Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.3
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.04.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/2780/02/09 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2780/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2780/02/09

2013 թ.

Նախագահող դատավոր՝

Դատավորներ՝

Ա. Թումանյան

Լ. Գրիգորյան

 

Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2012 թվականի որոշման դեմ` ըստ «ԿԱ ընդ ԿԱ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կազմակերպության, երրորդ անձ Մարիամ Մկրտչյանի` վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 25.692.863 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, 22.811.913 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 19.04.2009 թվականից մինչև վնասի գումարի փաստացի բռնագանձման (կամավոր վճարման) պահը, փաստաբանին վճարվելիք ծառայության գումար` 500.000 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձվող գումարի 5 տոկոսը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 25.176.958 ՌԴ ռուբլուն բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 4.200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.05.2012 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.02.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Ընկերությունը և Մարիամ Մկրտչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, 1058-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ Ընկերությանը պատճառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով և 559-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրական վնաս, իսկ որպես Կազմակերպության ոչ օրինաչափ վարքագծի դրսևորում` Վերաքննիչ դատարանը դիտարկել է էներգամատակարարման պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտումը: Մինչդեռ, Կազմակերպությունը և Ընկերությունը միմյանց հետ որևէ հարաբերության մեջ չեն գտնվել, վերջիններիս միջև կնքված չի եղել էներգամատակարարման պայմանագիր, հետևաբար և չէր կարող առկա լինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրական վնասի պատճառման պարտադիր պայմանը` էներգամատակարարման պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարումը կամ անպատշաճ կատարումը: Այսպիսով, տվյալ դեպքում բացակայում են վնասի հատուցման համար անհրաժեշտ պարտադիր երկու պայմանները` անմիջականորեն Ընկերության նկատմամբ ոչ օրինաչափ գործողությունները, ինչպես նաև Կազմակերպության գործողությունների և Ընկերության կրած վնասի միջև պատճառահետևանքային կապը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ շինությանը պատճառված վնասների հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք ունենալու համար առնվազն պետք է հանդիսանալ այդ շինության սեփականատերը: Տվյալ դեպքում հրդեհի պատճառով վնասվել է Մարիամ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը, հետևաբար դրա վնասվածքը վերականգնելու նպատակով դատական պաշտպանության իրավունքից կարող է օգտվել միայն շինության սեփականատերը, ուստի և այս առումով Ընկերության պահանջն ակնհայտ անհիմն է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չեն պարզվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները` հրդեհի պատճառը և հասցված իրական վնասի չափը: Մասնավորապես` կրած վնասի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից 13.09.2012 թվականին տրված թիվ 02/13.09.2012 և թիվ 01/13.09.2012 եզրակացությունների համաձայն` Ընկերության կահույքին պատճառված վնասը կազմել է 57.952.000 ՀՀ դրամ, իսկ Մարիամ Մկրտչյանի շինության վերանորոգումը` 61.531.933 ՀՀ դրամ, այսինքն` հրդեհի արդյունքում պատճառվել է ընդհանուր 119.483.933 ՀՀ դրամի վնաս: Մինչդեռ, քրեական դատավարության շրջանակում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված թիվ 09-0715 եզրակացությամբ կահույքին և շինությանը պատճառված վնասի ընդհանուր արժեքը կազմել է 221.075.985 ՀՀ դրամ, որից 132.090.825 ՀՀ դրամը` կահույքին պատճառված վնաս, իսկ 88.985.160 ՀՀ դրամը` խանութի վերանորոգման համար անհրաժեշտ ծախս:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 10.05.2012 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 559-րդ հոդվածները չպետք է կիրառվեին այն պատճառով, որ Ընկերության և Կազմակերպության միջև առկա չէր էլեկտրամատակարարման պայմանագիր: Մինչդեռ, տվյալ դեպքում նշված պայմանագրի բացակայությունը որևէ կապ չունի Կազմակերպության կողմից Ընկերությանը վնաս պատճառելու հետ, քանի որ Կազմակերպությունը կատարել է ոչ իրավաչափ գործողություններ, ինչի հետևանքով առաջացել է վնաս, իսկ վնասի և ոչ իրավաչափ գործողությունների միջև ուղղակի կապն առկա է, այն է` հոսանքի տատանման և լարման բարձրացման արդյունքում առաջացել է հրդեհ:

Բողոք բերած անձը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի մասով անտեսել է, որ վիճարկվող դատական ակտում գործի հանգամանքները մանրամասն շարադրված են, իսկ ապացույցները թվարկված են հատ առ հատ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի կիրառմանը, ապա այդ մասով նույնպես դատական սխալ առկա չէ: Մասնավորապես` վնաս պատճառելու մեջ մեղքի բացակայության ապացուցումն օրենսդրի կողմից դրվել է պատասխանող կողմի վրա: Մինչդեռ, տվյալ դեպքում Կազմակերպությունը վնասի առաջացման հարցում իր մեղքի բացակայությունն ապացուցելու պարտականությունը չի կատարել: Միաժամանակ, դրան հակառակ` Ընկերության կողմից հիմնավորվել է Կազմակերպության ոչ օրինաչափ գործողության, պատճառված իրական վնասի, ոչ օրինաչափ գործողության և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքը:

 

2.2. Մարիամ Մկրտչյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության հանձնված լինելը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել Կազմակերպության կողմից պատշաճ որակի էլեկտրաէներգիա մատակարարելու պարտականությունը, որը բխում է օրենքից, այլ նորմատիվ իրավական ակտերից, էլեկտրամատակարարման պայմանագրից և, առհասարակ, էլեկտրամատակարարման փաստից: Մինչդեռ, տվյալ դեպքում Կազմակերպության կողմից անորակ էլեկտրաէներգիայի մատակարարման և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապն ապացուցված է սույն գործի ապացույցների բազմությամբ և կասկածից վեր է: Հետևաբար, Կազմակերպությունը պետք է պատասխանատվություն կրի իր կողմից անորակ էլեկտրաէներգիայի մատակարարման հետևանքով առաջացած հրդեհով պատճառված վնասների համար:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի եզրահանգմանն այն մասին, որ Ընկերությունը չի կարող պատշաճ հայցվոր հանդիսանալ Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող շենքում բռնկված հրդեհով պատճառված վնասների հատուցման պահանջով, ապա հրդեհի ժամանակ վերոգրյալ հասցեում գտնվող անշարժ գույքը գտնվել է Ընկերության օրինական տիրապետության ներքո: Վերջինս օրենքով և վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար վերանորոգել է Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող անշարժ գույքը` մասնակի վերականգնելով դրա մինչհրդեհային արժեքը և ստեղծելով անհրաժեշտ պայմաններ` շարունակել է գույքի շահագործումը տնտեսական նշանակությամբ: Ընկերությունը, հրդեհի հետևանքով կրելով վնասներ, իրավունք ունի այդ վնասների հատուցում պահանջել հրդեհի առաջացման համար մեղավոր անձից, այն է` Կազմակերպությունից:

Տվյալ դեպքում հրդեհի հետևանքով պատճառված վնասի չափը ևս հիմնավորվում է սույն գործում առկա ապացույցներով: Մասնավորապես` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 21.07.2009 թվականի թիվ 09-0715 եզրակացությամբ Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող անշարժ գույքի վերանորոգման արժեքը կազմել է 88.985.160 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված «Տիգրիս» ՍՊԸ-ի կազմած փաստաթղթին, ապա այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին, խիստ կասկածելի ծագում ունի և սույն գործով անընդունելի է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարիամ Մկրտչյանի և Ընկերության միջև 18.07.2008 թվականին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` Վարձակալության պայմանագիր), որի 1.1-րդ և 1.7-րդ կետերի համաձայն` Մարիամ Մկրտչյանն Ընկերությանն է տրամադրել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 34/4 առևտրի կենտրոնը` 20.09.2008 թվականից մինչև 31.12.2011 թվականը: Վարձակալության պայմանագրի 2.4.3-րդ կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է իր հաշվին իրականացնել վարձակալված տարածքի ընթացիկ վերանորոգման և սպասարկման աշխատանքները, իսկ 2.4.4-րդ կետի համաձայն` վարձակալված տարածքը Մարիամ Մկրտչյանին հանձնել այն վիճակում, որով ստացել է` միաժամանակ հաշվի առնելով օբյեկտի շահագործման և օգտագործման բնական մաշվածությունը (հատոր 1-ին, գ.թ. 13):

2) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 05.06.2009 թվականի թիվ 13570904 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն` Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող շինությունում տեղի ունեցած հրդեհի առաջացումն էլեկտրատեխնիկական բնույթի է: Ամենայն հավանականությամբ հրդեհի առաջացման պատճառը հանդիսացել է հրդեհիօջախային հատվածում տեղադրված էլեկտրական սարքավորումներում ստեղծված վթարային ռեժիմի իրավիճակը (թիվ 69100110 քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 76-99):

3) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 25.09.2009 թվականի թիվ 09-1220 եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-12-րդ կետի համաձայն` դեպքի վայրի (Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեի) էլեկտրասնուցման համակարգում տեղի ունեցած հոսանքի տատանումը թույլատրելի տիրույթից բարձր սահմաններում բերել է վթարային իրավիճակի` առաջացնելով տվյալ պահին սնուցման տակ գտնվող էլեկտրասարքում (էլեկտրասարքերում) վթարային ռեժիմի առաջացման, որն էլ իր հերթին հանդիսացել է հրդեհի առաջացման անմիջական պատճառ (թիվ 69100110 քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 198-203):

4) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 14.09.2010 թվականի թիվ 12701004 եզրակացության «Հետևություններ» բաժնում ներառված «Հրդեհատեխնիկական մասի» 2-րդ կետի համաձայն` Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում տեղի ունեցած հրդեհի պատճառն էլեկտրատեխնիկական բնույթի է: Նույն մասի 2ա-րդ կետի համաձայն` Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում առաջացած հրդեհի անմիջական պատճառ է հանդիսանում կա՛մ թիվ ՏԵ-1242 ենթակայանում խանութ-սրահը սնող մալուխի զրոյական հաղորդալարի վնասումը (խզում կամ թույլ կոնտակտ) կա՛մ էլ թիվ ՏԵ-1242 և թիվ ՏԵ-1241 ենթակայանների նույն բջջից սնվելու սխեմայի դեպքում ցանցում առաջացած վթարային ռեժիմի հետևանքով էլեկտրական լարման կտրուկ բարձրացումը: Նշված երկու դեպքում էլ «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում տեղադրված սարքավորումները կարող էին ընկնել բարձր լարման տակ, որի հետևանքով դրանց հանգույցները կվնասվեին, կայրվեին` առաջացնելով հրդեհ:

Նույն բաժնում ներառված «Էլեկտրատեխնիկական հետազոտության երկրորդ մասի» 4-րդ կետի համաձայն` 18.04.2009 թվականին Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող Ընկերությանը պատկանող «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում հրդեհի պատճառն ունի էլեկտրատեխնիկական բնույթ: Նույն մասի 5-րդ կետի համաձայն` «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ լարման երկարատև բարձրացումը, թույլատրելի սահմաններից բարձր կամ ներքին էլեկտրասնուցման ցանցերի կարճ միացումը (թիվ 69100110 քրեական գործի նյութեր, հատոր 5-րդ, գ.թ. 132-163):

5) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 21.07.2009 թվականի թիվ 09-0715 եզրակացության «Հետևություններ» բաժնում ներառված «Ապրանքագիտական» մասի համաձայն` հրդեհի հետևանքով Ընկերությանը հասցված վնասի չափը որոշելիս փորձագետի կողմից 8 էջի վրա կազմվել է աղյուսակ (թիվ 69100110 քրեական գործի նյութեր, հատոր 6-րդ, գ.թ. 49-56), որում նշված են այրված և վնասված գույքի տեսականին (անվանումները), քանակը, վաճառքի գները, վնասված գույքի պիտանելիության մնացորդային պակասը, շուկայական արժեքները:

Նշված աղյուսակի արդյունքների համաձայն` հրդեհի ժամանակ կահույքի և գրասենյակային գույքի այրման և որակազրկման հետևանքով Ընկերությանը հասցված վնասի չափը կազմում է 132.090.825 ՀՀ դրամ:

Նույն աղյուսակի տվյալները հիմնականում համընկնում են Ընկերության տնօրենի կողմից կազմված Ընկերության` Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեի խանութում հրդեհի ժամանակ այրված կամ վնասված գույքի ցուցակի տվյալների հետ (թիվ 69100110 քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 103-109):

Նույն եզրակացությանը կից առկա գնահատման թիվ 09-0715 ակտի հավելվածով Ընկերության կահույքի խանութ-սրահի վերանորոգման ծախսը հաշվարկվել է ընդհանուր 88.985.160 ՀՀ դրամ (թիվ 69100110 քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 148-190):

6) Սույն գործին կից քրեական գործի նյութերում առկա են Ընկերությանը Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեի համար տրամադրված «Արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)» և «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» գրքերի, ինչպես նաև նույն հասցեում ստացված ապրանքների վերաբերյալ տրված հաշիվ-ֆակտուրաների պատճենները (քրեական գործ թիվ 69100110, հատոր 3-րդ, գ.թ. 28-92):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի կողմից գույքին պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավաչափության և իրական վնասի գնահատման հարցերին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով իրավահարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (ի թիվս այլոց տե'ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Կազմակերպությունը կատարել է ոչ օրինաչափ գործողություններ և դրանք ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում բռնկված հրդեհի ու Ընկերությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասի հետ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է և բխում է սույն գործում առկա ապացույցներից:

Այսպես` «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 05.06.2009 թվականի թիվ 13570904 եզրակացությամբ հաստատվում է, որ Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող շինությունում տեղի ունեցած հրդեհի առաջացումն էլեկտրատեխնիկական բնույթի է (ամենայն հավանականությամբ հրդեհի առաջացման պատճառը հանդիսացել է հրդեհի օջախային հատվածում տեղադրված էլեկտրական սարքավորումներում ստեղծված վթարային ռեժիմի իրավիճակը): Ավելին, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 25.09.2009 թվականի թիվ 09-1220 եզրակացությամբ հաստատվում է, որ դեպքի վայրի (Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեի) էլեկտրասնուցման համակարգում տեղի ունեցած հոսանքի տատանումը թույլատրելի տիրույթից բարձր սահմաններում բերել է վթարային իրավիճակի` առաջացնելով տվյալ պահին սնուցման տակ գտնվող էլեկտրասարքում (էլեկտրասարքերում) վթարային ռեժիմի առաջացման, որն էլ իր հերթին հանդիսացել է հրդեհի առաջացման անմիջական պատճառ: «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 14.09.2010 թվականի թիվ 12701004 եզրակացությամբ ևս հաստատվում է, որ Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում տեղի ունեցած հրդեհի պատճառն էլեկտրատեխնիկական բնույթի է (առաջացած հրդեհի անմիջական պատճառ է հանդիսանում կա՛մ թիվ ՏԵ-1242 ենթակայանում խանութ-սրահը սնող մալուխի զրոյական հաղորդալարի վնասումը (խզում կամ թույլ կոնտակտ) կա՛մ էլ թիվ ՏԵ-1242 և թիվ ՏԵ-1241 ենթակայանների նույն բջջից սնվելու սխեմայի դեպքում ցանցում առաջացած վթարային ռեժիմի հետևանքով էլեկտրական լարման կտրուկ բարձրացումը: Նշված երկու դեպքում էլ «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում տեղադրված սարքավորումները կարող էին ընկնել բարձր լարման տակ, որի հետևանքով դրանց հանգույցները կվնասվեին, կայրվեին` առաջացնելով հրդեհ: Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող Ընկերությանը պատկանող «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ լարման երկարատև բարձրացումը, թույլատրելի սահմաններից բարձր կամ ներքին էլեկտրասնուցման ցանցերի կարճ միացումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Նույն կետի 2-րդ պարբերության 2-րդ ենթակետի համաձայն` այդ տեղեկությունները հաստատվում են փորձագետների եզրակացություններով:

Վերոգրյալ ապացույցների (եզրակացությունների) հիման վրա Վճռաբեկ դատարանն ապացուցված և հաստատված է համարում այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա է Ընկերությանը պատճառված վնասի հատուցման համար պարտադիր պայմանը, այն է` Կազմակերպության ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու վերջինիս մեղքի միաժամանակյա առկայությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի հակառակ վերոգրյալի, Կազմակերպությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով որևէ կերպ չի ապացուցել, որ վնասն իր մեղքով չի պատճառվել, ուստի և վերջինս չի կարող ազատվել այն հատուցելու պարտականությունից:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում ներկայացված այն հիմնավորումներին, որ Կազմակերպության և Ընկերության միջև էներգամատակարարման պայմանագիր կնքված չի եղել, ինչպես նաև շինությանը պատճառված վնասների հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք ունենալու համար Ընկերությունն առնվազն պետք է հանդիսանար այդ շինության սեփականատերը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքի օբյեկտներ են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:

Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ գույքի վարձակալը` որպես վարձակալության պայմանագրի հիման վրա գույքը տիրապետող և օգտագործող անձ, օրինական (տիտղոսային) տիրապետող է: Վարձակալության պայմանագրի ուժով գույքը վարձակալած անձի մոտ ծագել են այդ գույքի օգտագործման և տիրապետման գույքային իրավունքներ: Այդ իրավունքները ևս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են գույք: Ուստի, գույքային իրավունքներին պատճառված վնասը ևս ենթակա է հատուցման այդպիսի իրավունքներ կրող անձին` վարձակալին:

Տվյալ դեպքում վարձակալին պատճառված վնասը դրսևորվել է նրանով, որ վերջինս իր վարձակալած գույքի այրման հետևանքով չունի գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորություն: Այլ կերպ` խախտվել է վարձակալի օգտագործման իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով առկա է գույքին (գույքային իրավունքին) պատճառված վնաս, հետևաբար վարձակալի մոտ ծագել է վնասի հատուցում պահանջելու իրավունք:

Սույն գործի փաստերի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև անդրադառնալ վարձակալած անշարժ գույքին պատճառված վնասի հատուցման պահանջը սեփականատիրոջ կողմից ներկայացվելու խնդրին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 625-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:

Սեփականության իրավունքը` որպես բացարձակ իրավունք, պարտավորեցնում է յուրաքանչյուրին ձեռնպահ մնալ սեփականատիրոջ իրավունքների խախտմանն ուղղված գործողություններից: Հետևաբար, իրավունքի խախտման յուրաքանչյուր դեպքում սեփականատերն այն կարող է վերականգնել` հակաիրավական արարք կատարած անձի դեմ հայց հարուցելով:

Վարձակալության հարաբերությունների դեպքում գույքի սեփականատիրոջից բացի գույքի օրինական տիրապետող է հանդիսանում նաև վարձակալը, ով, ինչպես վերը նշվեց, ևս պաշտպանված է իր գույքային իրավունքի նկատմամբ ցուցաբերվող հակաիրավական արարքներից:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարձակալի կողմից իր խախտված իրավունքները վերականգնելը, տվյալ դեպքում գույքին պատճառված վնասի հատուցում ստանալը, վերացնում է վնաս պատճառողից հատուցում պահանջելու սեփականատիրոջ իրավունքը: Նման դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 625-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումը, որի ուժով վարձակալը պարտավոր է վերականգնել վնասված գույքը մինչև վարձակալին հանձնելը: Վարձակալած գույքին պատճառված վնասի դիմաց ստացված հատուցումը վարձակալը պետք է ուղղի գույքի վերականգնմանը, հակառակ դեպքում կրում է այդ արժեքը գույքի սեփականատիրոջը հատուցելու պարտականություն:

Վերը նշված մեկնաբանության լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարիամ Մկրտչյանի և Ընկերության միջև 18.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա Ընկերության մոտ ծագել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 34/4 առևտրի կենտրոնի նկատմամբ գույքային իրավունքներ: Նշված պայմանագրի 2.4.4-րդ կետում ևս ամրագրվել է Ընկերության պարտականությունը` վարձակալած տարածքը Մարիամ Մկրտչյանին հանձնել այն վիճակում, որով ստացվել է` միաժամանակ հաշվի առնելով օբյեկտի շահագործման և օգտագործման բնական մաշվածությունը:

Կազմակերպության ոչ օրինաչափ գործողությունների պատճառով Ընկերությունը կրել է վնաս, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ և 1058-րդ հոդվածների ուժով ձեռք է բերել պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը, հանդիսանալով Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/4 տարածքի վարձակալը, անկախ Կազմակերպության և Ընկերության միջև էներգամատակարարման պայմանագիր կնքված լինելու հանգամանքից, իրավունք է ունեցել նշված տարածքին պատճառված վնասի հատուցման պահանջով դիմել դատարան ընդդեմ Կազմակերպության:

Ինչ վերաբերում է Կազմակերպության կողմից Ընկերությանը պատճառված վնասի չափի հիմնավորվածությանը, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունը:

Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 21.07.2009 թվականի թիվ 09-0715 եզրակացությամբ հաստատվում է, որ հրդեհի ժամանակ կահույքի և գրասենյակային գույքի այրման և որակազրկման հետևանքով Ընկերությանը հասցված վնասի չափը կազմում է 132.090.825 ՀՀ դրամ, որի վերաբերյալ կազմված աղյուսակի տվյալները հիմնականում համընկնում են Ընկերության տնօրենի կողմից կազմված Ընկերության` Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեի խանութում հրդեհի ժամանակ այրված կամ վնասված գույքի ցուցակի տվյալների հետ, իսկ Ընկերության կահույքի խանութ-սրահի վերանորոգման ծախսը հաշվարկվել է ընդհանուր 88.985.160 ՀՀ դրամ: Միաժամանակ, սույն գործին կից քրեական գործի նյութերում առկա են Ընկերությանը Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեի համար տրամադրված «Արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)» և «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» գրքերի, ինչպես նաև նույն հասցեում ստացված ապրանքների վերաբերյալ տրված հաշիվ-ֆակտուրաների պատճենները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ հաստատված համարելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 21.07.2009 թվականի թիվ 09-0715 եզրակացությամբ նշված Կազմակերպության կողմից Ընկերությանը պատճառված վնասի չափը, անտեսել է, որ ո՛չ վերոգրյալ եզրակացությամբ և ո՛չ էլ այդ եզրակացության անբաժանելի մաս կազմող աղյուսակով որևէ կերպ անդրադարձ չի կատարվել Ընկերությանը Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեի համար տրամադրված «Արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)» և «Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման)» գրքերում, ինչպես նաև նույն հասցեում ստացված ապրանքների վերաբերյալ տրված հաշիվ-ֆակտուրաներում պարունակվող տվյալներին այն դեպքում, երբ այդ ապացույցներով կարող էին պարզվել և հաստատվել Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող, Ընկերությանը պատկանող «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահում հրդեհի պահին առկա գույքի ամբողջական կազմը, քանակը և գինը, ինչպես նաև այլ տվյալներ, այլ ըստ էության հիմք է ընդունվել միայն Ընկերության տնօրենի կողմից կազմված Ընկերության` Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեի խանութում հրդեհի ժամանակ այրված կամ վնասված գույքի ցուցակի տվյալները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ ապացույցների չգնահատման արդյունքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 21.07.2009 թվականի թիվ 09-0715 եզրակացությամբ նշված Կազմակերպության կողմից Ընկերությանը պատճառված վնասի չափը չի կարող համարվել հիմնավորված:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Կազմակերպության կողմից Երևանի Անդրանիկի թիվ 34/4 հասցեում գտնվող շինությանը և հրդեհի ժամանակ այրվելու կամ վնասվելու հետևանքով Ընկերության գույքին պատճառված վնասի չափը պարզելու համար սույն գործը նշված ծավալով անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել նաև «ԿԻՏ» կահույքի խանութ-սրահը չաշխատելու ժամանակահատվածում վճարված վարձավճարի, ինչպես նաև Ընկերության կողմից կնքված վարկային պայմանագրերով նախատեսված գումարները պատճառված վնասի մեջ ներառելու իրավաչափության հարցը: Նշված հարցին անդրադառնալիս անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես վնասի հատուցման կանոնների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը, այնպես էլ այն հանգամանքը, որ վնասի իրական լինելը պետք է ուղղակիորեն պայմանավորված լինի վնաս պատճառող անձի հակաիրավական գործողությամբ: Հակաիրավական գործողության արդյունքում տուժողի մոտ պետք է առաջանա գույքի կորուստ կամ նվազում: Միայն այս դեպքում կարող է առկա լինել իրական վնաս` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ տուժողի կատարած ծախսերը պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում վնաս պատճառող անձի գործողությունների հետ, տուժողի մոտ չի առաջանում վնասի հատուցում պահանջելու իրավունք, քանի որ բացակայում է ինքնին վնաս պատճառելու հետևանքով բխող պարտավորությունը:

Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո նոր քննության ընթացքում պետք է գնահատվեն նաև Ընկերության կողմից կնքված վարկային պայմանագրերը:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացված «Տիգրիս» ՍՊԸ-ի 13.09.2012 թվականին տրված թիվ 02/13.09.2012 և թիվ 01/13.09.2012 եզրակացություններին, որպիսի եզրակացությունների համաձայն` Ընկերության կահույքին պատճառված վնասը կազմել է 57.952.000 ՀՀ դրամ, իսկ Մարիամ Մկրտչյանի շինության վերանորոգումը` 61.531.933 ՀՀ դրամ, ապա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված եզրակացությունները տրվել են Վերաքննիչ դատարանի 10.05.2012 թվականի որոշումը կայացվելուց հետո, ներկայացվել են միայն վճռաբեկ բողոքին կից և Վերաքննիչ դատարանն այդ եզրակացությունների մասով որևէ դիրքորոշում չի հայտնել, Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան