Համարը 
N 1306-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.12.04/64(1004).1 Հոդ.1135.16
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.11.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1306-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերելու մասին պայմանագրերը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1306-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարչական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ պետական կազմակերպություն) ամրացված` Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին (այսուհետ՝ ոչ պետական կազմակերպություն) նվիրաբերելու հետ կապված հարաբերությունները:

2. Անշարժ գույքը ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվում է պետական աջակցության միջոցով մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը նպաստելու նպատակով:

3. Անշարժ գույքը ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվում է պայմանով, որ տվյալ գույքն օգտագործվելու է միայն նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով:

4. Պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

5. Նախքան ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը` նվիրաբերվող անշարժ գույքը ենթակա է գնահատման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով:

 

II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

6. Նվիրաբերությամբ անշարժ գույք ստանալու համար ոչ պետական կազմակերպությունը հայտով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն)՝ ներկայացնելով՝

1) նվիրաբերություն ստանալու համար նախատեսված անշարժ գույքի մասին տեղեկությունները (գտնվելու վայրը, պատկանելությունը, մակերեսը, առկա այլ տեղեկություններ).

2) սույն կարգի 7-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերը.

3) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ ներդրումային ծրագիր):

7. Նվիրաբերությամբ անշարժ գույք ստանալու համար հավակնող ոչ պետական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`

1) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ունենա առնվազն 10 տարվա գործունեության փորձ.

2) շրջանավարտների պետական ամփոփիչ ստուգման արդյունքները վերջին հինգ տարվա ընթացքում պետք է լինեն միջինից բարձր.

3) կազմակերպության վերջին հինգ տարվա ներքին և արտաքին գնահատման ցուցանիշները պետք է առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշին.

4) կազմակերպության շրջանավարտների առնվազն կեսը վերջին հինգ տարվա ընթացքում պետք է ապահովված լինի աշխատանքով.

5) ոչ պետական կազմակերպության մանկավարժական-մեթոդական նորարարական գործունեությունը (այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական գործընթացում արդյունավետորեն կիրառելու, ուսումնական ձեռնարկներ հեղինակելու մասով) պետք է ճանաչված և արժևորված լինի կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից.

6) ոչ պետական կազմակերպությունը պետք է ունենա ենթակառուցվածքային հավատարմագրում, ինչպես նաև ուսուցանվող մասնագիտությունների գծով առնվազն կեսից ավելին անցած լինի ծրագրային հավատարմագրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգի:

8. Ոչ պետական կազմակերպության կողմից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագիրը պետք է ներառի՝

1) ծրագրի տևողությունը, շահառուները (դրանց խմբերը), ակնկալվող չափելի արդյունքները (քանակական արտահայտությամբ).

2) կապիտալ ներդրումների չափը՝ ըստ տարիների.

3) աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ներդրումների նկարագրությունը և չափը՝ ըստ տարիների.

4) սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների և բարձր առաջադիմությամբ օժտված ուսանողների կրթության հովանավորմանն ուղղված ներդրումների նկարագրությունը և չափը` ըստ տարիների.

5) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում նորարարական ուսումնական ծրագրերի և ուսումնատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքների ուղղությամբ կատարվող ներդրումների նկարագրությունը և չափը՝ ըստ տարիների:

9. Վարչությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, հայտ ներկայացնելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ոչ պետական կազմակերպության կողմից նվիրաբերությամբ անշարժ գույք ստանալու նպատակով ներկայացված հայտում ներառված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված չափանիշներին ու ներդրումային ծրագրի պահանջներին՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով համապատասխան իրավասու մարմինների մասնագիտական եզրակացությունները:

10. Ոչ պետական կազմակերպության կողմից նվիրաբերությամբ անշարժ գույք ստանալու համար ներկայացված հայտի` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանության մասին որոշման ընդունումից հետո երկամսյա ժամկետում վարչությունը՝

1) այն դեպքում, երբ անշարժ գույքն ամրացված է այլ պետական կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն տվյալ անշարժ գույքը վարչությանն ամրացնելու մասին՝ այն ոչ պետական կազմակերպությանը նվիրաբերելու նպատակով.

2) այն դեպքում, երբ անշարժ գույքն ամրացված է վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում անշարժ գույքը ոչ պետական կազմակերպությանը նվիրաբերելու մասին որոշման նախագիծ:

11. Ոչ պետական կազմակերպությանն անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ներառում է՝

1) նվիրաբերվող անշարժ գույքի նկարագիրը (գտնվելու վայրը, մակերեսը, գնահատված արժեքը).

2) նվիրաբերություն ընդունող ոչ պետական կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գտնվելու վայրը.

3) նվիրաբերվող անշարժ գույքի օգտագործման նպատակը և ներդրումային ծրագրի հիմնական ցուցանիշները.

4) նվիրաբերության պայմանը.

5) այլ դրույթներ:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մերժել կամ թույլատրել ոչ պետական կազմակերպություններին անշարժ գույքի նվիրաբերությունը` հաշվի առնելով նաև կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջնահերթությունները: Հայտի մերժումը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է ոչ պետական կազմակերպություն՝ կցելով մերժման հիմքը:

 

III. ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Ներդրումային ծրագիրն անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրի անբաժանելի մասն է:

14. Նվիրաբերությամբ անշարժ գույք ստացած ոչ պետական կազմակերպությունը վարչություն է ներկայացնում ներդրումային ծրագրի իրականացման մասին ընթացիկ հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն):

15. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար և ներառում է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածը:

16. Հաշվետվությունը վարչություն է ներկայացվում ներդրումային ծրագրի յուրաքանչյուր տարվա կտրվածքով` մինչև հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ը և պետք է ներառի՝

1) ծրագրի շահառուների (դրանց խմբերի) թիվը, ներդրումային ծրագրով նախատեսված քանակական արդյունքները.

2) իրականացված կապիտալ ներդրումների մեծությունը և դրանք հավաստող ֆինանսական հաշվետվությունները.

3) աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ներդրումների մեծությունը և դրանք հավաստող փաստաթղթերը.

4) սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների և բարձր առաջադիմությամբ օժտված ուսանողների կրթության հովանավորմանն ուղղված ներդրումների նկարագրությունը, չափը, կատարված աշխատանքների փաստաթղթային հիմնավորումը.

5) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում նորարարական կամ ուսումնատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքների ուղղությամբ կատարված ներդրումների նկարագրությունը, կատարված աշխատանքների փաստաթղթային հիմնավորումը:

17. Հաշվետվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վարչությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է ներդրումային ծրագրի ընթացքի գնահատումը:

18. Ներդրումային ծրագրի ընթացիկ գնահատումն իրականացվում է ներդրումային ծրագրով սահմանված բոլոր բաղադրիչների գնահատման միջոցով, հետևյալ բանաձևով՝

 

1 x Կ1 + Բ2 x Կ2 ... + Բn x Կn 100,

 

որտեղ`

1) Բ1 ... Բn – ը ներդրումային ծրագրով սահմանված յուրաքանչյուր բաղադրիչին տրված գնահատականն է, որը կարող է լինել 0-ից մինչև 100-ը ընկած միջակայքում.

2) Կ1 ... Կn – ը ներդրումային ծրագրով սահմանված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման կշռային գործակիցն է, որը սահմանվում է 0-ից մինչև 1-ը ընկած միջակայքում, իսկ բոլոր կշռային գործակիցների հանրագումարը հավասար է 1-ի:

19. Ներդրումային ծրագրի ընթացիկ գնահատականը համարվում է դրական, եթե բոլոր բաղադրիչների գնահատման հանրագումարը 75-ից ավելի է, իսկ հակառակ դեպքում այն գնահատվում է բացասական:

20. Ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգ իրականացնելու նպատակով վարչությունը, առանց նախազգուշացման, կարող է այցելություններ կազմակերպել անշարժ գույքի նվիրաբերությունն ընդունած ոչ պետական կազմակերպություն, իսկ կազմակերպությունը պետք է տրամադրի բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են մոնիթորինգի իրականացման համար:

21. Վարչության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգը չի կարող դուրս գալ անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով նախատեսված պայմանագրային պարտավորությունների իրականացման նկատմամբ հսկողության շրջանակից:

22. Ներդրումային ծրագրի մոնիթորինգի ընթացքում ուսումնասիրվում են սույն կարգի 8-րդ կետում նշված ներդրումային ծրագրի բոլոր էական պայմանները և դրանք հավաստող փաստաթղթերը:

23. Ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգի արդյունքների մասին կազմված արձանագրությունն ստորագրվում է վարչության ներկայացուցիչների և ոչ պետական կազմակերպության ղեկավարության կողմից, որի մեկ օրինակը պահվում է վարչությունում, իսկ մյուսը տրամադրվում է ոչ պետական կազմակերպությանը:

 

IV. ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

24. Սույն կարգին համապատասխան ոչ պետական կազմակերպություններին անշարժ գույքի նվիրաբերության պայմանի կատարման նկատմամբ վերահսկումն իրականացնում է վարչությունը՝ անշարժ գույքի նվիրաբերության մասին կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան:

25. Ոչ պետական կազմակերպություններին անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրում պարտադիր կարգով սահմանվում է, որ՝

1) տվյալ անշարժ գույքը ոչ պետական կազմակերպության կողմից պետք է օգտագործվի միայն նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնելու նպատակով.

2) ոչ պետական կազմակերպության սեփականատիրոջ փոփոխության դեպքում նոր սեփականատիրոջն է փոխանցվում նվիրաբերության պայմանի կատարման պարտավորությունը.

3) անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում, որի արդյունքում անշարժ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

26. Անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդը պարտավոր է պահանջել նվիրաբերության վերացում, որի արդյունքում գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

27. Սույն կարգի 19-րդ կետին համապատասխան ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում վարչությունը ոչ պետական կազմակերպության համար սահմանում է մեկ տարի ժամկետ` ներդրումային ծրագրի կատարումը բարելավելու համար:

28. Երկու տարի շարունակ սույն կարգի 19-րդ կետին համապատասխան ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում վարչությունը պարտավոր է պահանջել նվիրաբերության վերացում, որի արդյունքում գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան