Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.38
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
15.08.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
15.08.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՇԴ/0144/01/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0144/01/13

ԵՇԴ/0144/01/13

Նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան

Դատավորներ`

 Ե. Դարբինյան

 Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Վ. Մնացականյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վարդան Գագիկի Մանասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 11-ի որոշման դեմ մեղադրող Ռ.Էլիզբարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11130713 քրեական գործը` անհայտ անձի կողմից Վիգեն Հարությունյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի 2013 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Վարդան Մանասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վ.Մանասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի հունվարի 15-ի դատավճռով Վ.Մանասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ` Վ.Մանասյանն ազատվել է պատժի կրումից:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մարտի 11-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունվարի 15-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ռ.Էլիզբարյանը:

2014 թվականի մայիսի 20-ին ամբաստանյալ Վ.Մանասյանի պաշտպան Վ.Մնացականյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով վճռաբեկ բողոքը թողնել առանց բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 11-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 9-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վ.Մանասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հունիսի 9-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի Մասիսի փողոցի 3-րդ հասցեում գտնվող արտադրամասի տարածքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Վիգեն Մուրադի Հարությունյանին և վերջինիս պարանոցի շրջանի կտրած-ծակած վերքի ձևով` աջ լծային երակի, աջ ներքին և արտաքին քնային զարկերակների վնասումով, պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 269-275):

6. Դատաբժշկական փորձագետի թիվ 968/հ եզրակացության համաձայն՝ «(…) Վ.Հարությունյանի մարմնական վնասվածքները՝ պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքի ձևով` աջ լծային երակի, աջ ներքին և արտաքին քնային զարկերակների վնասումով, պատճառվել են սուր ծակող-կտրող գործիքի կամ սուր ծայր ունեցող գործիքի ներգործությամբ, (…) որոնք պատճառել են ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 165-166):

7. Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության թիվ 13-2264 եզրակացության համաձայն` «(…) Վ.Հարությունյանի պարանոցի շրջանի արտաքին և ներքին վնասվածքներ[ը] (…) պատճառվել են ըստ խորաթափանցման մակարդակի համապատասխան կառուցվածքային տվյալներ ունեցող ծակող-կտրող առարկայի կամ գործիքի, հնարավոր է` դանակի մեկ հարվածային ներգործությամբ, որի ներթափանցող ներգործությունը տեղակայվել է Վ.Հարությունյանի ենթակզակային շրջանում` գրեթե միջին գծով` ներթափանցելով պարանոց` նրա մարմնի նկատմամբ առջևից հետ, ձախից աջ, քիչ վարից վեր ուղղությամբ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 7-10):

8. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Որպես ամբաստանյալ Վարդան Մանասյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նա ներկայացել է մեղայականով, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, ամբողջությամբ հատուցել է տուժողի բուժման ծախսերը, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և խնդրել է վերջինիս նկատմամբ նշանակել մեղմ պատիժ:

(…) Հաշվի առնելով Վարդան Մանասյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը թվարկված հանգամանքները, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, կարելի է հասնել ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը նշանակելու միջոցով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 310-311):

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Վ.Մանասյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել ամբաստանյալ Վ.Մանասյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, դա կատարելու հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ նա ներկայացել է մեղայականով, հանցանքը կատարում է առաջին անգամ, ընդունել է կատարած հանցանքն ու անկեղծորեն զղջացել դրա համար, ամբողջությամբ հատուցել է տուժողի բուժման ծախսերը, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և խնդրել վերջինիս նկատմամբ նշանակել մեղմ պատիժ, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` վերջինիս նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ:

(…)

Վերոհիշյալ հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում վերաքննիչ բողոքի պատճառաբանությունը, որ Վ.Մանասյանի նկատմամբ քրեաիրավական նորմի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու միջոցով համաներման ակտը կիրառելը և պատժից ազատելն արդարացի չէ, չի համապատասխանում կատարած հանցանքի բնույթին, նրա անձին, անհրաժեշտ և բավարար չէ սոցիալական արդարությունը վերականգնելու, նրան ուղղելու, նմանատիպ հանցագործությունները կանխելու համար:

(…)

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի կողմից և վերաքննիչ բողոքի պատասխանում բերած փաստարկները` նաև այն, որ ամբաստանյալ Վ.Մանասյանն ունի բարձրագույն կրթություն, ֆիզիկապես վատառողջ է, արագացված դատաքննության պայմաններում առավելագույն պատիժը, որը կարող էր նշանակվել ամբաստանյալ Վ.Մանասյանի նկատմամբ չէր կարող գերազանցել չորս տարի ութ ամիս ժամկետով ազատազրկում պատիժը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության և ամբաստանյալ Վ.Մանասյանի անձը դրական բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը Վ.Մանասյանի նկատմամբ հիմնավոր կերպով է կիրառել նվազ խիստ պատիժը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 36-45):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, դրանով թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, ստորադաս դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը վերլուծել է վերոգրյալ օրենսդրական դրույթները, մեջբերել Վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/0029/01/08 գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և եկել այն եզրահանգման, որ Վ.Մանասյանին մեղսագրվող արարքն ունի հանրային վտանգավորության բարձր աստիճան, որն արտահայտվում է առողջությանը պատճառված վնասի` կյանքի համար վտանգավոր լինելու հանգամանքով: Հետևաբար, Վ.Մանասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելն արդարացի չէ, չի համապատասխանում նրա կատարած հանցանքի բնույթին, անհրաժեշտ և բավարար չի կարող լինել սոցիալական արդարությունը վերականգնելու, նրան ուղղելու, ինչպես նաև նմանատիպ հանցագործությունները կանխելու համար:

11. Բողոքի հեղինակը գտել է, որ անհիմն են ստորադաս դատարանների դատողությունները Վ.Մանասյանի անձը դրական բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայության մասին: Ըստ բողոքաբերի` ամբաստանյալը չի կարող դրականորեն բնութագրվել, քանի որ օրինապահ չէ և ունի հանցավոր հակումներ, մասնավորապես` ազատության մեջ գտնվելու ընթացքում իր վերաբերյալ գործի քննությանը միջամտելու բազմաթիվ փորձեր և հանրորեն վտանգավոր նոր արարքներ է կատարել:

Բացի այդ, բողոքի հեղինակը, համադրելով Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-84/07, ԵԱՆԴ/091/01/09 որոշումների իրավական դիրքորոշումները սույն գործի փաստական հանգամանքների հետ, եկել է այն եզրահանգման, որ Վ.Մանասյանի մեղայականով ներկայանալու հանգամանքը սույն գործով չի կարող կիրառվել որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է պատժի մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 11-ի որոշումը, և Վ.Մանասյանի նկատմամբ նշանակել համաչափ պատիժ` ազատազրկում` 4 տարի 6 ամիս ժամկետով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Վ.Մանասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու հիմնավորվածության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

(…)»:

Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ա.Շահբազյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշումներ հայտնել առ այն, որ «(…) [Դ]ատարանի կողմից արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի բացահայտումը սերտորեն կապված է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների հետ` թե՛ արդարացի պատիժ նշանակելու և թե՛ պատժի անհատականացման համատեքստում: Հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատականը տրվում է դատարանի կողմից` հանցագործության կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա, և արտահայտվում է կոնկրետ պատժի տեսքով (…): Հանցագործության կատարման եղանակի, գործիքների, միջոցների, պատճառված վնասի չափի և բնույթի (հանրորեն վտանգավոր հետևանքների), հանցավորի մտադրության իրականացման աստիճանի, շարժառիթների, նպատակների բացահայտումը մեծապես ազդում է պատժի տեսակի ընտրության, ինչպես նաև դրա` առավել կամ նվազ խիստ լինելու վրա:

Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ազդող վերը նշված գործոնների հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը կարևորում է հանցավորի մեղքի ձևը: Այսպես՝ մեղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցագործությունների ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեն ուղղակի դիտավորությամբ կատարվող արարքները, որոնք ենթադրում են հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: Ընդ որում, արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը նախատեսելն ընդգրկում է ոչ միայն ապագայում սպասվելիք փոփոխությունների փաստական բովանդակության գիտակցումը, այլև այդ փոփոխությունների սոցիալական նշանակության (հանրային վտանգավորության) գիտակցումը: Բոլոր այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի կողմից հստակ գիտակցվում է արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այսինքն` առկա է վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության նախատեսումը, օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այս դեպքում հանցագործության սուբյեկտի պատրաստվածությունը, հանցանքի կատարման եղանակը, իրադրությունը, օգտագործվող գործիքները, միջոցներն իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը` հանցավորի մոտ միանշանակ վստահություն առաջացնելով իր նպատակների անխուսափելի իրագործման մեջ» (տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 14-րդ կետը):

15. Ա.Շահբազյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև մարդու առողջության դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների, մասնավորապես` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանրային վտանգավորության աստիճանի որոշման վրա ազդող գործոններին և արձանագրել հետևյալը. «ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:

(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված հանգամանքների գնահատման` առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-16-րդ կետերը):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Մանասյանը 2013 թվականի հունիսի 9-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի Մասիսի փողոցի 3-րդ հասցեում գտնվող արտադրամասի տարածքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարված է հասցրել Վ.Հարությունյանին ենթակզակային շրջանում` ներթափանցելով պարանոց, և վերջինիս առողջությանը պարանոցի շրջանի կտրած-ծակած վերքի ձևով` աջ լծային երակի, աջ ներքին և արտաքին քնային զարկերակների վնասումով, պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս սույն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը):

Պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ Վ.Մանասյանը ներկայացել է մեղայականով, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, ամբողջությամբ հատուցել է տուժողի բուժման ծախսերը, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և խնդրել է վերջինիս նկատմամբ նշանակել մեղմ պատիժ: Հաշվի առնելով ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին կարելի է հասնել ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը նշանակելու միջոցով (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ ամբաստանյալ Վ.Մանասյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել Վ.Մանասյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, դա կատարելու հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը համապատասխանում է Վ.Մանասյանին մեղսագրված հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, նրա անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու ու նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող է ապահովել պատժի նպատակները:

Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության և ամբաստանյալ Վ.Մանասյանի անձը դրական բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայության պայմաններում Առաջին ատյանի դատարանը Վ.Մանասյանի նկատմամբ հիմնավոր կերպով է կիրառել նվազ խիստ պատիժը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը)

17. Սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները Վ.Մանասյանի նկատմամբ պատիժ նշանակելիս օբյեկտիվորեն հաշվի չեն առել կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչի հետևանքով ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ: Ինչպես երևում է գործի նյութերից` Վ.Մանասյանը կտրող-ծակող գործիքով հարված է հասցրել Վ.Հարությունյանի պարանոցի շրջանում` վնասելով աջ լծային երակը, աջ ներքին և արտաքին քնային զարկերակները և այդպիսով տուժողի առողջությանը պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Ամբաստանյալին վերագրվող հանցագործության բարձր հանրային վտանգավորությունը կանխորոշում են արարքը կտրող-ծակող գործիքով կատարելը, ինչպես նաև դրանով տուժողի մարմնի կենսականորեն կարևոր օրգաններին հարվածելը:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար ստորադաս դատարանները պատշաճ ուշադրություն չեն դարձրել արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքին, մարմնական վնասվածքների բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի չի արժանացվել նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

18. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված չեն Վ.Մանասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

Ուստի, Վերաքննիչ դատարանը, սույն գործով կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական օրենքի նշված ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտերի կայացմանը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վերը նշված խախտումները, որոնք ազդել են պատժի նշանակման մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

19. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ գործը պետք է ուղարկվի նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի այն փաստարկներին, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել Վ.Մանասյանի անձը դրականորեն բնութագրող տվյալների, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքի առկայության մասին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վարդան Գագիկի Մանասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան