՝ դրանից դուրս եկող ջրի հոսքի ուղղությամբ:

22. Նախքան օբյեկտի կառուցումը, մեկ տարվա ընթացքում, եռամսյա կտրվածքով, անհրաժեշտ է իրականացնել հսկողություն ստորերկրյա ջրերի մակարդակի և որակի նկատմամբ՝ ելակետային տվյալների ստացման համար: Օբյեկտի փակման ընթացքում անհրաժեշտ է իրականացնել հսկողություն ստորերկրյա ջրերի մակարդակի և որակի նկատմամբ՝ յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ:

 23. Կույտային տարալվացման հարթակների շահագործման ժամանակ պետք է նախատեսվի նաև վերահսկիչ-ցամաքուրդային հորատանցքերի տեղադրում՝ ստորերկրյա ջրերի շարժման ուղղությամբ:

24. Տեխնոլոգիական լուծույթների վթարային ներծծումային ստորերկրյա արտահոսքի դեպքում վերահսկիչ-ցամաքուրդային հորատանցքերից իրականացվում է աղտոտված ջրերի արտամղում և դրանց վերադարձ կույտային տարալվացման տեղամասի կեղտաջրերի կուտակման միջանկյալ տարաներ:

25. Օբյեկտներում դիտանցման հորատանցքերը և ջրհորները պետք է լինեն տեխնիկապես անխափան ու աշխատանքային վիճակում, հագեցված չափիչ և հսկիչ սարքերով՝ ներառյալ ջրի արտամղման և նմուշարկման համար պոմպային սարքավորումներով:

26. Ստորերկրյա ջրերի նմուշարկման ժամանակ իրականացվում է նախնական արտամղում մինչև կախված նյութերի դուրսբերումը և հետագայում ջրատար հորիզոնում ջրի մակարդակի վերականգնումը՝ նվազագույնը հորատանցքի ծավալի եռապատիկի չափով արտամղում կատարելով:

 

V. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

27. Մակերևութային ջրերի դիտանցման նպատակն է ջրի քանակի և որակի նկատմամբ պարբերական ստուգումներ իրականացնելը և օբյեկտի շահագործման հետևանքով մակերևութային ջրերի վրա էական բացասական ազդեցության բացահայտումը:

28. Դիտանցումն իրականացվում է թափոնների տեղադրման օբյեկտներից դուրս հոսող բոլոր մակերևութային ջրերի հանդեպ, ինչպես նաև դրանց բեռնաթափման գետերում, լճերում, արհեստական ջրամբարներում:

29. Դիտարկման կետերի քանակը որոշվում է նախագծային փաստաթղթերով կոնկրետ տվյալ օբյեկտի համար՝ հաշվի առնելով տարածքի ռելիեֆի և ջրաբանական պայմանների բարդության աստիճանը, գետային համակարգի բնութագիրը, ջրի ծախսերը, հոսքի բնութագիրը, ստորերկրյա և մակերևութային ջրերի փոխադարձ կապը:

30. Դիտարկման կետերի ցանցում պետք է ստեղծվեն կետեր, որոնք տեղադրվում են օբյեկտներից հոսող ջրերը մակերևութային ջրերի խառնման տեղից բնական հոսքի շարժման վերին և ստորին հոսանքներում: Դիտարկման կետերի տեղադրման համապատասխան վայր ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալը՝

1) գետային ցանցի համար դիտանցումը պետք է իրականացնել նվազագույնը երկու կետերում, նախքան օբյեկտ մտնող յուրաքանչյուր գետի վերին հոսանքում և օբյեկտից դուրս եկող ստորին հոսանքում: Եթե ստորին հոսքը բեռնաթափվում է մոտակա գետային ցանց, ապա դիտարկման կետը տեղադրվում է միախառնման տեղից անմիջապես հետո.

 2) օբյեկտից քաղցրահամ ջրերի ջրամբարներ (լճեր) մտնող հոսքի դեպքում պետք է տեղադրվի առնվազն երկու դիտարկման կետ, մեկը դուրս եկող հոսքի վրա, մյուսը՝ ջրամբարում (լճում), որը հանդիսանում է բնութագրական՝ ամբողջ ջրամբարի (լճի) համար.

3) թափոնների օբյեկտներից հավաքված ջուրն անհրաժեշտ է հեռացնել և բեռնաթափել գետային ցանց.

4) թափոնների օբյեկտ մտնող և դուրս եկող ցանկացած ջրարգելող և ջրթող տեղամասերում անհրաժեշտ է իրականացնել դիտանցում, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց արդյունավետությունը և որոշել ցանկացած պոտենցիալ աղտոտման աղբյուրները.

5) օբյեկտից դուրս հոսող թափոնաջրերի բոլոր կետերը պետք է նույնականացվեն և ստուգվեն մինչև գետային ցանց բեռնաթափվելը:

31. Օբյեկտներում մակերևութային ջրերի դիտանցման կետերը պետք է լինեն տեխնիկապես անխափան ու աշխատանքային վիճակում, հագեցված չափիչ և հսկիչ սարքերով:

32. Մակերևութային ջրերի դիտարկման կետերում իրականացվում է ջրի ծախսի, ընդհանուր հանքայնացման չափում, և որոշվում են որակական հատկանիշները:

33. Օբյեկտներից դուրս հոսող կեղտաջրերի մաքրման կայաններում իրականացվում է դիտանցում ինչպես կայան մտնող, այնպես էլ դուրս հոսող ջրերի հանդեպ:

34. Յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի համար մակերևութային և ստորերկրյա ջրերի համար որոշվում են նաև այն չափորոշիչները, որոնք կարող են դառնալ աղտոտման աղբյուր կամ ենթարկվել աղտոտման ազդեցության: Այդ չափորոշիչների ցանկը կազմում է ընդերքօգտագործողը, նախօրոք, օբյեկտի կառուցման նախագծման փուլում:

35. Ընդերքօգտագործողներն օբյեկտում մակերևութային կամ ստորերկրյա ջրերի հանդեպ դիտարկումներն իրականացնում են անվտանգ լցակույտերում յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ, կույտային տարալվացման հարթակներից առաջացած լցակույտերում և պոչամբարներում՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, այդ թվում՝ նաև հորատանցքում կամ ջրհորում ջրի առավելագույն և նվազագույն մակարդակների ժամանակ:

36. Տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում ելակետային տվյալների ստացման համար մակերևութային ջրերի դիտանցման ցանկացած կետ, մինչև օբյեկտում աշխատանքների սկսելը, անհրաժեշտ է դիտանցել (վերահսկել) եռամսյակային կտրվածքով, նվազագույնը մեկ տարվա ընթացքում:

37. Ընդերքօգտագործողները յուրաքանչյուր օբյեկտում մակերևութային և ստորերկրյա ջրերի ֆոնային չափորոշիչներից որևէ մեկի էական շեղումներ հայտնաբերելու դեպքում դիտարկումներն իրականացվում են ուժեղացված ռեժիմով, որի պարբերականությունը որոշում է ինքը, բայց ոչ ավելի, քան մեկ շաբաթը:

38. Ընդերքօգտագործողը դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծում է տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները: Կազմվում են մակերևութային կամ ստորերկրյա ջրի ծախսի, մակարդակի կորեր և այլ գրաֆիկական պատկերներ, որոնցում արտացոլվում են տվյալ օբյեկտին յուրահատուկ չափորոշիչների փոփոխման առանձնահատկությունները:

39. Ստորերկրյա և մակերևութային ջրերից վերցված նմուշներում պետք է որոշվեն աղյուսակում նշված չափորոշիչները:

 

Ստորերկրյա և մակերևութային ջրերի որակական

 չափորոշիչները

 Աղյուսակ

Ցուցանիշի անվանումը

Պարունակությունը
մեկ լիտրում

մգ/լ

մգ-էկվ

մգ-էկվ, %

Նատրիում, Na+

     

Կալիում K+

     

Ամոնիում, NH4+

     

Կալցիում, Ca2+

     

Մագնեզիում, Mg++

     

Երկաթ, Fe++

     

Երկաթ, Fe+++

     

Կադմիում, Cd++

     

Քրոմ, Cr++

     

Կապար, Pb++

     

Մկնդեղ As+++

     

Պղինձ Cu++

     

Մոլիբդեն Mo++++

     

Նիկել Ni++

     

Ցինկ Zn++

     

Սնդիկ, Hg++

     

Ընդամենը՝ կատիոններ`

     

Սուլֆատ, SO4- -

     

Քլորիդ, Cl-

     

Նիտրիտ, NO2-

     

Նիտրատ, NO3-

     

Հիդրոկարբոնատ, HCO3-

     

Յոդ, I-

     

Բրոմ, Br -

     

Ֆտորիդ, F-

     

Հիդրոսուլֆիդ HS-

     

Կարբոնատ CO3 - -

     

Հիդրոարսենիտ H2 AsO4 - -

     

Ընդամենը՝ անիոններ`

     

Ընդհանուր հանքայնացում

     

pH

     

Չդիսոցվող մոլեկուլներ՝

     

Մետաբորաթթու HBO2

     

Ծծմբաջրածին ընդ. (H2S+HS)

     

Սիլիկաթթու, H2 SiO3

     

Արսենաթթու H3 AsO3 կամ H3AsO4

     

Ածխածնի երկօքսիդ CO2

     

Ցիանիդներ

     

Ֆիզիկական հատկությունները

     

Պղտորությունը

     

Համը

     

Հոտը

     

Գույնը

     

Նստվածք

     

VI. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

40. Օբյեկտներում, ամենօրյա ռեժիմով, պետք է իրականացվի դիտանցում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման նկատմամբ:

41. Դիտանցում է իրականացվում մթնոլորտային օդ արտանետող բոլոր աղտոտող նյութերի աղբյուրների նկատմամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ սահմանված է սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) քանակը:

 42. Օբյեկտներից փոշու արտանետումները, կախված փոշու մասնիկների չափերից և քիմիական կազմից, մեծ ազդեցություն են թողնում մարդու առողջության վրա և ստեղծում տեսողության համար անհարմար պայմաններ, հետևաբար, փոշու չափերի ու քիմիական կազմի բացահայտման համար պետք է իրականացվի օդում կախված մասնիկների և աէրոզոլային մասնիկների <10 և 2,5 մկմ նմուշարկում և որոշվի դրանց մեջ ծանր մետաղների պարունակությունը:

43. Փոշու մասնիկների վերահսկման սարքերը պետք է տեղակայել օբյեկտի շրջակայքում՝ նվազագույնը չորս կետերում, ազդեցության ենթարկվող օբյեկտից հեռու, քամու ուղղությամբ և դրան հակառակ: Անհրաժեշտ է նաև դիտանցում իրականացնել օբյեկտի սահմանում, զգայուն ընկալիչների և հավանական աղբյուրների մոտ:

44. Փոշեկլանման դիտարկման տևողությունը պետք է կազմի երեսուն օր, տարեկան երեքանգամյա պարբերականությամբ, որոնցից երկուսն ընկած են մայիսից սեպտեմբեր ժամանակահատվածում:

45. Կախված մասնիկների (PM10) նկատմամբ դիտանցման պահանջները պետք է որոշվեն կոնկրետ տարածքին համապատասխան: Տվյալ դեպքում դիտանցման պարբերականությունը կախված է թափոնների օբյեկտի չափերից և բնութագրերից: Անհրաժեշտ է նաև դիտանցում իրականացնել օբյեկտի սահմանում, զգայուն ընկալիչների և հավանական աղբյուրների մոտ:

 

VII. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

46. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների հողերի և ազդեցության տարածքների հողերի դիտանցման նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ստանդարտներով, թույլտվություններով և նախագծային փաստաթղթերով սահմանված պահանջների կատարման հսկողությունն է:

47. Դիտանցումն իրականացվում է թափոնների օբյեկտների կառավարման պլաններում նախանշված շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխարգելման նպատակով և պլանով նշված նմուշառման վայրերում, ըստ հստակ սահմանված դիտանցման ցուցանիշների և դիտանցման հաճախականության:

48. Հողերի աղտոտման գնահատման չափանիշ ընդունվում են աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի քանակները, իսկ այդպիսիների բացակայության դեպքում՝ ֆոնային մեծությունները:

49. Դիտանցումը պետք է իրականացվի միասնական տեղեկատվական և մեթոդական հիմքով, ինչը կապահովի համադրելիությունն ու համապատասխանությունն այլ պետական մոնիթորինգի համակարգերի դիտարկումների արդյունքների հետ:

50. Ընդերքօգտագործողը դիտանցման արդյունքում ստեղծում է տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները:

 

VIII. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

51. Оբյեկտների հարակից տարածքներում պետք է իրականացվի դիտանցում՝ բուսական աշխարհի նկատմամբ:

52. Բուսական աշխարհի դիտանցման նպատակը պետք է լինի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների շրջակա միջավայրի և բուսական աշխարհի պահպանումը և կանխումը վտանգավոր ազդեցություններից:

53. Բուսական աշխարհի դիտանցումը ֆիտոինդիկացիոն մեթոդի վրա հիմված մշտական և պարբերական դիտարկումներ են բուսական աշխարհի օբյեկտների նկատմամբ, դրանց վիճակի և աճման միջավայրի գնահատման համար, ինչպես նաև զարգացման և փոփոխությունների ենթարկման կանխատեսումը՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ազդեցության հետևանքով:

54. Ընդերքօգտագորման թափոնների օբյեկտներում բուսական աշխարհի դիտանցումն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

1) լեռնային բուսականության դիտանցում.

2) մարգագետնային բուսականության դիտանցում.

3) ջրային բուսականության դիտանցում.

4) բույսերի և սնկերի պահպանվող (Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված) տեսակների դիտանցում.

5) ռեսուրսաձևավորող բույսերի (հատապտուղներ և սնկեր) դիտանցում.

6) անտառների դիտանցում:

55. Ընդերքօգտագործողներն օբյեկտում բուսականության հանդեպ դիտարկումներն իրականացնում են անվտանգ լցակույտերում՝ յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ, կույտային տարալվացման հարթակներից առաջացած լցակույտերում և պոչամբարներում՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

56. Ընդերքօգտագործողը դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծում է բուսական աշխարհի տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները, ինչպես նաև տվյալ օբյեկտին յուրահատուկ բուսական աշխարհի տեսակների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:

 

IX. ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

57. Կենդանական աշխարհի դիտանցման օբյեկտ են հանդիսանում վայրի կենդանիների հետևյալ տեսակները՝ կաթնասունները, թռչունները, սողունները, ձկները, կրծողները, միջատները և այլ կենդանիներ, որոնք բնակվում են գետնում (մակերևույթում, հողում, ստորերկրյա դատարկություններում), մակերևութային ջրերում և մթնոլորտում ազատ բնական պայմաններում:

58. Դիտանցում իրականացվում է՝

1) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների և դրանց ապրելու միջավայրի նկատմամբ.

2) որսի օբյեկտ հանդիսացող վայրի կենդանիների և դրանց բնական միջավայրի նկատմամբ:

59. Դիտանցման արդյունքում պետք է ստացվի տեղեկատվություն հետևյալի մասին՝

1) վայրի կենդանիների տարածվածության արեալի և բնակատեղերի մասին.

2) վայրի կենդանիների թվի մասին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված.

3) վայրի կենդանիների առանձին տեսակների աճի դինամիկայի և կառուցվածքի մասին.

4) կենդանական աշխարհի վերարտադրության գնահատման մասին.

5) վայրի կենդանիների ֆիզիկական վիճակի մասին:

60. Ընդերքօգտագործողներն օբյեկտում կենդանական աշխարհի հանդեպ դիտարկումներն իրականացնում են տարեկան երկու անգամ:

61. Ընդերքօգտագործողը դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծում է կենդանական աշխարհի տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները, ինչպես նաև տվյալ օբյեկտին յուրահատուկ կենդանական աշխարհի տեսակների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան