Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
03.12.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
03.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/1071/02/09 ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1071/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1071/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ՝                Ա. Խառատյան 
                                      Ն. Տավարացյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈւնԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

 Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ` Մարզադպրոց) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ադիկ Արդարյանի ընդդեմ Մարզադպրոցի՝ նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ադիկ Արդարյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում` որպես Մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ և Մարզադպրոցից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.04.2010 թվականի որոշմամբ Մարզադպրոցի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարզադպրոցը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ադիկ Արդարյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ կարգով չի գնահատել Ադիկ Արդարյանի կողմից ներկայացված ազատման հրամանի քաղվածքը և դատարան դիմելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը։ Այսպես` Ադիկ Արդարյանը հայցադիմումին կից ներկայացրել է ազատման հրամանի քաղվածքը (այդ քաղվածքն ազատման օրը պատրաստվել և հանձնվել է միայն նրան և որևէ այլ անձի չի տրամադրվել), որը միանշանակորեն և ուղղակիորեն ապացուցում է ազատման հրամանն Ադիկ Արդարյանի կողմից ստացված լինելու փաստը։

Բացի այդ, Ադիկ Արդարյանն ինքն է Դատարանին միջնորդել վերականգնել դատարան դիմելու բաց թողնված ժամկետը, որը ևս մեկ ուղղակի ապացույց է ազատման հրամանը վերջինիս կողմից ստացված լինելու վերաբերյալ։ Հակառակ դեպքում Ադիկ Արդարյանը նման միջնորդությամբ չէր դիմի Դատարան և չէր ներկայացնի դրա վերաբերյալ պատճառաբանություններ։ Այսպիսով, ակնհայտ է այն հանգամանքը, որ Ադիկ Արդարյանն ստացել է աշխատանքից ազատման հրամանը, սակայն դատարան է դիմել իր իրավունքի իրականացման մեկամսյա ժամկետից հետո։ Հետևաբար, սույն գործի վարույթը ենթակա էր կարճման` որպես դատարանի քննությանը ոչ ենթակա։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2010 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 Մարզադպրոցի վկայակոչած դրույթների պահանջների խախտման վերաբերյալ փաստարկներն անհիմն են, իսկ վճռաբեկ բողոքում չեն հիմնավորվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի պահանջները։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1) Մարզադպրոցի և Ադիկ Արդարյանի միջև 02.05.2006 թվականին կնքված թիվ 6 աշխատանքային պայմանագրի համաձայն` Ադիկ Արդարյանը Մարզադպրոցում ընդունվել է աշխատանքի` որպես մարզիչ-մանկավարժ (հ. 1, գ.թ. 8)։

 2) Մարզադպրոցի տնօրենի 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանի քաղվածքի համաձայն` Ադիկ Արդարյանն ազատվել է աշխատանքից (հ. 1, գ.թ. 51)։

 3) Ադիկ Արդարյանն իր իրավունքների պաշտպանության համար դատարան ներկայացված 11.09.2009 թվականի հայցադիմումում նշել է, որ հայցադիմումին կից ներկայացնում է աշխատանքից ազատելու մասին հրամանը (հ. 1, գ.թ. 3-4)։

 4) Հայցադիմումին կից դատարան ներկայացված միջնորդության համաձայն` Ադիկ Արդարյանը խնդրել է դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բաց թողնելու պատճառները համարել հարգելի և ժամկետը վերականգնել` պատճառաբանելով, որ աշխատանքից ազատելու մասին 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանի պատճենը իրեն չի հանձնվել: Միաժամանակ, միջնորդության մեջ նշվել է. «նախկին աշխատանքում վերականգնվելու մասին ինչպես ես, այնպես էլ իմ մարզիկների ծնողները, իրավասու պաշտոնատար անձինք շարունակ դիմումներ ենք գրել ՀՀ Նախագահին, Վարչապետին, Վանաձորի քաղաքապետին և այլ մարմինների: Վանաձորի քաղաքապետարանից և պատասխանողից ստացվել են հուսադրող պատասխաններ, բայց չեն կատարվել, որի պատճառով ես հուսախաբ եմ եղել և սպասելով բաց եմ թողել դատարան դիմելու մեկամսյա ժամկետը» (հ. 1, գ.թ. 10)։

 5) Վանաձոր քաղաքի ավագանուն ուղղված Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի 28.06.2007 թվականի գրության համաձայն` «Հանրապետության աթլետիկայի մասնագետների և երկրպագուների զայրույթն է առաջացրել տնօրենի հրամանը` ՀՀ վաստակավոր մարզիչ, վաստակավոր աշխատող, դպրոցի հիմնադիր Ադիկ Արդարյանի… աշխատանքից ազատելը» (հ. 1, գ.թ. 13-14)։

 6) Վանաձորի քաղաքապետին հասցեագրված Ադիկ Արդարյանի 09.06.2009 թվականի գրության համաձայն` Ադիկ Արդարյանը հայտնել է հետևյալը. «2007 թվականի հունիսից ազատված եմ աշխատանքից, կենսաթոշակային տարիքի պատճառով» (հ. 1, գ.թ. 17)։

7) Գործի քննության ընթացքում Մարզադպրոցը մինչև վճիռ կայացնելը վկայակոչել և Դատարան է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում գործի վարույթը կարճելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2007 թվականի թիվ 3-608 (ՎԴ) որոշումը և միջնորդել է սույն գործի վարույթը կարճել` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (հ. 1, գ.թ. 92-100)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ։

 ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում։

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը չի կարգավորում մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանության հարցը, սակայն հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դրանով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար, այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին:

Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որևէ դրույթ, ուստի աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ։ Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը։ Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար։

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Ադիկ Արդարյանն աշխատանքից ազատելու մասին 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանը չի ստացել, գտել է, որ նրա կողմից դատարան դիմելու մեկամսյա ժամկետը բաց չի թողնվել, և այն վերականգնելու անհրաժեշտություն չկա:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանն իրավացիորեն հաստատված է համարել աշխատանքից ազատելու մասին հրամանը ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով Ադիկ Արդարյանին հանձնված չլինելու փաստը։

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Մարզադպրոցի տնօրենի 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանով Ադիկ Արդարյանն ազատվել է աշխատանքից և իր իրավունքների պաշտպանության համար դատարան է դիմել 11.09.2009 թվականին։ Հայցադիմումում Ադիկ Արդարյանը նշել է, որ կից ներկայացնում է աշխատանքից ազատելու մասին հրամանը, իսկ հայցադիմումին կից դատարան ներկայացված միջնորդությամբ խնդրել է դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բաց թողնելու պատճառները համարել հարգելի և ժամկետը վերականգնել:

Ավելին, Վանաձոր քաղաքի ավագանուն ուղղված Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի 28.06.2007 թվականի գրության համաձայն` «Հանրապետության աթլետիկայի մասնագետների և երկրպագուների զայրույթն է առաջացրել տնօրենի հրամանը` ՀՀ վաստակավոր մարզիչ, վաստակավոր աշխատող, դպրոցի հիմնադիր Ադիկ Արդարյանի… աշխատանքից ազատելը», իսկ Վանաձորի քաղաքապետին հասցեագրված Ադիկ Արդարյանի 09.06.2009 թվականի գրության համաձայն` Ադիկ Արդարյանը հայտնել է հետևյալը. «2007 թվականի հունիսից ազատված եմ աշխատանքից, կենսաթոշակային տարիքի պատճառով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարան դիմելու մեկամսյա ժամկետի բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելով` Ադիկ Արդարյանն ուղղակիորեն ընդունել է Մարզադպրոցի տնօրենի 13.06.2007 թվականի թիվ 19 հրամանը ստացած լինելու հանգամանքը և հաստատապես համոզված է եղել դատարան դիմելու մեկամսյա ժամկետը բաց թողնելու հարցում։ Հետևաբար, սույն գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Մարզադպրոցի այն պատճառաբանությունը, որ աշխատանքից ազատման հրամանը տրամադրվել է Ադիկ Արդարյանին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ադիկ Արդարյանն իր իրավունքների պաշտպանության համար դատարան է դիմել 11.09.2009 թվականին, այսինքն` բաց է թողել դատարան դիմելու` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը։

Սույն գործի քննության ընթացքում Մարզադպրոցը մինչև վճիռ կայացնելը վկայակոչել և Դատարան է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում գործի վարույթը կարճելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2007 թվականի թիվ 3-608 (ՎԴ) որոշումը և միջնորդել է սույն գործի վարույթը կարճել` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված դատարան դիմելու մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքերում վեճերի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարաններում գործի քննության ժամանակահատվածում ձևավորված իրավակիրառական պրակտիկան` Վճռաբեկ դատարանը գործի վարույթը կարճելու վերաբերյալ Մարզադպրոցի միջնորդությունը դիտում է որպես հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, որը տրվել է մինչև Դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետի լրանալը և Մարզադպրոցի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի ուժով հիմք էր Դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` Ադիկ Արդարյանի հայցը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ