Համարը 
N 91
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.03.15/7(216)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
21.02.2006
Ստորագրող մարմինը 
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.02.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ N 91 ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 91

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հաստատել ՀՀ դատարանների կողմից վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի և դրա փաստաթղթավորման օրինակելի կարգը` համաձայն հավելվածի:

   ՀՀ դատարանների
նախագահների
       խորհրդի նախագահ՝

Հ. Մանուկյան


21 փետրվարի, 2006 թ.
ք. Երևան

Հավելված
ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի 2006 թ. փետրվարի 21-ի
թիվ 91 որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ր Գ

վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի և դրա փաստաթղթավորման օրինակելի կարգ

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով սահմանվում է դատարաններում վճարման կարգադրություն արձակելու վարույթի իրականացման առանձնահատկությունները, վարույթի իրականացման փաստաթղթավորման և հաշվառման գրանցամատյանի վարման կարգը։

2. Դատարանի նախագահները կարող են սույն կարգի հիման վրա ընդունել իրավական ակտ` դրանով սահմանելով սույն կարգով նախատեսված պահանջներից հավելյալ պահանջներ, կամ սույն կարգի կիրառման առանձնահատկությունները կարգավորող առանձին կարգեր:

3. Վճարման կարգադրության վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում:

II. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

4. Վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դատարանում ստացված դիմումները /այսուհետ` դիմում/ դատարանի նախագահի կողմից դատավորին հանձնարարվելուց հետո, սույն կարգի պահանջներին համապատասխան, դատարանի աշխատակազմի «Գրասենյակ» կառուցվածքային ստորաբաժանման կողմից /այսուհետ` գրասենյակ/ հաշվառվում են վճարման կարգադրություն արձակելու վարույթների հաշվառման մատյանում և հանձնվում դատավորին։

5. Դատավորի կողմից վճարման կարգադրությունը ստանալուց հետո ուսումնասիրվում է դիմումի համապատասխանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /այսուհետ` Օրենսգիրք/ 204.1-204.3 հոդվածներին:

6. Դատարանի կողմից վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժվում է մասով կամ ամբողջությամբ, երբ առկա են Օրենսգրքի 204.4 հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը:

6.1. Դատարանի կողմից պահանջի հիմնավորվածության կամ ներկայացված ապացույցի վերաբերյալ առերևույթ ցանկացած կասկած կամ պահանջի ոչ ակնհայտ լինելը հիմք է Օրենսգրքի 204.4 հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետերով դիմումն ամբողջությամբ կամ մասով մերժելու համար: Դատարանը առերևույթ գնահատական տալիս պարտավոր չէ պատճառաբանել, թե ինչու իր կարծիքով նման պահանջը հիմնավորված չէ:

6.2. Օրենսգրքի 204.4 հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարման ժամանակ պետք է նկատի ունենալ, որ դիմումի մերժումից առաջ դիմում ներկայացնող անձը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը: Դատարանն անձի դիրքորոշման արտահայտման հնարավորության համար կարող է օգտագործել հեռախոսակապի միջոցը կամ կապի այլ միջոցներ: Ընդ որում, դիմողի դիրքորոշման արտահայտման գործին կցվող ապացույց կարող է հանդիսանալ դատավորի օգնականի կողմից կազմված հեռախոսագիրը, բանավոր զրույցի արդյունքում կազմված տեղեկանքը կամ այլ փաստաթուղթ: Պետք է նկատի ունենալ, որ օրենսգրքի նշված մասով ամրագրված դիրքորոշման արտահայտումը չի կարող ազդել դատարանի կողմից կայացվող որոշման վրա: Հետևաբար, դիմումը մերժելու մասին որոշում կայացնելիս 204.4-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դիրքորոշումը պարտադիր չի կարող լինել դատարանի համար: Պետք է նկատի ունենալ նաև օրենսգրքի 204.4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, համաձայն որի մերժման մասին որոշումը խոչընդոտ չէ մերժված մասով հայցադիմումով պահանջ ներկայացնելու համար:

6.3. Օրենսգրքի 204.5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման ժամանակ դատարանը պետք է հաշվի առնի օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջները և դիմումը մասով մերժելու ժամանակ կայացնի որոշում, իսկ մնացած մասով արձակի վճարման կարգադրություն ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 08.12.2005թ. թիվ 81 որոշմամբ հաստատված օրինակելի ձևով /այսուհետ` օրինակելի ձև/:

7. Օրենսգրքով նախատեսված կարգով դիմումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում, դատարանն արձակում է վճարման կարգադրություն օրինակելի ձևով:

8. Վճարման կարգադրությունը, դիմումը և դրան կից փաստաթղթերը առաքվում է դատավորի օգնականի գրության հիման վրա գրասենյակի կողմից փոստին հանձնելու միջոցով: Գրասենյակը փոստով առաքումը կատարում է հանձնման մասին ծանուցմամբ կամ, եթե հնարավոր է, դրա առձեռն առաքումը, ապա այն հանձնվում է հանձման մասին ստացողի կողմից այդ մասին նշում կատարելու /ստորագրելու/ միջոցով: 

8.1. Այն դեպքում, երբ վճարման կարգադրությունը գրասենյակ է վերադարձվում պատասխանողի չգտնվելու կամ հասցեի սխալ լինելու պատճառաբանությամբ, դատավորի օգնականը մեկ օրվա ընթացքում գրությամբ տեղեկացնում է դիմողին այդ մասին և խնդրում հնարավոր սեղմ ժամկետում դատարան ներկայացնել կողմի ճշգրտված հասցեն։

8.2. Ողջամիտ ժամկետում կողմի ճշգրտված հասցեն չներկայացվելու դեպքում վճարման կարգադրությունը համարվում է օրինական ուժի մեջ չմտած և չի առաջացնում օրենսգրքի 204.8-րդ հոդվածով նախատեսված հետևանքները։

8.3. Դիմողի կողմից ճշգրտված հասցե ներկայացվելու դեպքում վճարման կարգադրությունն ուղարկվում է ճշգրտված հասցեով ընդհանուր կարգով դատավորի օգնականի ուղեկցական գրությամբ, ներառյալ այն դեպքերում, երբ ճշգրտված հասցեի արդյունքում վճարման կարգադրության արձակման վարույթը ընդդատյա է դառնում այլ դատարանի։ Ուղեկցական գրության մեջ պարտադիր նշում պետք է կատարվի վճարման կարգադրությունը ուղարկելու և այն դատարանում հետ ստանալու պատճառների մասին։

(8.3 կետը լրաց. 13.06.06 N 106)

9. Սահմանված ժամկետում վճարման կարգադրության վերաբերյալ գրավոր առարկություն ստանալու դեպքում սույն կարգով  նախատեսված կարգով, գրասենյակում այն ընդհանուր կարգով գրանցվում է և հանձնվում դատավորի օգնականին:

9.1. Դատավորի օգնականը ստացված գրավոր առարկության մասին զեկուցում է դատավորին, կատարում նշում վճարման կարգադրության վերացման մասին և մեկ օրվա ընթացքում ծանուցում դիմողին վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստանալու, վճարման կարգադրության վերացման և պահանջը ընդհանուր հայցային վարույթով ներկայացնելու նրա իրավունքի մասին: 

10. Օրենսգրքի 204.8-րդ հոդվածով սահմանված ժամկետում առարկություն չստանալու դեպքում, դատավորը նշում է կատարում արձակված վճարման կարգադրության օրինական ուժի մեջ մտնելու մասին:

10.1. Դատավորի օգնականը ծանուցում է ուղարկում դիմողին վճարման կարգադրության դեմ առարկություն չստացվելու և այն օրինական ուժի մեջ մտնելու մասին: 

11. Վճարման կարգադրության օրինական ուժի մեջ մտնելուց հետո կատարողական թերթ ստանալու մասին դիմումին ընթացք է տրվում օրինական ուժի մեջ մտած վճռով կատարողական թերթ տալու ընդհանուր կանոններով օրենսգրքի 204.8-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ: Կատարողական թերթ տալու ժամանակ դատարանը պետք է նկատի ունենա, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի իբ) կետով դիմողը ազատված է պետական տուրքի վճարումից և վճարման կարգադրություն արձակելու վարույթի արդյունքում դատարանը չի լուծում օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված դատական ծախսերի բաշխման հարցը:  

III. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

 

12. Գրասենյակում կազմվում և վարվում է դատարանի վճարման կարգադրություն արձակելու վարույթի հաշվառման գրանցամատյան /այսուհետ` գրանցամատյան/։

12.1. Գրանցամատյանը կազմվում և լրացվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար։ Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի «Վճարման կարգադրություն արձակելու գործերի հաշվառման գրանցամատյան» գրառումը: Գրանցամատյանի թերթերը համարակալվում են, կարվում և կնքվում աշխատակազմի ղեկավարի կողմից։

13. Գրասենյակի համապատասխան մասնագետը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում նշում է ուղղումներն իր կողմից կատարված լինելու մասին և ստորագրում։

13.1.Գրանցամատյանը պարունակում է առնվազն հետևյալ պարտադիր վավերապայմանները.

ա) հերթական համարը,

բ) դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

գ) մուտքի համարը, որը ներառում է` ՎԿ-հապավումը, հերթական համարը, «/» նշանը և դիմումի ստացման տարեթվի վերջին երկու թիվը (Օր.` ՎԿ-01/06), 

դ) դիմողի անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը),

ե) պատասխանողի անունը (անվանումը), ազգանունը (գտնվելու վայրը),

զ) պահանջի չափը,

է) դատավորի անունը,

ը) պարտապանին հանձնելու ամսաթիվը,

թ) առարկություն ներկայացնելու ամսաթիվը,

ժ) կատարողական թերթ տալու ամսաթիվը:

13.2. Գրանցամատյանի վավերապայմանները լրացվում են ըստ հերթականության վճարման կարգադրության վարույթի իրականացման հետ համատեղ: 

13.3. Օրենսգրքով և սույն կարգով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի իրականացման բոլոր գործողությունների ավարտից հետո դատավորի օգնականը կազմում է վճարման կարգադրություն արձակելու վարույթ, դատական գործ կազմելու ընդհանուր կանոններով և հանձնում գրասենյակ։

14. Վճարման կարգադրության վարույթը ներառում է դրա իրականացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, ներառյալ դատական ակտերը և փոստային անդորրագրերը: Վարույթում փաստաթղթերը դասակարգվում են ըստ ժամանակագրական ստացման հերթականության և փաստաթղթի նպատակային ապացուցողական նշանակության (Օրինակ` փոստային անդորրագիրը դասակարգվում է գրությունից անմիջապես հետո` առաքման փաստն ապացուցելու համար):

15. Գրասենյակը վարույթը ստանալուց հետո համեմատում է վճարման կարգադրություն արձակելու մասին նշումները վարույթի հետ, որոշակի տեղեկությունների բացակայության դեպքում լրացնում դրանք և սահմանված կարգով հանձնում արխիվապահին։