Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.09.03/44(568)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
13.07.2007
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
13.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԲ-125/07-Ի ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների

առաջին ատյանի դատարանի դատավճիռ

Գործ թիվ 1-48-07 թ.

կայացրած դատարանի կազմը՝

նախագահող դատավոր՝ Պ. Օհանյան

ՎԲ-125/07

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

13 հուլիսի 2007 թ.

ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

 

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

դատախազ

Գ. Ջհանգիրյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Սերյոժա Պատվականի Հովակիմյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 2-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Սերյոժա Պատվականի Հովակիմյանին 2006 թվականի սեպտեմբերի 11-ին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2007 թվականի մարտի 2-ին կայացրած դատավճռով Սերյոժա Պատվականի Հովակիմյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով:

Գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը 2007 թվականի մայիսի 30-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 2-ի դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի հունիսի 1-ի որոշմամբ բողոքը ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Ս. Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա հարբած վիճակում 2006 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր ընկերուհի, գործով դատապարտյալ Լիանա Սահակյանի հետ միասին Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի թիվ 118 տան բակում վիճաբանել են Սուսաննա Ղարիբյանի և Մարիետա Ասատրյանի հետ` վերջիններիս կողմից իրենց դիտողություն անելու պատճառով: Վիճաբանության ընթացքում Ս. Հովակիմյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և քաշքշել նրանց՝ Մ. Ասատրյանի առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ. աջ բազկի, աջ ազդրի շրջանների արյունազեղումների, ձախ սրունքի շրջանի քերծվածքի տեսքով: Այդ ժամանակ վեճին միջամտել է Ս. Ղարիբյանի անչափահաս որդին` Լևոն Պետրոսյանը և պահանջել բաց թողնել իր մոր թևերը, սակայն Ս. Հովակիմյանը գետնից վերցրած քարերով հարվածներ է հասցրել նրա ձախ ձեռնաթաթին և գլխի շրջանին (ձախ ականջին)՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո Լ. Պետրոսյանը փախել է և մտել իրենց տուն: Լ. Պետրոսյանի հայրը` Պետիկ Պետրոսյանը, տեսնելով իր անչափահաս որդու վնասվածքները, դուրս է եկել տանից և պահանջել վեճը դադարեցնել, սակայն Ս. Հովակիմյանը, հարվածելով նաև Պ. Պետրոսյանի դեմքին, նրա առողջությանը նույնպես պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ աջ հոնքի, աջ այտային շրջանների քերծվածքների ձևով: Այնուհետև Ս. Հովակիմյանը, նկատելով Մ. Ասատրյանի մյուս քույր Ս. Ղարիբյանին, նրա հասցեին ևս սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ձեռքով հարվածել է նրա շրթունքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ մեղսագրվող արարքի որակման առումով Ս. Հովակիմյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 2-ի դատավճիռը հիմնավորված չէ և ենթակա է բեկանման հետևյալ պատճառաբանությամբ, քանի որ քրեական գործի փաստական հանգամանքների սխալ վերլուծության և գնահատման արդյունքում դատապարտյալ Ս. Հովակիմյանի արարքը ստացել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական:

Ըստ բողոք բերած անձի՝ քրեական գործի նյութերից երևում է, որ Ս. Հովակիմյանի խուլիգանություն կատարելու ընթացքում տուժողներին մարմնական վնասվածք է պատճառել դեպքի վայրից վերցրած քարով, ինչը թե/ նախաքննության մարմինը և թե/ դատարանը դիտել են որպես արարքը որակյալ դարձնող հատկանիշ, այսինքն՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանություն:

Ըստ բողոքի հեղինակի՝ դեպքի վայրից վերցված քարի անմիջական գործադրումը չի կարող դիտվել որպես զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն, քանի որ քրեական իրավունքի տեսության մեջ և պրակտիկայում որպես զենք օգտագործված են գնահատվում այն առարկաները, որոնք հանցավորի կողմից հատուկ հարմարեցվում են անձանց մարմնական վնասվածք հասցնելու համար մինչև հանցագործություն կատարելը կամ կատարման ընթացքում:

Բողոք բերած անձը գտնում է, որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, քանի որ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի այն մասը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառվել հոդվածի այն մասը, որը ենթակա էր կիրառման:

Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի` չի պահպանվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ, 127-րդ հոդվածներով նախատեսված՝ ապացույցների ստուգմանը և գնահատմանը վերաբերող քրեադատավարական օրենքով ներկայացված պահանջները: Այսինքն՝ տվյալ գործով ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ առաջին ատյանի դատարանը, թույլ տալով քրեադատավարական և նյութական օրենքի էական խախտումներ, ճիշտ չեն կիրառել նյութական օրենքը` Ս. Հովակիմյանի կատարած հանցանքը սխալմամբ որակելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Վերը նշված հիմնավորումներով վճռաբեկ բողոքում խնդրվում է բեկանել և փոփոխել Սերյոժա Պատվականի Հովակիմյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 2-ի դատավճռը և Ս. Հովակիմյանին մեղսագրվող արարքը վերաորակել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու սահմանել պատիժ ազատազրկում 3 տարի ժամկետով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանություններով.

Բողոք բերած անձի կողմից Վճռաբեկ դատարանին առաջադրած հարցը հանգում է հետևյալին. կարո՞ղ է արդյոք խուլիգանական գործողությունների ընթացքում դեպքի վայրից վերցրած քարի գործադրումը համարվել խուլիգանության հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված) որակյալ դարձնող հատկանիշ, թե՞ ոչ:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի`

(1) Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

(2) Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

(3) Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, 3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից, 4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, 5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

(4) Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Այսպիսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշ է արարքը «զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» կատարելը:

Մինչ այդ գործող օրենսդրությամբ, այն է՝ ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքով տվյալ հանցակազմի ձևակերպումն այլ էր: Այդ օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ մասում (վերջին խմբագրություն) օգտագործվում էր «հրազենի կամ դանակի, կաստետի կամ սառը զենքի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաների գործադրում» արտահայտությունը:

Ինչպես երևում է, գործող և նախկին քրեական օրենսգրքերը ծանրացնող հանգամանքներում կատարված խուլիգանության հանցակազմի քննարկվող հատկանիշը նկարագրելիս օգտագործում են տարբեր ձևակերպումներ. մեկը՝ «որպես զենք օգտագործվող առարկաների գործադրում» (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 258-րդ հոդված), իսկ մյուսը՝ «մարմնական վնասվածքներ հասցնելու համար հատուկ հարմարեցված առարկաների գործադրում» (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 222-րդ հոդված):

Դատարանը գտնում է, որ նշված ձևակերպումների միջև առկա է ոչ միայն խմբագրական (ոչ նորմատիվային), այլև նորմատիվային տարբերություն. ՀՀ նոր քրեական օրենսգրքի 258 հոդվածի տեքստից բացակայում է մարմնական վնասվածքներ հասցնելու (կենդանի նշանակետ խոցելու) համար օգտագործվող առարկայի այն հատկանիշը, որ դա պետք է հատուկ հարմարեցված լինի մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Հետևաբար, 2003 թվականի օգոստոսի 1-ից` նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, արարքը որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության հանցակազմով որակելու համար անհրաժեշտ չէ, որ այդ առարկաները հատուկ հարմարեցված լինեն. դրանք կարող են վերցված լինել նաև դեպքի վայրում:

Քննարկվող իրավանորմի դիսպոզիցիայի կառուցվածքից որպես զենք օգտագործվող առարկաների՝ հատուկ հարմարեցված լինելու հատկանիշի դուրս բերումը պետք է գնահատել որպես խնդրո առարկայի վերաբերյալ օրենսդրի մոտեցման ակնհայտ փոփոխություն՝ պայմանավորված դեպքի վայրում վերցված առարկաները որպես զենք օգտագործելու հետ զուգորդված խուլիգանության հանրային վտանգավորության վերագնահատմամբ: Եթե նախկինում դրա աստիճանը գնահատելիս օրենսդիրն էական նշանակություն էր տալիս որպես զենք օգտագործվող առարկայի գործադրման վաղօրոք ծագած դիտավորությանը, ապա ներկայում առավել էական է ինքնին գործադրման փաստը:

Այսպիսով, օրենսդրի դիրքորոշման փոփոխության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ խուլիգանության արդյունքում խաթարվող հասարակական հարաբերությունների բնույթը, ինչպես նաև տուժողին հասցվող վնասի աստիճանը էապես պայմանավորված չէ այն հանգամանքով, թե հանցագործության գործիքը՝ որպես զենք օգտագործվող առարկան, հատուկ հարմարեցված է, թե ոչ, և այն հանցավորի կողմից բերվել է, թե վերցվել է դեպքի վայրից:

Գործի նյութերից երևում է, որ Ս. Հովակիմյանը խուլիգանական գործողությունների ընթացքում գետնից վերցրած քարով երկու անգամ հարվածներ է հասցրել տուժող Լ. Պետրոսյանի ձախ ձեռնաթաթին և գլխի շրջանին (ձախ ականջին)` նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Քանի որ հանցանքը կատարվել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, ուստի առաջին ատյանի դատարանը, Ս. Հովակիմյանի արարքը որակելով ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, քրեական օրենքը ճիշտ է կիրառել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության հանցակազմի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Բողոքը մերժել: Սերյոժա Պատվականի Հովակիմյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 2-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ղուկասյան
  Մ. Սիմոնյան
  Ս. Օհանյան