Համարը 
N 5
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2011.03.01/5(388)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
31.01.2011
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.01.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 կառավարությանն առընթեր պետական 

   

ֆինանսների նախարար

 

__________________ Վ. Գաբրիելյան

եկամուտների կոմիտեի նախագահ


__________________ Գ. Խաչատրյան

   

22 հունվարի 2011 թ.

             

 31 հունվարի 2011 թ.  N 5

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «թ» կետի համաձայն (ուժի մեջ է 2011 թվականի հունվարի 1-ից) ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1 հոդվածով սահմանված` հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-րդ հոդվածի դրույթների կիրառման հետ կապված իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերին փոխկապակցված համարելու (նրանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չկիրառելու) հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում ենք.

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` սույն պարզաբանման իմաստով` Օրենք) 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը:

Օրենքի այս դրույթի հիմքով իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը հարկման նպատակով դիտվում է փոխկապակցված իրավաբանական անձին և, հետևաբար, նրանց (իրավաբանական անձի և ֆիզիկական անձի) նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում, եթե իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ հանդիսացող կամ միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող ֆիզիկական անձը միաժամանակ համարվում է անհատ ձեռնարկատեր: Այն դեպքում, երբ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ հանդիսացող կամ միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող ֆիզիկական անձը անհատ ձեռնարկատեր չի հանդիսանում, ապա ինքնին իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ հանդիսանալը տվյալ իրավաբանական անձին չի զրկում ԱԱՀ-ի շեմը կիրառելու հնարավորությունից:

Սույն կետի կիրառության իմաստով, անձին կառավարման մարմնի անդամ կամ միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ համարելու համար հիմք է ընդունվում նրա և իրավաբանական անձի միջև տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն իրավաբանական անձի փոխկապակցված անձ է համարվում անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը:

Միաժամանակ, Օրենքի 11.1-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունով սահմանված դեպքում հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

Հետևաբար, օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության հիմքով հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված և նրանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում միայն հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` այդ որոշումը ստանալու պահից:

3. Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն` իրավաբանական անձին փոխկապակցված անձինք են համարվում`

- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկվող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Միաժամանակ, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն, ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում`

- այն կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որին պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը և ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) կամ

- այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը և ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ պարբերությունների, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի տարաբնույթ կիրառումը բացառելու նպատակով ընդունվում է, որ այդ հիմքերով ԱԱՀ-ի շեմը չկիրառելու համար անհրաժեշտ է առաջնորդվել միայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «գ» և «դ» կետերով:

4. Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն իրավաբանական անձի փոխկապակցված անձ է համարվում անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Միաժամանակ, Օրենքի 11.1-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությունով սահմանված դեպքում հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

Հետևաբար, օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության հիմքով հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված և նրանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում միայն հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` այդ որոշումը ստանալու պահից:

5. Օրենքի 11.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձ է համարվում անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատերը:

Միաժամանակ, Օրենքի 11.1-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն Օրենքի 11.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված դեպքում հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

Հետևաբար, օրենքի 11.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության հիմքով հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված և նրանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում միայն հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` այդ որոշումը ստանալու պահից:

6. Օրենքի 11.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձ է համարվում իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկվող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Միաժամանակ, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն, ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում`

- այն կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որին պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը և ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) կամ

- այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը և ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի տարաբնույթ կիրառումը բացառելու նպատակով ընդունվում է, որ այդ հիմքերով ԱԱՀ-ի շեմը չկիրառելու համար անհրաժեշտ է առաջնորդվել միայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «գ» և «դ» կետերով:

7. Օրենքի 11.1-րդ հոդվածի վերջին երկու պարբերությունների համաձայն` իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված նաև այն դեպքերում, երբ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից: Միաժամանակ, անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու դեպքում հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

Հետևաբար, անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով հարկ վճարողները ճանաչվում են փոխկապակցված և նրանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում միայն հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` այդ որոշումը ստանալու պահից:

Սույն պարզաբանման 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու դեպքերում մինչև հարկային մարմնի ղեկավարի որոշումը ստանալը (մինչև ԱԱՀ վճարող համարվելը) ընկած ժամանակահատվածի համար հարկային պարտավորությունների վերահաշվարկներ չեն կատարվում: