Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.117
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
06.11.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
06.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՔԴ/0605/02/08 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0605/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0605/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Վ. Ավանեսյան

                    Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անաստաս Գիշյանի, Նորայր Եղիկյանի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Անաստաս Գիշյանը և Նորայր Եղիկյանը պահանջել են վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել Ընկերությունից հարկադիր պարապուրդի գումարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի 16.04.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Դատարանի 10.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 30.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Անաստաս Գիշյանը և Նորայր Եղիկյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածների պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ Ընկերությունում բացակայում է հայցվորների զբաղեցրած պաշտոնի անհրաժեշտությունը:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը, հանգել է այն հետևության, որ Ընկերությունը ցանկացած պահի, ընդհուպ գործի դատական քննության ընթացքում կրում է նշված նորմով սահմանված` հայցվորներին այլ պաշտոն առաջարկելու պարտավորությունը և նշել, որ դատարանի վճիռն անփոփոխ թողնելով՝ չի ակնկալում հայցվորների վերականգնում գոյություն չունեցող պաշտոնում, այլ «աշխատանքային հարաբերություններ» արտահայտությամբ նկատի է ունենում կողմերի միջև այնպիսի իրավիճակի վերականգնում, որպիսին առկա կլիներ, եթե Ընկերությունը հայցվորներին առաջարկեր վերը նշված նորմով սահմանված այլ աշխատանք:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հիմք է ընդունել Ընկերության թվով 6 նախկին աշխատակիցների` նոտարական կարգով վավերացված հայտարարությունը, 12 համայնքների ղեկավարների տեղեկանքները, ինչպես նաև բանալիների հանձնման-ընդունման գրասենյակային գիրքն այն դեպքում, երբ նոտարական կարգով վավերացված հայտարարությունը ձեռք է բերվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ, տեղեկանքները տրվել են Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու իրավունք և լիազորություն չունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից, իսկ հանձնման-ընդունման գիրքն ընդհանրապես նշանակություն և կարևորություն չունի Ընկերության գործավարության, աշխատանքի կազմակերպման կամ գույքի անվտանգության պահպանման տեսանկյունից, հակառակ դեպքում` այն հաստատված և կնքված կլիներ Ընկերության կողմից ու հայցվորների ձեռքում հայտնվելու փոխարեն կգտնվեր Ընկերությունում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2009 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործում բացակայում են Ընկերության աշխատողների քանակը և պաշտոնների անվանումները սահմանող համապատասխան թույլատրելի ապացույցները, մասնավորապես` Ընկերությունում հայցվորների մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չլինելու մասին փաստաթուղթը: Այդպիսի ապացույցներ ներկայացնելն Ընկերության անուղղակի պարտականությունն էր, քանի որ հայցվորները նման ապացույցներ կարող էին ձեռք բերել բացառապես Ընկերությունից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Անաստաս Գիշյանի միջև 13.11.2006 թվականին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Անաստաս Գիշյանն Ընկերությունում նշանակվել է աշխատանքի տեխնիկի պաշտոնում և իր պարտականություններն ու առաջադրանքներն իրականացնելու է Հեռահաղորդակցության Համակարգի Գլխավոր Տնօրինությունում (գ.թ. 7-10, հ. 1):

2) Ընկերության և Նորայր Եղիկյանի միջև 13.11.2006 թվականին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Նորայր Եղիկյանն Ընկերությունում նշանակվել է աշխատանքի ավագ ճարտարագետի պաշտոնում և իր պարտականություններն ու առաջադրանքներն իրականացնելու է Հեռահաղորդակցության Համակարգի Գլխավոր Տնօրինությունում (գ.թ. 11-15, հ. 1):

3) Ընկերության գլխավոր տնօրենի «Անալոգ ԱՀԿ-ների շահագործումից դուրս հանման վերաբերյալ» 21.12.2007 թվականի թիվ 1189 հրամանի համաձայն` շահագործումից հանվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի և Բագրատաշեն գյուղի անալոգ կայանը: Մարդկային ռեսուրսների գլխավոր տնօրինությանը հանձնարարվել է կազմակերպել վերը նշված ԱՀԿ-ների շահագործումից դուրս գալու հետևանքով աշխատողների թվաքանակի կրճատման պատճառով աշխատանքից ազատման ներկայացվող աշխատակիցների հետ պայմանագրերի դադարեցման աշխատանքները (գ.թ. 47, հ. 1):

4) Անաստաս Գիշյանին 14.01.2008 թվականին հասցեագրված ծանուցման համաձայն` Ընկերությունը հայտնել է Ընկերությունում տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված` Ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 17.01.2008 թվականից լուծելու մասին, իսկ Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նույն օրվա թիվ 052-Կ հրամանի համաձայն` Անաստաս Գիշյանի հետ 13.11.2006 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 115-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով 17.01.2008 թվականից համարվել է լուծված (գ.թ. 5, հ. 1):

5) Նորայր Եղիկյանին 14.01.2008 թվականին հասցեագրված ծանուցման համաձայն` Ընկերությունը հայտնել է Ընկերությունում տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված` Ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 22.01.2008 թվականից լուծելու մասին, իսկ Ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նույն օրվա թիվ 050-Կ հրամանի համաձայն` Նորայր Եղիկյանի հետ 13.11.2006 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 115-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով 22.01.2008 թվականից համարվել է լուծված (գ.թ. 6, հ. 1):

6) Ընկերության 14.03.2008 թվականի տեղեկանքների համաձայն` Անաստաս Գիշյանը և Նորայր Եղիկյանն աշխատանքից ազատվել են Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի և Բագրատաշեն գյուղի անալոգ կայանը շահագործումից հանելու կապակցությամբ: Հիմք` Ընկերության 21.12.2007 թվականի թիվ 1189 հրամանը: Ընկերությունում առկա չէ նրանց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը համապատասխան այլ աշխատանք (գ.թ. 57-58, հ. 1):

7) Ընկերության Նոյեմբերյանի բիզնես միավորի պետի 06.05.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Նոյեմբերյանի ԱԿՀ-ն և Բագրատաշենի ԱՀԿ-ն թվայնացնելուց հետո Նոյեմբերյանի տարածքում մնացել է 12 անալոգային ԱՀԿ, որոնցից 5-ում կան աշխատողներ, իսկ մնացածում կայանային աշխատողներ չկան: Նշված չսպասարկվող կայանները կարիքն առաջանալու դեպքում սպասարկվում են կայանային խմբի ղեկավարի և ճարտարագետի կողմից: Նշված կայաններում փոխարինվել են ակումուլյատորային մարտկոցները, որոնք չսպասարկվող են: Եռամսյակը մեկ անգամ կայանային խմբի ղեկավարի կողմից կազմված ճարտարագետների խմբով կատարվել են գյուղական ԱՀԿ-ների ստուգայցեր, որի մեջ ժամանակ առ ժամանակ ընդգրկվել է Նոյեմբերյանի ԱՀԿ-ի ճարտարագետ Նորայր Եղիկյանը: Անաստաս Գիշյանը սպասարկել է Նոյեմբերյան քաղաքի ԱՀԿ-ի էլեկտրասնուցման համակարգը, որի կարիքը թվայնացնելուց հետո չկա: Նշված 12 գյուղական անալոգային ԱՀԿ-ների սպասարկումն իրականացնելու հարցում նախկին աշխատողների անհրաժեշտությունը չկա (գ.թ. 11, հ. 2):

8) Ընկերության Տավուշի տարածքային կենտրոնի պետի 07.05.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Նոյեմբերյանի բիզնես միավորումում գործում են մեկ թվային կայան Նոյեմբերյան քաղաքում և 12 գյուղական անալոգային կոորդինատային կայաններ: Բոլոր գյուղական ԱՀԿ-ները, խտացնող սարքավորումները և էլ. սնուցման համակարգերը 2007 թվականին մոդեռնիզացվել և համակցվել են Նոյեմբերյան քաղաքի թվային կայանին, դրանց համար սպասարկող անձնակազմ չի պահանջվում: Թվայնացվել են երկու կայան և շահագործումից հանվել են համապատասխանաբար երկու կայան: Հայցվորները գյուղական կայանների սպասարկմամբ չեն զբաղվել, սակայն ճարտարագետների խմբի կազմում ժամանակ առ ժամանակ (ոչ մշտական) կատարել են ստուգայցեր գյուղական կայաններ (ոչ բոլոր): Գործող գյուղական մոդեռնիզացված ԱՀԿ-ների սպասարկման համար նախկին աշխատակիցների անհրաժեշտությունը չկա (գ.թ. 12, հ. 2):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

Արդյո՞ք Դատարանը պետք է վերականգնի աշխատողին նախկին աշխատանքում այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը և առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք:

ՀՀ աշխատանքային օրենսգքրի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ և ընդունելով հայցվորների նախկին պաշտոնի գոյություն չունենալու փաստը, հանգել է այն հետևության, որ կողմերի միջև հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելու անհնարինությունն ապացուցելու փոխարեն պատասխանողը սահմանափակվել է միայն հայցվորների նախկին աշխատանքի գոյություն չունենալու փաստի ապացուցմամբ և չի կատարել ՀՀ աշխատանքային օրենսգքրի 113-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ հայցվորներին այլ աշխատանք առաջարկելու վերաբերյալ, ինչպես նաև չի ապացուցել այդ պահանջի կատարման անհնարինությունը:

Մինչդեռ սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքում աշխատողներ Անաստաս Գիշյանի և Նորայր Եղիկյանի նախկին հաստիքային միավորը գոյություն չունի, իսկ գործող գյուղական մոդեռնիզացված անալոգային կոորդինատային կայանների սպասարկման համար նախկին աշխատակիցների անհրաժեշտությունը չլինելու, ինչպես նաև չսպասարկվող կայանները կարիքն առաջանալու դեպքում կայանային խմբի ղեկավարի և ճարտարագետի կողմից սպասարկվելու պայմաններում, գործատուի մոտ բացակայում են նաև նրանց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքներ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ վկայակոչված վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերին՝ Ընկերության թվով 6 նախկին աշխատակիցների` նոտարական կարգով վավերացված հայտարարությանը, Տավուշի մարզի 12 համայնքների ղեկավարների տեղեկանքներին, ինչպես նաև բանալիների հանձնման-ընդունման գրասենյակային գրքին, ապա այդ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք միայն տեղեկություններ են պարունակում մինչև հայցվորներին աշխատանքից ազատելը Ընկերության Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱՀԿ-ներում նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ և չեն կարող հիմնավորել այդ աշխատանքի հետագա անհրաժեշտությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորները չեն ապացուցել Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքում իրենց նախկին հաստիքային միավորի գոյություն ունենալու, ինչպես նաև Ընկերությունում իրենց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք լինելու փաստերը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորների հետ աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի պահանջների պահպանմամբ:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները կարող են վերականգնվել:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Վերոնշյալ հոդվածով նախատեսվում է գործատուի պարտավորությունը աշխատողին վճարելու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար այն դեպքում, երբ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով: Հետևաբար, Ընկերության կողմից Անաստաս Գիշյանի և Նորայր Եղիկյանի աշխատանքային պայմանագրերն օրինական հիմքերով և օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանմամբ լուծվելու պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում եմ վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Անաստաս Գիշյանի և Նորայր Եղիկյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Ե. Սողոմոնյան