Համարը 
N 29
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.12.29/31(383)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
16.12.2010
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑԱԾ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 կառավարությանն առընթեր պետական 

   

ֆինանսների նախարար

 

__________________ Տ. Դավթյան

եկամուտների կոմիտեի նախագահ


__________________ Գ. Խաչատրյան

   

 

             

 16 դեկտեմբերի 2010 թ.  N 29
               

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑԱԾ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, ասյուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի համաձայն Օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները: «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (27 հոկտեմբերի 2010 թվական, ՀՕ-152-Ն) համաձայն Օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները:

ՀՀ կառավարության 24.12.2003թ. N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգի (այսուհետ` Կարգ) 3-րդ կետի համաձայն սուբսիդիան` պետության հանձնարարությամբ և որոշած գնով կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում այդ կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Սուբսիդիան ուղղված չէ կազմակերպության համար կապիտալ ակտիվների ձեռքբերմանն ու հիմնական ֆոնդերի կամ դրամագլխի ավելացմանը և կազմակերպության ընթացիկ գործունեության արդյունքում գոյացող եկամուտների հավելում է:

Նման իրավիճակում տարբեր կերպ է մեկնաբանվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հիմնադրամների և հասարակական (բարեգործական) կազմակերպությունների ստացած սուբսիդիաները Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարր դիտարկելու դրույթը:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1) Եթե սուբսիդիաների տրամադրումը պայմանավորված է սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման հետ, ապա տրամադրված սուբսիդիաների գումարները կազմակերպությունների համար չեն համարվում եկամուտ և չեն հարկվում շահութահարկով:

2) Եթե սուբսիդիաները, ըստ էության, տրամադրվում են ապրանքների մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման դիմաց (օրինակ` ՀՀ կառավարության 09.04.2009թ. N 382-Ն որոշման հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրվող սուբսիդիաները կամ ՀՀ կառավարության 26.11.2009թ. N 1358-Ն որոշման հիման վրա թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա վերջիններիս տրամադրվող սուբսիդիաները), ապա տրամադրված սուբսիդիաների գումարները կազմակերպությունների մոտ ենթակա են հարկման շահութահարկով Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3) Եթե սուբսիդիաները տրամադրվում են ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործունեության իրականացումն ապահովելու նպատակով (օրինակ` ՀՀ մշակույթի նախարարության 24.11.2004թ. N 446-Ն, 14.11.2004թ. N 468-Ն, 27.12.2004թ. N 489-Ն, 19.01.2005թ. N 2-Ն և 14.02.2005թ. N 104-Ն հրամանների հիման վրա թատրոններին, համերգային կազմակերպություններին, թանգարաններին, արգելոցներին, ազգային գրապալատին, այլ մշակութային կենտրոններին ու այլ ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված սուբսիդիաները), ապա տրամադրված սուբսիդիաների գումարները ոչ առևտրային կազմակերպությունների համար չեն համարվում եկամուտ և չեն հարկվում շահութահարկով:

4) Եթե տրամադրված սուբսիդիաների գումարները (կամ դրանց մի մասը) փաստացի օգտագործվում են սկզբնապես նախատեսված նպատակից տարբերվող այլ նպատակներով, ապա ստացված սուբսիդիաների գումարների (կամ դրանց մի մասի) շահութահարկով հարկումը կազմակերպությունների մոտ իրականացվում է դրանց փաստացի օգտագործման նշանակությանը համապատասխան: