Համարը 
ՍԴՈ-1064
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.01.09/2(942) Հոդ.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվը 
25.12.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74 ԵՎ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

25 դեկտեմբերի 2012 թ. 

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 74 ԵՎ 105-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Մ. Վարդանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի և նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գոհար Բոտոյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 և 105-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Բոտոյանի` 28.08.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ ընտանեկան օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2004 թվականի նոյեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի դեկտեմբերի 8-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 19-ին:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի` «Ծնողների մասնակցությունը երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին» վերտառությամբ 74-րդ հոդվածը սահմանում է.

«1. Համաձայնության բացակայության և բացառիկ հանգամանքների առկայության (ծանր հիվանդություն, երեխաների կամ անաշխատունակ չափահաս անապահով զավակների խեղում, նրանց նկատմամբ հատուկ խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանի վճռով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսեր կրելու գործին։

Լրացուցիչ ծախսերը կրելուն ծնողների մասնակցության կարգը և այդ ծախսերի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։

2. Դատարանը կարող է պարտավորեցնել ծնողներին` մասնակցելու ինչպես փաստացի կատարվող լրացուցիչ ծախսերին, այնպես էլ ապագայում կատարվելիք անհրաժեշտ լրացուցիչ ծախսերին»։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի` «Ալիմենտի ինդեքսավորումը» վերտառությամբ 105-րդ հոդվածը սահմանում է. «Ինդեքսավորման նպատակով ալիմենտի չափը դատարանը սահմանում է նվազագույն աշխատավարձի չափի որոշակի թվի համապատասխանող կայուն դրամական գումարով»։

Սույն գործով վիճարկվող իրավական նորմերում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Աշոտ Աղաբաբյանի` պատասխանողից 2009 թվականի նոյեմբերի 17-ին նախորդող երեք տարիների համար նրա ամսական բոլոր վաստակների 25 տոկոսի չափով՝ որպես ալիմենտային գումար, և հայցադիմումի ներկայացման պահից ամսական 80.000 ՀՀ դրամ` որպես լրացուցիչ ծախս, բռնագանձելու պահանջների մասին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 28.12.2011 թվականի վճռով ներկայացված հայցը` 80.000 ՀՀ դրամ լրացուցիչ ծախսերի բռնագանձման պահանջի մասով բավարարվել է մասնակիորեն:

Վերը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել տվյալ գործով հայցվորը և պատասխանողը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2012 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ հայցվոր Գոհար Բոտոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է: Պատասխանող Աշոտ Աղաբաբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և մասնակիորեն բեկանվել ու փոփոխվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճիռը` լրացուցիչ ծախսի գումարի բռնագանձման մասով, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 06.06.2012 թվականի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձրել է` վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշումը:

 

3. ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74-րդ հոդվածի առնչությամբ դիմողը գտնում է, որ նշված հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում հայցի ներկայացման պահից, ինչպես նաև հայցի ներկայացմանը նախորդող ժամանակի համար լրացուցիչ ծախսերի բռնագանձման հնարավորություն, հակասում է ՀՀ Սահմանադրության 34, 36 և 38-րդ հոդվածներին:

Անդրադառնալով օրենսգրքի 105-րդ հոդվածին` դիմողը գտնում է, որ նշված հոդվածը, իր կարծիքով, այնքանով, որքանով պարունակում է օրենսդրական բաց, ինչի արդյունքում չի նախատեսում լրացուցիչ ծախսերի նկատմամբ ինդեքսավորման կիրառման հնարավորություն, հակասում է ՀՀ Սահմանադրության 34 և 38-րդ հոդվածներին:

 

4. Պատասխանող կողմի գնահատմամբ` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74-րդ հոդվածի տրամաբանությունից է բխում, որ լրացուցիչ ծախսերը կատարելու պարտականությունը պետք է ընդգրկի նվազագույնը հայցի ներկայացման պահը: Հակառակ դեպքում փաստացի կատարվող լրացուցիչ ծախսերին մասնակցելու` օրենքով նախատեսված կարգը կիմաստազրկվի: Ըստ պատասխանողի` լրացուցիչ ծախսերի վճարումը կսկսվի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն, սակայն վճարվող լրացուցիչ ծախսերի գումարը պետք է ներառի նաև մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը կատարված ծախսերը:

Պատասխանողը դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում փաստում է նաև, որ տվյալ գործով դատարանի կողմից որոշված վճարման ենթակա լրացուցիչ ծախսերի ամենամսյա գումարը ներառել է նաև հայցի ներկայացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված ծախսերը, ինչի արդյունքում պատասխանողը եզրահանգում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 և 105-րդ հոդվածների դրույթներն իրավակիրառական պրակտիկայում սխալ չեն մեկնաբանվել:

 

5. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողն ըստ էության փորձում է առաջ քաշել իրավակարգավորման բացի խնդիր` նկատի ունենալով, որ իր կողմից առաջ քաշվող խնդիրներն առկա իրավակարգավորման պայմաններում լուծում չեն ստացել: Ուստի դիմողը փորձում է առաջադրել օրենսդրական այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն նաև իր կողմից առաջ քաշվող դատական վեճը հօգուտ իրեն լուծելու պահանջները: Այսինքն` դիմողն իր իսկ կողմից առաջադրված լուծումների բացակայությունն է դիտում որպես օրենքի սահմանադրականության խնդիր:

Ելնելով նշված հանգամանքից և նկատի ունենալով, որ դիմողը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74-րդ հոդվածի գործող դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ հոդվածի սահմանադրականության մասով դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով ակնհայտ անհիմն է:

Անդրադառնալով օրենսգրքի 105-րդ հոդվածին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Հիմք ընդունելով նշված հանգամանքը և վերահաստատելով իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 6-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 105-րդ հոդվածի մասով դիմողը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Բացի դրանից, սույն հոդվածի կապակցությամբ նույնպես դիմողը ոչ թե վիճարկում է օրենսգրքի տվյալ հոդվածի գործող դրույթների սահմանադրականությունը, այլ դարձյալ առաջ է քաշում, իր կարծիքով, օրենքի անկատարության և իրավակարգավորման բացի խնդիր ու քննարկման առարկա է դարձնում դատական ակտերի իրավաչափության հարցը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին կետի և 69-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Քաղաքացի Գոհար Բոտոյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 74 և 105-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

25 դեկտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1064