Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.878.16
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
31.05.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
31.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ/0102/01/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ/0102/01/12

Գործ թիվ ԱՎԴ/0102/01/12

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

  Դատավորներ` Ա. Խաչատրյան
   

Լ. Թադևոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ դատախազ

Ա. Աղաբեկյանի

 

2014 թվականի մայիսի 31-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գուրգեն Իշխանի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Գասպարյանի պաշտպան Ե.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2009 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է թիվ 57118109 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2010 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ Գուրգեն Իշխանի Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2012 թվականի մայիսի 19-ին Գ.Գասպարյանը հայտնաբերվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2012 թվականի օգոստոսի 23-ին Գ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

2012 թվականի օգոստոսի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 22-ի դատավճռով Գ.Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման` 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Ամբաստանյալ Գ.Գասպարյանի պաշտպան Ե.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 22-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ.Գասպարյանի պաշտպան Ե.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Գասպարյանի պաշտպան Ե.Սարգսյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Գ.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «2009 թվականի նոյեմբերի 2-ին Մանուկ Մանուկյանի առաջարկով ավազակային հարձակում կատարելու և ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի և Անուշավան Սահակյանի հետ: Գուրգեն Գասպարյանն իր «Ռենո» մակնիշի 14 ՍՏ 644 պ/հ ավտոմեքենայով Արագածավան գյուղից Արսեն Գրիգորյանի և Անուշավան Սահակյանի հետ ուղևորվել է դեպի Արտենի գյուղի կողմ, որտեղ նույն թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 01.00-ի սահմաններում, Գուրգեն Գասպարյանի կանչով իրենց է միացել Ռոմեն Բարսեղյանը: Այդտեղից ավտոմեքենան վարել է Ռոմեն Բարսեղյանը և նշված անձանցով Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհով հասել են Էջմիածին քաղաքի Սվերդլով փողոցի 46ա տան մոտ: Այդտեղ իրենց է միացել Մանուկ Մանուկյանը, որտեղից նշված մեքենայով գնացել են Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասում գտնվող կամրջի մոտ: Ռոմեն Բարսեղյանը մնացել է ավտոմեքենայի մեջ, իսկ Գուրգեն Գասպարյանը, Մանուկ Մանուկյանը, Արսեն Գրիգորյանը և Անուշավան Սահակյանը, դուրս գալով մեքենայից, դանակով և Գուրգեն Գասպարյանի 9 մմ տրամաչափի «ATMAGA-2004-LIGHT» տեսակի գազային ատրճանակով զինված, Մանուկ Մանուկյանի կողմից նախապես բերած դիմակներով դիմակավորված, գնացել են Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասի Մ.Մաշտոց փողոցի թիվ 32 հասցեում գտնվող տան մոտ: Այնուհետև, նշված տան պարսպի վրայով անցել են բակ, ոտքով հարվածել, բացել տան մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան: Նրանք տանը քնած ամուսիններ Փորսոր Աջամի Նավոյանի և Մոսկով Սաբրիի Ռավոյանի ձեռքերն ու ոտքերը կապել են կպչուն ժապավենով, վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Մոսկով Ռավոյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, պահանջել են տանը եղած ողջ գումարն ու ոսկյա զարդերը, հակառակ դեպքում սպառնացել են սպանել նրան ու այրել տունը: Տանը գտնելով միայն խոշոր չափերի 908.000 ՀՀ դրամին համարժեք 1.600 եվրո, 10.000 ՀՀ դրամ գումար, 1 հատ 25.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս` հափշտակել են դրանք ու դիմել փախուստի» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 286):

6. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 22-ի դատավճռի համաձայն` «(...) Ամբաստանյալ Գ.Գասպարյանի կողմից կատարված հանցավոր արարքը և նրա մեղավորությունն իրեն մեղսագրված հանցագործությունը կատարելու մեջ հիմնավորվել, իսկ նրա պատճառաբանությունները հերքվել են քրեական գործով ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ներքոհիշյալ ապացույցներով. [տուժող Մոսկով Սաբրիի Ռավոյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներով, տուժող Փորսոր Աջամի Նավոյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներով, Ռ.Բարսեղյանի ցուցմունքներով, Ռ.Բարսեղյանի և Ա.Գրիգորյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությամբ, քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությամբ, բնակարանի խուզարկության արձանագրությամբ, դատաբժշկական փորձաքննության թիվ 129/հ, 243 եզրակացություններով, դատաձգաբանական փորձաքննության թիվ 989 եզրակացությամբ, հեռախոսազանգերի վերծանումների զննության արձանագրություններով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, որպես հանցագործության գործիք ծառայած Գ.Գասպարյանի 9 մմ տրամաչափի «ATMAGA-2004-LIGHT» տեսակի թիվ 8209 գազային ատրճանակով, որը ճանաչվել է իրեղեն ապացույց և կցվել քրեական գործին, Գ.Գասպարյանի «Ռենո» մակնիշի 14 ՍՏ 644 հ/հ ավտոմեքենայով, որը ճանաչվել է իրեղեն ապացույց]»:

Դատավճռի բովանդակությունից հետևում է, որ տուժողներ Մ.Ռավոյանը և Փ.Նավոյանը դատաքննության ժամանակ ցուցմունք են տվել, որով պնդել են նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 287-289):

7. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի ձայնային արձանագրությունից պարզ է դառնում, որ դատարանը չի հետազոտել տուժողների նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները (տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները պարունակող ծրարը, քրեական գործի 5-րդ հատոր, թերթ 284):

Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրությունից հետևում է, որ դատարանն իրեղեն ապացույցների զննություն չի իրականացրել (տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչները պարունակող ծրարը, քրեական գործի 5-րդ հատոր, թերթ 284):

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 17-ի որոշման համաձայն` «(…) վերլուծելով գործի փաստական տվյալները, գնահատելով յուրաքանչյուր ապացույց, այնպես էլ դրանք իրենց համակցությամբ, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Գուրգեն Իշխանի Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքը որակված է ճիշտ և նա պետք է քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվի» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 151):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ, 21-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 23-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի, անմեղության կանխավարկածի և մրցակցության սկզբունքների խախտում:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու, իր վկաներին դատարան կանչելու և հավասարության պայմաններում հարցաքննելու Գ.Գասպարյանի կոնվենցիոն իրավունքն ապահովելու նպատակով պաշտպանության կողմը 2012 թվականի նոյեմբերի 22-ի դատական նիստի ժամանակ միջնորդել է դատակոչի ենթակա անձանց ցանկը լրացնել և դատարանում հարցաքննել վկաներ Ա.Կակոյանին, Հ.Սերոբյանին, Ց.Նիկոյանին, Հ.Կակոյանին, Կ.Հարությունյանին, դատապարտյալներ Մ.Մանուկյանին, Ռ.Բարսեղյանին, Ա.Գրիգորյանին, ինչպես նաև պահանջել և հետազոտել Գ.Գասպարյանի հեռախոսահամարի ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները 2009 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածի համար և նույն ժամանակահատվածում նրա հեռախոսահամարը սպասարկած ալեհավաքների տվյալները: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը պաշտպանության կողմի միջնորդությունն անհիմն բավարարել է մասնակիորեն՝ միայն այն մասով, որով մեղադրողը չէր առարկել, իսկ մյուս մասերով մերժել է:

Վերոգրյալից բողոքաբերը եզրահանգել է, որ պաշտպանության կողմի միջնորդությունը մասնակիորեն մերժելով՝ Առաջին ատյանի դատարանը չի կատարել ամբաստանյալին արդարացնող ապացույցների առկայության մասին պաշտպանության կողմի հայտարարությունները ստուգելու իր պարտականությունը՝ դրանով իսկ խախտելով Գ.Գասպարյանի արդար դատաքննության իրավունքը:

10. Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը, կանխակալ վերաբերմունք դրսևորելով, անարժանահավատ է գնահատել պաշտպանության կողմի միջնորդությամբ դատարանում հարցաքննված և Գ.Գասպարյանի այլուրեքությունն ու անմեղությունը հաստատող վկաներ Ա.Կակոյանի, Վ.Եղիազարյանի ցուցմունքները, ինչպես նաև վկաներ Հ.Կակոյանի, Հ.Սերոբյանի, Ց.Նիկոյանի, Լ.Սարգսյանի, դատապարտյալ Ռ.Բարսեղյանի՝ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը դատական ակտի հիմքում դրել է դատարանում չհետազոտված ապացույցներ, այն է` տուժողներ Փ.Նավոյանի, Մ.Ռավոյանի նախաքննական ցուցմունքները, իրեղեն ապացույց ճանաչված «ATMAGA-2004-LIGHT» տեսակի թիվ 8209 գազային ատրճանակը և «Ռենո» մակնիշի 14 ՍՏ 644 պետհամարանիշի ավտոմեքենան:

11. Ի հիմնավորումն անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ իր փաստարկի՝ բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, այնուհետև շեշտել է, որ Առաջին ատյանի դատարանը՝ նույն դատավորի նախագահությամբ, դեռևս 2011 թվականի ապրիլի 18-ին Ռ.Բարսեղյանի և Ա.Գրիգորյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճռով հաստատված է համարել այն հանգամանքը, որ Գ.Գասպարյանը կատարել է իրեն մեղսագրվող ավազակային հարձակումը: Նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի նմանօրինակ վարքագիծն անկողմնակալության և անաչառության առումով վստահություն չէր ներշնչում ամբաստանյալին և դատական նիստին ներկա օբյեկտիվ դիտորդներին, պաշտպանության կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նիստը նախագահող դատավորին, որն առանց պատճառաբանության, անհիմն մերժվել է: Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ գործի քննության ընթացքում Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները նույնպես օրինաչափ կասկածներ էին առաջացնում այն մասին, որ դատավորները Գ.Գասպարյանի նկատմամբ ունեն կանխակալ վերաբերմունք, նրանց անաչառությունը տեսանելի չէր: Ուստի, գործի արդարացի քննության շահերից ելնելով՝ պաշտպանության կողմը Վերաքննիչ դատարանի ամբողջ կազմին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը նույնպես անհիմն մերժվել է:

12. Շարադրելով և վերլուծելով սույն գործի ապացույցները, ինչպես նաև մեջբերելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները՝ բողոքաբերը եզրահանգել է, որ Գ.Գասպարյանին անհիմն, առանց ապացույցների բավարար համակցության, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ինչի արդյունքում նրա նկատմամբ կայացվել են չհիմնավորված, անօրինական և չպատճառաբանված մեղադրական դատական ակտեր:

Ըստ բողոքաբերի՝ խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները: Մասնավորապես` ստորադաս դատարանները պետք է անթույլատրելի ճանաչեին Ռ.Բարսեղյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանք տրվել են սպառնալիքի, ճնշումների և բռնության ազդեցության տակ, մինչդեռ թե՛ ընդհանուր իրավասության դատարանը, և թե՛ վերաքննիչ դատարանն այդ ցուցմունքները դրել են Գ.Գասպարյանի մեղադրական դատական ակտի հիմքում` անարժանահավատ ճանաչելով Ռ.Բարսեղյանի դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները:

Բողոք բերած անձը, վերլուծելով և գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և դատավճռի հիմքում դրված ապացույցները, եզրահանգել է, որ ավազակային հարձակման ժամանակ տուժող Մ.Ռավոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելն ընդգրկված չի եղել հանցակիցներից յուրաքանչյուրի դիտավորության մեջ: Վկայակոչելով Ա.Միքայելյանի և Ա.Վաղարշակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0174/01/11 գործով որոշման իրավական դիրքորոշումները՝ բողոքաբերը կարծիք է հայտնել, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել հանցակիցների քանակական սահմանազանցում (էքսցես), հետևաբար Գ.Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ավազակության որակյալ հատկանիշը (առողջությանը ծանր վնաս պատճառելը) Գ.Գասպարյանին չպետք է վերագրվեր: Ստորադաս դատարաններն առանց որևէ ապացույցի Գ.Գասպարյանին վերագրել են ավազակության նշված որակյալ հատկանիշը այն պայմաններում, որ նույնիսկ առաջադրված մեղադրանքում նշված չէ, որ նա տուժողներից որևէ մեկին հարվածել է կամ նրանց առողջությանը պատճառել է որևէ վնաս:

Բացի այդ, Գ.Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք առաջադրելիս նախաքննության մարմինը չի հստակեցրել Գ.Գասպարյանի, ինչպես նաև նրա հանցակիցներից յուրաքանչյուրի կատարած արարքը, հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը և բնույթը:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 17-ի որոշումը կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

I. Դատաքննության ընթացքում չհետազոտված ապացույցները դատավճռի հիմքում դնելու իրավաչափությունը

 

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախևառաջ պետք է պատասխանել բողոքաբերի բարձրացրած հետևյալ իրավական հարցին. Առաջին ատյանի դատարանն իրավասու՞ էր արդյոք դատավճռի հիմքում դնել տուժողների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված գազային ատրճանակն ու ավտոմեքենան այն պայմաններում, երբ դրանք դատաքննության ընթացքում չեն հետազոտվել:

15. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի (…) իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (…) իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Հ.Հակոբյանի գործով որոշման մեջ՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ Սահմանադրության իմաստով «հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (…) իր գործի (…) քննության իրավունքը» և Կոնվենցիայի իմաստով «արդարացի (…) դատաքննության իրավունքը», inter alia, ենթադրում է, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է հնարավորություն ունենա ծանոթանալ դատավարական հակառակորդի ներկայացրած ցանկացած ապացույցի և, դատարանի դիրքորոշման վրա ազդելու ակնկալիքով, իր վերաբերմունքը հայտնել դրա առնչությամբ: Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքից (տե՛ս Լոբո Մաչադոն ընդդեմ Պորտուգալիայի (Lobo Machado v. Portugal) գործով Պալատի 1996թ. փետրվարի 20-ի վճիռը, գանգատ թիվ 15764/89, կետ 31, Կ.Ս.-ն ընդդեմ Ֆինլանդիայի (K.S. v. Finland) գործով Մեծ Պալատի 2001թ. մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 29346/95, կետ 21, Վալստոնն ընդդեմ Նորվեգիայի (Walston (no. 1) v. Norway) գործով Պալատի 2003թ. հունիսի 3-ի վճիռը, գանգատ թիվ 37372/97, կետ 56):

ՀՀ Սահմանադրության իմաստով «իր գործի հրապարակային քննության իրավունքը» և Կոնվենցիայի իմաստով «հրապարակային դատաքննության իրավունքը», inter alia, ենթադրում է, որ, որպես կանոն, ապացույցների հետազոտումը պետք է իրականացվի հրապարակային դատաքննության պայմաններում: Դա ապահովում է արդարադատության իրականացման նկատմամբ հասարակության վերահսկողությունը, ինչը կարևոր հանրային արժեք է: Վճռաբեկ դատարանի այս իրավական դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքից (տե՛ս Աքսենն ընդդեմ Գերմանիայի (Axen v. Germany) գործով Պալատի 1983թ. դեկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 8273/78, կետ 25, Դիենեն ընդդեմ Ֆրանսիայի (Diennet v. France) գործով Պալատի 1995թ. սեպտեմբերի 26-ի վճիռը, գանգատ թիվ 18160/91, կետ 33, Հումատովն ընդդեմ Ադրբեջանի (Hummatov v. Azerbaijan) գործով Պալատի 2007թ. նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատներ թիվ 9852/03 և 13413/04, կետ 140):(...)» (տե՛ս Հարություն Արշավիրի Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱՔԴ/0128/01/09 որոշման 18-րդ կետը):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում որպես ամբաստանյալ Գ.Գասպարյանի մեղադրանքը հիմնավորող ապացույցներ է վկայակոչել տուժողներ Մ.Ռավոյանի և Փ.Նավոյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև իրեղեն ապացույցներ ճանաչված «ATMAGA-2004-LIGHT» տեսակի թիվ 8209 գազային ատրճանակը և «Ռենո» մակնիշի 14 ՍՏ 644 պետհամարանիշի ավտոմեքենան (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Մինչդեռ, տուժողների նախաքննական ցուցմունքները դատաքննության ընթացքում չեն հրապարակվել, իսկ վերոգրյալ իրեղեն ապացույցները չեն զննվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում է դրել այնպիսի ապացույցներ, որոնք հրապարակային դատաքննության ժամանակ չեն հետազոտվել, և որոնց վերաբերյալ պաշտպանության կողմին հնարավորություն չի տրվել արտահայտելու իր դիրքորոշումը:

17. Սույն որոշման 15-րդ կետում և համապատասխանաբար Հ.Հակոբյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր դատավճռի հիմքում դնել տուժողների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչպես նաև իրեղեն ապացույցներ ճանաչված ատրճանակն ու ավտոմեքենան այն պայմաններում, երբ դրանք դատաքննության ընթացքում չեն հետազոտվել:

Տուժողներ Մ.Ռավոյանի և Փ.Նավոյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, ինչպես նաև իրեղեն ապացույցներ ճանաչված «ATMAGA-2004-LIGHT» տեսակի թիվ 8209 գազային ատրճանակը և «Ռենո» մակնիշի 14 ՍՏ 644 պետհամարանիշի ավտոմեքենան վկայակոչելով որպես ամբաստանյալ Գ.Գասպարյանի մեղադրանքը հիմնավորող ապացույցներ՝ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական իրավունքի խախտում, մասնավորապես խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-343-րդ և 348-րդ հոդվածների պահանջները: Ուստի, նշված ապացույցները պետք է հանել Գ.Գասպարյանի մեղադրանքը հիմնավորող ապացույցների զանգվածից:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա (…)»:

Շարադրված դրույթի վերլուծությունից հետևում է, որ դատարանի դատավճիռը չի կարող հիմնավորված համարվել, եթե դրա նկարագրական-պատճառաբանական մասում բովանդակվող հետևությունները էապես հիմնված են դատաքննության ժամանակ չհետազոտված ապացույցների վրա:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ.Գասպարյանի մեղավորության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները էապես հիմնված չեն դատարանում չհետազոտված և, հետևաբար, անթույլատրելի ապացույց հանդիսացող՝ տուժողներ Մ.Ռավոյանի և Փ.Նավոյանի նախաքննական ցուցմունքների, ինչպես նաև իրեղեն ապացույցներ ճանաչված գազային ատրճանակի և ավտոմեքենայի վրա:

Դատավճռի բովանդակությունից հետևում է, որ տուժողներ Մ.Ռավոյանը և Փ.Նավոյանը դատաքննության ժամանակ հարցաքննվել են և պնդել են նախաքննության ընթացքում տված ցուցմունքները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Այլ կերպ՝ տուժողների նախաքննական ցուցմունքները ամբաստանյալ Գ.Գասպարյանի մեղավորության հարցում եզրահանգման գալու համար որևէ նշանակություն չեն ունեցել: Ինչ վերաբերում է իրեղեն ապացույցներ ճանաչված գազային ատրճանակին և ավտոմեքենային, ապա հանցագործության փաստը և դրա կատարման մեջ ամբաստանյալի մեղավորությունը հաստատող ապացույցների զանգվածում դրանց կշիռն աննշան է, Գ.Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է բազմաթիվ այլ թույլատրելի և վերաբերելի ապացույցներով (տե՛ս սույն որոշման 20-րդ կետը):

19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված, սույն որոշման 17-րդ կետում արձանագրված քրեադատավարական օրենքի խախտումը չի կարող հիմք հանդիսանալ Գ.Գասպարյանի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

 

II. Բողոքաբերի բարձրացրած մյուս հարցերը

 

20. Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները (տուժողներ Մ.Ռավոյանի և Փ.Նավոյանի դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները, դատապարտյալ Ռ.Բարսեղյանի ցուցմունքները, Ռ.Բարսեղյանի և Ա.Գրիգորյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունը, քննչական փորձարարություն կատարելու մասին արձանագրությունը, բնակարանի խուզարկության արձանագրությունը, դատաբժշկական փորձագետների թիվ 129/հ, 243 եզրակացությունները, դատաձգաբանական փորձագետի թիվ 989 եզրակացությունը, հեռախոսազանգերի վերծանումների զննության արձանագրությունները, դեպքի վայրի զննության արձանագրությունը), դրանք իրենց համակցության մեջ գնահատելով` հանգել են հիմնավոր հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ Գ.Գասպարյանի մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված և հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները գործով ձեռք բերված վերոգրյալ ապացույցները հետազոտել են՝ պահպանելով քրեական դատավարության օրենսդրության պահանջները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի հիման վրա՝ գնահատել են թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: Հետևաբար, Գ.Գասպարյանին մեղսագրվող արարքն ապացուցված համարելու մասին վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ գործի փաստական հանգամանքների մասին դատարանների հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և մեղադրանքը հիմնավորված չլինելու, ինչպես նաև դատական ակտերի պատճառաբաված չլինելու վերաբերյալ բողոքի փաստարկները (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը) գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում:

21. Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ և գործի փաստական տվյալներից չբխող է համարում նաև բողոքաբերի պնդումն այն մասին, որ ավազակային հարձակման ժամանակ տուժող Մ.Ռավոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելն ընդգրկված չի եղել հանցակիցներից յուրաքանչյուրի դիտավորության մեջ, հետևաբար տեղի է ունեցել հանցակցի սահմանազանցում (էքսցես) (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը, որպես ավազակության առանձնապես ծանրացնող հանգամանք, նախատեսում է առողջությանը ծանր վնաս պատճառելը: Տվյալ նորմի ձևակերպումից հետևում է, որ քննարկվող ծանրացնող հանգամանքն առկա է միայն այն դեպքում, երբ տուժողի առողջությանը փաստացի պատճառվել է ծանր վնաս: Սուբյեկտիվ կողմից հանցավորը (հանցակիցները) ուղղակի դիտավորությամբ նպատակ է հետապնդում հափշտակել ուրիշի գույքը և այդ նպատակով հարձակում է գործում, իսկ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կարող է վերաբերել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ:

Գործի նյութերով հաստատված է, որ Գ.Գասպարյանը, Ա.Գրիգորյանը, Ռ.Բարսեղյանը և Ա.Սահակյանը, նախնական համաձայնության գալով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում են գործել: Հարձակման ժամանակ տուժողներ Փ.Նավոյանի և Մ.Ռավոյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրվել, որի հետևանքով Մ.Ռավոյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Այս պայմաններում բողոքաբերի փաստարկն այն մասին, որ Գ.Գասպարյանին մեղսագրված չէ, որ նա տուժողներից որևէ մեկի առողջությանը վնաս է պատճառել, չի կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ Մ.Ռավոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելն ընդգրկված չի եղել Գ.Գասպարյանի դիտավորության մեջ, հետևաբար հանցակցի սահմանազանցման (էքսցեսի) մասին խոսք լինել չի կարող: Այս առումով նույնպես Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Գ.Գասպարյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

22. Ամբաստանյալ Գ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպման ուսումնասիրությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը համապատասխան դատավարական փաստաթղթերում հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից բացի, մանրամասնորեն նշել է արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների նկարագրությունը:Գ.Գասպարյանին մեղսագրվող հանցակցությամբ կատարված արարքը որակելիս հաշվի է առնվել, որ տեղի է ունեցել հանցավոր արարք, որի կատարմանը մասնակցել են երկու և ավելի անձինք, ովքեր գործել են համատեղ, դիտավորյալ և կատարել են դիտավորյալ հանցագործություն: Իրավախախտման փաստը կոնկրետացվել է յուրաքանչյուր հանցակցի մասով, իսկ դրա հանգամանքները անհատականացվել են՝ հաշվի առնելով անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքները:

Հետևաբար, անհիմն է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք առաջադրելիս նախաքննության մարմինը չի հստակեցվել Գ.Գասպարյանի, ինչպես նաև նրա հանցակիցներից յուրաքանչյուրի կատարած արարքը, հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը և բնույթը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

23. Անդրադառնալով բողոքաբերի փաստարկին, որ ընդհանուր իրավասության դատարանն անհիմն մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները դատարան հրավիրել և հարցաքննել վկաների, որոնց ցուցմունքներն էական նշանակություն կունենային առաջադրված մեղադրանքը հերքելու և Գ.Գասպարյանի անմեղությունը հաստատելու համար (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի իմաստով, որպես ընդհանուր կանոն, ներպետական դատարանների հայեցողությանն է թողնվում այն հարցի գնահատումը, թե արդյոք անհրաժեշտ է հրավիրել վկաներ, թե ոչ, և չի պահանջվում ամբաստանյալի կողմից հանդես եկող յուրաքանչյուր վկայի հրավիրումը և հարցաքննությունը (տե՛ս Բրիկմոնտն ընդդեմ Բելգիայի (Bricmount v Belgium) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, կետ 89):

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատարանը, ապահովելով արդար դատաքննության իրավունքը և քրեական դատավարության մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմի հարուցած միջնորդությունները քննարկել է և կայացրել մի շարք վկաների դատարան հրավիրելու մասին որոշումներ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ այն մասին, որ դատարանը, մասնակիորեն բավարարելով պաշտպանության կողմի միջնորդությունները, գործել է կամայականորեն:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման մասին բողոքի փաստարկներն անհիմն են:

24. Բողոք բերած անձը նշել է նաև, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, չբավարարելով պաշտպանության կողմի միջնորդությունները՝ ինքնաբացարկ ընդունելու մասին, Գ.Գասպարյանին զրկել են անկախ ու անաչառ դատարանի կողմից արդարացի դատաքննության իրավունքից (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Մինչդեռ, քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատական քննության ընթացքում պաշտպանության կողմի տարբեր հիմքերով և հիմնավորումներով ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները ստորադաս դատարանների դատավորները քննության են առել գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ և կայացրել համապատասխան որոշումներ, որոնք հիմնավորված և պատճառաբանված են։ Դատական քննության ընթացքում ի վնաս որևէ կողմի որոշումներ կայացնելը չի կարող բավարար հիմք հանդիսանալ հանգելու այն միանշանակ եզրահանգման, որ գործի քննությունն անցկացվել է ոչ անաչառ և կողմնակալ դատարանի կողմից, գործի արդարացի դատաքննության իրավունքի խախտմամբ։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ դատարանը խախտել է Գ.Գասպարյանի անմեղության կանխավարկածի իրավունքը (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), ապա այն նույնպես անհիմն է, քանի որ Առաջին ատյանի դատարանը դեռևս 2011 թվականի ապրիլի 18-ին Ռ.Բարսեղյանի և Ա.Գրիգորյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճռով հաստատված է համարել ոչ թե Գ.Գասպարյանին վերագրվող արարքը, այլ այն, որ Ռ.Բարսեղյանը և Ա.Գրիգորյանը խմբի կազմում կատարել են ավազակային հարձակում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ Առաջին ատյանի դատարանը Գ.Գասպարյանի վերաբերյալ գործի քննության ժամանակ եղել է կողմնակալ:

25. Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Գուրգեն Իշխանի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան