Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.30
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.07.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.07.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՆԴ/0461/02/10
ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0461/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0461/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝  Ն. Տավարացյան
                                    Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ելենա Ավետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արտակ Գալստյանի ընդդեմ Հարություն Դրիգոյի՝ սեփականության իրավունքը ճանաչելու և պետական գրանցում կատարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտակ Գալստյանը պահանջել է Հարություն Դրիգոյին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Զաքյան փողոցի 8-րդ շենքի թիվ 18 բնակարանի և ձեղնահարկի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը և կատարել պետական գրանցում:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.04.2010 թվականի վճռով հաստատվել է Արտակ Գալստյանի և Հարություն Դրիգոյի միջև 07.04.2010 թվականին կնքված հաշտության համաձայնությունը և գործի վարույթը կարճվել է: Վճիռը հրապարակման պահից հայտարարվել է օրինական ուժի մեջ մտած:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.03.2011 թվականի որոշմամբ Դատարանի 26.04.2010 թվականի վճռի դեմ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.04.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ելենա Ավետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտակ Գալստյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 09.07.2010 թվականի որոշմամբ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, որը ստորագրվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանի, դատավորներ Ամրահի Պետրոսյանի և Աստղիկ Խառատյանի կողմից: Նշված կազմով Վերաքննիչ դատարանը 05.08.2010 թվականին, 21.10.2010 թվականին հրավիրել է դատական նիստեր, իսկ 04.11.2010 թվականին հրավիրված դատական նիստում պետք է հրապարակվեր դատական ակտը: Սակայն 04.11.2010 թվականի դատական նիստում հայտարարվել է, որ դատարանի կազմում տեղի է ունեցել փոփոխություն և դատավոր Աստղիկ Խառատյանի փոխարեն դատարանի կազմում ընդգրկվել է դատավոր Նախշուն Տավարացյանը, որի հիմքով գործի քննությունը վերսկսվել է: Նույն դատական նիստի ընթացքում հայտարարվել է, որ դատական ակտը կհրապարակվի 21.03.2011 թվականին:

21.03.2011 թվականին դատական ակտը հրապարակվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ Ամրահի Պետրոսյան և Նախշուն Տավարացյան կազմով, սակայն որոշումը ստանալուց հետո պարզվել է, որ դատավոր Նախշուն Տավարացյանի փոխարեն այն ստորագրել է դատավոր Տարոն Նազարյանը:

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետը, 279-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը, հաստատելով հաշտության համաձայնությունը, չի պարզել թե արդյոք դրանով կարող են խախտվել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, թե ոչ: Դա այն դեպքում, երբ վիճելի բնակարանը 2005 թվականին ձեռք է բերվել ամուսիններ Կարեն և Ելենա Ավետյանների կողմից, որոնց ամուսնությունը գրանցվել է 24.11.1981 թվականին: Միայն 2009 թվականի մարտ ամսին Կարեն Ավետյանը փաստացի ամուսնալուծվել է Ելենա Ավետյանից և տեղափոխվել է այլ հասցե, իսկ Ելենա Ավետյանը զավակների հետ միասին մինչ օրս բնակվում է վիճելի հասցեում: Այսինքն՝ վիճելի գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում և դրա 1/2-րդ մասի սեփականատերն օրենքի ուժով Ելենա Ավետյանն է, անկախ իրավունքի պետական գրանցումից:

Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել ու չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին: Ավելին, Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից, քննարկման առարկա է դարձրել Հարություն Դրիգոյի և Կարեն Ավետյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի իրավաչափության հարցը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործի նախապատրաստական փուլում Հարություն Դրիգոն համաձայնվել է պարտքի դիմաց Արտակ Գալստյանին զիջել Երևանի Զաքյան փողոցի 8-րդ շենքի թիվ 18 բնակարանը և ձեղնահարկը, որը նոտարական կարգով վավերացված 04.05.2010 թվականի առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հարություն Հովհաննիսյանին: Վերջինիս անունով կատարվել է իրավունքի պետական գրանցում և տրվել է թիվ 2694808 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Տվյալ դեպքում, եթե Ելենա Ավետյանն իրականում չի իմացել իր բնակարանի օտարման մասին, որն ըստ բողոք բերող անձի 2005 թվականին ձեռք է բերվել իր և ամուսնու՝ Կարեն Ավետյանի կողմից, և սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրվել է միայն Կարեն Ավետյանի անվամբ, ապա Կարեն Ավետյանը պետք է կրի ամբողջ պատասխանատվությունը: Այսինքն՝ Արտակ Գալստյանը տեղյակ չի եղել ու որևէ կապ չունի նույն բնակարանի վերաբերյալ նախկինում կատարված գործարքների հետ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. 06.07.2010 թվականի մակագրության թերթիկի համաձայն՝ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքի քննությունը հանձնարարվել է Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ՝ Աստղիկ Խառատյան, Ամրահի Պետրոսյան (գ.թ. 50):

2. Վերաքննիչ դատարանը՝ նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ՝ Աստղիկ Խառատյան, Ամրահի Պետրոսյան կազմով, 09.07.2010 թվականի որոշմամբ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ (գ.թ. 79):

3. Նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանը 10.03.2011 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին խնդրել է թիվ ԵԱՆԴ/0461/02/10 քաղաքացիական գործով դատարանի կազմում ընդգրկված դատավոր Աստղիկ Խառատյանի արձակուրդում գտնվելու կապակցությամբ դատարանի կազմում ընդգրկել մեկ այլ դատավորի (գ.թ. 136):

4. Վերաքննիչ դատարանի նախագահի 10.03.2011 թվականի մակագրության թերթիկի համաձայն՝ դատավոր Աստղիկ Խառատյանի փոխարեն դատարանի կազմում ընդգրկվել է դատավոր Նախշուն Տավարացյանը (գ.թ. 135):

5. 10.03.2011 թվականին քաղաքացիական գործը քննվել և 21.03.2011 թվականի որոշումը հրապարակվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ Նախշուն Տավարացյան, Ամրահի Պետրոսյան կազմով (գ.թ. 137-139):

6. 21.03.2011 թվականի որոշումը ստորագրվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանի, դատավորներ Տարոն Նազարյանի, Ամրահի Պետրոսյանի կողմից (գ.թ. 142):

7. Գործում առկա չէ ապացույց դատավոր Տարոն Նազարյանին դատարանի կազմում ընդգրկելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.

2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.

4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

5) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 06.07.2010 թվականի մակագրության թերթիկի համաձայն՝ Ելենա Ավետյանի բերած վերաքննիչ բողոքի քննությունը հանձնարարվել է Վերաքննիչ դատարանի հետևյալ կազմին՝ նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ՝ Աստղիկ Խառատյան, Ամրահի Պետրոսյան: Վերաքննիչ դատարանը նշված կազմով 09.07.2010 թվականի որոշմամբ Ելենա Ավետյանի վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ: Այնուհետև 10.03.2011 թվականին նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին խնդրել է թիվ ԵԱՆԴ/0461/02/10 քաղաքացիական գործով դատարանի կազմում ընդգրկված դատավոր Աստղիկ Խառատյանի արձակուրդում գտնվելու կապակցությամբ դատարանի կազմում ընդգրկել մեկ այլ դատավորի: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի 10.03.2011 թվականի մակագրության թերթիկի համաձայն՝ դատավոր Աստղիկ Խառատյանի փոխարեն դատարանի կազմում ընդգրկվել է դատավոր Նախշուն Տավարացյանը: 10.03.2011 թվականին քաղաքացիական գործը քննվել և 21.03.2011 թվականի որոշումը հրապարակվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյան, դատավորներ Նախշուն Տավարացյան, Ամրահի Պետրոսյան կազմով, սակայն դատական ակտը ստորագրվել է նախագահող դատավոր Կարեն Չիլինգարյանի, դատավորներ Տարոն Նազարյանի, Ամրահի Պետրոսյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը ստորագրել է ոչ այն դատավորը, որն այն կայացրել է: Մասնավորապես՝ դատավոր Տարոն Նազարյանը չի կայացրել բողոքարկվող որոշումը, քանի որ ընդգրկված չէր դատարանի կազմում: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ գործում առկա չէ դատավոր Տարոն Նազարյանին դատարանի կազմում ընդգրկելու մասին որևէ ապացույց:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Եվրոպական դատարանը Պոսոխովն ընդդեմ Ռուսաստանի գործով նշել է, որ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը վերաբերում է ոչ միայն դատարանի օրենքի ուժով ստեղծված լինելու հանգամանքին, այլ նաև դատարանի կազմի օրինական լինելուն (տես՝ Պոսոխովն ընդդեմ Ռուսաստանի Եվրոպական դատարանի 04.06.2003 թվականի վճիռը, գանգատ 63486/00, կետ 39, Բուսկարինին ընդդեմ Սան Մարինո Եվրոպական դատարանի 04.05.2000 թվականի վճիռը, գանգատ 31657/96):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով մի դատական ակտ, որն ստորագրվել է ոչ այն դատավորի կողմից, որն այն կայացրել է, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի գործել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված օրենքի հիման վրա ստեղծված դատարանի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության իրավունքի երաշխավորման համար անհրաժեշտ են մի շարք պահանջներ, որոնց պետք է բավարարի վեճը քննող դատական մարմինը: Այդ պահանջներից մեկն էլ այն է, որ դատարանը պետք է ստեղծված լինի օրենքի հիման վրա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջը սերտորեն կապված է դատարանի կազմավորման ընթացակարգի հետ, որը պետք է համապատասխանի օրենքին (տես՝ «Ինժգլոբալ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Համլետ Հովակիմյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելն արգելելը մասնակի վերացնելու մասին» 2007 թվականի օգոստոսի 14-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ 3-96 (ՎԴ) որոշումը):

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում նշված դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտված լինելու վերաբերյալ հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի խախտված լինելու պայմաններում դրանց չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան