Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.37
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
08.06.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
08.06.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ/0204/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՍԴ/0204/01/11

Գործ թիվ ՍԴ/0204/01/11

Նախագահող դատավոր՝ Ս. Ավետիսյան

     Դատավորներ` Ա. Հովհաննիսյան

                   Ա. Խաչատրյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

 

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

2012 թվականի հունիսի 8-ին

Երևան քաղաքում 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ դատախազ Գ.Մաիլյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հունիսի 14-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90502211 քրեական գործը:

2011 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Սրապիոն Ազատի Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

2. 2011 թվականի հուլիսի 13-ին թիվ 90502211 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանը արագացված դատական քննության կարգի կիրառմամբ 2011 թվականի օգոստոսի 3-ի դատավճռով ամբաստանյալ Սրապիոն Ազատի Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել կալանքի 3 (երեք) ամիս ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով մասնակիորեն բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և իր նկատմամբ պատիժ նշանակել կալանք՝ 15 (տասնհինգ) օր ժամկետով կամ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պայմանականորեն չկիրառել:

Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է, Ս.Հովհաննիսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 36-րդ հոդվածի հիմքով ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման դեմ Գորիսի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գ.Մաիլյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Մեղադրական եզրակացության համաձայն՝ «(...) Սրապիոն Ազատի Հովհաննիսյանը 2011թ. հունիսի 6-ին` ժամը 21:30-ի սահմաններում, գումարտակի լվացարանում ձեռքերով ջուր է լցրել նույն գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Նազարի Ալավերդյանի վրա, վերջինս պահանջել է, որպեսզի Ս.Հովհաննիսյանը նման կատակ չանի, սակայն Ս.Հովհաննիսյանը չի ընդունել պահանջը և խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում սկսել է վիճաբանել Վ.Ալավերդյանի հետ, այնուհետև ծեծի ենթարկել` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:

(...)

Վ.Ալավերդյանն իր ցուցմունքում նշել է նաև, որ դեպքից հետո իրեն է հանդիպել Ս.Հովհաննիսյանը, ներողություն խնդրել, ինքը ներել է նրան և որևէ բողոք չունի:

(...)

Այսինքն` Սրապիոն Ազատի Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: (...)» (տե՛ս Քրեական գործ, էջեր 65, 67 և 68):

Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանը, ընդունելով տուժող Վ.Ալավերդյանին ծեծի ենթարկելու փաստը և զղջալով դրա համար` հայտնել է, որ դեպքը կատարվել է գումարտակի լվացարանում իրենց կարգի բերելու ժամանակ, ինքը կատակ անելով տուժողի վրա ջուր է լցրել, ինչը պատճառ է հանդիսացել միմյանց քաշքշելու և վիճաբանելու համար, որի ընթացքում խփել է Վ.Ալավերդյանին, սակայն իր արարքով նպատակ չի ունեցել խախտել կանոնագրքային կանոնները: Այդ պահին լվացարանում եղել են իրենք երկուսով, այլ զինծառայողներ չեն եղել: Դեպքից կես ժամ անց իրենք հաշտվել են, քանի որ ընկերներ են: Ամբաստանյալը հայտնել է նաև այն մասին, որ արարքը կատարելու պահին ո՛չ ինքը, ո՛չ տուժողը ծառայողական պարտականություններ կատարելիս չեն եղել և որևէ տեսակի վերակարգի մեջ չեն գտնվել (տե՛ս Քրեական գործ, էջ 179):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

6. Ըստ բողոքաբերի, սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքը, այն է՝ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել ծանր հետևանքներ:

7. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է նաև, որ դուրս գալով վերաքննիչ բողոքի սահմաններից` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ, 9-րդ, 10-րդ, 18-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածների պահանջները:

8. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա հետևությունները հիմնված չեն ո՛չ ՀՀ գործող օրենսդրության, ո՛չ գործի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք վերլուծության վրա: Վկայակոչելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 8-րդ հոդվածը՝ բողոքաբերը փաստարկել է, որ զորամասում գտնվելու ժամանակահատվածում զինծառայողները գտնվում են զինվորական ծառայողական պարտականությունների մեջ, ինչը ենթադրում է, որ ցանկացած հակաօրինական գործողություն, որը որևէ կերպ կապված է զինծառայողի զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ, հանդիսանում է անմիջական միջամտություն զինվորական ծառայության կարգին, հետևաբար ուղղակի կամ անուղղակի միտված է կարգապահական խախտման կամ հանցագործության հիմնական (կամ լրացուցիչ) օբյեկտին` զինվորական ծառայության կարգին: Բողոք բերած անձի գնահատմամբ զինծառայողի կողմից այլ զինծառայողի նկատմամբ կիրառված բռնությունը կամ պատվի և արժանապատվության ստորացումը և նվաստացումն անմիջականորեն կարող են ոտնահարել (ոտնահարում են) զինվորական ծառայության կարգը, քանի որ զինծառայողին հասցված ֆիզիկական վնասը զինվորական ստորաբաժանման մարտունակության և պաշտպանողականության անկման չափանիշ է՝ նկատի ունենալով, որ սպառնալիքի, պատվի և արժանապատվության նվաստացման կամ անմիջական ֆիզիկական ներգործության արդյունքում տուժողի մոտ առաջանում է ոչ միայն անձնական թերարժեքության, անվստահության զգացում, այլև ընդհանրապես փոխվում է իր վերաբերմունքը զինվորական ծառայության նկատմամբ:

Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ զինծառայողը, գտնվելով զորամասում, արդեն իսկ կրում և իրացնում է զինծառայողի կարգավիճակից բխող իրավունքներ և պարտականություններ, հետևաբար վերջինիս գործողությունները ցանկացած պարագայում կանոնակարգվում են զինվորական ներքին կամ այլ կանոնագրքերով:

Վկայակոչելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածը, ինչպես նաև վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ բաժնում սահմանված՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ զինծառայողների ընդհանուր պարտականությունները ևս հանդիսանում են զինծառայողների կանոնադրային փոխհարաբերությունների հիմքը, և դրանց չպահպանումն ուղղակիորեն հանդիսանում է կանոնադրային հարաբերությունների խախտում:

9. Անդրադառնալով ամբաստանյալին մեղսագրված արարքի սուբյեկտիվ կողմին՝ բողոքաբերը նշել է, որ զինակցի նկատմամբ բռնություն գործադրող զինծառայողը գիտակցում է, որ խախտում է զինվորական ծառայության կանոնակարգերով սահմանված՝ զինծառայողների միջև փոխհարաբերությունները և ցանկանում կամ գիտակցաբար թույլ է տալիս դրանք: Բողոք բերած անձի գնահատմամբ նման դեպքում շարժառիթը կարող է կապված լինել ինչպես զինվորական ծառայողական պարտականությունների կատարման, այնպես էլ ցանկացած այլ հանգամանքի հետ, որը որևէ կերպ (այդ թվում՝ անուղղակիորեն) ոտնահարում է զինծառայողների կանոնադրային հարաբերությունների բովանդակությունն ու բնույթը:

10. Շարադրված փաստարկների հիման վրա բողոքաբերը եզրակացություն է արել այն մասին, որ սույն գործով ամբաստանյալը, ոտնձգելով զինծառայողի առողջության, պատվի ու արժանապատվության դեմ, ուղղակիորեն ոտնձգել է նաև զինծառայողների կանոնադրային փոխհարաբերությունների դեմ՝ խախտելով զինվորական ծառայության սահմանված կարգը: Ուստի, բողոք բերած անձի գնահատմամբ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխում նախատեսված` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն:

11. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 3-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում») կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

 

I. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի արարքը ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»):

14. ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից,

3) զենք կամ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով,

4) անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքի համար, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ այս հանցագործության հիմնական օբյեկտ է հանդիսանում զինվորական կանոնագրքերում ամրագրված` ենթակայության տակ չգտնվող զինծառայողների փոխհարաբերությունների կարգը, իսկ լրացուցիչ օբյեկտ է զինծառայողների առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը:

15. Ենթակայության տակ չգտնվող զինծառայողների փոխհարաբերությունների կարգը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, զինվորական կանոնադրություններով, կանոնագրքերով, ենթաօրենսդրական ակտերով, պետերի (հրամանատարների) հրամաններով սահմանված զինվորական ծառայության կարգի տարատեսակ և դրա խախտումը դրսևորվում է ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով արգելված արարք(ներ)ի կատարմամբ, այլև զինվորական ծառայությունից բխող հատուկ վարքագծի կանոնների խախտմամբ: Այլ խոսքով՝ ենթակայության տակ չգտնվող զինծառայողների փոխհարաբերություններին կարող է վնաս պատճառվել այնպիսի գործողությամբ կամ անգործությամբ, որը զուգորդվել է զինծառայողի վարքագծի հատուկ կանոնների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով երկօբյեկտ հանցակազմերի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակազմի հիմնական օբյեկտին վնաս հասցնելը հնարավոր է լրացուցիչ օբյեկտին, տվյալ դեպքում` տուժողի առողջությանը, պատվին ու արժանապատվությանը վնաս հասցնելու միջոցով: Դրա հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ, որ տուժողի առողջությանը, պատվին ու արժանապատվությանը վնաս հասցնելը ինքնին չի նշանակում, որ հանցավորի արարքն ուղղված է եղել հիմնական օբյեկտի` զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ: Կոնկրետ դեպքում արարքը կարող է ուղղված լինել անձի առողջության, նրա պատվի ու արժանապատվության դեմ` որպես հանցագործության հիմնական օբյեկտի:

Հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ`

ա) զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելը,

բ) զինծառայողին ծաղրուծանակի կամ հալածանքի ենթարկելը,

գ) զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով արգելված արարքները կարող են կատարվել ինչպես զորամասի տարածքում, այնպես էլ դրանից դուրս, ծառայության կամ հանգստի, մշակութային, սպորտային միջոցառումների ժամանակ, աշխատանքի վայրում կամ գործուղման մեջ, բուժհիմնարկում գտնվելիս և այլն:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտը հատուկ է: Որպես այդպիսին հանդես են գալիս ՀՀ զինված ուժերում, ՀՀ այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայություն անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ՝ զինապարտները:

Տվյալ հանցագործության սուբյեկտ կարող են լինել շարքային, սերժանտական (ավագային) կազմի այն զինծառայողները, ինչպես նաև այն ենթասպաներն ու սպաները, ովքեր ստորադասության հարաբերությունների մեջ չեն գտնվում տուժողի հետ, այսինքն՝ ծառայության բերումով և կոչումով նրա պետը կամ ենթական չեն համարվում: Նրանք կարող են լինել ծառայական դրությամբ (պաշտոնով) և զինվորական կոչումով միմյանց հավասար, ինչպես նաև կրտսեր կամ ավագ զինվորական կոչումով, եթե չեն գտնվում ստորադասության հարաբերությունների մեջ:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Զինծառայողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանք օգտվում են հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներից և ազատություններից` հաշվի առնելով գործող օրենսդրությամբ սահմանված զինվորական ծառայության պայմաններից բխող սահմանափակումները: Նրանց վրա դրվում են սահմանադրական, այլ համաքաղաքացիական պարտականություններ, ինչպես նաև ընդհանուր, ծառայության և հատուկ պարտականություններ՝ սահմանված զինվորական ծառայության պայմաններով»:

17. Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Այսինքն` հանցավորը գիտակցում է, որ խախտում է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգով սահմանված կարգը, ծառայության դրությամբ և զինվորական կոչումով իր հետ հավասար զինծառայողի նկատամամբ կատարում է բռնի գործողություններ և ցանկանում է վտանգավոր հետևանքների առաջացումը: Միաժամանակ, իր գործողությունների հետևանքի նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսևորվել, ինչպես ուղղակի և անուղղակի դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ նշված հանցակազմի շարժառիթները կարող են տարբեր լինել (օրինակ՝ խուլիգանական դրդումներ, զինվորական ծառայության նկատմամբ տուժողի վերաբերմունքից դժգոհություն, անձնական հակակրանք, մյուս զինծառայողներին իր ազդեցության տակ պահելու, նրանց հանդեպ իր թվացյալ գերազանցությունը հաստատելու ցանկություն և այլն):

18. Սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինծառայողի կողմից մեկ այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելը կամ սույն որոշման 15-րդ կետում թվարկված արարքներից որևէ մեկը կատարելը կարող է որակվել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով արգելված հանցագործություն միայն այն դեպքում, երբ ոտնձգում է զինվորական ծառայությունը կրելու համար սահմանված կարգի դեմ և անմիջականորեն կապված է զինվորական գործունեության հետ: Այլ խոսքով՝ զինծառայողի կողմից մեկ այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելը կամ սույն որոշման 15-րդ կետում թվարկված արարքներից որևէ մեկը կատարելը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով որակելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք մեղավոր անձը թույլ է տվել զինվորական կանոնագրքերով նախատեսված վարքագծի կանոնների խախտում, և դա ուղղված է եղել զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ:

19. ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 8-րդ հոդվածի համաձայն` «Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն բանից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կատարում, թե ոչ:

Զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է` մարտական գործողություններին մասնակցելը, պաշտոնեական պարտականությունների, մարտական հերթապահության կատարումը, զորավարժություններին մասնակցելը, աշխատակարգով սահմանված ծառայության ժամանակամիջոցում զորամասի տարածքում կամ, եթե դա թելադրված է ծառայության անհրաժեշտությամբ, ծառայողական գործուղման կամ բուժման մեջ գտնվելը, ծառայության վայր, բուժման մեկնելը կամ վերադառնալը, զինվորական հավաքներին մասնակցելը, գերության մեջ (բացառությամբ կամավոր գերի հանձնվելու դեպքերը), պատանդի կամ ներկալվածի վիճակում գտնվելը, անհայտ բացակայությունը` մինչև զինծառայողին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելը կամ մեռած հայտարարելը, անհատի կյանքի, առողջության, պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, օրինականության և իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը, զինծառայողների այլ գործողություններ, որոնք դատարանի կողմից ճանաչվել են որպես հասարակության ու պետության շահերից բխող:

Որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարող չեն ճանաչվում այն զինծառայողները, որոնք կատարում են քրեական օրենսդրությամբ նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ:

Անհրաժեշտության դեպքում հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը պարտավոր է զինվորական ծառայության պարտականությունների կատարմանն անցնել ցանկացած ժամանակ:

Զինվորական ծառայության կատարման ժամանակ զինծառայողները համարվում են պետական իշխանության ներկայացուցիչներ և գտնվում են պետության պաշտպանության տակ»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր զինծառայող ունի պաշտոնեական պարտականություններ, որոնք որոշում են նրա զբաղեցրած պաշտոնին համապատասխան իրեն հանձնարարված դերի ու խնդիրների գործնական կատարման ծավալն ու սահմանները: Պաշտոնեական պարտականություններն օգտագործվում են միայն ի շահ ծառայության:

Այդ պարտականությունները սահմանվում են զինվորական կանոնադրություններով, հրահանգներով, կանոնակարգերով, ինչպես նաև սույն Կանոնագրքի կիրարկման ուղղությամբ ուղղակի պետերի գրավոր հրամաններով»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա և կայազորային վերակարգի մեջ գտնվող, ինչպես նաև տարերային աղետների հետևանքների վերացման համար ներգրավված կամ այլ արտակարգ վիճակներում գտնվող զինծառայողները կատարում են հատուկ պարտականություններ: Այդ պարտականությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են օրենսդրական, համազորային ակտերով, զինվորական կանոնադրություններով ու դրանց հիման վրա մշակված իրավական այլ ակտերով և, որպես կանոն, կրում են ժամանակավոր բնույթ:

Հատուկ պարտականությունների կատարման ժամանակ զինծառայողներն օժտվում են նաև հատուկ իրավունքներով` կապված զինվորական կարգապահության և իրավակարգի պահպանման, անձնակազմի, մարտական դրոշների, սպառազինության, ռազմական տեխնիկայի ու նյութական այլ միջոցների և ուրիշ ռազմական ու պետական օբյեկտների պաշտպանության հետ, այդ թվում` զենքի գործադրմամբ»:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվություն զինծառայողները կրում են հանցագործություն կատարելու համար՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությանը համապատասխան»:

Մեջբերված դրույթները վերլուծելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայության մեջ ընդգրկված լինելու փաստն ինքնին հիմք չէ արձանագրելու, որ զինծառայողը յուրաքանչյուր պահի զինվորական ծառայության կոնկրետ պարտականություններ է կատարում: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծառայության մեջ գտնվելու ժամանակաշրջանում զինծառայողները գտնվում են ոչ միայն զինվորական ծառայական հարաբերությունների, այլ զինվորական օրենսդրության նորմերով չկարգավորվող այլ (անձնական, քաղաքացիաիրավական, ընտանեկան և այլն) իրավահարաբերությունների մեջ:

20. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ինչպես նշվել է սույն որոշման 15-րդ կետում, ենթակայության տակ չգտնվող զինծառայողների փոխհարաբերությունների կարգը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, զինվորական կանոնադրություններով, կանոնագրքերով, ենթաօրենսդրական ակտերով, պետերի (հրամանատարների) հրամաններով սահմանված զինվորական ծառայության կարգի տարատեսակ, և դրա խախտումը դրսևորվում է ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով արգելված արարք(ներ)ի կատարմամբ, այլև զինվորական ծառայությունից բխող հատուկ վարքագծի կանոնների խախտմամբ: Ուստի, ենթակայության տակ չգտնվող զինծառայողների կողմից հակաիրավական արարք կատարելու յուրաքանչյուր դեպքում զինծառայողների միջև փոխհարաբերությունների սահմանված կարգը խախտվում է: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ զինծառայողի կողմից կատարված յուրաքանչյուր հակաիրավական արարք կարող է ունենալ մեկից ավելի շարժառիթներ և նպատակներ, որոնցից մեկը գերակայում է մյուսների նկատմամբ: Ուստի յուրաքանչյուր դեպքում արարքի ճիշտ քրեաիրավական որակման համար կարևոր նշանակություն ունի գերակա շարժառիթի և նպատակի պարզումը: Այլ խոսքով՝ այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջությամբ կհիմնավորվի, որ զինծառայողի գերակա շարժառիթը և նպատակը կապված են եղել զինծառայողների միջև փոխհարաբերությունների սահմանված կարգը խախտելու հետ, արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով: Մինչդեռ այն դեպքում, երբ գերակա շարժառիթը զինծառայողների միջև փոխհարաբերությունների սահմանված կարգը խախտելու հետ կապված չի եղել և պայմանավորված է եղել անձնական կամ այլ բնույթի մոտիվացիայով, և արարքն ուղղված չի եղել զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ, ապա այն ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմով, որը պատասխանատվություն է սահմանում զինվորական գործունեության հետ չկապված արարքի համար:

21. Հիմք ընդունելով սույն որոշման 14-20-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զորամասի տարածքում կատարված ոչ բոլոր արարքներն են համարվում զինվորական հանցագործություն, հետևաբար յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է զինվորական հանցագործությունը հստակ սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված այլ արարքներից, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող զանցանքներից: Այլ խոսքով՝ զինվորական կանոնագրքերով սահմանված՝ զինծառայողների փոխհարաբերությունների վարքագծի կանոնների խախտումն ինքնին չի նշանակում, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքն անպայման պետք է որակվի որպես զինվորական հանցագործություն, այն կարող է որակվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմով, որը պատասխանատվություն է սահմանում զինվորական գործունեության հետ չկապված արարքի համար, կամ որակվել որպես կարգապահական խախտում և հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հանցակազմերը բլանկետային են, զինծառայողին զինվորական հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելիս անհրաժեշտ է պարզել և դատավարական փաստաթղթերում (օրինակ՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն, դատավճիռ) շարադրել, թե կոնկրետ ինչո՞ւմ է արտահայտվել մեղավոր անձի կողմից վարքագծի կանոնների խախտումը, կոնկրետ ո՞ր ակտում ամրագրված դրույթներն են խախտվել, արդյո՞ք արարքի և առաջացած հետևանքի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

22. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կարգապահական խախտում (զանցանք) է համարվում զինվորական ծառայության կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար սույն օրենքով նախատեսված է կարգապահական պատասխանատվություն (...)»:

Սույն որոշման նախորդ կետում արձանագրված՝ զինվորական հանցագործության և կարգապահական խախտման տարբերակման հիմքը արարքի հանրային վտանգավորության աստիճանն է: Վերջինիս Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Մադաթյանի գործով կայացված որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(...) Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

Հիմք ընդունելով կարգապահական խախտման վերոշարադրյալ հասկացությունը, ինչպես նաև mutatis mutandis Գ.Մադաթյանի գործով որոշման մեջ ձևավորված՝ արարքի հանրային վտանգավորության վերաբերյալ դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինծառայողների միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով, հանգեցնում է կարգապահական պատասխանատվության այն դեպքում, երբ՝

ա) ենթակայության տակ չգտնվող զինծառայողների փոխհարաբերությունների կարգի խախտման հետևանքով պատճառված վնասն էական չէ,

բ) արարքի կատարման եղանակի, անձի մտադրության իրականացման աստիճանի վերաբերյալ փաստական տվյալները վկայում են իրավախախտում կատարած անձի ոչ բարձր հանրային վտանգավորության մասին,

գ) արարքը համատեղ կատարելու պարագայում՝ անձի արարքի ոչ բարձր հանրային վտանգավորության և իրավախախտմանը նրա ոչ էական մասնակցության մասին:

Վերոնշյալ հանգամանքների առկայության պարագայում արարքը, որը թեև արտաքնապես դրսևորվել է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով արգելված՝ զինծառայողների միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտում, սակայն իր մեջ չի պարունակում վերոնշյալ հանցակազմի հատկանիշները, անձին ոչ թե քրեական, այլ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

23. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու զինված ուժերում գործող այլ կանոնագրքերով, ինչպես նաև հրամանատարների (պետերի)՝ իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամաններով սահմանված պարտականությունների և կարգուկանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է»:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Զինվորական կարգապահությունը հիմնվում է օրինականության, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, հրապարակայնության, խրախուսման ու կարգապահական պատասխանատվության անխուսափելիության և անհատականացման, զինծառայողների, զինվորական, իրավական ու բարոյական դաստիարակության սկզբունքների վրա»:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքով նախատեսված իրավախախտումների համար կարգապահական պատասխանատվություն առաջանում է անկախ այն հանգամանքից, որ այդ խախտումները իրենց բնույթով առաջացնում են քրեական պատասխանատվություն»:

Մեջբերված կանոնադրային դրույթների վերլուծությունից երևում է, որ զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը վերջինիս կողմից զինվորական կարգապահության կամ հասարակական կարգի խախտումն է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական կարգապահությունը, այդ թվում՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար զինծառայողը ենթակա է ինչպես կարգապահական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Այլ խոսքով զինծառայողը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության նաև այն դեպքում, երբ նրա արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի հատկանիշներ:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի կողմից տուժող Վ.Ալավերդյանի նկատմամբ բռնությունը կատարվել է անձնական հողի վրա, որն արտահայտվել է նրանում, որ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանը գումարտակի լվացարանում լվացվելիս ձեռքերով ջուր է լցրել տուժողի վրա, իսկ երբ վերջինս պահանջել է նման կատակ չանել, Ս.Հովհաննիսյանը ծեծի է ենթարկել նրան (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ հանցանքի կատարման պահին ո՛չ տուժողը, ո՛չ ամբաստանյալը զինվորական ծառայության ընդհանուր կամ հատուկ բնույթի պարտականություններ կատարելիս չեն եղել:

25. Սույն որոշման 14-23-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 24-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմինը, Ս.Հովհաննիսյանի արարքը որակելով որպես զինվորական հանցագործություն, անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալի արարքի հետևանքով չի խախտվել տվյալ կամ մեկ այլ ստորաբաժանման ներքին կարգուկանոնը, չի խանգարվել անձնակազմի հանգիստը: Գումարտակի լվացարանում ամբաստանյալի կողմից տուժողի վրա ձեռքերով ջուր լցնելու պատճառով նրանց միջև առաջացած քաշքշուկի և վիճաբանության ընթացքում ամբաստանյալի դիտավորությունն ուղղված չի եղել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կարգի դեմ, նա չի ցանկացել ոտնձգություն կատարել զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել զինվորական հանրության նկատմամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի տարրերն ու հատկանիշները, հետևաբար հիմնավոր է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի արարքը ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»):

 

II. Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի սահմաններից դուրս գալը.

 

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք բողոքաբերի պնդումն այն մասին, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից:

27. ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը կապված է եղել իր նկատմամբ նշանակված պատիժը փոփոխելու կամ պայմանականորեն չկիրառելու հետ: Նշված բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Ս.Հովհաննիսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

29. Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը Վերաքննիչ դատարանի կողմից փոփոխելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ «(...) առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելիս վերաքննիչ դատարանը ևս ղեկավարվում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով:

(...)

պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները քրեական օրենքով նախատեսված այն հիմնադրույթներն են, որոնցով պետք է ղեկավարվի դատարանը պատիժ նշանակելիս: Այդ սկզբունքներն են`

ա) օրինականությունը,

բ) արդարությունը,

գ) պատժի անհատականացումը,

դ) մարդասիրությունը:

Պատիժ նշանակելու վերոնշյալ սկզբունքները սահմանում են այն հիմնական դրույթները, որոնցով ղեկավարվում է դատարանը յուրաքանչյուր քրեական գործով պատժի տեսակն ու չափն ընտրելիս:

(…)

(…) օրինականության սկզբունքի իմաստով՝ պատիժ նշանակելու հիմնական և առաջին պայմանը հանրորեն վտանգավոր արարք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությունն է: (…)» (տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 13-15-րդ կետերը):

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

30. Սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար նաև Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշման, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժի վերաքննիչ վերանայման շրջանակներում վերաքննիչ դատարանը, ի թիվս պատժի նշանակման այլ սկզբունքների, ղեկավարվում է պատիժ նշանակելու օրինականության սկզբունքով:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժ նշանակելու օրինականության և արդարության սկզբունքները փոխկապակցված են արարքի քրեաիրավական որակման հետ: Ավելին, պատիժ նշանակելու օրինականության սկզբունքի ապահովումը հիմնված է արարքի ճիշտ քրեաիրավական որակման վրա, հետևաբար առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժի օրինականության հարցը հնարավոր չէ քննարկել առանց արարքի քրեաիրավական որակմանն անդրադառնալու:

31. Սույն որոշման 27-28-րդ և 30-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 29-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոքաբերի պնդումն այն մասին, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից:

32. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը»:

Վերոշարադրյալ քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ վարույթի կարճման հիմքերի առկայության դեպքում քրեական գործով դատական քննություն չիրականացնելու կանոնը պետք է մեկնաբանվի քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հեդապնդումը դադարեցնելու հիմքերի իրավական նշանակությանը համապատասխան. այն չպետք է հիմք հանդիսանա առերևույթ կամայականության համար: Այսինքն` այս կանոնը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող դատարանը գործը վարույթ ընդունելիս չգիտեր և չէր կարող իմանալ, որ առկա են քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր: Հակառակ դեպքում, Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա ենթակա է անվերապահ բեկանման՝ անկախ այն հանգամանքից, թե ով և ինչ հիմքով է վերաքննիչ բողոք ներկայացրել: Այլ խոսքով՝ գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտի անվերապահ բեկանումը քրեադատավարական օրենքի իմպերատիվ պահանջ է (անվերապահ բեկանման հիմքերի մասին տե՛ս mutatis mutandis Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը):

33. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալն ու տուժողը հաշտվել են (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Նշված հանգամանքը հաստատվել է Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ, և Ս.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և քրեական հետապնդումը՝ դադարեցվել (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

34. Սույն որոշման 32-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 33-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է եղել Առաջին ատյանի դատարանի դատավճռի անվերապահ բեկանման հիմք, և Վերաքննիչ դատարանն իրավասու է եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 36-րդ հոդվածի հիմքով ամբաստանյալ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել՝ անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

35. Հիմք ընդունելով սույն որոշման 13-34-րդ կետերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ղուկասյան

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան