Համարը 
N 146-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.12.15/33(602)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվը 
28.11.2017
Ստորագրող մարմինը 
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ, 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

 

28 նոյեմբերի 2017 թ.

N 146-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ, 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի «ա» ենթակետով, 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ, 51-րդ հոդվածի 9-րդ մասերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը»՝ համաձայն հավելվածի։

2. Աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին՝ սույն հրամանի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնական պարզաբանումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` հրապարակման նպատակով։

 

Ա. Մանուկյան

 

 

Հավելված

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և

բնական պաշարների նախարարի

2017 թվականի նոյեմբերի 28-ի

թիվ 146-Ն հրամանի

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ, 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի «Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 367-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ որոշման հավելված) 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` դիմումատուն լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրված՝ հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ՝ հարկային մարմնի տեղեկանք)՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերի համաձայն, եթե դիմումատուի ֆինանսական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում (այսուհետ՝ սահմանված ժամկետ) վերացնում է նշված թերությունները: Ընդ որում, հարկային մարմնի տեղեկանքը ներկայացված չլինելու, այսինքն՝ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջական չլինելու դեպքում ևս կիրառելի է օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով նախատեսված թերի լինելու հետևանքը:

Այսպիսով, ստացվում է, որ դիմումատուն, փաստորեն, հնարավորություն չի ունենում ներկայացնել հարկային մարմնի տեղեկանքը դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ, քանի որ սահմանված ժամկետում հարկային մարմնից ստացված տեղեկանքը կլինի տրված ոչ թե դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ, այլ դրանից հետո: Արդյունքում, առաջանում է տարաբնույթ ընկալում այն մասով, որ որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դրույթն ի սկզբանե խոչընդոտում է օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով սահմանված ժամկետի կիրառմանը:

Իրավական խնդիրն է պարզել՝ արդյո՞ք որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դրույթը խոչընդոտում է օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով սահմանված ժամկետի կիրառմանը:

Որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով, ըստ էության, սահմանվում է հարկային մարմնի տեղեկանքի արժանահավատության նվազագույն ժամկետ: Միաժամանակ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ եթե իրավական ակտն ընդունվել է համաձայն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները: Ուստի, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշումն ընդունվել է համաձայն օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերի համաձայն, ապա հենց ի ապահովումն այդ կետերի՝ օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով սահմանված ժամկետում (այդ թվում նաև մինչև այդ ժամկետը, բայց ոչ շուտ քան դիմումը ներկայացնելուն նախորդող 5-րդ օրը) տրված հարկային մարմնի տեղեկանքի ներկայացումը նույնպես պետք է համարել արժանահավատ:

Ելնելով վերոգրյալից, համադրելով և վերլուծելով վերը նշված իրավական նորմերը, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի «Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 367-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթը չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ և 51-րդ հոդվածի 9-րդ մասերով սահմանված նորմի կիրառմանը: