Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.15
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
19.10.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
19.10.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՄԴ/0006/04/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0006/04/10

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0006/04/10

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան
  Դ. Խաչատրյան

 

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Աղաբաբյանի, Գագիկ Տեր-Հարությունյանի, Ռուզան Սեդրակյանի, Կարինե Տոնոյանի, Գագիկ Նազարյանի, Ռոբերտ Բաղդասարյանի, Սամվել Ստեփանյանի, Սամվել Խալաթյանի, Մարտին Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2012 թվականի որոշման դեմ՝ Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2011 թվականի որոշման վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2010 թվականի վճռով Արայիկ Բաղդասարյանը ճանաչվել է սնանկ:

Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը 23.07.2010 թվականին դատարան է ներկայացրել իր կողմից կազմված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, այն կողմերին ուղարկելու վերաբերյալ գրությունը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 20.07.2010 թվականի թիվ 135 համարում տպագրված հայտարարությունը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Լ.Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ հաստատել է Արայիկ Բաղդասարյանի պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության.

1. Լևոն Ղազարյան 49.000.000 ՀՀ դրամ` որպես ապահովված արտահերթ,

2. Դատական ծախսեր (պետական տուրք) 100.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «դ» հերթ,

3. Հասմիկ Աղաբաբյան 43.520.107 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

4. Գագիկ Տեր-Հարությունյան 95.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

5. Լևոն Ղազարյան 60.500.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

6. Ռոբերտ Բաղդասարյան 128.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

7. Ռուզան Սեդրակյան 8.000.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

8. Կարինե Տոնոյան 6.364.800 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

9. Գագիկ Նազարյան 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

10. Մարտին Բաղդասարյան 12.000.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

11. Սամվել Ստեփանյան 28.000.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

12. Սամվել Խալաթյան 28.000.000 ՀՀ դրամ` որպես չապահովված «է» հերթ,

13. Արամ Մանուկյան 47.564.383 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

14. Տիգրան Կարապետյան 31.976.712 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

15. Հայկ Մարտիրոսյան 36.121.918 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

16. Յուրի Ապրեսյան 52.500.000 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

17. Անի Խաչատրյան 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ`որպես ստորադաս չապահովված «ը» հերթ,

18. Հրաչյա Հունանյան 30.000.000 ՀՀ դրամ` որպես ստորադաս չապահովված «ը» հերթ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2012 թվականի որոշմամբ Լևոն Ղազարյանի, Անի Խաչատրյանի, Հրաչյա Հունանյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Յուրի Ապրեսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` վերջինս 52.500.000 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է Արայիկ Բաղդասարյանի` սնակնության գործով պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթում:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հասմիկ Աղաբաբյանը, Գագիկ Տեր-Հարությունյանը, Ռուզան Սեդրակյանը, Կարինե Տոնոյանը, Գագիկ Նազարյանը, Ռոբերտ Բաղդասարյանը, Սամվել Ստեփանյանը, Սամվել Խալաթյանը և Մարտին Բաղդասարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը, 47-րդ հոդվածի 2-րդ կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Յուրի Ապրեսյանն իր առաջին` 14.500.000 ՀՀ դրամի ուշացված պահանջը դատարան է ներկայացրել 26.07.2010 թվականին և խնդրել է այդ պահանջով բաց թողնված ժամկետը հարգելի համարել 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում հիվանդ լինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Յուրի Ապրեսյանի հիվանդության և բուժման մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքը: Այսպես` Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի որոշումը և հարգելի համարել պահանջ ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը` հիմք ընդունելով հիշյալ տեղեկանքը: Մինչդեռ նշված տեղեկանքը տրվել է ռուսերեն լեզվով և նշում չի պարունակում, թե ում ներկայացնելու համար է տրվում, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով չէր կարող` որպես ապացույց, գնահատվել դատարանի կողմից:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետը, 219-րդ հոդվածի 3-րդ կետը, 228-րդ հոդվածի 1-ին կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 82-րդ, 85-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

14.500.000 ՀՀ դրամի ուշացված պահանջը ներկայացնելիս Յուրի Ապրեսյանը ոչինչ չի նշել այն մասին, որ ունի այլ պարտավորագիր, որը կներկայացնի լրացուցիչ: Մինչդեռ առաջին պահանջը ներկայացնելուց 3 օր անց Յուրի Ապրեսյանը ներկայացրել է 38.000.000 ՀՀ դրամի նոր ուշացված պահանջ` առանց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդության: Հետևաբար, եթե Վերաքննիչ դատարանը 14.500.000 ՀՀ դրամի դեպքում արժանահավատ էր համարում Յուրի Ապրեսյանի պատճառաբանությունը, որ մինչև 23.07.2010 թվականը նա հիվանդ է եղել, ապա մյուս 38.000.000 ՀՀ դրամի ուշացված պահանջն ընդգրկելով «է» հերթում` Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչպիսի հարգելի պատճառներ են դրա համար հիմք հանդիսացել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.10.2011 թվականի որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2010 թվականի վճռով Արայիկ Բաղդասարյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 29-31)։

2. Համաձայն` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 15.06.2010 թվականի համարում տպագրված հայտարարության` սույն գործով պահանջները ներկայացնելու ժամկետ է համարվել 2010 թվականի հունիսի 15-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածը (հատոր 1-ին, գ.թ. 75)։

3. Պահանջատեր Յուրի Ապրեսյանը 26.07.2010 թվականին սնանկ ճանաչված Արայիկ Բաղդասարյանի նկատմամբ ներկայացրել է 14.500.000 ՀՀ դրամի պահանջ` միաժամանակ խնդրելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը` ներկայացնելով 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում հիվանդության և բուժման մեջ գտնվելու մասին տեղեկանք: Տեղեկանքը տրվել է ռուսերեն լեզվով ««Ультрамед» лечебно-диагностический центр»-ի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 181, 183)։

4. 28.07.2010 թվականին Յուրի Ապրեսյանը Արայիկ Բաղդասարյանի նկատմամբ կրկին ներկայացրել է պահանջ` 38.000.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 191)։ Սույն գործում առկա չէ որևէ միջնորդություն նշված պահանջը ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Յուրի Ապրեսյանի ներկայացրած` 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում վատառողջ լինելու վերաբերյալ տեղեկանքը, վերջինիս 52.500.000 ՀՀ դրամի չափով ընդգրկել է Արայիկ Բաղդասարյանի` սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Դատարանի վճիռը բեկանելու հիմք հանդիսացած հիշյալ տեղեկանքը, գտնում է, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված թույլատրելիության պահանջին, քանի որ տրված է ռուսերեն լեզվով: Այսինքն` Վերաքննիչ դատարանը շրջանցել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը հայերեն տարվելու պահանջը, ընդունել, գնահատման է արժանացրել և ապա Դատարանի վճռի բեկանման հիմքում է դրել մի փաստաթուղթ, որը կազմված չէ հայերենով` այդպիսով խախտելով դատավարությունը հայերեն վարելու վերոգրյալ սկզբունքը:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 08.07.2010-23.07.2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Յուրի Ապրեսյանին ««Ультрамед» лечебно-диагностический центр»-ի կողմից տրված տեղեկանքը չի համարվում թույլատրելի ապացույց, հետևաբար, այն չէր կարող հիմք հանդիսանալ Դատարանի որոշումը Յուրի Ապրեսյանի մասով բեկանելու համար:

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների, բավարարվում են «է» հերթում, իսկ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները, համաձայն նույն օրենքի 83-րդ հոդվածի, բավարարվում են «ը» հերթում:

Նույն օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում դատարան չներկայացված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ և կարող են բավարարվել օրենքի 82-րդ հոդվածի «ը» ենթակետում` բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները համարում է հարգելի: Միայն այս դեպքում սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Ընդ որում օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է գործը քննող դատարանի` պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու համար դատական նիստ հրավիրելու և պատճառների հարգելիության քննարկման արդյունքում որոշում կայացնելու պարտականությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 28.07.2010 թվականին Յուրի Ապրեսյանի կողմից ներկայացված 38.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը ևս ընդգրկել է Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթում:

Մինչդեռ, սույն գործում առկա փաստերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ գործում առկա չէ 28.07.2010 թվականին Յուրի Ապրեսյանի կողմից Արայիկ Բաղդասարյանի նկատմամբ 38.000.000 ՀՀ դրամի չափով ներկայացված պահանջի համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ որևէ միջնորդություն: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն այդ մասով բողոքը բավարարելիս չի պատճառաբանել, թե ինչ փաստեր են հիմք հանդիսացել բաց թողնված ժամկետը այդ պահանջի մասով ևս հարգելի համարելու և այն պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթ ընդգրկելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54 (ՎԴ) որոշումը)։

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բացակայում են փաստական հանգամանքները հիմնավորող այն ապացույցները, որոնց հիման վրա կարող էր հարգելի ճանաչվել Յուրի Ապրեսյանի` 38.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2012 թվականի որոշման` Յուրի Ապրեսյանի 52.500.000 ՀՀ դրամի չափով պահանջը Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի չապահովված «է» հերթում ընդգրկելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2011 թվականի որոշմանը։

2. Յուրի Ապրեսյանից հօգուտ Հասմիկ Աղաբաբյանի, Գագիկ Տեր-Հարությունյանի, Ռուզան Սեդրակյանի, Կարինե Տոնոյանի, Գագիկ Նազարյանի, Ռոբերտ Բաղդասարյանի, Սամվել Ստեփանյանի, Սամվել Խալաթյանի և Մարտին Բաղդասարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք։

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող՝

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան