Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.39
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
15.02.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0091/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում 

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0091/01/11

ԵԷԴ/0091/01/11

Նախագահող դատավոր՝   Կ. Ղազարյան

Դատավորներ՝   

Գ. Մելիք-Սարգսյան
 

Հ. Տեր-Ադամյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ մեղադրող

Տ. Ուզոյանի

2013 թվականի փետրվարի 15-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Ժիրայր Բահատուրի Ղուկասյանի, Արմեն Աշոտի Ղևոնդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, Վալերիկ Գուրգենի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ մեղադրող Տ.Ուզոյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի մարտի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 12107311 քրեական գործը:

2011 թվականի հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 14101811 քրեական գործը:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2011 թվականի մայիսի 13-ի որոշմամբ թիվ 14101811 քրեական գործը միացվել է թիվ 12107311 քրեական գործին:

2011 թվականի հունիսի 3-ին Վալերիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

2011 թվականի հունիսի 10-ին Արմեն Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

2011 թվականի հունիսի 13-ին Ժիրայր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2011 թվականի հունիսի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 27-ի դատավճռով Ժիրայր Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով:

Արմեն Ղևոնդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով:

Վալերիկ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով Վ.Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով` ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ.Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներ Ա.Ղևոնդյանը, Ժ.Ղուկասյանը, մեղադրող Տ.Ուզոյանը և տուժող Վ.Սահակյանը:

Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 27-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Տ.Ուզոյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ըստ մեղադրական եզրակացության` «Նախկինում գույքի հափշտակություններ կատարելու համար դատապարտված, դատվածությունները չմարված, գործով մեղադրյալներ Ժիրայր Ղուկասյանը, Արմեն Ղևոնդյանը և Վալերի Գրիգորյանը միմյանց հետ ծանոթացել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում, իսկ Ժ.Ղուկասյանը գործով մյուս մեղադրյալ Հարություն Մելքոնյանի հետ ծանոթացել է 2011 թվականի հունվարին` Վ.Գրիգորյանի հետ միասին վարձակալական հիմունքներով Արհեստավորների 119 տանը բնակվելու ժամանակ:

(...):

Բացի այդ, Վ.Գրիգորյանը, որը «Դոմփի» մականունն ունի, իր ընկեր` գործով մյուս մեղադրյալ «Ուզբո» մականունով Ժ.Ղուկասյանից տեղեկացել է, որ վերջինիս ընկեր` գործով մեղադրյալ Արմեն Ղևոնդյանը 2011 թվականի հունվարի 23-ին ծանոթացել է գործով տուժող Վոլոդյա Սահակյանի հետ և նկատել է վերջինիս պարանոցի, ձեռքերի դեղին, ոչ թանկարժեք, պղինձ երկաթ համաձուլվածքից պատրաստված շղթաները, մատի դեղին գույնի, կապար-անտիմոն-երկաթ համաձուլվածքից պատրաստված մատանին և երկու հատ «NՕKIA-1200» և «VISՕA» ապրանքանիշի բջջային հեռախոսները երեքով նախնական համաձայնության գալով` որոշել են ավազակային հարձակմամբ հափշտակել դրանք:

Հաջորդ օրը՝ 2011 թվականի հունվարի 24-ին, Ա.Ղևոնդյանն իր 055/54-62-59 բջջային հեռախոսահամարից զանգահարել է տուժող Վ.Սահակյանի 093/02-44-35 հեռախոսահամարին և հրավիրել Վարդաշենում գտնվող իր եղբոր` Էդգար Ղևոնդյանի տուն: Վ.Սահակյանը եկել է, որից հետո Ա.Ղևոնդյանը իր 055/54-62-59 բջջային հեռախոսահամարից ժամը 20.00-ի սահմաններում զանգահարել է Ժ.Ղուկասյանի 077/41-42-75 բջջային հեռախոսահամարին և հայտնել Վ.Սահակյանին Վարդաշեն «Խաչի գարաժներ» կոչվող վայր տանելու և այնտեղ նրա նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին: Ժ.Ղուկասյանը տվել է իր համաձայնությունը, այնուհետև Վալերիկ Գրիգորյանին, որը այդ պահին իր հետ է եղել, հայտնել է ավազակային հարձակում կատարելու որոշման մասին և միասին գնացել «Խաչի գարաժներ» կոչվող վայրը: Ժամը 21.00-ի սահմաններում Ա.Ղևոնդյանը Վ.Սահակյանին խաբեությամբ տարել է ք.Երևանի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 27/2 շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող «Խաչի գարաժներ» կոչվող վայրը, այնտեղ Ժ.Ղուկասյանը մոտեցել է Վ.Սահակյանին, նրանից ծխախոտ ուզել, մեղադրել ինչ-որ աղջկա բռնաբարության մեջ, նրան սկսել է քաշքշել և պահանջել Վ.Սահակյանի վրայի զարդերը ու մոտը եղած գումարը: Այնուհետև Ժ.Ղուկասյանը և Վ.Գրիգորյանը սկսել են նրան հարվածել, գցել գետնին, Ա.Ղևոնդյանը պառկել է Վ.Սահակյանի վրա, արգելափակել նրա շարժումները, երկու ձեռքերով բռնել կոկորդից և սկսել խեղդել: Վ.Գրիգորյանը մի ձեռքով փակել է Վ.Սահակյանի բերանը, իսկ մյուս ձեռքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ժ.Ղուկասյանը որպես զենք հանդիսացող դանակի գործադրմամբ սկսել է սպառնալ Վ.Սահակյանին, դանակը սեղմել է նրա աջ կողքին: Ա.Ղևոնդյանը տուժող Վ.Սահակյանի գրպանից հանել է նրա բջջային հեռախոսները և պոկել պարանոցի շղթան` կարծելով որ այն ոսկյա է, իսկ Ժ.Ղուկասյանը տուժողի մատից քաշելով հանել է մատանին, ձեռքի շղթան` կարծելով դրանք ոսկյա են: Սակայն համոզվելով, որ պարանոցի, ձեռքի շղթաները և մատանին ոսկուց չեն, հետ են վերադարձրել, հետ են տվել նաև «NՕKIA-1200» և «VISՕA» ապրանքանիշի բջջային հեռախոսները, այնուհետև սպառնացել, որ եթե նա ոստիկանություն դիմի, ապա նրա համար վատ կլինի: Դեպքից հետո Վ.Սահակյանը ոստիկանություն չի դիմել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 294-295):

6. Նախաքննության ընթացքում Ժ.Ղուկասյանը որպես կասկածյալ տված ցուցմունքում հայտնել է, որ «(...) նշված վայրում ինքը մոտեցել է Վ.Սահակյանին և ծխախոտ խնդրել, այնուհետև նրան մեղադրել այն բանում, թե նա մի 18 տարեկան աղջկա ինչ-որ բան է ասել` պատրվակ ստեղծելով վիճելու համար: Դրանից հետո ինքը քաշել է Վ.Սահակյանին, Վ.Գրիգորյանի հետ սկսել հարվածել, Վ.Սահակյանին գցել գետնին: Ա.Ղևոնդյանը, պառկելով Վ.Սահակյանի վրա, բռնել է ձեռքերը, որ նա չդիմադրի, Վ.Սահակյանը սկսել է գոռալ, օգնություն կանչել, Ա.Ղևոնդյանին մեղադրել, որ իր գլխին սարքել է, դա լսելով Ա.Ղևոնդյանը երկու ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ Վ.Գրիգորյանը փակել է նրա բերանը, որ նա չգոռա: Ինքը Վ.Սահակյանին սպառնացել է ասելով` «եթե ձենդ չկտրես կխփեմ» տպավորություն ստեղծելով, թե իր մոտ իրականում դանակ կա: Ինքը քաշելով Վ.Սահակյանի ձեռքից հանել է մատանին և ձեռքի շղթան, կարծելով, որ ոսկյա է, իսկ Ա.Ղևոնդյանը նրա գրպանից հանել է երկու հեռախոսները: Վ.Սահակյանը նրանց ասել է, որ իր մոտ եղած զարդերը ոսկյա չեն և իր մոտ գումար չկա: Ինքը հեռախոսի լույսի տակ նայելով համոզվել է, որ զարդերը իրականում ոսկուց չեն, հետ է վերադարձրել մատանին և շղթան, այնուհետև, ինքը Ա.Ղևոնդյանի մոտից վերցրել է երկու բջջային հեռախոսները և վերադարձրել է Վ.Սահակյանին, հետո հայտնել է, որ ինքը պարտքերի մեջ է, ստիպված է եղել նման արարք կատարել և զգուշացրել է, որ նա չդիմի ոստիկանություն` սպառնալով, որ նրա համար վատ կլինի» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 49-51, 94-95):

7. Նախաքննության ընթացքում Ա.Ղևոնդյանը որպես կասկածյալ տված ցուցմունքում տվել է նույնաբովանդակ խոստովանական ցուցմունքներ` հայտնելով, որ «(...) այն պահին, երբ Վալերիկ Գրիգորյանը պառկել է Վ.Սահակյանի վրա, ձեռքերով փակել է նրա բերանը, Ժիրայր Ղուկասյանը իր մոտ եղած դանակը դեմ է տվել Վ.Սահակյանի կողքին` ասելով «ձենդ կտրի, թե չե կխփեմ», որի ընթացքում հափշտակել է նրա շղթաները և մատանին, իսկ ինքը Վ.Սահակյանի մոտից վերցրել է նրա հեռախոսը, որպեսզի ջնջի իր զանգահարած համարները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 37-40):

8. Ժ.Ղուկասյանի և Ա.Ղևոնդյանի միջև առերեսում կատարելու արձանագրության համաձայն` վերջինս, պնդելով իր ցուցմունքները, հայտնել է, որ տեսել է, թե ինչպես Ժ.Ղուկասյանն իր մոտ եղած դանակը դեմ է տվել տուժողի կողքին և սպառնալիքներ է տվել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 52-53):

9. Վ.Սահակյանի և Ժ.Ղուկասյանի միջև առերեսում կատարելու արձանագրության համաձայն` Վ.Սահակյանը, պնդելով իր նախորդ ցուցմունքները, հայտնել է, որ Ժ.Ղուկասյանը ավազակային հարձակման ժամանակ «ինչ-որ բան դեմ տալով կողքին` պահանջել է իրերը»: Ժ.Ղուկասյանն ընդունել է, որ տուժողի իրերը հափշտակելու ընթացքում նա իրոք սպառնալիք է տվել և տպավորություն ստեղծել, որ իր մոտ դանակ կա, և իրերը չտալու դեպքում կխփի (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 71-72):

10. Առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա է հետևյալ ձևակերպումը. «Գնահատելով դատաքննությամբ հետազոտված բոլոր ապացույցները (...): Դատարանն ապացուցված համարեց նաև ամբաստանյալներ Վ.Գրիգորյանի, Ժ.Ղուկասյանի և Ա.Ղևոնդյանի կողմից տուժող Վ.Սահակյանի նկատմամբ կատարված արարքները, սակայն գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից դրանց տրվել է քրեաիրավական սխալ որակում և բավարար ապացույցների բացակայության պայմաններում, չպատճառաբանված ենթադրությունների և բացառապես տուժող Վ.Սահակյանի նախաքննական ցուցմունքների հիման վրա, վերջիններիս անհիմն մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (...):

Նախաքննության ընթացքում տեղ գտած բացթողումների արդյունքում և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջությամբ, դրանք իրենց համակցության մեջ համադրելով դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալներ Ժիրայր Ղուկասյանի, Արմեն Ղևոնդյանի և Վալերիկ Գրիգորյանի կատարած արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

(...) դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությունը հիմք է տալիս դատարանին հաստատված և ապացուցված համարելու այն փաստական հանգամանքները, որ նախնական հանցավոր պայմանավորվածության համաձայն` ամբաստանյալներ Ժ.Ղուկասյանը, Ա.Ղևոնդյանը և Վ.Գրիգորյանը 2011 թվականի հունվարի 24-ին տուժող Վ.Սահակյանին խաբեությամբ տարել են Երևանի Վարդաշեն թաղամասում գտնվող «Խաչերի գարաժներ» կոչվող վայր, որտեղ վերջինիս կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` նրանից բացահայտ հափշտակել են պարանոցի և ձեռքի շղթաները, մատանին և երկու բջջային հեռախոսները, սակայն զննելով և համոզվելով, որ դրանք իրենցից արժեք չեն ներկայացնում, իրերը հետ են վերադարձրել» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 317-318):

11. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ «(...) ամբաստանյալներ Ժիրայր Ղուկասյանի և Արմեն Ղևոնդյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2 մասի 1-ին և 4-րդ կետերով, Վալերիկ Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2 մասի 1-ին, 4-րդ կետերով և 177 հոդվածի 2 մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքները կատարելը և նրանց մեղքը հաստատված, իսկ ամբաստանյալների պատճառաբանությունները հերքված են քրեական գործով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և Դատարանում հետազոտված (…) ապացույցներով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 103-104):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոք բերած անձի պնդմամբ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության գործադրումը կամ դա գործադրելու սպառնալիքը, ակնհայտ անհիմն են և չեն բխում գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցներից, հետևաբար ամբաստանյալներ Վ.Գրիգորյանին, Ժ.Ղուկասյանին և Ա.Ղևոնդյանին առաջադրված մեղադրանքները ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերից 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով վերաորակելու մասին դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը թույլ են տվել նյութական իրավունքի խախտումներ:

Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի՝ բողոք բերած անձը շարադրել և վերլուծության է ենթարկել մի շարք ապացույցներ, որից հետո եզրահանգել է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ դեպքի ժամանակ ամբաստանյալների մոտ դանակի առկայությունը և դրա գործադրման փաստը չեն հաստատվել, հիմնազուրկ է և հերքվում է գործով ձեռք բերված փաստական տվյալներով:

Ըստ բողոքաբերի՝ հափշտակության ընթացքում տուժողի նկատմամբ կիրառված բռնության և տուժողին տրված սպառնալիքների բնույթը գնահատելիս ստորադաս դատարանները հաշվի չեն առել գործի բոլոր հանգամանքները, մասնավորապես այն, որ հանցագործությունը կատարվել է ամայի վայրում, մթության մեջ, երեք անձի կողմից, որոնք նախկինում եղել են բազմաթիվ անգամ դատապարտված, այդ թվում՝ հափշտակությունների համար: Բռնությունը գործադրվել է երկու ձեռքով տուժողի կոկորդը բռնելու, խեղդելու, բերանը փակելու և դանակը գործադրելու սպառնալիքի եղանակով: Տուժողը կիրառված բռնությունը և սպառնալիքն ընկալել է որպես իր կյանքի և առողջության համար վտանգավոր, դադարել է դիմադրել և կատարել է հանցագործների պահանջը: Բողոք բերած անձի կարծիքով շարադրված փաստական տվյալները բավարար են հափշտակության ընթացքում կիրառված բռնությունը և տրված սպառնալիքները որպես տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր գնահատելու համար, հետևաբար դատարանների դիրքորոշումն այն մասին, որ տեղի է ունեցել կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնությամբ զուգորդված կողոպուտ, չի բխում գործի փաստական տվյալներից:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է Ժ.Ղուկասյանի, Ա.Ղևոնդյանի և Վ.Գրիգորյանի մեղադրանքները ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերից 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով վերաորակելու մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 27-ի դատավճիռը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը (ավազակությունը) ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցակազմից (կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտը) տարանջատելու և նշված հանցակազմերի մեկնաբանման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ վերոնշյալ հանցակազմերի կապակցությամբ դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Ավազակության և կողոպուտի հանցակազմերի քրեաիրավական բնութագրերը.

 

15. ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակում[ն է], որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (...):

2. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,

3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,

4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ՝

(...)

3. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) առողջությանը ծանր վնաս պատճառելով՝

(...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝

«1. Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն[ն է]

(...)

2. Կողոպուտը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է խոշոր չափերով,

3) կատարվել է՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,

4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝

(...):

3. Կողոպուտը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,

2) կազմակերպված խմբի կողմից՝

(...)»

Մեջբերված քրեաիրավական դրույթների վերլուծությունից երևում է, որ ավազակությունը, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտը երկօբյեկտ հանցակազմեր են. հիմնական անմիջական օբյեկտը սեփականությունն է, իսկ լրացուցիչ օբյեկտը մարդու կյանքն է կամ առողջությունը:

Սուբյեկտիվ կողմից վերոնշյալ հանցակազմերը բնութագրվում են շահադիտական դրդման առկայությամբ, որը զուգորդվում է բռնության հետ:

16. Բռնության հասկացությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) բռնությունը` որպես քրեորեն հետապնդելի արարք, դիտավորությամբ, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարք է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել, կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք» (տե՛ս Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշման 18-րդ կետը):

Մեջբերված դիրքորոշման լույսի ներքո գնահատելով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 176-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ավազակության հասարակ և որակյալ տեսակների դեպքում օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող բռնությունը կամ դրա սպառնալիքը կարող են լինել բացառապես կյանքի կամ առողջության համար վտանգավոր, իսկ կողոպուտի որակյալ տեսակի դեպքում բռնությունը կամ դրա սպառնալիքը պետք է լինեն կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում անձի արարքը որպես ավազակություն կամ ծանրացնող հանգամանքներում կատարված կողոպուտ որակելիս պետք է գործի բավարար փաստական տվյալներով հիմնավորել, թե ինչում է արտահայտվել բռնության կամ դրա սպառնալիքի բովանդակությունը, և արդյոք դրանք կյանքի կամ առողջության համար վտանգավոր են եղել, թե ոչ:

17. Սույն որոշման նախորդ կետում նշված՝ բռնության բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է մանրամասնել ոչ միայն բռնության էությունը, այլև այն, թե որ բռնությունն է համարվում կյանքի կամ առողջության համար վտանգավոր, որը՝ ոչ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնության՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ ոչ վտանգավոր լինելու հիմնական չափանիշը առողջությանը պատճառված վնասի վերաբերյալ բժշկական ցուցանիշներն են, որոնցից կախված են արարքի, այդ թվում` ավազակության իրավաբանական գնահատման առանձնահատկությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնության տարբեր դրսևորումների՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր լինելը որոշվում է ելնելով`

ա) կյանքի կամ առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանից,

բ) հանցագործության բնույթից, կատարման եղանակից, կատարման մեխանիզմի առանձնահատկություններից և այլն:

Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կյանքի համար վտանգավոր են հանդիսանում գանգոսկրի ներթափանցող վնասվածքները, գանգի հիմքի և հատման ոսկորների բաց և փակ կոտրվածքները, գլխուղեղի ծանր և միջին աստիճանի վնասումները, ողնաշարի, կոկորդի, շնչափողի, կերակրափողի ներթափանցող վնասվածքները և այլն: Բացի այդ, տուժողի կյանքի համար բռնությունը կարող է հանգեցնել տարբեր հիվանդագին վիճակների զարգացման կամ տարբեր հիվանդությունների կամ խանգարումների առաջացման (օրինակ` ծանր աստիճանի շոկը, կոմայի մեջ ընկնելը և այլն):

Հանցագործության, տվյալ դեպքում՝ ավազակության բնույթից, կատարման եղանակից, կատարման մեխանիզմի առանձնահատկություններից և այլնից ելնելով՝ բռնությունը գնահատվում է որպես կյանքի կամ առողջության համար վտանգավոր նաև այն դեպքում, երբ դրա կիրառման պահին իրական վտանգ է ստեղծվել տուժողի կյանքի կամ առողջության համար: Այսպես, գույքը հափշտակելու նպատակով հանցավորը, առանց վնաս պատճառելու, կիրառում է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ կամ բռնությունը կիրառում է տուժողի կյանքի համար վտանգավոր այլ եղանակներով (օրինակ` խեղդում է տուժողին, տարբեր ձևերով փակում է նրա շնչառությունը և այլն): Նման դեպքերում բռնության բնույթը որոշվում է գործի բոլոր հանգամանքները (բռնության գործադրման եղանակ, գործիքներ, հանցակիցների քանակ, դեպքի կատարման ժամանակ, տեղ և այլն) հաշվի առնելով:

18. Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքը հանդիսանում է հոգեբանական բռնության տարատեսակ և կարող է դրսևորվել տարբեր ձևերով` խոսքով, ժեստերով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների ցուցադրմամբ կամ այնպիսի այլ գործողությունների կատարմամբ, որոնք ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, տուժողի կյանքի կամ առողջության համար իրական սպառնալիք են ներկայացնում: Հետևաբար, այն դեպքում, երբ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների ցուցադրումը կամ հանցավորի դրսևորած այլ գործողությունները` ժեստը, մարմնաշարժումը և այլն, զուգորդված չեն տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի դրսևորման հետ, արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ որպես կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտ:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ զենքը կամ որպես զենք օգտագործվող առարկան փաստացի չի գործադրվել, սակայն կոնկրետ իրավիճակում դրանք տուժողի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ են ստեղծել (օրինակ` հարձակման ժամանակ հանցավորը զենքը կամ որպես զենք օգտագործվող այլ առարկան հպում է տուժողի որովայնին, կոկորդին կամ կենսական կարևոր նշանակություն ունեցող այլ օրգաններին), արարքը պետք է որակել որպես ավազակություն: Վճռաբեկ դատարանի այս եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ նկարագրված դեպքում տուժողի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ է ստեղծվում, քանի որ ցանկացած պահի, այդ թվում` տուժողի կողմից դիմադրություն ցույց տալու կամ փախուստի փորձի դեպքում հանցավորի դիտավորյալ կամ անզգույշ գործողություններով տուժողի կյանքին կամ առողջությանը կարող է վնաս պատճառվել:

19. Այն դեպքերում, երբ բռնություն գործադրելու սպառնալիքն արտահայտվում է այլ գործողություններով կամ խոսքով, արարքը ավազակություն կամ կողոպուտ որակելու նպատակով անհրաժեշտ է գնահատել սպառնալիքի բնույթը, մասնավորապես այն, թե սպառնալիքն իրական է, թե ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնություն գործադրելու սպառնալիքն իրական չէ, եթե գործի կոնկրետ հանգամանքներով չի հիմնավորվում, թե այն իրականացնելու իրական հնարավորություն հանցավորն ունեցել է, թե ոչ:

Բռնություն գործադրելու սպառնալիքի իրական լինելը ենթադրում է, որ տուժողը բավարար հիմքեր պետք է ունենա վախենալու դրա իրականացումից: Այլ կերպ ասած` տուժողը պետք է գիտակցի, որ հանցավորի պահանջը չկատարելու դեպքում սպառնալիքն անմիջապես կիրագործվի և իր կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կգործադրվի: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև սպառնալիքի իրական լինելը հաստատելու համար տուժողի սուբյեկտիվ ընկալման գնահատումը կարևոր է, այդուհանդերձ առաջնային նշանակություն ունի օբյեկտիվ իրադրության գնահատումը: Այլ խոսքով՝ սպառնալիքն իրական լինելու վերաբերյալ միայն տուժողի սուբյեկտիվ ընկալումը չի կարող հիմք հանդիսանալ արարքը ավազակություն որակելու համար: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպառնալիքը կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ ոչ վտանգավոր լինելու վերաբերյալ տուժողի սուբյեկտիվ ընկալումը կարող է պայմանավորված լինել նրա հուզական, հոգեֆիզիկական, նյարդային և առողջական վիճակով, տարիքով, զգայունության, մտավոր զարգացման աստիճանով և մի շարք այլ գործոններով: Ուստի սպառնալիքի՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ ոչ վտանգավոր լինելու հարցի պարզաբանման համար անհրաժեշտ է հաշվի առնել գործով հաստատված բոլոր հանգամանքների համակցությունը` հանցագործության կատարման ժամանակը, տեղը և եղանակը, հանցագործի անձը, նրանց քանակը, տուժողի կողմից սպառնալիքի բնույթի սուբյեկտիվ ընկալումը, այնպիսի բացահայտ գործողությունների կատարումը, որոնք վկայում են ֆիզիկական բռնություն գործադրելու հանցավորի մտադրության կամ պատրաստակամության մասին և այլն:

20. Սուբյեկտիվ կողմից ավազակությունը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով տուժողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրում կամ դա գործադրելու սպառնալիք է տալիս և բռնությունը կիրառում է գույքը հափշտակելու համար, այլև ցանկանում է կատարել այդ գործողությունները: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքը հափշտակելու դիտավորությունը պետք է առաջանա մինչև կյանքի կամ առողջության համար վտանգավոր ոտնձգություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հարձակումը: Այլ խոսքով՝ բռնության կամ դրա սպառնալիքի գործադրումն առանց գույքին տիրանալու նպատակի չի կարող ավազակային հարձակման հատկանիշ հանդիսանալ (օրինակ` բռնությունը կամ սպառնալիքը գործադրվում է այլ շարժառիթով (վրեժ, խանդ և այլն), որից հետո հանցավորի մոտ առաջանում է գույքը հափշտակելու դիտավորություն և հանցավորը փաստացի հափշտակում է գույքը):

Կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ հանցավորը գիտակցում է ոչ միայն գույքի բացահայտ հափշտակության, այլ նաև այդ ընթացքում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի փաստը: Այլ խոսքով՝ հանցավորը գիտակցում է, որ տուժողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրում կամ դրա գործադրման սպառնալիք է կիրառում նրա գույքը հափշտակելու նպատակով և ցանկանում է այդ:

21. Անդրադառնալով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրումը տուժողի գույքը հափշտակելու նպատակով հարձակման ընթացքում դրանց փաստացի օգտագործումն է, օգտագործման փորձը կամ դրանցով սպառնալիք տալը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքում, երբ հանցավորը զենքը կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաները փաստացի չի օգտագործել, չի փորձել օգտագործել կամ դրանցով սպառնալիք տալ, սակայն հանցավորի մոտ դրանց առկայությունը կոնկրետ դեպքում տուժողի կյանքի կամ առողջության համար ստեղծել է իրական վտանգ, արարքը ենթակա է որակման որպես հասարակ ավազակություն:

Ինչ վերաբերում է հանցակիցներից մեկի կողմից զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ`

ա) ավազակության հանցակիցները մինչև հանցանքի կատարումը զենքի (որպես զենք օգտագործվող առարկա) կիրառման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել, ինչպես նաև այն դեպքում, երբ հանցակիցները նախապես իմացել են, որ իրենցից մեկի մոտ առկա է զենք (որպես զենք օգտագործվող առարկա), որը կարող է օգտագործվել արարքը կատարելու ժամանակ և խմբի անդամները գիտակցել են զենքի (որպես զենք օգտագործվող առարկայի) կիրառման հնարավորությունը, բոլոր հանցակիցների արարքը պետք է որակել զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակություն.

բ) իրենցից մեկի մոտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի առկայության մասին ավազակության հանցակիցներն իմացել են հանցագործությունը կատարելու ընթացքում և հանցանքի կատարումը շարունակել են արդեն զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի կիրառմամբ, բոլոր հանցակիցների արարքը պետք է որակել զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակություն:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ ավազակության հանցակիցներից մեկի մոտ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի առկայության մասին մյուս հանցակիցները չեն իմացել ո՛չ նախքան հանցանքի կատարումը, ո՛չ դրա ընթացքում, ապա առկա է հանցակցի սահմանազանցում (ՀՀ քրեական օրենսգրքի 40-րդ հոդված):

22. Հիմք ընդունելով սույն որոշման 15-21-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավազակության (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդված) և կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտի (ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ) հանցակազմերը տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ՝

ա) ավազակության հանցակազմի իմաստով՝ կյանքի կամ առողջության նկատմամբ գործադրված բռնությունը կամ դա գործադրելու սպառնալիքը դիտվում է վտանգավոր այն դեպքում, երբ դրա արդյունքում տուժողի առողջությանը պատճառվել է թեթև (որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ), միջին ծանրության, ծանր վնաս կամ մահ.

բ) կյանքի կամ առողջության համար բռնությունը կամ դա գործադրելու սպառնալիքը վտանգավոր է, եթե բռնության հետևանքով տուժողի առողջությանը վնաս չի պատճառվել, սակայն գործի նյութերով հաստատվել է, որ բռնությունը գործադրելու պահին տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիք է եղել.

գ) այն դեպքում, երբ գործադրված բռնությունը կամ դա գործադրելու սպառնալիքն արտահայտվում է տուժողի առողջությանը թեթև վնաս պատճառելով, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, կամ զուգորդվել է ծեծով, ֆիզիկական ցավ պատճառելով, ձեռքերը կամ ոտքերը կապելով կամ ոլորելով կամ տուժողի ազատությունը սահմանափակելով՝ պայմանով, որ նշված գործողությունների արդյունքում տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական վտանգ չի ստեղծվել, և նման բռնության սպառնալիք չի տրվել, արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` որպես կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված կողոպուտ.

դ) հարձակումն ավազակության հանցակազմի պարտադիր հատկանիշ է, մինչդեռ կողոպուտը կարող է կատարվել առանց հարձակման.

ե) ավազակության դեպքում հանցավորը գիտակցում է, որ տուժողի նկատմամբ կիրառված բռնությունը վտանգավոր է, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված կողոպուտի պարագայում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված է տուժողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրումը:

 

II. Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումները.

 

23. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալներ Ժ.Ղուկասյանին, Ա.Ղևոնդյանին և Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով առաջադրված մեղադրանքը 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

24. Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալները տուժող Վ.Սահակյանի գույքի հափշտակությունն իրականացրել են հետևյալ հանգամանքներում`

ա) Ժ.Ղուկասյանը, Ա.Ղևոնդյանը և Վ.Գրիգորյանը նախապես հանցավոր համաձայնության են եկել Վ.Սահակյանի ոսկյա զարդերն ու մի քանի բջջային հեռախոսները հափշտակելու շուրջ:

բ) Ժ.Ղուկասյանը, Ա.Ղևոնդյանը և Վ.Գրիգորյանն իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով տուժողին խաբեությամբ կանչել են նախապես որոշված վայր՝ Վարդաշեն թաղամասի բնակելի շենքերից հեռու գտնվող «Խաչերի գարաժներ» կոչվող ամայի վայրը, որտեղ Ժ.Ղուկասյանը տուժողի հետ վիճաբանելու պատրվակ է ստեղծել և սկսել է քաշքշել նրան, պահանջել զարդերն ու գումարը:

գ) Ժ.Ղուկասյանը և Վ.Գրիգորյանը վիճաբանության ընթացքում տուժողին անսպասելի հարվածել և գցել են գետնին:

դ) Ա.Ղևոնդյանը, միանալով Ժ.Ղուկասյանի և Վ.Գրիգորյանի գործողություններին, հանցավոր մտադրությունը մինչև վերջ իրականացնելու նպատակով պառկել է տուժողի վրա, արգելափակել է նրա շարժումները, ձեռքերով բռնել կոկորդից: Այդ ընթացքում Վ.Գրիգորյանը մի ձեռքով փակել է տուժողի բերանը, մյուս ձեռքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, նույն պահին Ժ.Ղուկասյանը սպառնացել է տուժողին, որ եթե ձայն հանի, դանակով կհարվածի, և դանակը սեղմել է նրա աջ կողքին:

ե) Ա.Ղևոնդյանը տուժողի կամքին հակառակ նրա գրպանից հանել է բջջային հեռախոսները և պոկել պարանոցի շղթան, իսկ Ժ.Ղուկասյանը տուժողի մատից հանել է մատանին, ձեռքի շղթան:

զ) Հափշտակված իրերը բջջային հեռախոսի լույսի տակ զննելով՝ հանցանք կատարած անձինք համոզվել են, որ շղթաները և մատանին ոսկուց չեն, այլ հասարակ մետաղից և նշված իրերը վերադարձրել են տուժողին, ապա վերադարձրել են նաև բջջային հեռախոսները` սպառնալով, որ ոստիկանություն դիմելու դեպքում նրա համար վատ կլինի (տե՛ս սույն որոշման 5-9-րդ կետերը):

25. Սույն որոշման 15-22-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Սահակյանի գույքի հափշտակության նպատակով իրականացված հարձակման ընթացքում ամբաստանյալներ Ժ.Ղուկասյանի, Ա.Ղևոնդյանի և Վ.Գրիգորյանի կողմից գործադրվել է տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն, ինչպես նաև տրվել է կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք, հետևաբար ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալների արարքում բացակայում են ավազակության հատկանիշները և նրանց արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով` որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ, որը զուգորդվել է տուժողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը), հիմնազուրկ է և չի բխում գործի փաստական հանգամանքներից:

Նման եզրահանգման Վճռաբեկ դատարանը գալիս է ինչպես ամբաստանյալներ Ժ.Ղուկասյանի, Ա.Ղևոնդյանի և տուժող Վ.Սահակյանի` նախաքննական ցուցմունքների գնահատման արդյունքում, այնպես էլ հաշվի առնելով գործով հաստատված բոլոր հանգամանքների համակցությունը` հանցագործության կատարման ժամանակը, տեղը և եղանակը, հանցագործների անձը բնութագրող տվյալները, նրանց քանակը, կիրառված բռնության և տրված սպառնալիքների բնույթը, տուժողի կողմից սպառնալիքի բնույթի սուբյեկտիվ ընկալումը: Մասնավորապես այն, որ ամբաստանյալները նախնական համաձայնության գալով Վ.Սահակյանի ոսկյա իրերը և բջջային հեռախոսները հափշտակելու վերաբերյալ, վերջինիս խաբեությամբ տարել են ամայի վայր, որտեղ մթության մեջ, տուժողի համար անսպասելի քաշքշել են նրան, գցել գետնին, Ա.Ղևոնդյանը պառկել է նրա վրա, արգելափակել է նրա շարժումները, ձեռքերով բռնել կոկորդից, իսկ Վ.Գրիգորյանը մի ձեռքով փակել է տուժողի բերանը, մյուս ձեռքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ժամանակ Ժ.Ղուկասյանը, դանակը սեղմելով տուժողի աջ կողքին, սպառնացել է, որ եթե նա ձայն հանի, կհարվածի և Վ.Սահակյանի կամքին հակառակ հափշտակել են նրա շղթաները, մատանին և բջջային հեռախոսները:

26. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է նաև Առաջին ատյանի դատարանի հետևությունն այն մասին, որ դեպքի ժամանակ ամբաստանյալների մոտ դանակի առկայությունը և դրա գործադրման փաստը չի հաստատվել: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեպքի ժամանակ դանակի առկայության և դրա գործադրման փաստն իրենց նախաքննական ցուցմունքներում պնդել են ոչ միայն տուժող Վ.Սահակյանը, այլև ամբաստանյալներ Ժ.Ղուկասյանը և Ա.Ղևոնդյանը (տե՛ս սույն որոշման 6-9-րդ կետերը), սակայն դատական քննության ընթացքում նրանք հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից: Առաջին ատյանի դատարանը, չպարզելով և չգնահատելով ամբաստանյալների ցուցմունքների միջև առաջացած էական հակասությունները, դատավճռի հիմքում դնելով վերջիններիս դատաքննական ցուցմունքների մի մասը, բավարար չափով չի պատճառաբանել և չի հիմնավորել, թե ինչու են դրանք արժանահավատ, իսկ նախաքննական մասնակի խոստովանական ցուցմունքները՝ ոչ:

Փաստորեն, խախտելով ապացույցների գնահատման կարգն ամրագրած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները՝ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Ժ.Ղուկասյանի, Ա.Ղևոնդյանի և Վ.Գրիգորյանի արարքների ճիշտ որակման համար էական նշանակություն ունեցող՝ սույն որոշման վերը նշված հանգամանքները, ինչի արդյունքում անհիմն եզրահանգման է եկել նրանց գործողություններում ավազակության հատկանիշների բացակայության և կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտի հատկանիշների առկայության վերաբերյալ:

27. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չեն ամբաստանյալներ Ժ.Ղուկասյանին, Ա.Ղևոնդյանին և Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով առաջադրված մեղադրանքը 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Սույն գործով դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել գործի փաստական հանգամանքները: Արդյունքում չի կիրառվել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման, և կիրառվել է այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:

Վերոնշյալ նյութական և դատավարական իրավունքի խախտումները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Ժիրայր Բահատուրի Ղուկասյանի, Արմեն Աշոտի Ղևոնդյանի և Վալերիկ Գուրգենի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 27-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան