Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.7
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.05.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.05.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ/0647/02/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0647/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0647/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Խառատյան

Դատավորներ` Կ. Չիլինգարյան
                                  Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արշակ Ափոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ներսես Պողոսյանի ընդդեմ Արամ Միլիտոնյանի, Արթուր Ասրիյանի, Սպարտակ Կարապետյանի` ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու, գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, և ըստ հայցի Ներսես Պողոսյանի ընդդեմ Արշակ Ափոյանի և Սպարտակ Կարապետյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ներսես Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Արամ Միլիտոնյանի հետ 09.12.2008 թվականին կնքված «Պորշ-Կայեն» մակնիշի 41 ԼԼ 777 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը, Արամ Միլիտոնյանի և Արթուր Ասրիյանի միջև 17.12.2008 թվականին կնքված նույն ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը, Արթուր Ասրիյանի և Սպարտակ Կարապետյանի միջև 18.12.2008 թվականին կնքված նույն ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել գործարքի անվավերության հետևանքներ` վերադարձնելով ավտոմեքենան:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2009 թվականի որոշմամբ Սպարտակ Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Դիմելով դատարան` Ներսես Պողոսյանը պահանջել է նաև անվավեր ճանաչել Սպարտակ Կարապետյանի և Արշակ Ափոյանի միջև 10.08.2009 թվականին կնքված «Պորշ-Կայեն» մակնիշի 19 ՏՍ 524 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2010 թվականի որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.07.2010 թվականի վճռով հայցերը բավարարվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2010 թվականի որոշմամբ Արշակ Ափոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.07.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արշակ Ափոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը, 301-րդ հոդվածի 1-ին կետը, 305-րդ և 476-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ փաստելով, որ «Սպարտակ Կարապետյանը չի կարող հանդիսանալ բարեխիղճ ձեռք բերող, քանզի «Պորշ-Կայեն» մակնիշի 41 ԼԼ 777 պետական համարանիշի ավտոմեքենան սեփականատիրոջ` Ներսես Պողոսյանի տիրապետումից դուրս է եկել վերջինիս կամքից անկախ, այն է` Արամ Միլիտոսյանի կողմից առանց Ներսես Պողոսյանին ավտոմեքենայի գինը վճարելու, որն էլ այն վաճառել է երրորդ անձանց», անտեսել է, որ վիճելի ավտոմեքենան սեփականատիրոջից ձեռք է բերվել հատուցմամբ, բարեխղճորեն և տիրապետվում է Արշակ Ափոյանի կողմից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել նաև այն հանգամանքին, որ վերոնշյալ ավտոմեքենան Ներսես Պողոսյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքով` նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրի հիման վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցերը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ներսես Պողոսյանը 09.12.2008 թվականին «Պորշ-Կայեն» մակնիշի 41 ԼԼ 777 պետհամարանիշի (նույնացման համար` WP1AA29P65LA25650) ավտոմեքենան վաճառել է Արամ Միլիտոնյանին (հատոր 1-ին, գ. թ. 9, հատոր 3-րդ, գ. թ. 21):

2. Արամ Միլիտոնյանը 17.12.2008 թվականին «Պորշ-Կայեն» մակնիշի 18 ԼՍ 062 պետհամարանիշի (նույնացման համար` WP1AA29P65LA25650) ավտոմեքենան վաճառել է Արթուր Ասրիյանին (հատոր 1-ին, գ. թ. 19, հատոր 3-րդ, գ. թ. 22):

3. 18.12.2008 թվականին տրված ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման SD080228 վկայագրի համաձայն`«Պորշ-Կայեն» մակնիշի 18 ՕՏ 923 պետհամարանիշի (նույնացման համար` WP1AA29P65LA25650) ավտոմեքենայի սեփականատերն է Արթուր Ասրիյանը (հատոր 1-ին, գ. թ. 10, հատոր 3-րդ, գ. թ. 25):

4. Արթուր Ասրիյանը 18.12.2008 թվականին «Պորշ-Կայեն» մակնիշի 18 ՕՏ 923 պետհամարանիշի (նույնացման համար` WP1AA29P65LA25650) ավտոմեքենան վաճառել է Սպարտակ Կարապետյանին (հատոր 1-ին, գ. թ. 18, հատոր 3-րդ, գ. թ. 23):

5. 14.07.2009 թվականին տրված ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման SE019818 վկայագրի համաձայն`«Պորշ-Կայեն» մակնիշի 19 ՏՍ 524 պետհամարանիշի (նույնացման համար` WP1AA29P65LA25650) ավտոմեքենայի սեփականատերն է Սպարտակ Կարապետյանը (հատոր 2-րդ, գ. թ. 30):

6. Սպարտակ Կարապետյանը 10.08.2009 թվականին «Պորշ-Կայեն» մակնիշի 19 ՏՍ 524 պետհամարանիշի ավտոմեքենան (նույնացման համար` WP1AA29P65LA25650) վաճառել է Արշակ Ափոյանին (հատոր 2-րդ, գ. թ. 30):

7. Արշակ Ափոյանի կողմից 10.08.2009 թվականին ավտոմեքենան հաշվառելու մասին Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման պետին հասցեագրված դիմումի` ոստիկանության ծառայողի եզրակացությունը բաժնում կատարված գրառման համաձայն` «Ավտոմեքենան ստուգված է և ենթակա է հաշվառման» (հատոր 2-րդ, գ. թ. 30):

8. Բանկի և Արշակ Ափոյանի միջև 21.08.2009 թվականին կնքված թիվ 214448 անհատական վարկավորման պայմանագրի 1.1 կետի համաձայն` Արշակ Ափոյանին միանվագ տրամադրվել է վարկ` 5.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ պայմանագրի 3-րդ կետի համաձայն` վարկառուին տրամադրված վարկի վերադարձնելիությունը ապահովված է 2005 թվականի արտադրության «Պորշ-Կայեն» մակնիշի ավտոմեքենայի (նույնացման համար` WP1AA29P65LA25650) թիվ 1C132485 գրավի պայմանագրով և «Է. Գ. Ս.» ՍՊԸ-ի երաշխավորությամբ (հատոր 2-րդ, գ. թ. 30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Վերաքննիչ դատարանը դատական ակտն անփոփոխ թողնելու հիմքում դրել է նաև այն հիմնավորումը, որ «Սպարտակ Կարապետյանը չի կարող հանդիսանալ բարեխիղճ ձեռք բերող, քանզի «Պորշ-Կայեն» մակնիշի 41 ԼԼ 777 պետական համարանիշի ավտոմեքենան սեփականատիրոջ` Ներսես Պողոսյանի տիրապետումից դուրս է եկել վերջինիս կամքից անկախ, այն է` Արամ Միլիտոսյանի կողմից առանց Ներսես Պողոսյանին ավտոմեքենայի գինը վճարելու, որն էլ այն վաճառել է երրորդ անձանց»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առուվաճառքի պայմանագրի կնքման դեպքում օտարված գույքի համար ձեռք բերողի կողմից չվճարելը չի կարող վկայել տվյալ գույքի` սեփականատիրոջ տիրապետումից նրա կամքից անկախ դուրս գալու մասին:

Սույն քաղաքացիական գործով Ներսես Պողոսյանը, 09.12.2008 թվականին կնքված նոտարական վավերացում ստացած առուվաճառքի պայմանագրով «Պորշ-Կայեն» մակնիշի 41 ԼԼ 777 պետհամարանիշի ավտոմեքենան վաճառելով Արամ Միլիտոնյանին, իր կամքով փոխանցել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը: Հետևաբար, այն հանգամանքը, որ Արամ Միլիտոնյանը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունը, այն է` չի վճարել «Պորշ-Կայեն» մակնիշի 41 ԼԼ 777 պետհամարանիշի ավտոմեքենայի ամբողջ արժեքը, չի կարող հիմք հանդիսանալ գույքը Ներսես Պողոսյանի տիրապետումից իր կամքից անկախ դուրս գալու փաստը հաստատված համարելու համար:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով´օրենքով նախատեսված դեպքերի: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն´ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից´բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:

Եվրոպական դատարանն իր նախադեպերից մեկում նշել է. «Պետությունը կարող է (...) կրել պատասխանատվություն, առաջին հոդվածի տեսանկյունից, մասնավոր անձանց միջև կնքված գործարքներից բխող սեփականության իրավունքի իրականացմանը միջամտելու համար» (տե՛ս Գուստաֆսոնն ընդդեմ Շվեդիայի գործով 25.04.1996 թվականի վճռի կետ 60):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով սահմանված սեփականության անձեռնմխելիության իրավունքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար´ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված´ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ´ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն´յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` Ներսես Պողոսյանի հայցերը մերժել:

2. Ներսես Պողոսյանից հօգուտ Արշակ Ափոյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան