Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.165
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
25.12.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/3124/02/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3124/02/11

2012 թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3124/02/11

Նախագահող դատավոր՝  Ս. Միքայելյան

Դատավորներ`                Ն. Տավարացյան

                   Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Պարույր Հայրիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գեղամ Գալստյանի, Նորիկ Պետրոսյանի ընդդեմ Պարույր Հայրիկյանի` պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և գումարը փոխհատուցելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանը պահանջել են պարտավորեցնել Պարույր Հայրիկյանին «հերքելու Գեղամ Խաչատուրի Գալստյանի և Նորիկ Խաչիկի Պետրոսյանի պատիվն արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկությունները` զետեղված «Հրապարակ» օրաթերթում: Հայկական պետությունը և պետական այրերին վարկաբեկելու տեղեկությունները «Հայկական ժամանակ» օրաթերթում: Պարտավորեցնել պատասխանողին «Հրապարակ» օրաթերթում տպագրելու սույն գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը»:

09.02.2012 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել են պարտավորեցնել Պարույր Հայրիկյանին «սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով փոխհատուցում վճարել Գեղամ Խաչատուրի Գալստյանին և Նորիկ Խաչիկի Պետրոսյանին, յուրաքանչյուրին 50-ապատիկի չափով, որպես կատարված վիրավորանքի փոխհատուցում, (այն է` պատասխանողը հայցվորներին պետք է վճարի նվազագույն աշխատավարձ` 32.500x100=325.000 ՀՀ դրամ, որը բաժանվում է 2 հայցվորների միջև, յուրաքանչյուրին` 162.500 ՀՀ դրամ): Պատասխանող Պարույր Արշավիրի Հայրիկյանին պարտավորեցնել սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով փոխհատուցում վճարել Գեղամ Խաչատուրի Գալստյանին և Նորիկ Խաչիկի Պետրոսյանին, յուրաքանչյուրին 50-ապատիկի չափով, որպես կատարված փոխհատուցում (այն է` պատասխանողը հայցվորներին պետք է վճարի նվազագույն աշխատավարձ 32.500x100=325.000 ՀՀ դրամ, որը բաժանվում է 2 հայցվորների միջև յուրաքանչյուրին 162.500 ՀՀ դրամ): Պարտավորեցնել Պարույր Արշավիրի Հայրիկյանին «Հրապարակ» օրաթերթում տալ հերքում վերոնշված 2 հոդվածների կապակցությամբ: Հերքման տեղակայման չափը ու տեսակը չպետք է զիջի վերոնշված հոդվածների ծավալներին: Խնդրել դատարանին մասնակի որոշմամբ պարտավորեցնել հեռուստապետկոմին Հ1 ծրագրով «Հայոց հարց» հաղորդաշարով նոր հաղորդում պատրաստել Ս.Շահումյանի վերաբերյալ` մասնակից դարձնելով պատմական գիտնականներին», ինչպես նաև պահանջը բավարարվելու դեպքում պահանջել են «նշված գումարի 2%-ի չափով փոխանցել որպես դատական ծախսեր, իսկ մնացած գումարը փոխանցել Պարույր Հայրիկյանի միջնորդությամբ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ տուժած Բարձրաշենի գյուղական համայնքի մանկապարտեզի վերագործարկման հաշվին»:

09.02.2012 թվականի դատական նիստի ժամանակ Նորիկ Պետրոսյանը հրաժարվել է իր կողմից ներկայացված ավելացված հայցային պահանջի չափից։

13.02.2012 թվականին Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, արդյունքում պահանջել են Պարույր Հայրիկյանին «պարտավորեցնել սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով փոխհատուցում վճարել Գեղամ Խաչատուրի Գալստյանին 100-ապատիկի չափով, որպես կատարված փոխհատուցում (այն է` պատասխանողը հայցվորին պետք է վճարի նվազագույն աշխատավարձ` 32.500x100=325.000 ՀՀ դրամ): Պարտավորեցնել Պարույր Արշավիրի Հայրիկյանին «Հրապարակ» օրաթերթում տալ հերքում վերոնշված 2 հոդվածների կապակցությամբ։ Հերքման տեղակայման չափը ու տեսակը չպետք է զիջի վերոնշված հոդվածների ծավալներին», ինչպես նաև պահանջը բավարարվելու դեպքում պահանջել են «նշված գումարի 2%-ի չափով փոխանցել որպես դատական ծախսեր, իսկ մնացած գումարը փոխանցել Պարույր Հայրիկյանի միջնորդությամբ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ տուժած Բարձրաշենի գյուղական համայնքի մանկապարտեզի վերագործարկման հաշվին»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ.Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 04.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Պարույր Արշավիրի Հայրիկյանին պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթում հրապարակելու սույն վճռի եզրափակիչ` վճռեց մասը։ Պարույր Արշավիրի Հայրիկյանից հօգուտ Գեղամ Խաչատուրի Գալստյանի բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ` որպես վիրավորելու հետևանքով փոխհատուցման ենթակա գումար։ Պարույր Արշավիրի Հայրիկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 5.500 (հինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար։ Գեղամ Խաչատուրի Գալստյանից և Նորիկ Խաչիկի Պետրոսյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար։ Գեղամ Խաչատուրի Գալստյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 5.700 (հինգ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար։ Հայցը մնացած մասերով մերժել` անհիմն լինելու հիմքով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.07.2012 թվականի որոշմամբ Պարույր Հայրիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պարույր Հայրիկյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 27-րդ, 43-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 48-րդ հոդվածի 6-րդ կետը, 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածների 1-ին, 2-րդ կետերը.

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանը բաց են թողել օրենքով սահմանված դատարան դիմելու ժամկետը, քանի որ Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանը հայցադիմումում նշել են. «Հուլիսի 9-ին (խոսքը գնում է 2011 թվականի ժամանակահատվածին) Պարույր Հայրիկյանն արձագանքեց` «Հայհոյելը թուլության խոստովանություն է» և «Դատի տալ, թե չտալ այս է խնդիրը»», փաստորեն Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանն իրենց իրավունքների խախտման մասին իմացել են դեռևս նշված հոդվածների հրապարակման ժամանակ` 09.07.2011 թվականին, սակայն դատարան են դիմել 16.12.2011 թվականին` բաց թողնելով օրենքով սահմանված դատարան դիմելու ժամկետը։

Ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Պարույր Հայրիկյանի կողմից հրապարակված նյութերն իրենց մեջ որևէ վիրավորական կամ այլ բնույթի տեղեկություններ չեն պարունակում, և դրանով այլ անձի իրավունքներ չեն խախտվում: Մինչդեռ, վիճարկվող նյութն ընդամենը Պարույր Հայրիկյանի կարծիքն է, որը պարունակում է քննադատություն և ուղղված է կոնկրետ գաղափարախոսությանը, սակայն այն ստորադաս դատարանների կողմից համարվել է որպես վիրավորանք` սահմանափակելով ազատ խոսքի արտահայտման իրավունքը:

Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ դատական ակտերը կայացվել են փաստաթղթերի պատճենների հիման վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.07.2012 թվականի որոշումը և փոփոխել այն` մերժել հայցադիմումի բավարարված մասը, իսկ վճռով հայցադիմումի մերժված մասը թողնել անփոփոխ, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 12.07.2012 թվականի որոշման` հայցադիմումի բավարարված մասը, և գործն այդ մասով ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Հայցադիմումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մուտքագրվել է 16.12.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 1-8,21-25):

2. «Հրապարակ» օրաթերթի 07.07.2011 թվականի հերթական համարի յոթերորդ էջում «Մշակույթ» խորագրի ներքո «Հունիսի 12-ի «Հայոց հարց» հաղորդաշարի թեմայով» կոմունիստներ Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի անունից տպագրվել է «Չնչին, ինչպես Արարատին նետած քար» հոդվածը (հատոր 1-ին, գ.թ. 15):

3. «Հրապարակ» օրաթերթի 09.07.2011 թվականի հերթական համարի յոթերորդ էջում «Պատասխան» խորագրի ներքո «Հրապարակի» հուլիսի 7-ի համարում «Չնչին, ինչպես Արարատին նետած քար» հոդվածի կապակցությամբ Պարույր Հայրիկյանի անունից տպագրվել է «Հայհոյելը թուլութեան խոստովանութիին է» հոդվածը (հատոր 1-ին, գ.թ. 16):

4. «Հրապարակ» օրաթերթի 20.07.2011 թվականի հերթական համարի յոթերորդ էջում «Մշակույթ» խորագրի ներքո Պարույր Հայրիկյանի անունից տպագրվել է «Դատի տա՞լ, թե` Չտալ, այս է խնդիրը» հոդվածը (հատոր 1-ին, գ.թ. 17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` նույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:

Նշված իրավական դրույթների վերաբերյալ իր իրավական մեկնաբանությունը և դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը բոլոր դեպքերում կատարում է տուժողը: Վերջինս էլ կարող է մի դեպքում նախապատվություն տալ անմիջապես զանգվածային լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում` իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արտադատական կարգով խախտված իրավունքի վերականգնման համար զանգվածային լրատվամիջոցին դիմելը թեև պարտադիր պայման չէ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար, այդուհանդերձ դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնեն այն, թե արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է, թե ոչ:

Օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմել բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մինչև վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը` դրանում ներառելով նաև զանգվածային լրատվամիջոցին հերքման պահանջ ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը: Անհրաժեշտ է նաև նշել, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ ժամկետները այնպիսի ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար, այդ ժամկետներն իրենց բնույթով համապատասխանում են հայցային վաղեմության ժամկետին, և դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները (տես` Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը)։

Զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեկամսյա ժամկետը, որպես հայցային վաղեմության ժամկետ ներառված լինելով, վեցամսյա ժամկետում ենթակա է վերականգնման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչդեռ վեցամսյա ժամկետի բացթողնման դեպքում այն վերականգնման ենթակա չէ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրական նման ձևակերպումը ենթադրում է, որ վիրավորանքի և զրպարտության դեպքում դրա տարածման մակարդակը նվազում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում, որից հետո առարկայազուրկ է դառնում նման պահանջի ներկայացումը: Մյուս կողմից հատկանշական է այն, որ բոլոր դեպքերում վեցամսյա ժամկետում հայցի ներկայացումը դեռևս չի նշանակում հայցային վաղեմության ժամկետի պահպանում, քանի որ այդ դեպքում իմաստազուրկ է դառնում մեկամսյա ժամկետի նախատեսումը:

Ընդհանրացնելով վերոնշյալ եզրահանգումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության հարց բարձրացնելիս դատարանները նախ և առաջ պետք է գնահատեն վեցամսյա ժամկետի պահպանված լինելու հանգամանքը, ապա դրա շրջանակներում անդրադառնան մեկամսյա ժամկետի պահպանված լինելու հարցին:

Սույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ով է կրում հայցային վաղեմության ժամկետում հայց ներկայացված լինելու փաստն ապացուցելու բեռն այն դեպքում, երբ պատասխանող կողմը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն:

Հայցային վաղեմության ժամկետը բաց թողած լինելու կամ չլինելու փաստի ապացուցումը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասների հատուցման գործերով առանձնահատուկ է այնքանով, որքանով ժամկետի հաշվարկման սկիզբը կապված է տուժողի` տեղեկացված լինելու հետ: Այս առումով գրեթե անհնար է պատասխանողի (հայցային վաղեմություն վկայակոչող անձի) կողմից այնպիսի ապացույցների ներկայացումը, որոնք կհաստատեն նշված փաստերի առկայությունը: Այսինքն` օբյեկտիվորեն տուժողին է հայտնի կոնկրետ տեղեկատվությունն իրեն հասու լինելու ժամանակը, հետևաբար տուժողի կողմից այլ բան ապացուցված չլինելու դեպքում հայցային վաղեմության սկիզբ է համարվում համապատասխան տեղեկատվության հրապարակման օրը:

Միաժամանակ հարց է առաջանում, արդյոք բացարձակ առումով պետք է դիտարկել փաստը չապացուցելու հետևանքը նմանատիպ գործերով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրետ փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա նման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Ինչ վերաբերում է բողոքի մյուս փաստարկին, որ հայցվոր կողմը բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, նույնպես անհիմն է: Մասնավորապես` հաստատվել է, որ վիճարկվող հոդվածը հրապարակվել է 2011 թվականի հուլիսի 20-ին, իսկ հայցադիմումը Դատարան մուտք է եղել 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, այսինքն` հայցվոր կողմը տվյալ դեպքում պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված վիրավորանքի պահից առավելագույնը վեցամսյա ժամանակահատվածում դատարան հայց ներկայացնելու օրենսդրական պահանջը»:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու հետ:

Սույն գործով բողոքաբերը որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ վկայակոչել է 09.07.2011 թվականը և 20.07.2011 թվականը` «Հրապարակ» օրաթերթում վիճարկվող հոդվածների հրապարակվելու օրը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի կարծիքով իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող արտահայտությունները կատարվել են «Հրապարակ» օրաթերթում հրապարակվելու եղանակով` 09.07.2011 թվականին և 20.07.2011 թվականին: Իրավունքի պաշտպանության վերաբերյալ Գեղամ Գալստյանը և Նորիկ Պետրոսյանը հայցը դատարան են ներկայացրել 16.12.2011 թվականին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը, որպիսի պահից մեկամսյա ժամկետում իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմումը ենթակա է ներկայացման դատարան: Մինչդեռ ստորադաս դատարանները սույն քաղաքացիական գործով չեն պարզել, թե Գեղամ Գալստյանին և Նորիկ Պետրոսյանին երբ են հայտնի դարձել «Հրապարակ» օրաթերթում 09.07.2011 թվականին և 20.07.2011 թվականին հրապարակված հոդվածներով արտահայտված վերջիններիս ենթադրյալ վիրավորանքի կամ զրպարտության մասին: Նշված փաստի գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ 09.07.2011 թվականին և 20.07.2011 թվականին հրապարակված հոդվածները հաջորդել են հայցվորների կողմից 07.07.2011 թվականին հրապարակված հոդվածին, իսկ վերջինս լույս է տեսել 12.06.2011 թվականին «Հայոց հարց» հաղորդաշարում պատասխանողի հնչեցրած կարծիքներից հետո: Սույն փաստերը անհրաժեշտ է գնահատել դրանց փոխկապվածության մեջ` հաշվի առնելով ժամանակագրական առումով միմյանց հաջորդելու հանգամանքը: Նշվածն անհրաժեշտ է եզրահանգելու, թե արդյոք հավանական է, որ պատասխանողի վերջին հոդվածի հրապարակումից (20.07.2011 թվական) սկսած շուրջ հինգ ամիս հետո են համահայցվորները տեղեկացել իրենց իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2012 թվականի որոշման՝ հայցը բավարարելու մասով վճիռն անփոփոխ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին (այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին) անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան