Համարը 
N 507-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.01.08/1(480) Հոդ. 7
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
15.11.2013
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.11.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

15 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 507-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովելու «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 14-րդ մասի և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 873-Ն որոշման հավելված 3-ի 43-րդ կետի պահանջները, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթները`

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողների ատեստավորման ժամանակ թեստավորման էլեկտրոնային եղանակի կիրառման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Նախագահ`

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2013 թ. նոյեմբերի 15-ի

N 507-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. օգոստոսի 22-ի «Հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 873-Ն որոշման հավելված 3-ով սահմանված հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թ. նոյեմբերի 15-ի «Հարկային և մաքսային ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 506-Ն հրամանով սահմանված` հարկային և մաքսային ծառայողների ատեստավորման, ընթացքում անցկացվող թեստավորման էլեկտրոնային եղանակի կիրառման գործընթացը:

2. Էլեկտրոնային եղանակով թեստավորումն (այսուհետ` թեստավորում) անցկացվում է թեստավորման հատուկ համակարգչային ծրագրի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով: Թեստավորման ժամանակ հարկային և մաքսային ծառայությունների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի կամ հարկային և մաքսային ծառայողների ատեստավորման մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) նույնականացումն ապահովվում է նրանց նույնականացման քարտի և/կամ Հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ-ն) միջոցով:

3. Թեստավորման մասնակցելու համար մասնակիցը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթերով` անձնագրով և ՀԾՀ-ով: Հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) քարտուղարն ստուգում է մասնակցի ինքնությունը, էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացնում էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ նույնականացման կոդը (այսուհետ` կոդ), տրամադրում կոդը մասնակցին և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Թեստավորման սենյակում մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ համակարգիչ: Մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

4. Թեստավորման համար նախատեսված սենյակը պետք է հագեցված լինի մասնակիցների համար անհատական նստարանով, սեղանով և համակարգչով, որում տեղադրված է թեստավորման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը և միացված են միայն անհրաժեշտ կապուղիները: Սենյակը, համակարգիչները և այլ սարքավորումները պետք է գտնվեն սարքին և պատշաճ վիճակում:

5. Թեստավորման մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ Հանձնաժողովի անդամները և քարտուղարը մուտք են գործում և զննում թեստավորման սենյակը` համոզվելով, որ տարածքը պատշաճ վիճակում է, համակարգիչները և այլ սարքավորումները սարքին են և դրանցում բացակայում է այնպիսի տեղեկատվություն կամ տեղեկատվության ստանալու հնարավորություն, որը կարող է ծառայել մասնակիցներին որպես աջակցություն կամ հուշում թեստավորման առաջադրանքները կատարելու համար:

6. Հանձնաժողովի քարտուղարը` թեստավորման սկիզբը մեկնարկելուց առաջ, մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված կանոնները և պատասխանում մասնակիցների բոլոր հարցերին:

7. Թեստավորումը մեկնարկելուց առաջ բոլոր մասնակիցները պետք է համակարգչով մուտք գործեն էլեկտրոնային համակարգ` մուտքագրելով սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված կոդը: Մուտք գործելուց հետո էլեկտրոնային համակարգը յուրաքանչյուր մասնակցի համար պատահական ընտրությամբ գեներացնում է իր թեստավորման առաջադրանքը:

8. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման սկիզբը մեկնարկելուց հետո յուրաքանչյուր մասնակից ստանում է իր թեստավորման առաջադրանքը համակարգչի մոնիթորի վրա և էլեկտրոնային համակարգն ակտիվացնում է նրանց համար առաջադրանքի լրացման հնարավորությունը: Այդ պահից մասնակիցները կարող են անցնել թեստավորման առաջադրանքի կատարմանը:

9. Բացի մասնակիցներից, Հանձնաժողովի անդամներից ու քարտուղարից, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչներից (եթե Հանձնաժողովը թույլատրել է նրանց ներկա լինել որպես դիտորդ), թեստավորման ժամանակ թեստավորման սենյակում գտնվում է նաև տեղեկատվության տեխնոլոգիաների գծով հերթապահ մասնագետը (այսուհետ` օպերատոր)` էլեկտրոնային համակարգի և/կամ սարքավորումների սպասարկումը, սույն ընթացակարգով նախատեսված տպագրական աշխատանքները, իսկ ծրագրային ապահովման, համակարգչային տեխնիկայի կամ կապուղիների խափանումների դեպքում` դրանց արագ վերականգնումն ապահովելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի նախագահի ցուցումով հերթապահ օպերատորը կարող է աջակցել մասնակցին էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հարցում:

10. Մասնակիցներին արգելվում է թեստավորման ժամանակ ինքնակամ դուրս գալ էլեկտրոնային համակարգից (ապաակտիվացնել գործող ծրագրերը), անջատել կամ մուտք գործել համակարգչում տեղադրված այլ ծրագրեր կամ գործընթացներ, անջատել կամ վերագործարկել համակարգիչը, կապուղիները կամ դրանց սնուցումը, կամ իրականացնել էլեկտրոնային համակարգի կամ համակարգչի սովորական աշխատանքը խափանող այլ գործողություններ: Մասնակցի կողմից սույն կետում նշված արգելված գործողություն կատարելու դեպքում` Հանձնաժողովը դադարեցնում է նրա աշխատանքը` ճանաչելով մասնակցի աշխատանքն անվավեր և գնահատելով զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը համապատասխան նշում է կատարում արձանագրությունում:

11. Թեստավորման ընթացքում մասնակիցն իրավունք չունի լքել թեստավորման սենյակը առանց ուղեկցության: Մասնակցի կողմից սենյակը լքելու դեպքում նրա աշխատանքը համարվում է ավարտված` անկախ այն բանից, թե արդյոք պահպանել է առաջադրանքը սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված եղանակով:

12. Թեստավորման առաջադրանքը լրացնելիս` մասնակիցը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի այն տարբերակը, որը համարում է ճիշտ` համապատասխան նշում կատարելով էլեկտրոնային առաջադրանքի պատասխանների մասում: Մինչ թեստավորման կատարման համար սահմանված ժամանակի ավարտը, թեստավորման սենյակից դուրս գալը և սույն ընթացակարգի 13-րդ կետում նշված եղանակով առաջադրանքը պահպանելը, մասնակիցը կարող է ցանկացած անգամ փոփոխել առաջադրանքի որևէ հարցի պատասխանի ընտրած տարբերակը:

13. Եթե մասնակիցը կատարել է առաջադրանքը մինչ կատարման համար սահմանված ժամանակի ավարտը կամ որևէ այլ պատճառով ցանկանում է լքել սենյակը, ապա պետք է այդ մասին տեղեկացնի Հանձնաժողովին: Այնուհետև մասնակիցը պահպանում է առաջադրանքը` սեղմելով համապատասխան ստեղնը և համոզվելով որ էլեկտրոնային համակարգը գեներացրել և մոնիտորի վրա արտածել է առաջադրանքը հաջողությամբ պահպանված լինելու մասին ծանուցումը: Հանձնաժողովի համապատասխան անդամը կամ քարտուղարը` համոզվելով, որ էլեկտրոնային համակարգը հաստատել է կատարած առաջադրանքի հաջողությամբ պահպանումը, ուղեկցում է մասնակցին սենյակից դուրս:

14. Թեստավորման առաջադրանքի կատարման համար սահմանված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ էլեկտրոնային համակարգը հիշեցում է արտաբերում էկրանի համապատասխան հատվածում` նշելով թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարումն ավարտելու համար, իսկ ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ արտաբերում է հիշեցում` առաջադրանքի կատարման արդյունքները պահպանելու անհրաժեշտության մասին:

15. Թեստավորման առաջադրանքի կատարման համար հատկացված ժամանակի ավարտից հետո էլեկտրոնային համակարգը ինքնաբերաբար ապաակտիվացնում է թեստավորման առաջադրանքը: Եթե մասնակիցը որևէ պատճառով չի պահպանել իր կատարած առաջադրանքը մինչ հատկացված ժամանակի ավարտը, ապա առաջադրանքի կատարման վերջնական տարբերակ է համարվում առաջադրանքն ապաակտիվացնելու պահին էլեկտրոնային համակարգում պահպանված տարբերակը:

16. Թեստավորման առաջադրանքների կատարման արդյունքների ստուգումը, ամփոփումը, գնահատումը և միավորների հաշվարկը էլեկտրոնային համակարգն իրականացնում է ավտոմատացված եղանակով:

17. Սույն ընթացակարգի 13-րդ կետում սահմանված կարգով առաջադրանքը պահպանելուց կամ առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակն ավարտելուց անմիջապես հետո էլեկտրոնային համակարգը ինքնաբերաբար իրականացնում է պահպանված առաջադրանքի գնահատումը և արտաբերում էկրանի վրա առաջադրանքը կատարման արդյունքներով հավաքած միավորների (քանակի և տոկոսի) հաշվարկի տեղեկագիրը: Մասնակցի կողմից համապատասխան ցանկություն արտահայտելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի ցուցումով օպերատորը արտատպում է մասնակցի պահպանված առաջադրանքը, հավաքած միավորների (քանակի և տոկոսի) հաշվարկի տեղեկագիրը և հանձնում մասնակցին:

18. Թեստավորման արդյունքները հրապարակվում և բողոքարկվում են սույն ընթացակարգի 1-ին կետում նշված իրավական ակտերով սահմանված կարգով:

19. Թեստավորման ընթացքում էլեկտրոնային համակարգի կարճատև տեխնիկական խափանումների դեպքում թեստավորման առաջադրանքի կատարման համար սահմանված ժամանակի հաշվարկը կասեցվում է` մինչև խափանման վերացումը: Էլեկտրոնային համակարգի այնպիսի ընդհանուր խափանումների դեպքում, որոնք չեն կարող վերացվել կարճ ժամանակամիջոցում, Հանձնաժողովը կարող է հետաձգել թեստավորման անցկացումը կամ կիրառել թեստավորման թղթային եղանակ, սակայն ոչ շուտ, քան հաջորդ աշխատանքային օրը:

20. Թեստավորման ընթացքում տեղի ունեցած Էլեկտրոնային համակարգի խափանումների փաստը և տևողությունը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից: Թեստավորման ավարտից հետո Հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է թեստավորման սենյակի պատասխանատուին թեստավորման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների մասին: Վերջինս պետք է միջոցներ ձեռնարկի` հետագայում նմանօրինակ խնդիրների բացառման ուղղությամբ: