Համարը 
N 1901-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.01.25/5(879) Հոդ.57
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.06.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1901-Ն

 

ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 16

Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1901-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան՝ սույն կարգով սահմանվում է ռոյալթի վճարողների կողմից`

1) հանքարդյունաբերության արտադրանքի` մետաղի խտանյութի (այսուհետ` խտանյութ) իրացումից հասույթի հաշվարկման կարգը.

2) խտանյութի փոխարեն ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի, վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանք (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացվելու դեպքում իրացումից հասույթի հաշվարկման կարգը:

2. Օրենքին համապատասխան՝ ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում ռոյալթի վճարողի կողմից մատակարարված արտադրանքի իրացումից հասույթն առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` իրացումից հասույթ), որը ռոյալթի վճարողների կողմից հաշվարկվում է սույն կարգին համապատասխան:

3. Ռոյալթիի հաշվարկման համար իրացումից հասույթը որոշվում է հաշվեգրման եղանակով, ինչը նշանակում է, որ մատակարարված արտադրանքը համարվում է իրացված և եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է ռոյալթի վճարողին անվերապահ վճարման (հատուցման), կամ ռոյալթի վճարողը կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս:

4. Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացումից հասույթը հաշվարկվում է հետևյալ կարգով`

1) մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` մատակարարման պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացումից հասույթի հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

2) որպես մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գին հիմք է ընդունվում մատակարարված խտանյութի համար մատակարարի և գնորդի միջև կնքված խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրի գինը: Եթե խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացումից հասույթի հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալի գին հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը` առանց ավելացված արժեքի հարկի.

3) ռոյալթիի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված (անկախ մատակարարման պայմաններից) խտանյութի իրացումից հասույթ է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ֆիզիկական ծավալի համար մատակարարի և գնորդի միջև կնքված արտադրանքի մատակարարման պայմանագրով որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) պայմանագրի գինը, հաշվի առնելով, որ`

ա. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի երկու տոկոսը,

բ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացումից հասույթի նվազեցումները (այդ թվում՝ մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում.

4) խտանյութի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիների հաշվարկ-հաշվետվություններում):

5. Ձուլվածքի իրացումից հասույթը հաշվարկվում է հետևյալ կարգով`

1) ռոյալթի վճարողի համար ձուլվածքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` ձուլվածքի մատակարարման պայմանագրին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի կշիռը` արտահայտված տոննաներով.

2) հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն (խտանյութի ֆիզիկական ծավալ) է համարվում ձուլվածքի մեկ տոննայի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը.

3) ձուլվածքի իրացումից հասույթը հաշվարկվում է ելնելով մատակարարված ձուլվածքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված` գինը:

6. Ռոյալթի վճարողի կողմից խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` վերջնական արտադրանք) իրացումից հասույթը հաշվարկվում է հետևյալ կարգով`

1) ռոյալթի վճարողի վերջնական արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` արտադրանքի մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված բոլոր մետաղների կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.

2) վերջնական արտադրանքում յուրաքանչյուր մետաղի համար ռոյալթիի հաշվարկման իմաստով հիմք է ընդունվում տվյալ մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալ), որը ծախսվել է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար.

3) վերջնական արտադրանքի իրացումից հասույթը հաշվարկվում է ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված` գինը:

7. Իրացումից հասույթի որոշման նպատակով առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում այդ արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը` գրամներով կամ տոննաներով, որը սույն կարգի կիրառման իմաստով ընդունվում է որպես խտանյութի ֆիզիկական ծավալ:

Սույն կետով նախատեսված արտադրանքի իրացման դեպքում իրացումից հասույթը հաշվարկվում է ելնելով մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութի միջազգային միջին գները` հիմք ընդունելով ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված` գինը:

 8. Սույն կարգում նշված այն դեպքերում, երբ մատակարարման պայմանագրերում մատակարարվող արտադրանքի գներն արտացոլված են արտարժույթով, ապա մատակարարված արտադրանքի իրացումից հասույթի հաշվարկման համար հիմք է ընդունվում արտադրանքի սեփականության իրավունքի փոխանցման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը, իսկ այն դեպքերում, երբ պայմանագրերից հնարավոր չէ որոշել արտադրանքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու պահը, ապա հիմք է ընդունվում արտահանվող արտադրանքի համար` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում հայտարարագրման օրվա դրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող արտադրանքի համար` համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը:

9. Սույն կարգի կիրառման իմաստով խտանյութի միջազգային գին է համարվում խտանյութում պարունակվող մետաղների համար ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված` գները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան