Համարը 
թիվ 25589/16
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է միասնական կայքում 02.11.2023
Ընդունման վայրը 
Ստրասբուրգ
Ընդունող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.10.2023
Ստորագրող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.10.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.01.2024
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՍԼԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 25589/16

 

Իսլամ ԱԼԻԵՎՆ

 

ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2023 թվականի սեպտեմբերի 12-ին հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գեորգես Ռավարանի [Georges Ravarani]՝ Նախագահ,

Կարլո Ռանզոնի [Carlo Ranzoni],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström],

Էրիկ Վեններստրյոմ [Erik Wennerström],

Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar],

Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčkováդատավորներ,

և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով՝

2016 թվականի մայիսի 3-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուի կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները, և

Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված մեկնաբանությունները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ՓԱՍՏԵՐԸ

 

1. Դիմումատուն՝ պրն Իսլամ Ալիևը, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է, որը ծնվել է 1937 թվականին և բնակվում է Թարթառի շրջանի Գափանլի գյուղում։ Նրան Դատարանում ներկայացրել է Բաքվում գործող իրավաբան պրն Ա. Բաղիրովը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

3. Ներգրավված երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Չ. Ասգարովը։

 

Ա. Նախապատմությունը

4. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի շուրջ հակամարտությունը ծագել է Խորհրդային միության փլուզման ժամանակ։ 1991 թվականի սեպտեմբերին հռչակվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» (՚՚«ԼՂՀ». 2017 թվականին վերանվանվել է «Արցախի Հանրապետություն»), որի անկախությունը չի ճանաչվել որևէ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից։ 1992 թվականի սկզբին հակամարտությունն աստիճանաբար վերածվել է լայնածավալ պատերազմի, որն ավարտվել է 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և «ԼՂՀ-ի» միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքմամբ (Բիշքեկի արձանագրություն)։ Պատերազմից հետո հակամարտությանը որևէ քաղաքական լուծում չի տրվել. պահպանվել է թշնամական և լարված իրավիճակը, և պարբերաբար խախտվել է հրադադարի մասին համաձայնագիրը (տե՛ս նաև Չիրագովն ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov v. Armenia [GC]], թիվ 13216/05, §§ 12-31, ՄԻԵԴ 2015, և Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի [ՄՊ] [Sargsyan v. Azerbaijan [GC]], թիվ 40167/06, §§ 14-28, ՄԻԵԴ 2015)։ 2016 թվականի ապրիլի 1-2-ը՝ գիշերը, լայնածավալ ռազմական բախումներ են սկսվել «ԼՂՀ»-ի և Ադրբեջանի շփման գծին մոտ (երբեմն՝ «Քառօրյա պատերազմ»)։ Բախումները շարունակվել են մինչև ապրիլի 5-ը, սակայն այդ ամիս՝ ավելի ուշ, տեղի են ունեցել այլ բախումներ։ Զոհերի թիվն էապես տարբերվում է. պաշտոնական աղբյուրներում նշվում է առնվազն 100 զոհ հակամարտության երկու կողմերից։ Զոհերի մեծ մասը զինվորներ էին, սակայն մի քանի քաղաքացիական անձ ևս մահացել է։ Թիրախում հայտնված քաղաքների և գյուղերի շատ բնակիչներ ստիպված էին ժամանակավորապես լքել իրենց տները։ Ավելին, բախումների հետևանքով էական վնաս է հասցվել գույքին և ենթակառուցվածքներին։

5. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին բռնկվել է մեկ այլ պատերազմ, որը տևել է 44 օր՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ը, երբ ուժի մեջ է մտել նախորդ օրն ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս պատերազմը հանգեցրել է 1992-1994 թվականների պատերազմից ի վեր հաստատված տարածքային վերահսկողության էական փոփոխությունների։

 

Ա. Գործի փաստական հանգամանքները

6. Գործի փաստական հանգամանքները վիճարկվում են։ Դրանք կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ.

 

1. Դիմումատուի կողմից ներկայացված փաստերը

 

ա) Գափանլիում տիրող իրավիճակը

7. 2016 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, հայկական զինված ուժերը, կիրառելով հրետանի և նռնականետներ, սկսել են հրետակոծության ենթարկել Ադրբեջանի՝ շփման գծի երկայնքով գտնվող գյուղերն ու քաղաքները։ Այդ օրն ավելի ուշ շփման գծին մոտ տեղակայված Գափանլի գյուղի ուղղությամբ բացվել է հրետանային կրակ «ԼՂՀ»-ի կողմում գտնվող Սեյսուլան գյուղից։

8. 2016 թվականի ապրիլի 5-ին հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո շրջանի քաղաքացիական գույքին հասցված վնասը գնահատելու նպատակով ստեղծվել է արտակարգ իրավիճակների հանձնաժողով, որը կազմված էր տարբեր տեղական մարմինների ներկայացուցիչներից։ Այն, ի թիվս այլնի, իրականացրել է դեպքի վայրի զննություն։

 

բ) Դիմումատուի հետ կապված հանգամանքները

9. 2016 թվականի ապրիլի 4-ին՝ կեսգիշերին մոտ, մի քանի արկ ընկել են դիմումատուի տանը հարող տարածքում, որը գտնվում էր շփման գծից 400-500 մետր հեռավորության վրա։ Բեկորները կոտրել են պատուհանները և վնասել դռներն ու կղմինդրը։ Դիմումատուն և նրա ընտանիքի բոլոր անդամները եղել են տանը, սակայն վնասվածք չեն ստացել։

10. 2016 թվականի ապրիլի 8-ին վերոնշյալ հանձնաժողովն իրականացրել է զննություն դիմումատուի տանը։ Համաձայն զննության արձանագրության՝ հրետակոծության հետևանքով վնասվել է 48 քառ.մ մակերեսով պատուհանի ապակին, 250 քառ.մ մակերեսով ասբեստից կղմինդրները և մի քանի դուռ։

 

2. Պատասխանող Կառավարության կողմից ներկայացված փաստերը

11. Տևական ժամանակ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներ հնչեցնելուց հետո 2016 թվականի ապրիլի 1-2-ը՝ գիշերը, Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ հարձակում շփման գծի երկայնքով։ «ԼՂՀ» ուժերը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը դարձել են հրետանու, տանկերի, զրահամեքենաների, նռնականետների և օդուժի կողմից ծանր հրետակոծությունների թիրախ։ «ԼՂՀ»-ի կողմում գտնվող մի քանի քաղաքներ և գյուղեր ենթարկվել են ուժգին հրետակոծության, և պաշտոնատար անձինք տարհանել են մոտ 5000 բնակիչ։ Սպանվել կամ վիրավորվել են գրեթե երկու տասնյակ քաղաքացիական անձինք։ Թե՛ «ԼՂՀ» ուժերը և թե՛ Ադրբեջանը կորցրել են մեծաթիվ զորքեր և ռազմական տեխնիկա։

 

ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

12. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ հարձակվող ուժերի գործողությունների հետևանքով վտանգվել է իր կյանքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և տառապանք, և խախտվել է իր՝ ընտանեկան կյանքի և բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Նա նաև նշել է, որ իր բնակարանը վնասվել է հրետակոծության հետևանքով՝ այսպիսով զրկելով նրան իր գույքից անարգել օգտվելու հնարավորությունից։ Նա վկայակոչել է Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածները և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը։

Ավելին, հիմք ընդունելով Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածները՝ վկայակոչված այլ դրույթների համակցությամբ, դիմումատուն պնդել է, որ իր բողոքների համար Հայաստանում չեն գործում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, ինչպես նաև պնդել է, որ ռազմական հարձակումներն ադրբեջանցիների նկատմամբ իրականացվել են նրանց էթնիկ և ազգային ծագման հիմքով։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Ա. Կողմերի փաստարկները

 

1. Պատասխանող Կառավարությունը

13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի նա չի փորձել դիմել Հայաստանի կամ «Արցախի Հանրապետության» իշխանություններին՝ ներպետական օրենսդրության համաձայն իր իրավունքն իրացնելու համար։ Նրանք պնդել են, որ այս առումով ցանկացած գործնական խոչընդոտ Ադրբեջանի Հանրապետության կառավարության և պատկան մարմինների վարքագծի ու քաղաքականության հետևանքն է։

14. Կառավարությունը նաև պնդել է, որ Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ պատճառներով իրավազորություն չի ունեցել այնպիսի հարցերի առնչությամբ, որոնց վերաբերյալ բողոք է ներկայացվել Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով։ Հղում կատարելով Բանկովիչը և այլք ընդդեմ Բելգիայի և այլոց գործին ((որոշում) [ՄՊ] [Banković and Others v. Belgium and Others (dec.)

[GC]], թիվ 52207/99, ՄԻԵԴ 2001‑XII)՝ նրանք նախ պնդել են, որ անդրսահմանային ուժի կիրառումը պետության իրավազորության շրջանակներից դուրս է եղել, քանի որ այդ իրավազորությունն ի սկզբանե եղել է տարածքային։ Դատարանի կողմից հետագայում մշակված «ազդեցության մոտ լինելը» չափանիշը սույն գործով կիրառելի չէր, քանի որ «ԼՂՀ» ուժերի և հնարավոր տուժածների միջև առկա չէր որևէ անմիջական կապ, և քանի որ այդ ուժերը որևէ փաստացի վերահսկողություն չեն իրականացրել դիմումատուի նկատմամբ։ Ավելին, հրետակոծությունն իրականացվել է «ԼՂՀ» ուժերի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության ուժերի կողմից, իսկ ենթադրյալ տուժածները գտնվել են «ԼՂՀ» տարածքից դուրս։ Չնայած Դատարանը Չիրագովը և այլք գործով (վերևում հիշատակված) հանգել է այն եզրակացության, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել «ԼՂՀ»-ի նկատմամբ, Կառավարության կարծիքով՝ պետք է այդ վերահսկողությունը դիտարկել որպես «ԼՂՀ» սուբյեկտի, այլ ոչ թե տարածքի նկատմամբ իրականացվելու համատեքստում։ Այսպիսով, Հայաստանի պատասխանատվությունը կարող էր միայն դրսևորվել տեղական կազմավորման վրա ներգործություն ունենալու դրական պարտավորության ձևով։ Քանի որ սույն գործով «ԼՂՀ»-ի գործողություններն էապես կրել են հակազդող բնույթ, այսինքն՝ եղել են ի պատասխան Ադրբեջանի կողմից կանխամտածված լայնածավալ ռազմական գործողության, դրանց վրա Հայաստանը ենթադրաբար չէր կարող ներգործություն ունենալ։ Նույն հիմքով «ԼՂՀ»-ի կողմից ուժի կիրառումը պետք է որակվի որպես իրավաչափ ինքնապաշտպանություն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի։ Ընդ որում, գործողություններն իրականացվել են միայն ռազմական թիրախների նկատմամբ. քաղաքացիական անձանց շրջանում չնախատեսված զոհերը և գույքի վնասումը չեն գերազանցել սահմանված չափանիշը, և ամեն դեպքում պատճառվել են Ադրբեջանի կողմից, որը դիտավորությամբ իր ուժերը և ռազմական օբյեկտները տեղակայել էր բնակավայրերին մոտ։

15. Ավելին, Կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Նրանք նշել են, մասնավորապես, որ չի ներկայացվել որևէ բժշկական փաստաթուղթ կամ այլ առերևույթ ապացույց, որով ի ցույց կդրվեր, որ դիմումատուի կյանքին վտանգ է սպառնացել։ Նույնիսկ առկա չէ որևէ նշում առ այն, որ համապատասխան ժամանակահատվածում դիմումատուն կամ նրա ընտանիքը գտնվել է տանը կամ գյուղում։ Ընդ որում, նա չի ներկայացրել ենթադրաբար վնասված տան սեփականության վկայական։

 

2. Դիմումատուն

16. Հղում կատարելով Դատարանի՝ Չիրագովը և այլք գործով (վերևում հիշատակված, §§ 115-120) եզրակացություններին առ այն, որ այդ գործով դիմումատուների բողոքների համար առկա չեն եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, այս դիմումատուն նշել է, որ իրավիճակը չի փոխվել, և որ պատասխանող Կառավարությունը չի նշել, որ առկա էր իրավական պաշտպանության որևէ այդպիսի միջոց։

17. Դիմումատուի կարծիքով՝ փաստերը, որոնց վերաբերյալ ինքը բողոք է ներկայացրել, Հայաստանի՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված իրավազորության շրջանակում էին։ Նա հղում է կատարել Դատարանի մի քանի վճռի, որոնցում իրավազորության սահմանման հանգամանքները ենթադրաբար նման էին սույն գործի հանգամանքներին։ Մասնավորապես նա նշել է, որ Չիրագովը և այլք գործով (վերևում հիշատակված) Դատարանն արձանագրել է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Ադրբեջանի օկուպացված տարածքների նկատմամբ, որտեղ էլ ինքը և իր բնակարանը հրետակոծության են ենթարկվել։ Այս եզրակացությունը վերահաստատվել է ընդդեմ Հայաստանի հետագայում կայացված վճիռներում։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության այն փաստարկին, որ իրավազորությունն ի սկզբանե կրել է տարածքային բնույթ, դիմումատուն պնդել է, որ սա չի բացառում արտատարածքային իրավազորությունը, ինչպես հաստատել է Դատարանը Բանկովիչը և այլք գործից հետո կայացված մի քանի վճռում։ Նա նաև հայտնել է, որ «ազդեցության մոտ լինելու» չափանիշով չի բացառվում իրավազորության առկայությունը պարզապես այն պատճառով, որ զինվորների և սույն գործով տուժածի միջև առկա չէր անմիջական կապ. առանցքային խնդիրը շարունակում է լինել այն, որ չնայած դիմումատուն գտնվել է պատասխանող Կառավարության տարածքից դուրս, իրեն պատճառվել է վնասվածք և գույքային վնաս այդ Կառավարության արդյունավետ վերահսկողության ներքո գտնվող տարածքում գտնվող զինվորների կողմից արձակված կրակի հետևանքով։ Այս առնչությամբ դիմումատուն պնդել է, որ Դատարանի կողմից Չիրագովը և այլք գործով վճռված արդյունավետ վերահսկողության հարցի վերաբերյալ պատասխանող Կառավարության տեսակետը սխալ էր. Դատարանը հստակ նշել է, որ Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն է իրականաց[րել] Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ» (վերևում հիշատակված, վճռի § 186)։ Ի վերջո, նա պնդել է, որ սույն գործով ուժի կիրառումը հակասել է Կոնվենցիային կամ միջազգային մարդասիրական իրավունքին։ Նա հայտնել է, inter alia (ի թիվս այլնի), որ Հայաստանի Հանրապետության ուժերի կողմից հարձակումները եղել են անհամաչափ և կամայական և դիտավորությամբ թիրախավորել են քաղաքացիական անձանց և նրանց գույքը։ Ավելին, գյուղում ադրբեջանական ուժեր տեղակայված չեն եղել։

18. Դիմումատուն նաև պնդել է սկզբնական գանգատում իր անձնական հանգամանքների առնչությամբ ներկայացված փաստարկները, այդ թվում՝ իր այն պնդումը, որ իր կյանքին վտանգ է սպառնացել մասնավորապես այն պատճառով, որ նրա բնակարանը և գյուղը ենթարկվել են զանգվածային հրետակոծության հայկական ուժերի կողմից՝ ուղղակիորեն հետապնդելով քաղաքացիական բնակչությանը սպանելու նպատակ։ Իր գույքին պատճառված վնասն ապացույցն է այն բանի, որ վտանգը, որն սպառնացել է իրեն, եղել է իրական և անմիջական մասնավորապես այն պատճառով, որ ինքը և իր ընտանիքը հրետակոծության ժամանակ գտնվել են տանը։ Նա այնուհետև պնդել է, որ ինքը տվյալ բնակարանի սեփականատերն էր և ի ապացույց դրա` ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը։

 

3. Ադրբեջանի կառավարությունը` ներգրավված երրորդ կողմ

19. Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը լիովին համամիտ էր դիմումատուի՝ գանգատի ընդունելիության և գործի հանգամանքների վերաբերյալ դիրքորոշման հետ։

 

Բ. Դատարանի գնահատականը

20. Դատարանն ի սկզբանե նշում է, որ գործում Կոնվենցիայի 1-ին հոդվածով ներկայացվել է խնդիր՝ դիմումատուի բողոքների հիմքը կազմող զինված հակամարտության միջադեպերի մասով պատասխանող պետության իրավազորության վերաբերյալ։ Այդ դրույթն ունի հետևյալ բովանդակությունը.

«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի I բաժնում»:

21. 1-ին հոդվածում նշված «իրավազորությունը» սահմանային չափանիշ է։ Իրավասության իրականացումը Պայմանավորվող պետության համար անհրաժեշտ պայման է, որպեսզի հնարավոր լինի նրան պատասխանատվության ենթարկել այն վերագրվող գործողությունների կամ անգործության համար, որոնք հանգեցնում են Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման հետ կապված մեղադրանքի առաջադրմանը։ Չնայած պետության՝ 1-ին հոդվածով սահմանված իրավազորությունն ի սկզբանե կրում է տարածքային բնույթ, Դատարանը ճանաչել է մի շարք բացառիկ հանգամանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ, որ Պայմանավորվող պետությունն իրականացնի իրավազորությունն իր իսկ տարածքային սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր դեպքում այն հարցը, թե արդյոք առկա են բացառիկ հանգամանքներ, որոնցով պահանջվում և հիմնավորվում է Դատարանի այն եզրակացությունը, որ պետությունն իրականացնում է արտատարածքային իրավազորություն, պետք է լուծվի՝ հղում կատարելով կոնկրետ փաստերին (տե՛ս, օրինակ, Կատանը և այլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության և Ռուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. the Republic of Moldova and Russia [GC]], թիվ 43370/04 և ևս 2-ը, § 103-105, 2012 թվականի հոկտեմբերի 19, և վերևում հիշատակված՝ Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի, § 168, հաջորդող հղումների հետ միասին)։

22. Արտատարածքային իրավազորության առնչությամբ Դատարանի կողմից սահմանված երկու հիմնական չափորոշիչներն են պետության կողմից տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» իրականացումը (իրավազորության տարածական մոտեցում) և «պետական իշխանական գործառույթների և վերահսկողության իրականացումը» անհատների նկատմամբ (իրավազորության անձնական մոտեցում) (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Ալ Սկեինին և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al ‑Skeini and Others v. the United Kingdom [GC]], թիվ 55721/07, §§ 133-140, ՄԻԵԴ 2011, Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) [ՄՊ] [Georgia v. Russia (II) [GC]], թիվ 38263/08, §§ 113 ‑144, 2021 թվականի հունվարի 21, և Ուկրաինան և Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [ՄՊ] [Ukraine and the Netherlands v. Russia (dec.) [GC]], թիվ 8019/16, 43800/14 և 28525/20, §§ 556-558, 2022 թվականի նոյեմբերի 30):

23. Չիրագովը և այլք գործով (վերևում հիշատակված, §§ 169 ‑186) Դատարանը հաստատված է համարել այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին օրերից Հայաստանի Հանրապետությունը նշանակալի և վճռորոշ ազդեցություն է ունեցել «ԼՂՀ»-ի վրա, ինչպես նաև որ երկու սուբյեկտները սերտորեն ինտեգրված էին գրեթե բոլոր կարևոր հարցերում, և որ այս իրավիճակը շարունակվում էր։ Այլ կերպ ասած՝ «ԼՂՀ»-ն և դրա վարչակազմը պահպանում էին իրենց գոյությունը Հայաստանի կողմից տրամադրվող ռազմական, քաղաքական, ֆինանսական և այլ օժանդակության շնորհիվ, որի արդյունքում Հայաստանն արդյունավետ վերահսկողություն էր իրականացնում Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ: Այս եզրակացությունն ավելի ուշ վերահաստատվել է Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործում [Muradyan v. Armenia] (թիվ 11275/07, § 126, 2016 թվականի նոյեմբերի 24)։

24. Սույն գործում Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի ենթադրյալ խախտումը կատարվել է «Քառօրյա պատերազմի» ժամանակ, այսինքն՝ ռազմական բախումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել «ԼՂՀ»-ի և Ադրբեջանի Հանրապետության շփման գծին մոտ՝ սկսած 2016 թվականի ապրիլի 1-2-ի գիշերից մինչև 2016 թվականի ապրիլի 5-ը։ Պետք է որոշվի, թե արդյոք կարելի է համարել, որ դիտարկվող միջազգային զինված հակամարտության հանգամանքները, մասնավորապես՝ «ԼՂՀ»-ի և Ադրբեջանի շփման գծի սահմաններից դուրս գտնվող տարածքում դիմումատուի կողմից ենթադրաբար կրած հետևանքները Հայաստանի արտատարածքային իրավազորության շրջանակում էին։

25. Ինչպես նշել է Դատարանը Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) գործում (վերևում հիշատակված, § 126), ռազմական գործողությունների դեպքում, այդ թվում, օրինակ, զինված հարձակումների, ռմբակոծության կամ հրետակոծությունների դեպքում, որոնք իրականացվել են միջազգային զինված հակամարտության ժամանակ, հնարավոր չէ ընդհանրացված ձևով խոսել տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» մասին։ Քաոսային իրավիճակում տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձեր կատարող հակառակորդ ռազմական ուժերի զինված բախումների և պայքարի առկայությունն ինքնին նշանակում է, որ տարածքի նկատմամբ գոյություն չունի վերահսկողություն։ Սակայն գոյություն ունեն որոշակի բացառություններ, և Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) գործով վճիռը չի կարող դիտարկվել որպես միջազգային զինված հակամարտության կոնկրետ ժամանակավոր փուլը պետության՝ 1-ին հոդվածով սահմանված իրավազորության շրջանակից ամբողջությամբ դուրս թողնելու հիմք (տե՛ս վերևում հիշատակված՝ Ուկրաինան և Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի (որոշում), § 558)։

26. Սույն գործը վերաբերում է չորս օր շարունակ շփման գծի երկու կողմերից քաղաքների և գյուղերի ուժգին հրետակոծությանը, որի հետևանքով շատերն են մահացել, վիրավորում ստացել և ժամանակավորապես դարձել անօթևան, ինչպես նաև զգալի վնաս է պատճառվել երկու կողմերի գույքին և ենթակառուցվածքներին։ Այսպիսի հանգամանքներում և հակառակը պնդող որևէ ապացույցի բացակայության պայմաններում այս իրավիճակը չէր ենթադրում տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն»։

27. Հետևաբար պետք է որոշվի, թե արդյոք առկա է եղել «պետական իշխանական գործառույթների և վերահսկողության իրականացում» անհատների նկատմամբ (ենթադրյալ խախտումների անմիջական տուժողներ)՝ Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան։ Ավելի վաղ քննված գործերում այդպիսի իշխանական գործառույթները և վերահսկողությունը սահմանվել են այնպիսի հանգամանքներում, որոնց դեպքում առկա է եղել ֆիզիկական ուժի գործադրում և վերահսկողության իրականացում տվյալ անձանց նկատմամբ, կամ երբ առկա է եղել մոտ լինելու տարրը (վերևում հիշատակված՝ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II), §§ 130-132, հաջորդող հղումների հետ միասին)։

28. Սակայն սույն գործով քննության առարկա հանդիսացող թշնամանքի ակտիվ փուլը միանգամայն տարբեր էր, քանի որ այն ներառել է շփման գծի երկու կողմերի զինված ուժերի կողմից ռմբակոծություն և հրետակոծություն՝ փորձելով պարտության մատնել հակառակորդի ուժերին և գրավել տարածքը։ Գործի փաստական տարրերում արտացոլված չէ տվյալ անհատների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ նրանց մոտ լինելու որևէ դեպք։ Այսպիսի հանգամանքներում հնարավոր չէ ասել, որ առկա է եղել «պետական իշխանական գործառույթների և վերահսկողության իրականացում» անհատների նկատմամբ այն իրադարձությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ դիմումատուն ներկայացրել է բողոքներ։

29. Որպես ամփոփում՝ Դատարանը գտնում է, որ ռազմական գործողությունները և սույն գործով դիտարկվող՝ դրա հետևանքները Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակում չէին Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով՝ տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» առումով կամ անհատների նկատմամբ «պետական իշխանական գործառույթների և վերահսկողության իրականացման» առումով։ Հետևաբար դիմումատուի բոլոր բողոքները պետք է հայտարարվեն անընդունելի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետ «ա» ենթակետին և 4-րդ կետին համապատասխան։

Այս հիմնավորմամբ Դատարանը ձայների մեծամասնությամբ՝

Հայտարարում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին։

 

Վիկտոր Սոլովեյչիկ

 

Քարտուղար

Գեորգես Ռավարանի

 

Նախագահ