Համարը 
ՀՕ-55-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.01.31/8(532) Հոդ.156
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.12.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Ընդհանուր սկզբունքները և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի դրույթները հիմնվում են հետևյալ սկզբունքների վրա և պետք է մեկնաբանվեն այդ սկզբունքներին համապատասխան.

1) արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում.

2) կողմերն ազատ են իրենց միջև վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է առևտրային արբիտրաժին առնչվող հարաբերությունների վրա` Հայաստանի Հանրապետության և այլ պետության կամ պետությունների միջև գործող պայմանագրերի պահպանման պայմանով:

3. Սույն օրենքի գործողությունը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ, 9-րդ, 35-րդ, 36-րդ, 36.1-ին և 36.2-րդ հոդվածների, տարածվում է միայն այն արբիտրաժի վրա, որի վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում է:

4. Սույն օրենքի գործողությունը չի բացառում Հայաստանի Հանրապետության մեկ այլ օրենքի գործողություն, որի համաձայն` որոշակի վեճեր չեն կարող հանձնվել արբիտրաժի լուծմանը կամ կարող են հանձնվել արբիտրաժի լուծմանը միայն այն դրույթներին համապատասխան, որոնք սահմանված չեն սույն օրենքով:

5. Սույն օրենքը տարածվում է նաև առևտրային բնույթ չունեցող վեճերի վրա, եթե օրենքով նախատեսված է վեճն արբիտրաժային կարգով լուծելու հնարավորություն։

(1-ին հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն, փոփ. 27.10.16 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 2. Սահմանումները և մեկնաբանման կանոնները

 

Սույն օրենքի իմաստով`

1) «արբիտրաժ» նշանակում է ցանկացած արբիտրաժ, անկախ դրա` մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքի.

2) «արբիտրաժային տրիբունալ» նշանակում է միանձնյա արբիտր կամ արբիտրների կազմ.

3) «դատարան» նշանակում է որևէ պետության դատական համակարգի մասը կազմող մարմին կամ դատարան.

4) «առևտրային» հասկացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները.

5) այնտեղ, ուր սույն օրենքի դրույթները, բացառությամբ 28-րդ հոդվածի, կողմերին վերապահում են որևէ կոնկրետ հարց լուծելու ազատություն, ապա այն ներառում է նաև կողմերի իրավունքը` այդ հարցը լուծելու նպատակով լիազորել երրորդ անձի, ներառյալ` որևէ հաստատության.

6) այնտեղ, ուր սույն օրենքի դրույթները հիշատակում են, որ կողմերը համաձայնվել են կամ կարող են համաձայնվել կամ ցանկացած այլ կերպ հղում են կատարում կողմերի համաձայնության վրա, այդպիսի համաձայնությունը ներառում է համաձայնության մեջ նշված ցանկացած արբիտրաժային կանոններ.

7) եթե սույն օրենքի դրույթները, բացառությամբ 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, կիրառելի են հայցի նկատմամբ, ապա դրանք հավասարապես կիրառելի են նաև հակընդդեմ հայցի նկատմամբ, և երբ կիրառելի են պատասխանի նկատմամբ, հավասարապես կիրառելի են նաև հակընդդեմ հայցի պատասխանի նկատմամբ:

(2-րդ հոդվածը խմբ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 3. Գրավոր հաղորդակցություններ ստանալը

 

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա`

1)  գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա հասցված է անձամբ հասցեատիրոջը կամ նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայր կամ մշտական բնակության վայր կամ հաղորդակցությունն ապահովող կապի այլ միջոցներով: Այն դեպքում, երբ ողջամիտ հարցումներ կատարելուց հետո նշված հասցեներից ոչ մեկը չի կարող պարզվել, գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա ուղարկված է հասցեատիրոջ՝ ուղարկողին հայտնի վերջին գործունեության վայր, մշտական բնակության կամ փոստային վերջին հայտնի հասցեով՝ պատվիրված նամակով կամ նշված գրավոր հաղորդակցությունն հասցնելու փորձի գրանցումն ապահովող որևէ այլ ձևով.

2) հաղորդակցությունը համարվում է ստացված այն հասցեատիրոջը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան հասցվելու օրը:

2. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում դատարաններում վարույթի շրջանակներում իրականացվող հաղորդակցություններին:

(3-րդ հոդվածը փոփ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 4. Առարկելու իրավունքից հրաժարվելը

 

1. Եթե կողմին հայտնի է, որ սույն օրենքի որևէ դրույթ, որի կիրառումը իրենց նկատմամբ կողմերը կարող են սահմանափակել, կամ արբիտրաժային համաձայնության որևէ պահանջ չի պահպանվել, և, այդուհանդերձ, կողմը շարունակում է արբիտրաժային վարույթը` չհայտնելով իր առարկությունները այդպիսի չպահպանման վերաբերյալ առանց անհարկի ձգձգման, կամ այդպիսի առարկություն ներկայացնելու համար կոնկրետ ժամկետ սահմանված լինելու դեպքում` այդ ժամկետի ընթացքում, ապա համարվում է, որ տվյալ կողմը հրաժարվել է առարկություն ներկայացնելու իր իրավունքից:

2. Եթե արբիտրաժային համաձայնության կողմը հայցային պահանջ է ներկայացնում համաձայնության մյուս կողմի դեմ դատարան` հայցելով վերջնական որոշման կայացում այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, և եթե մյուս կողմը չի առարկում դատարանում գործի քննությանը` արբիտրաժային համաձայնության առկայության հիմքով, ապա համարվում է, որ կողմերը հրաժարվել են վեճը արբիտրաժի միջոցով կարգավորելու իրենց իրավունքից:

 

Հոդված 5. Դատական միջամտության սահմանները

 

Արգելվում է որևէ դատական միջամտություն սույն օրենքով կարգավորվող հարցերին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 6. Արբիտրաժին աջակցող և վերահսկող դատարանը

 

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 13-րդ հոդվածի 3-րդ մասով, 14-րդ հոդվածով, 27-րդ հոդվածով նախատեսված գործառույթներն իրականացնում է արբիտրաժի գտնվելու վայրի դատարանը:

2. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-36.2-րդ հոդվածներով նախատեսված գործառույթներն իրականացնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը:

(6-րդ հոդվածը խմբ. 19.06.15 ՀՕ-76-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-37-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 7. Արբիտրաժային համաձայնության հասկացությունը, ձևը և գործողությունը

 

1. Արբիտրաժային համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ: Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային  վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագրի) ձևով:

2. Արբիտրաժային համաձայնությունը կնքվում է գրավոր: Համաձայնությունը համարվում է գրավոր ձևով կնքված, եթե դա կատարվել է կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելով, կամ կնքված է նամակներով, հեռատիպով, հեռագրով, էլեկտրոնային կամ այդպիսի համաձայնության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ` հաղորդումներ փոխանակելու միջոցով կամ հայցի ու պատասխանի վերաբերյալ հաղորդումների փոխանակմամբ, որտեղ մի կողմը վկայակոչում է արբիտրաժային համաձայնության առկայությունը, իսկ մյուս կողմը չի առարկում դրա դեմ: Պայմանագրում կատարված հղումը այնպիսի փաստաթղթին, որը պարունակում է արբիտրաժային վերապահում, համարվում է արբիտրաժային համաձայնություն այն պայմանով, որ պայմանագիրը կնքված է գրավոր ձևով, և տվյալ հղումը այնպիսին է, որ նշված վերապահումը դարձնում է պայմանագրի մաս: Արբիտրաժային համաձայնությունը համարվում է գրավոր ձևով կնքված նաև, եթե արբիտրաժային համաձայնության մասին մի կողմի գրավոր առաջարկությունը որևէ ձևով ընդունել է մյուս կողմը:

3. Արբիտրաժային համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում արբիտրաժային համաձայնության դադարման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն:

 

Հոդված 8. Արբիտրաժային համաձայնությունը և հայցի հարուցումը դատարան` ըստ վեճի էության

 

1. Դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, պարտավոր է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, որը բերվել է ոչ ուշ, քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը, հայցը թողնել առանց քննության, եթե այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի առկայության դեպքում արբիտրաժային վարույթը, այդուհանդերձ, կարող է սկսվել կամ շարունակվել, և կարող է վճիռ կայացվել` հարցը դատարանում գտնվելու ընթացքում:

3. Ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ սպառողների կնքած պայմանագրերով նախատեսված արբիտրաժային համաձայնությունը, որը կարող է լինել ինչպես պայմանագրում ներառված վերապահման ձևով, այնպես էլ որպես դրա բաղկացուցիչ մաս, հավելված կամ պայմանագիր կնքելու գործընթացի պայման, չի զրկում սպառողին պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը դատարան հանձնելու իրավունքից, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը: Սույն մասի դրույթները տարածվում են նաև ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի՝ դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 9. Արբիտրաժային համաձայնությունը և դատարանի կողմից հայցի ապահովման միջոցների կիրառումը 

 

Արբիտրաժային համաձայնության հետ անհամատեղելի չի համարվում և արբիտրժային համաձայնությամբ նախատեսված իրավունքներից հրաժարում չի հանդիսանում արբիտրաժի կողմի` արբիտրաժից առաջ կամ դրա ընթացքում ցանկացած պահի հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելը և դատարանի` նման ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին որոշում կայացնելը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԿԱԶՄԸ

 

Հոդված 10. Արբիտրների թիվը

 

1. Արբիտրների թիվը որոշվում է կողմերի համաձայնությամբ և պետք է լինի կենտ: Այն դեպքում, երբ արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված է արբիտրաժային տրիբունալի ձևավորում զույգ կազմով, ապա արբիտրների թիվը պետք է մեկով ավելացվի: Այս դեպքում ավելացվող արբիտրն ընտրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով:

2. Արբիտրների թվի շուրջ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում արբիտրաժային տրիբունալը  ձևավորվում է երեք արբիտրի կազմով:

 

Հոդված 11. Արբիտրների նշանակումը

 

1. Կողմերն ազատ են արբիտրաժային համաձայնությամբ սահմանելու արբիտրին ներկայացվող ցանկացած պահանջ: Ոչ ոք չի կարող իր քաղաքացիության պատճառով զրկվել արբիտր նշանակվելու իրավունքից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: Արբիտր կարող է լինել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր գործունակ ֆիզիկական անձ: Արբիտր չի կարող լինել դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, հանցագործություն կատարելու համար դատապարտված անձը, ինչպես նաև այն անձը, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

2. Կողմերն ազատ են համաձայնեցնելու արբիտրի կամ արբիտրների նշանակման ընթացակարգը` սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի դրույթների պահպանմամբ:

3. Եթե վերոհիշյալ համաձայնությունը բացակայում է`

1) երեք կամ ավելի արբիտրներով իրականացվող արբիտրաժի դեպքում յուրաքանչյուր կողմը նշանակում է հավասար թվով արբիտր, և այդ կերպ նշանակված արբիտրները ձայների մեծամասնությամբ նշանակում են վերջին արբիտրին, որը հանդես է գալիս որպես տրիբունալի նախագահող: Եթե մի կողմը արբիտր նշանակելու մասին մյուս կողմի պահանջը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, չի նշանակում արբիտր, կամ կողմերի նշանակած արբիտրներն իրենց նշանակման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, համաձայնություն ձեռք չեն բերում վերջին արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանը.

2) միանձնյա արբիտրի մասնակցությամբ արբիտրաժի դեպքում, եթե կողմերը չեն համաձայնվում արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է այն կողմերի արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված նշանակողը, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանը:

4. Եթե նշանակման ընթացակարգի վերաբերյալ համաձայնությունը չի նախատեսում նշանակումն ապահովող այլ միջոցներ, ապա կողմերից յուրաքանչյուրն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան այն դեպքերում, երբ կողմերի համաձայնեցրած ընթացակարգը կիրառելիս`

1) կողմերից մեկը չի գործում դրա պահանջներին համապատասխան, կամ

2) կողմերը կամ կողմերի նշանակած արբիտրները չեն կարողանում համաձայնության գալ սահմանված ընթացակարգի համաձայն, կամ

3) սահմանված ընթացակարգի շրջանակներում երրորդ կողմը, ներառյալ` հաստատությունը, չի կատարում իրեն վերապահված որևէ գործառույթ:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված հարցերի վերաբերյալ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն: Դատարանը արբիտրին նշանակելիս պարտավոր է հաշվի առնել նրա որակավորման վերաբերյալ կողմերի համաձայնության մեջ առկա պահանջները և այն հանգամանքները, որոնք կարող են ապահովել անկախ և անաչառ արբիտրի նշանակումը, իսկ միանձնյա կամ երրորդ արբիտր նշանակելիս պարտավոր է հաշվի առնել նաև կողմերի երկրների քաղաքացի չհանդիսացող անձին որպես արբիտր նշանակելու նպատակահարմարությունը:

(11-րդ հոդվածը խմբ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 12. Բացարկ հայտնելու հիմքերը

 

1. Որպես արբիտր հնարավոր նշանակման մասին առաջարկ ստացած անձը պարտավոր է հայտնել ցանկացած այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են հիմնավոր կասկած առաջացնել նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ: Արբիտրը իր նշանակման պահից և արբիտրաժի ամբողջ ընթացքում՝ մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից վերջնական վճռի կայացումը կամ արբիտրաժային վարույթի որևէ այլ ձևով ավարտը, պարտավոր է կողմերին անհապաղ հայտնել ցանկացած այդպիսի հանգամանքների մասին, եթե նա ավելի վաղ չի հայտնել վերջիններիս դրանց մասին:

2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում:

3. Կողմը կարող է բացարկ հայտնել իր կողմից կամ իր մասնակցությամբ նշանակված արբիտրին միայն այնպիսի հիմքերով, որոնք իրեն հայտնի են դարձել նշանակումից հետո:

 

Հոդված 13. Բացարկման ընթացակարգը

 

1. Կողմերը իրենց հայեցողությամբ և սույն հոդվածի 3-րդ մասի դրույթների պահպանմամբ կարող են համաձայնվել արբիտրի բացարկման ընթացակարգի վերաբերյալ:

2. Նման համաձայնության բացակայության դեպքում արբիտրին բացարկ հայտնելու մտադրություն ունեցող կողմը պարտավոր է արբիտրաժային տրիբունալի ձևավորման կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որևէ հանգամանքի մասին իրեն հայտնի դառնալուց հետո` 15-օրյա ժամկետում, արբիտրաժային տրիբունալ ուղարկել գրավոր բացարկ` բացարկի հիմքերի շարադրմամբ: Եթե արբիտրը, որին բացարկ է հայտնվել, ինքնաբացարկ չի հայտնում, կամ մյուս կողմը չի համաձայնվում բացարկին, ապա բացարկի հարցը որոշում է արբիտրաժային տրիբունալը:

3. Եթե կողմերի համաձայնեցրած կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով հայտնված բացարկը մերժվում է, ապա բացարկ հայտնած կողմը բացարկի մերժման մասին որոշումը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան` բացարկի վերաբերյալ որոշում ընդունելու խնդրանքով, որի կայացրած ակտը  բողոքարկման ենթակա չէ: Քանի դեռ կողմի նման դիմումի վերաբերյալ որոշում ընդունված չէ, արբիտրաժային տրիբունալը, ներառյալ` այն արբիտրը, որին բացարկ է հայտնվել, կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել:

 

Հոդված 14. Պարտականությունների կատարման անհնարինությունը կամ չկատարումը

 

1. Այն դեպքում, երբ արբիտրը իրավաբանորեն (de jure) կամ փաստացի (de facto) ի վիճակի չէ կատարել կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթները առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են` ինքնաբացարկ հայտնելով, կամ երբ կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարեցման մասին: Այլ դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ այդ հիմքերից որևէ մեկի վերաբերյալ, արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու նպատակով կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան, որի կայացրած ակտը  բողոքարկման ենթակա չէ: Արբիտրի մահվան (ներառյալ՝ դատարանի վճռով մահացած ճանաչելու) կամ նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում արբիտրի լիազորությունները դադարում են:

2. Եթե սույն հոդվածի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արբիտրն ինքնաբացարկ է հայտնում, կամ կողմը համաձայնվում է նրա մանդատի դադարեցմանը, ապա դա չի ենթադրում սույն հոդվածով կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկի ընդունում:

(14-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 15. Արբիտրի փոխարինումը

 

1. Եթե արբիտրի լիազորությունները դադարում են սույն օրենքի 13-րդ հոդվածով կամ 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կամ որևէ այլ պատճառով ինքնաբացարկ հայտնելու կամ կողմերի համաձայնության ուժով կամ այլ հիմքերով, ապա նոր արբիտրը նշանակվում է նույն կարգով, որով նշանակվել էր փոխարինվող արբիտրը:

2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, երբ սույն օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներին համապատասխան` փոխարինվում է միանձնյա արբիտրը կամ արբիտրաժային տրիբունալի նախագահողը, ապա նախկինում անցկացված բոլոր լսումները նորից են վերսկսվում, իսկ  եթե փոխարինվում է ցանկացած այլ արբիտր, ապա այդպիսի լսումները կարող են վերսկսվել արբիտրաժային տրիբունալի հայեցողությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 16. Արբիտրաժային տրիբունալի` իր իրավասության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը

 

1. Արբիտրաժային տրիբունալն իրավասու է, իսկ արբիտրաժային համաձայնությունը վիճարկելու դեպքում պարտավոր է առաջնահերթ քննել և որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ: Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը պայմանագրի բաղկացուցիչ մաս է, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն: Պայմանագրի առ ոչինչ լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության:

2. Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության վերաբերյալ հայտարարությունը կարող է արվել ոչ ուշ, քան մինչև հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելը: Կողմի` արբիտր նշանակելու կամ արբիտրի նշանակմանը մասնակցելու հանգամանքը նրան չի զրկում այդպիսի հայտարարություն անելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի կողմից իր իրավասությունը գերազանցելու վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի անմիջապես այն բանից հետո, երբ կողմի կարծիքով արբիտրաժի ընթացքում շոշափվում է այնպիսի հարց, որը դուրս է արբիտրաժային տրիբունալի  իրավասության շրջանակից: Արբիտրաժային տրիբունալը ցանկացած դեպքում կարող է ընդունել ուշացված հայտարարությունը, եթե ուշացումը համարի հարգելի:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարության վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել որոշում` կամ որպես նախնական բնույթ ունեցող հարցի վերաբերյալ, կամ անդրադառնալ դրան վեճն ըստ էության լուծող որոշման մեջ: Եթե արբիտրաժային տրիբունալը իր իրավասության վերաբերյալ, որպես նախնական բնույթ ունեցող հարցի, կայացնում է որոշում, ապա կողմերից յուրաքանչյուրն այդ որոշման մասին տեղեկացում ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան` տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու հայցով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Մինչև դատարանի կողմից այդ հարցի լուծումը արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել:

(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 17. Արբիտրաժային տրիբունալի` հայցի ապահովման միջոցների կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը

 

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել հայցի ապահովման այնպիսի միջոցներ կիրառելու վերաբերյալ, որոնք նա գտնի անհրաժեշտ` հաշվի առնելով վեճի առարկան: Արբիտրաժային տրիբունալը հայցի ապահովման միջոցի կամ նախնական կարգադրության կիրառմամբ կարող է ցանկացած կողմից պահանջել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող, այդ թվում՝ նախնական կարգադրությունների հետ կապված ապահովում կամ հակընդդեմ ապահովում, եթե այդ ապահովումը նպատակ է հետապնդում կանխել կամ հատուցել մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասները կամ պահպանել ապացույցները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները կարող են ամրագրվել միջանկյալ վճռի ձևով:

3. Հայցի ապահովման միջոցները, որոնք պահանջել կամ կարգադրել է ձեռնարկել արբիտրաժային տրիբունալը` կայացնելով միջանկյալ վճիռ սույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ճանաչվել, հարկադիր կատարվել կամ չեղյալ ճանաչվել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի կողմից՝ սույն օրենքի 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:

(17-րդ հոդվածը խմբ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 17.1.

Հայցի ապահովման միջոցներ կիրառելու պայմանները

 

1. Սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման միջոցներ կիրառելու դիմում ներկայացնող կողմն արբիտրաժային տրիբունալին հիմնավորում է, որ հայցի ապահովման միջոց չկիրառելու դեպքում կհասցվի այնպիսի վնաս, որը հնարավոր չէ համապատասխանաբար վերականգնել վնասները հատուցելու միջոցով, և այդ վնասը զգալիորեն կգերազանցի այն վնասը, որը կհասցվի այն կողմին, որի նկատմամբ կիրառվելու է միջոցը:

(17.1-ին հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.1

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 Հոդված 17.2.

Նախնական կարգադրություններ տալու մասին միջնորդությունները և նախնական կարգադրություններ տալու պայմանները

 

1. Կողմերից մեկը կարող է առանց արբիտրաժային վարույթի մյուս կողմին ծանուցելու դիմել հայցի ապահովման միջոց կիրառելու համար՝ միաժամանակ ներկայացնելով նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն։ Եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա նախնական կարգադրություն տալու մասին միջնորդությունով կողմը կարող է պահանջել մյուս կողմից չիրականացնել որևէ գործողություն, որով կարող է անհնարին դառնալ հայցի ապահովման միջոցի կատարումը:

2. Արբիտրաժային տրիբունալը կարող է արձակել նախնական կարգադրություն, եթե գտնի, որ հայցի ապահովման միջոց կիրառելու դիմումի մասին նախապես այն կողմին տեղեկացնելը, որի դեմ այն ուղղված է, կարող է անհնարին դարձնել հայցի ապահովման միջոցի կատարումը:

3. Սույն օրենքի 17.1-ին հոդվածում նշված պայմանները կիրառվում են ցանկացած նախնական կարգադրության նկատմամբ, իսկ հոդվածում նշված վնասն այն վնասն է, որը կառաջանա կարգադրությունը տալու կամ չտալու հետևանքով:

 

 Հոդված 17.3.

Նախնական կարգադրությունների համար հատուկ ռեժիմը

 

1. Արբիտրաժային տրիբունալի կողմից նախնական կարգադրություն տալու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացվելուց անմիջապես հետո արբիտրաժային տրիբունալը բոլոր կողմերին ծանուցում է հայցի ապահովման միջոց սահմանելու դիմումի, նախնական կարգադրություն տալու մասին միջնորդության, առկայության դեպքում՝ նախնական կարգադրության և կողմերից յուրաքանչյուրի և արբիտրաժային տրիբունալի միջև դրանց վերաբերյալ մյուս բոլոր հաղորդագրությունների մասին, այդ թվում՝ նշելով ցանկացած բանավոր հաղորդագրության բովանդակությունը:

2. Արբիտրաժային տրիբունալը յուրաքանչյուր կողմի հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իր դիրքորոշումը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր դեպքերում ծանուցումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում:

3. Արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում նախնական կարգադրության դեմ ներկայացված ցանկացած առարկության վերաբերյալ ոչ ուշ, քան այդ առարկությունները ներկայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, որոշելով բավարարել հայցի ապահովման միջոցը չվնասելու վերաբերյալ միջնորդությունը կամ մերժելով ներկայացված միջնորդությունը:

4. Նախնական կարգադրության գործողությունը դադարում է արբիտրաժային տրիբունալի կողմից այդ մասին որոշումն ընդունվելու օրվանից քսան օր հետո: Արբիտրաժային տրիբունալը կարող է սահմանել հայցի ապահովման միջոց՝ ընդունելով կամ փոփոխելով նախնական կարգադրությունը նրանից հետո, երբ այն կողմը, որի համար նախատեսված է նախնական կարգադրությունը, ծանուցվել և հնարավորություն է ստացել ներկայացնելու իր դիրքորոշումը:

5. Նախնական կարգադրությունը պարտադիր է կողմերի համար: Այդպիսի նախնական կարգադրությունը վճիռ չի համարվում:

(գլուխը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.2

 

ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 17.4.

Հայցի ապահովման միջոցների և նախնական կարգադրությունների փոփոխումը, կասեցումը և դադարեցումը

 

 1. Արբիտրաժային տրիբունալը կարող է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել իր սահմանած հայցի ապահովման միջոցը կամ նախնական կարգադրությունը՝ կողմերից մեկի դիմումի հիման վրա, կամ բացառիկ դեպքերում կողմերին նախապես ծանուցելուց հետո՝ իր նախաձեռնությամբ:

 

 Հոդված 17.5.

Տեղեկությունների տրամադրումը

 

1. Արբիտրաժային տրիբունալը կարող է արբիտրաժային վարույթի ցանկացած կողմից պահանջել անհապաղ հայտնել այն հանգամանքների ցանկացած էական փոփոխության մասին, որոնց հիման վրա ներկայացվել է հայցի ապահովման միջոցը սահմանելու դիմում, կամ որոնց հիման վրա սահմանվել է հայցի ապահովման միջոցը:

2. Նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմն արբիտրաժային տրիբունալին հայտնում է բոլոր այն հանգամանքների մասին, որոնք վերաբերելի են արբիտրաժային տրիբունալի՝ կարգադրություն տալու կամ այն պահպանելու մասին որոշմանը, և այդ պարտավորությունը շարունակում է գործել, քանի դեռ այն կողմին, որի համար նախատեսված է կարգադրությունը, չի տրամադրվել իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն:

 

Հոդված 17.6.

Ծախսերը

 

1. Հայցի ապահովման միջոց կամ նախնական կարգադրություն սահմանված լինելու դեպքում արբիտրաժային տրիբունալը վեճն ըստ էության լուծող որոշման մեջ կամ միջանկյալ դատական ակտում անդրադառնում է այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասներին, ինչպես նաև կարող է արձանագրել, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր:

2. Հայցի ապահովման միջոց սահմանելու դիմում կամ նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմը պատասխանատվություն է կրում այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասների համար, եթե արբիտրաժային տրիբունալը հետագայում որոշում է, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր: Արբիտրաժային տրիբունալը վնասների հատուցման մասին հարցը լուծում է վերջնական վճռում:

3. Արբիտրաժային տրիբունալը սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերին անդրադառնում է միջանկյալ դատական ակտի ընդունմամբ իր նախաձեռնությամբ կամ այն կողմի միջնորդությամբ, որի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովումը կամ ընդունվել նախնական կարգադրությունը:

 

Հոդված 17.7.

Դատարանի կողմից սահմանվող հայցի ապահովման միջոցները

 

1. Արբիտրաժային վարույթի շրջանակներում դատարանն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցի ապահովման միջոցներ կիրառելու նույն իրավասությունը:

(գլուխը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 18. Կողմերի նկատմամբ հավասար մոտեցումը

 

Արբիտրաժում կողմերի նկատմամբ պետք է կիրառվի հավասար մոտեցում, և յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվեն բոլոր հնարավորություններն իր գործի ներկայացման համար:

 

Հոդված 19. Ընթացակարգի կանոնների որոշումը

 

1. Կողմերը սույն օրենքի դրույթների պահպանմամբ կարող են իրենց հայեցողությամբ համաձայնվել արբիտրաժային տրիբունալի կողմից վարույթի իրականացման ընթացակարգի շուրջ:

2. Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը սույն օրենքի դրույթների պահպանմամբ արբիտրաժային վարույթն իրականացնում է արբիտրաժի կանոնակարգով սահմանված ձևով, իսկ արբիտրաժի կանոնակարգով նման ձև սահմանված չլինելու դեպքում արբիտրաժային վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացակարգային կանոններով: Արբիտրաժային տրիբունալին տրված լիազորությունները ներառում են ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության, էականության և նշանակալիության որոշման լիազորությունը:

(19-րդ հոդվածը խմբ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 20. Արբիտրաժի վայրը

 

1. Կողմերն իրենց հայեցողությամբ կարող են համաձայնության գալ արբիտրաժի վայրի վերաբերյալ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժի վայրը որոշում է արբիտրաժային տրիբունալը` հաշվի առնելով գործի հանգամանքները, ներառյալ` կողմերի համար հարմարությունը:

2. Չնայած սույն հոդվածի 1-ին մասի դրույթներին` արբիտրաժային տրիբունալը կարող է, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, նիստ գումարել ցանկացած այլ վայրում, որը հարմար է համարում, արբիտրների միջև խորհրդակցություն իրականացնելու, վկաներին, փորձագետներին կամ կողմերին լսելու կամ ապրանքներ, այլ գույք կամ փաստաթղթեր զննելու (ուսումնասիրելու) նպատակով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արբիտրաժի վայրի ընտրության դեպքում արբիտրաժի վայրի օրենքը շարունակվում է կիրառվել՝ անկախ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով արբիտրաժային տրիբունալի կողմից նիստերն այլ վայրում անցկացվելու հանգամանքից:

(20-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 21. Արբիտրաժային վարույթի սկիզբը

 

Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա տվյալ վեճի հետ կապված արբիտրաժային վարույթը համարվում է սկսված` վեճն արբիտրաժին փոխանցելու մասին ծանուցումը պատասխանողի կողմից ստանալու օրը:

 

Հոդված 22. Արբիտրաժի լեզուն

 

1. Կողմերն իրենց հայեցողությամբ կարող են պայմանավորվել արբիտրաժի վարույթի ընթացքում կիրառվող լեզվի (լեզուների) շուրջ: Նման համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալն ինքն է որոշում արբիտրաժի ժամանակ կիրառելի լեզուն (լեզուները): Այդ համաձայնությունը կամ որոշումը, եթե դրանցում այլ բան չի նշվում, վերաբերում է կողմերի ցանկացած գրավոր հայտարարություններին, գործի ցանկացած լսումներին կամ արբիտրաժային տրիբունալի ցանկացած վճռին, որոշմանը կամ հաղորդակցությանը:

2. Արբիտրաժային տրիբունալը կարող է որոշել, որ գրավոր ապացույցը ուղեկցվի այն լեզվի կամ լեզուների թարգմանությամբ, որի մասին կողմերը պայմանավորվել են, կամ որի վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացրել:

 

Հոդված 23. Հայցադիմումը և պատասխանը

 

1. Կողմերի համաձայնեցրած կամ արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված ժամկետում հայցվորը պարտավոր է ներկայացնել իր հայցային պահանջները և դրանք հիմնավորող փաստերը, ապահովման կամ հատուցման մասին պահանջները, իսկ պատասխանողը ներկայացնում է իր առարկությունները դրանց վերաբերյալ, եթե կողմերն այդ հաղորդումների անհրաժեշտ տարրերի վերաբերյալ այլ բան չեն պայմանավորվել: Կողմերը կարող են իրենց հաղորդումներին կից ներկայացնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք, ըստ իրենց, առնչվում են գործին, կամ հղում կատարել ապագայում իրենց կողմից ներկայացվելիք փաստաթղթերին կամ այլ ապացույցներին:

2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային վարույթի ընթացքում յուրաքանչյուր կողմ կարող է փոփոխել կամ լրացնել իր հայցը կամ պատասխանը, եթե արբիտրաժային տրիբունալն աննպատակահարմար չհամարի այդպիսի փոփոխության թույլատրումը` հաշվի առնելով այն կատարելու ուշացումը:

 

Հոդված 24. Գործի լսումները և փաստաթղթային վարույթը

 

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում գործի վարույթն իրականացնել կամ բանավոր լսումների, կամ միայն փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա: Այնուամենայնիվ, արբիտրաժային տրիբունալը պարտավոր է իրականացնել բանավոր լսումներ արբիտրաժային վարույթի համապատասխան փուլում` կողմերից որևէ մեկի խնդրանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը պայմանավորվել են չիրականացնել բանավոր լսումներ:

2. Կողմերը պետք է նախապես պատշաճ ձևով իրազեկվեն արբիտրաժային տրիբունալի ցանկացած նիստի կամ ապրանքների, այլ գույքի զննման կամ փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով ցանկացած հանդիպման մասին:

3. Արբիտրաժային տրիբունալին կողմերից մեկի ներկայացրած բոլոր հայտարարությունները, փաստաթղթերը կամ այլ տեղեկատվություն պետք է տրամադրվեն մյուս կողմին: Փորձագիտական եզրակացությունը կամ ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթերը, որոնց վրա արբիտրաժային տրիբունալը կարող է հիմնվել վճիռ կայացնելիս, պետք է ուղարկվեին կողմերին:

4. Եթե օրենքով կամ դատարանի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, կամ եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա բոլոր արբիտրաժային վարույթները գաղտնի են և դռնփակ, և ոչ մի փաստաթուղթ կամ ներկայացված այլ ապացույց կամ արբիտրաժի ժամանակ երբևէ կատարված հայտարարություն չի կարող տրամադրվել այլ անձանց կամ որևէ դատարանի կամ այլ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները տրամադրվում են դատարանի որոշմամբ կամ անհրաժեշտ են դատարանում վարույթի շրջանակներում` արբիտրաժի վճռի ճանաչման, հարկադիր կատարման կամ չեղյալ հայտարարման համար: Սույն մասով նախատեսված դրույթները չեն տարածվում առանց որևէ չհրապարակման պարտավորության խախտման նախկինում հրապարակված փաստաթղթերի, ապացույցների կամ հայտարարությունների վրա:

 

Հոդված 25. Կողմի անպարտաճանաչությունը (կողմի կողմից իր պարտականությունների չկատարումը)

 

Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա եթե առանց հարգելի պատճառի`

1) հայցվորը չի ներկայացնում իր հայցադիմումը սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է վարույթը.

2) պատասխանողը չի ներկայացնում իր առարկությունները հայցի նկատմամբ 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը շարունակում է վարույթը` առարկություններ չներկայացնելը ինքնին չդիտելով որպես պատասխանողի կողմից հայցվորի պնդումների ընդունում.

3) կողմերից որևէ մեկը չի ներկայանում նիստին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում գրավոր ապացույցներ` արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել վարույթը և վճիռ կայացնել` իր մոտ առկա ապացույցների հիման վրա:

 

Հոդված 26. Արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետը

 

1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը իր նախաձեռնությամբ կամ արբիտրաժային վարույթի կողմի միջնորդությամբ կարող է`

1) նշանակել մեկ կամ մի քանի փորձագետ` արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու համար.

2) պահանջել կողմից` փորձագետին տրամադրել գործին վերաբերող ցանկացած տեղեկություն կամ ուսումնասիրության համար ներկայացնել գործին վերաբերող փաստաթղթեր, ապրանքներ և այլ գույք կամ այդպիսի փաստաթղթերի, ապրանքների և այլ գույքի ուսումնասիրության հնարավորություն ստեղծել:

2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա կողմերից մեկի պահանջով, կամ եթե արբիտրաժային տրիբունալը դա անհրաժեշտ համարի, փորձագետը պարտավոր է իր գրավոր կամ բանավոր եզրակացությունը ներկայացնելուց հետո մասնակցել նիստին, որտեղ արբիտրաժային տրիբունալին և կողմերին հնարավորություն կտրվի նրան հարցեր տալու, ինչպես նաև կողմերը կարող են ներկայացնել փորձագետ-վկաներ` քննվող հարցերի շուրջ բացատրություններ տալու նպատակով:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման արբիտրաժային տրիբունալի կողմից:

(26-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 27. Դատական աջակցությունն ապացույցներ ձեռք բերելիս

 

Արբիտրաժային վարույթի ցանկացած փուլում արբիտրաժային տրիբունալը կամ կողմը արբիտրաժային տրիբունալի համաձայնությամբ կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան կամ իրավասու ցանկացած այլ դատարան տվյալ անձի կողմից` արբիտրաժի մեկ կամ մեկից ավելի կողմերին կամ արբիտրաժային տրիբունալին վարույթին առնչվող ցանկացած փաստաթղթի կամ ապացույցի տրամադրումը պարտադրելու կամ լսումներին ցանկացած անձի` որպես վկայի, ներկայությունն ապահովելու կամ որևէ այլ կերպ ապացույցներ ձեռք բերելուն օժանդակելու միջնորդությամբ: Դատարանը կարող է բավարարել այդ միջնորդությունն իր իրավասության շրջանակներում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ  ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ

 

Հոդված 28. Վեճի էության նկատմամբ կիրառելի նորմերը

 

1. Արբիտրաժային տրիբունալը վեճերը լուծելիս կիրառում է կողմերի համաձայնությամբ ընտրված իրավունքի նորմերը: Ցանկացած պետության իրավունքին կամ իրավական համակարգին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես տվյալ պետության իրավունքի նյութական, այլ ոչ թե կոլիզիոն նորմերին կատարված հղում:

2. Կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը կիրառում է այն իրավունքը, որը որոշված է իր կողմից կիրառելի համարվող կոլիզիոն նորմերով: Այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալի կողմից ընտրված իրավունքն այլ է, քան արբիտրաժի վայրի իրավունքը, ապա արբիտրաժային տրիբունալը պարտավոր է պատճառաբանել այդ ընտրությունը:

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնից անկախ՝ կողմերի համաձայնության բացակայության դեպքում, եթե արբիտրաժի վայրը Հայաստանի Հանրապետությունն է, և արբիտրաժի կողմը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, ապա արբիտրաժային տրիբունալը վեճը լուծելիս կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի նորմերը:

3. Անկախ ընտրված իրավունքից՝ կողմերը մինչև վճռի կայացումը կարող են արբիտրաժային տրիբունալին ուղղակիորեն լիազորել վեճը լուծելու արդարության ընդհանուր սկզբունքների հիման վրա (ex aequo et bono) կամ որպես հաշտարար միջնորդ (amiable compositeur):

4. Բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալը վճիռ է կայացնում պայմանագրի պայմանների համաձայն` հաշվի առնելով տվյալ գործարքի համար կիրառելի իրավունքը և առևտրային սովորույթները:

(28-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 29. Արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կայացումը

 

Մեկից ավելի արբիտրների մասնակցությամբ վեճի քննության դեպքում արբիտրաժային տրիբունալը վճիռ է կայացնում իր անդամների ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Այնուամենայնիվ, նախագահողը կարող է որոշում կայացնել վարույթին առնչվող հարցերի շուրջ, եթե դրա համար լիազորված է կողմերի կամ արբիտրաժային տրիբունալի բոլոր անդամների կողմից:

 

Հոդված 30. Հաշտության համաձայնությունը

 

1. Եթե արբիտրաժի ընթացքում կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է գործի քննությունը և կողմերի խնդրանքով արբիտրաժային տրիբունալի կողմից առարկությունների բացակայության դեպքում համաձայնեցված պայմաններով կայացնում է վճիռ` հաշտության համաձայնության մասին:

2. Համաձայնեցված պայմանների շուրջ կայացված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռը պետք է կայացվի սույն օրենքի 31-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և պետք է պարունակի նշում այն մասին, որ այն հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռ: Այդպիսի վճիռն ունի նույն կարգավիճակը և ուժը, ինչպես արբիտրաժային տրիբունալի կողմից ըստ գործի էության կայացվող ցանկացած այլ վճիռ:

 

Հոդված 31. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը

 

1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է կայացվի գրավոր ձևով և ստորագրվի միանձնյա արբիտրի կամ արբիտրների կողմից: Մեկից ավելի արբիտրների մասնակցությամբ արբիտրաժային վարույթի դեպքում բավական է արբիտրաժային տրիբունալի անդամների մեծամասնության ստորագրությունների առկայությունը այն պայմանով, որ վճռում նշվեն բացակայող ստորագրությունների պատճառները:

2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ եթե կողմերը համաձայնվել են, որ պատճառաբանություններ չպետք է նշվեն վճռում, կամ եթե կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ՝ սույն օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան: Արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն նաև արբիտրաժային ծախսերը և դրանց բաշխումը կողմերի միջև, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Արբիտրաժային վճռի կամ դրա որևէ պատճառաբանությանը չհամաձայնվելու դեպքում յուրաքանչյուր արբիտր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

3. Վճռում նշվում են արբիտրաժի անցկացման ամսաթիվը և վայրը` սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Արբիտրաժային տրիբունալի վճիռը համարվում է կայացված վճռում նշված վայրում:

4. Վճռի կայացումից հետո յուրաքանչյուր կողմին պետք է ուղարկվի դրա պատճենը` ստորագրված արբիտրների կողմից` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

(31-րդ հոդվածը խմբ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 32. Արբիտրաժի ավարտը

 

1. Արբիտրաժն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշման կայացմամբ:

2. Արբիտրաժային տրիբունալը արբիտրաժի ավարտի վերաբերյալ կայացնում է որոշում այն դեպքում, երբ`

1)  հայցվորը հրաժարվում է հայցից, բացառությամբ, երբ պատասխանողն առարկում է գործի վարույթի ավարտման դեմ, և արբիտրաժային տրիբունալը ճանաչում է նրա օրինական շահը վեճի վերջնական կարգավորման հարցում.

2)  կողմերը պայմանավորվում են վարույթի դադարեցման վերաբերյալ. 

3) արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ գործի քննության շարունակումը որոշակի պատճառներով դարձել է ավելորդ կամ անհնարին:

3. Արբիտրաժային տրիբունալի լիազորությունները դադարում են արբիտրաժի ավարտի հետ միաժամանակ` սույն օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթների հաշվառմամբ:

 

Հոդված 33. Վճռի ուղղումը և մեկնաբանումը. լրացուցիչ վճիռը

 

1. Վճիռը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, եթե կողմերի համաձայնությամբ այլ ժամկետ չի սահմանվել`

1) կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով ուղղել վճռում տեղ գտած թվաբանական սխալները, վրիպակները կամ գրասխալները կամ նմանաբնույթ այլ սխալներ.

2) կողմերի միջև համապատասխան համաձայնության առկայության դեպքում կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով պարզաբանել վճռի որևէ առանձին կետ կամ մաս.

3) արբիտրաժային տրիբունալը կողմի դիմումը հիմնավոր գտնելու դեպքում պարտավոր է այն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կատարել համապատասխան ուղղումները կամ տալ պարզաբանում: Այդ պարզաբանումը դառնում է վճռի բաղկացուցիչ մասը:

2. Արբիտրաժային տրիբունալը վճռի կայացման օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, կարող է իր նախաձեռնությամբ ուղղել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված սխալները:

3. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա կողմը, մյուս կողմին տեղյակ պահելով, կարող է վճիռը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, դիմել արբիտրաժային տրիբունալ` խնդրելով կայացնել լրացուցիչ վճիռ արբիտրաժային վարույթի ժամանակ ներկայացված, սակայն վճռում չարտացոլված պահանջների մասով: Արբիտրաժային տրիբունալը դիմումը հիմնավոր գտնելու դեպքում պարտավոր է այն ստանալուց հետո` 60-օրյա ժամկետում, կայացնել լրացուցիչ վճիռ:

4. Անհրաժեշտության դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով նախատեսված սխալների ուղղման, պարզաբանման կամ լրացուցիչ վճռի կայացման ժամկետները:

5. Վճռի ուղղման, պարզաբանման կամ լրացուցիչ վճռի կայացման դեպքերում կիրառվում են սույն օրենքի 31-րդ հոդվածի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՎՃՌԻ ՎԻՃԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 34. Չեղյալ ճանաչումը` որպես արբիտրաժային տրիբունալի վճռի վիճարկման բացառիկ միջոց

 

1. Արբիտրաժային տրիբունալի վճռի վիճարկումը դատարանում կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան այն չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմելու ճանապարհով:

2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը կարող է չեղյալ ճանաչվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի կողմից միայն այն դեպքում, եթե`

1) դիմում ներկայացնող կողմն ապացույցներ ներկայացնի այն մասին, որ`

ա) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային համաձայնության կողմերից մեկը, իր հանդեպ կիրառելի իրավունքի համաձայն, եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը կողմերի ընտրած իրավունքի կամ այդպիսին ընտրած չլինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, անվավեր է, կամ

բ) տվյալ կողմը պատշաճ ձևով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը  ներկայացնելու հնարավորությունից, կամ

գ) վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, պայմանով սակայն, որ եթե արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված մասով կայացված որոշումները կարող են առանձնացվել այն որոշումներից, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա կարող է չեղյալ ճանաչվել արբիտրաժային տրիբունալի վճռի միայն այն մասը, որը ներառում է արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցեր, կամ

դ) արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը, եթե այդ համաձայնությունը չի հակասում սույն օրենքի պարտադիր դրույթներին,  կամ նման համաձայնության բացակայության դեպքում չի համապատասխանել սույն օրենքին, կամ

2) դատարանը պարզի, որ` 

ա) համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից, կամ

բ)  վճիռը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:

3. Չեղյալ ճանաչման մասին դիմումը չի կարող ներկայացվել արբիտրաժային տրիբունալի վճիռը ստանալուց երեք ամիսը լրանալուց հետո, իսկ այն դեպքում, երբ դիմում է ներկայացվել սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով` արբիտրաժային տրիբունալի կողմից այդ դիմումի կապակցությամբ կայացված վճռի օրվանից երեք ամիսը լրանալուց հետո:

4. Դատարանը, որին ներկայացվել է վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը, կարող է կողմերից մեկի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ որոշակի ժամանակով դադարեցնել այդ հարցի քննությունը, որպեսզի հնարավորություն ընձեռի արբիտրաժային տրիբունալին վերսկսելու արբիտրաժային վարույթը կամ ձեռնարկելու այլ միջոցներ, որոնք արբիտրաժային տրիբունալի կարծիքով կարող են վերացնել արբիտրաժային տրիբունալի վճռի բեկանման հիմքերը:

(34-րդ հոդվածը փոփ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՎՃՌԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 35. Արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը և կատարումը

 

1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, պետք է ճանաչվի որպես պարտադիր և համապատասխան դատարանին գրավոր միջնորդելու դեպքում կատարվի սույն հոդվածին և 36-րդ հոդվածին համապատասխան:

2. Վճռի վրա հիմնվող կամ վճռի կատարման համար միջնորդող կողմը պետք է ներկայացնի վճռի պատշաճ ձևով վավերացված բնօրինակը կամ պատշաճ ձևով վավերացված պատճենը, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը: Եթե վճիռը կամ համաձայնությունը շարադրված չէ հայերենով, ապա կողմը ներկայացնում է դրա պատշաճ ձևով վավերացված հայերեն թարգմանությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կայացված արբիտրաժային վճիռները փոխադարձության սկզբունքով ճանաչվում և ի կատար են ածվում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ սույն օրենքին, այլ իրավական ակտերին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Ընդ որում, փոխադարձությունը համարվում է առկա, եթե այլ բան ապացուցված չէ:

 

Հոդված 36. Ճանաչումը կամ հարկադիր կատարումը մերժելու հիմքերը

 

1. Արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի  անդամ որևէ այլ  պետության տարածքում,  կարող է մերժվել միայն`

1) այն կողմի խնդրանքով, որի դեմ այն ուղղված է, եթե այդ կողմն ապացույցներ ներկայացնի դատարան, որտեղ հայցվում է վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը այն մասին, որ`

ա) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային համաձայնության կողմերից մեկը, իր հանդեպ կիրառելի իրավունքի համաձայն, եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը անվավեր է` կողմերի ընտրած իրավունքի կամ այդպիսին ընտրած չլինելու դեպքում` վճռի կայացման երկրի օրենսդրությամբ, կամ

բ) տվյալ կողմը պատշաճ ձևով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը ներկայացնելու հնարավորությունից, կամ

գ) վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, պայմանով սակայն, որ եթե արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված մասով կայացված որոշումները կարող են առանձնացվել այն որոշումներից, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա կարող է չեղյալ ճանաչվել արբիտրաժային տրիբունալի վճռի միայն այն մասը, որը ներառում է արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցեր, կամ

դ) արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը կամ նման համաձայնության բացակայության դեպքում չի համապատասխանել վճռի կայացման երկրի օրենսդրությանը,

ե) վճիռը դեռևս չի դարձել պարտադիր կողմերի համար կամ չեղյալ է ճանաչվել, կամ դրա կատարումը կասեցվել է այն պետության դատարանի կողմից, որտեղ կամ որի իրավունքին համապատասխան` կայացվել է այդ վճիռը, կամ

2) դատարանը պարզի, որ` 

ա)  համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից, կամ

բ) վճռի ճանաչումը կամ կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված դատարանին միջնորդություն է ներկայացվել վճիռը չեղյալ ճանաչելու կամ վճռի կատարումը կասեցնելու վերաբերյալ, ապա դատարանը, որտեղ հայցվում են վճռի ճանաչումը և հարկադիր կատարումը, կարող է իր հայեցողությամբ հետաձգել իր կողմից կայացվելիք որոշումը, ինչպես նաև վճռի ճանաչումը և հարկադիր կատարումը հայցող կողմի միջնորդության հիման վրա` պարտադրելով մյուս կողմին ներկայացնելու համազոր ապահովում:

(36-րդ հոդվածը խմբ. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8.1

 

ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 36.1.

Հայցի ապահովման մասին որոշումների ճանաչումը և կատարումը

 

1. Արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված հայցի ապահովման միջոցը ճանաչվում է որպես պարտադիր միջոց, և եթե արբիտրաժային տրիբունալի կողմից այլ բան նախատեսված չէ, ապա կատարվում է իրավասու դատարան միջնորդություն ներկայացնելու միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքի 36.2-րդ հոդվածի դրույթները:

2. Այն կողմը, որը հայցում է հայցի ապահովման միջոցի ճանաչում կամ կատարում, կամ որի համապատասխան հայցը բավարարվել է, անհապաղ տեղեկացնում է դատարանին՝ հայցի ապահովման այդ միջոցը դադարեցնելու, կասեցնելու կամ փոփոխելու մասին:

3. Հայցի ապահովման միջոցը ճանաչելու կամ կատարելու հարց քննող դատարանը կարող է հայցող կողմին պարտավորեցնել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում՝ հայցի ապահովման միջոցների կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասները կանխելու կամ հատուցելու նպատակով, եթե արբիտրաժային տրիբունալն արդեն իսկ չի կայացրել որոշում ապահովման առնչությամբ, կամ եթե այդպիսի որոշումն անհրաժեշտ է երրորդ անձանց իրավունքները պաշտպանելու համար:

 

Հոդված 36.2.

Հայցի ապահովման միջոցի ճանաչումը կամ կատարումը մերժելու հիմքերը

 

1. Հայցի ապահովման միջոցի ճանաչումը կամ կատարումը կարող է մերժվել միայն՝

1) այն կողմի խնդրանքով, որին դա վերաբերում է, եթե դատարանը պարզում է, որ՝

ա) այդպիսի մերժումն արդարացված է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» կամ «բ» կամ «գ» կամ «դ» ենթակետերից որևէ մեկով սահմանված հիմքերով, կամ

բ) արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված հայցի ապահովման միջոցի հետ կապված ապահովում տրամադրելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը չի կատարվել, կամ

գ) հայցի ապահովման միջոցը դադարեցվել կամ կասեցվել է արբիտրաժային տրիբունալի կողմից կամ համապատասխան իրավասություն ունենալու դեպքում՝ այն պետության դատարանի կողմից, որտեղ տեղի է ունենում արբիտրաժը, կամ որի օրենքի համաձայն՝ հայցի ապահովման այդ միջոցը սահմանվել է, կամ

2) եթե դատարանը գտնում է, որ՝

ա) հայցի ապահովման միջոցն անհամատեղելի է դատարանին վերապահված իրավասության հետ, եթե դատարանը չի որոշում վերաձևակերպել հայցի ապահովման միջոցն այն չափով, որն անհրաժեշտ է այն իր իրավասությանը և ընթացակարգերին համապատասխանեցնելու համար՝ հայցի ապահովման այդ միջոցը կատարելու նպատակով և առանց դրա բովանդակությունը փոփոխելու, կամ

բ) առկա է սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետում նշված հիմքերից որևէ մեկը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմքով դատարանի կողմից ընդունված ցանկացած որոշում գործում է միայն հայցի ապահովման միջոցը ճանաչելու և կատարելու մասին միջնորդության նպատակներով: Այն դատարանը, որին ներկայացվել է ճանաչման կամ կատարման մասին պահանջ, այդ որոշումն ընդունելիս չի վերանայում հայցի ապահովման միջոցի բովանդակությունը:

(գլուխը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8.2

 

ԱՐԲԻՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 36.3.

Արբիտրի գործունեության սկզբունքները

 

1. Արբիտրաժային վարույթի ընթացքում արբիտրը պարտավոր է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.

1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

2) ապահովել արբիտրաժի արդարությունը և անկողմնակալությունը.

3) բացահայտել ցանկացած շահ կամ հարաբերություն, որը հնարավոր է, որ բացասաբար անդրադառնա արբիտրաժային տրիբունալի անկողմնակալության վրա.

4) ապահովել հավասար, հարգալից և անկողմնակալ վերաբերմունք արբիտրաժի բոլոր կողմերի և մասնակիցների նկատմամբ.

5) արբիտրաժի բոլոր կողմերին և մասնակիցներին բացատրել արբիտրաժի լիազորություններն ու արբիտրաժի կանոնները.

6) պահպանել արբիտրաժի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը.

7) զերծ մնալ ոչ պատշաճ վարքագծից.

8) ղեկավարվել արդարության, օրինականության և ազնվության սկզբունքներով:

 

Հոդված 36.4.

Արբիտրի վարքագծի կանոնները

 

1. Մշտապես գործող յուրաքանչյուր արբիտրաժային հաստատություն կարող է սահմանել վարքագծի կանոններ՝ սույն օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին և կանոններին համապատասխան:

2. Արբիտրի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր արբիտրների համար:

 

Հոդված 36.5.

Վարքագծի կանոնների նպատակը և դրանց պահպանմանը հետևելու պարտականությունը

 

1. Արբիտրը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել սույն օրենքի 36.3-րդ հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:

2. Արբիտրը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչներն արմատավորելուն՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով իր գործընկերների կողմից դրանք պահպանելուն:

3. Մշտապես գործող արբիտրաժային հաստատություններն արբիտրների վարքագծի կանոններն ընդունելիս պարտավոր են ապահովել սույն հոդվածով սահմանված սկզբունքների իրականացումը:

(գլուխը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 37. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված միջնորդ համաձայնությունների վավերականությունը պետք է որոշվի «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միջնորդ դատարանների վարույթներում գտնվող գործերը պետք է քննվեն «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Կողմերի համաձայնությամբ իրենց վեճի քննումը կարող է շարունակվել սույն օրենքին համապատասխան:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միջնորդ դատարանի վճռի հիման վրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու պահանջով և նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատարաններում գտնվող գործերը քննվում են «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-219 օրենքը:

5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 22
Երևան
ՀՕ-55-Ն