Համարը 
թիվ 310-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.12.15/32(511) Հոդ.324
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
18.11.2014
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014547

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 նոյեմբերի 2014 թ.

թիվ 310-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով պարզեցնել ընկերությունների կողմից առաջարկվող պայմանագրերը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 20-ի ««Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգը լրացնել նոր 2.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն կանոնակարգով սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական և անհատական թերթիկներին ներկայացվող պահանջները չեն կիրառվում գրավատների նկատամբ:»,

2) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել նոր՝ 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«17) «Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ (այսուհետ՝ Ընդհանրական թերթիկ)»՝ փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ կրեդիտի գծով բոլոր հաճախորդների համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

18) «Սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ (այսուհետ՝ Անհատական թերթիկ)»՝ փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ կրեդիտի գծով կրեդիտավորման պայմանագրի կնքման դեպքում տվյալ սպառողի համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

19) «Կրեդիտային հայտ»՝ կրեդիտի ստացման համար սպառողի կողմից կրեդիտավորողին գրավոր կամ էլեկտրոնային ձևով ներկայացված հայտ (դիմում):»,

3) Կանոնակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետը «շփոթեցուցիչ» բառից հետո լրացնել «(օրինակ՝ խուսափել այնպիսի բառերի օգտագործումից, ինչպիսին «կետանց» բառն է),» բառերով,

4) Կանոնակարգի 4-րդ կետը լրացնել նոր 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) ընկերությունն ապահովում է, որ իր կողմից բացահայտվող տեղեկատվությունը ներկայացվի ճշգրիտ, արժանահավատ և ժամանակին:»,

5) Կանոնակարգի 5-րդ կետի 10-րդ ենթակետում «և» բառը փոխարինել «: Ընդ որում, ընկերությունը պարզաբանումների հետ մեկտեղ» բառերով,

6) Կանոնակարգի 6-րդ կետը լրացնել նոր 4-րդ և 5-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) հաճախորդի պահանջով տրամադրում է Ընդհանրական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի,

5) կրեդիտային հայտի վերաբերյալ դրական որոշման կայացումից հետո տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն սույն կանոնակարգի 8-րդ գլխի:»,

7) Կանոնակարգի 11-րդ կետի 15-րդ ենթակետի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին» բառերը փոխարինել «վարկային բյուրոյին» բառերով,

8) Կանոնակարգի 11-րդ կետի 15-րդ ենթակետում «տրամադրելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«: Ընդ որում, վարկային բյուրոյի վերաբերյալ նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով՝ այլ տառատեսակով, այլ տառաչափով և (կամ), այլ ձևով (Օրինակ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ),»,

9) Կանոնակարգի 11-րդ կետը լրացնել նոր 19-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«19) եթե պայմանագրում հղում է կատարվում պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններին (օրինակ` ներքին իրավական ակտերին, ծառայության ընդհանուր պայմաններին), ապա առնվազն նշվում են այդ պայմանների նույնականացման տվյալները՝ պայմանների ընդունման ամսաթիվը, նույնականացման կամ հաշվառման համարը և ընդունող մարմնի անվանումը: Այն դեպքում, երբ հղում է կատարվում այլ մարմնի կողմից հաստատված պայմաններին և հնարավոր չէ նշել նույնականացման տվյալներ, ապա առնվազն նշվում է այն ժամկետը, որի համար գործում են այդ պայմանները: Եթե պայմանագրում նշված պայմանները հրապարակային են, ապա հղում է կատարվում նաև համապատասխան աղբյուրին (ինտերնետային էջ/բաժին/ենթաբաժին), եթե պայմանները ոչ հրապարակային են, ապա տրամադրվում է վավերացված թղթային օրինակը:

Ընդ որում, նշվում է նաև այդ պայմանների փոփոխության մասին հաճախորդներին ծանուցելու վայրը և ժամկետները:»,

10) Կանոնակարգի 15-րդ կետի 5-րդ ենթակետը «փոփոխության» բառից հետո լրացնել «ներառյալ՝ վարկային բյուրո տվյալները ուղարկելու» բառերով,

11) Կանոնակարգը լրացնել նոր 16.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

12) «16.1 Կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փոփոխությունների դեպքում սպառողի պահանջով կրեդիտավորողը տրամադրում է նոր Անհատական թերթիկ սույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված կարգով:

Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագիրը երկարաձգվում է միակողմանիորեն կրեդիտավորողի գործող նոր պայմաններով, ապա կրեդիտավորողը տրամադրում է նոր Անհատական թերթիկ սույն կանոնակարգի 30-35-րդ կետերով սահմանված կարգով:»,

13) Կանոնակարգի 23-րդ կետի 11-րդ ենթակետը «դրանց չափը,» բառերից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ինչպես նաև սպառողի վերաբերյալ տեղեկատվությունը վարկային բյուրոյին տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, վարկային բյուրոյի վերաբերյալ նշումը ներկայացվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով՝ այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով (Օրինակ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:»,

14) Կանոնակարգը լրացնել նոր գլուխ 8-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  8

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ (ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ)

 

28. Սպառողի կրեդիտային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո կրեդիտավորողն իր կողմից առաջարկվող կրեդիտի պայմանների և սպառողի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա նախքան կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողին տրամադրում է Անհատական թերթիկ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի (վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում՝ համաձայն Հավելված 3-ի):

29. Կրեդիտավորողը`

1) ապահովում է Անհատական թերթիկում ներառված պայմանների համապատասխանությունը կրեդիտավորման պայմանագրի դրույթներին,

2) ապահովում է Անհատական թերթիկի տրամադրումը ժամանակին, այսինքն` մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը սպառողը հնարավորություն է ունենում ծանոթանալու կրեդիտի էական պայմաններին և, ցանկության դեպքում, համեմատելու այլ կրեդիտավորողների կողմից առաջարկվող կրեդիտի էական պայմանների հետ,

3) բանավոր պարզաբանում է Անհատական թերթիկի էությունը և դրա կարևորությունը,

4) բանավոր տեղեկացնում է Անհատական թերթիկի գործողության ժամկետի վերաբերյալ,

5) Անհատական թերթիկի ստորագրման ժամանակ որևէ կերպ չի ուղղորդում սպառողին, սակայն հուշում է ստորագրությունների քանակը:

30. Կրեդիտավորողը հաստատված պայմանների հիման վրա լրացնում է Անհատական թերթիկը, ստորագրում է և սպառողի նախընտրած եղանակով (առձեռն՝ կրեդիտավորողի տարածքում, փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստով) տրամադրում կամ ուղարկում է վերջինիս:

31. Փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային փոստով ընտրելու դեպքում կրեդիտավորողն Անհատական թերթիկը սպառողին (երաշխավորին) ուղարկում է կրեդիտային հայտի հաստատումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Կրեդիտավորողի տարածքում առձեռն եղանակով ընտրելու դեպքում կրեդիտավորողն Անհատական թերթիկը տրամադրում է սպառողին (երաշխավորին) վերջինիս` Կրեդիտավորողի տարածք առաջին իսկ այցի դեպքում:

32. Կրեդիտավորողն առնվազն երեք տարի պահպանում է Անհատական թերթիկի տրամադրման փաստն ապացուցող փաստաթղթերը (օրինակ՝ սպառողի ստորագրությամբ տրված ստացականը, նամակն ուղարկելու փաստն ապացուցող փաստաթուղթը, էլեկտրոնային փոստի ծանուցման հաղորդագրությունը):

33. Եթե սպառողը (երաշխավորը (առկայության դեպքում)) համաձայն է Անհատական թերթիկի հետ, ապա ստորագրում է Անհատական թերթիկների երկու (երաշխավորի առկայության դեպքում՝ երեք) օրինակները և վերադարձնում կրեդիտավորողին առձեռն՝ կրեդիտավորողի տարածքում:

34. Ստորագրված Անհատական թերթիկներից մեկ օրինակը տրամադրվում է սպառողին, իսկ մյուսը ենթակա է արխիվացման կրեդիտավորողի կողմից: Երաշխավորի առկայության դեպքում Անհատական թերթիկներից երրորդ օրինակը տրամադրվում է երաշխավորին:

35. Անհատական թերթիկի պայմանները գործում են կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ սպառողին տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: Եթե սպառողը ստորագրված թերթիկը կրեդիտավորողին ներկայացնում է սահմանված ժամկետից ուշ, ապա կրեդիտավորողը իր ներքին իրավական ակտերի համաձայն ինքն է որոշում ընդունել թերթիկը և կնքել կրեդիտավորման պայմանագիրը այդ պայմաններով, թե ոչ:

36. Անհատական թերթիկը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) Անհատական թերթիկի՝ կրեդիտավորողի կողմից լրացվող հերթական համարը և կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ սպառողին տեղեկացման ամսաթիվը,

2) կրեդիտավորողի լրիվ անվանումը և կապի միջոցները (հեռախոսահամար, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե),

3) սպառողի վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես՝ անուն, ազգանունը և կապի միջոցները,

4) կրեդիտի էական պայմանները, այդ թվում՝

ա. կրեդիտի տեսակը,

բ. կրեդիտի գումարի չափը,

գ. կրեդիտի տրամադրման ժամկետը,

դ. կրեդիտի անվանական տարեկան տոկոսադրույքի չափը,

ե. կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ընդ որում տրվում է աչքի ընկնող և առանձնացված ձևով՝ այլ տառատեսակով, այլ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով նշում, որում բացատրվում է անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքների տարբերությունը,

5) կրեդիտի հետ կապված վճարները, այդ թվում՝

ա. կրեդիտի մարման ընդհանուր վճարը, որն իրենից ներկայացնում է կրեդիտի մայր գումարի, տոկոսագումարների ու այլ վճարումների ընդհանուր գումարը, որը սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտի ստացման համար,

բ. այլ վճարումները,

6) եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում ներկայացվում է.

ա. գրավի տեսակը,

բ. նշում երաշխավորի մասին,

7) այլ պայմանները, այդ թվում՝

ա. մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

բ. կանխավճարի չափը (առկայության դեպքում) (չի կիրառվում վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում),

գ. վարկային գծերի (օվերդրաֆտների) դեպքում՝ արտոնյալ ժամկետը («գրեյս պերիոդ»), հաշվի նվազագույն շարժը և վճարման կարգը, չօգտագործված միջոցների դիմաց հաշվարկված տոկոսադրույքը,

8) սպառողի իրավունքներ մասում ներկայացվում են տեղեկություններ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագիրը լուծելու՝ սպառողի իրավունքի և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու՝ սպառողի իրավունքի վերաբերյալ,

9) սպառողի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր բացասական հետևանքները մասում ներկայացվում է պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը և կիրառման դեպքերը, ինչպես նաև նշում սպառողի կողմից պարտավորությունների կատարման դեպքում մարումների հերթականության և այլ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, այդ թվում՝

ա. գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ,

բ. վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում վարկառուի այլ գույքի հաշվին պարտավորությունների մարման հնարավորության վերաբերյալ,

գ. վարկառուի վերաբերյալ տեղեկատվությունը «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վարկային բյուրոյին տրամադրման վերաբերյալ,

10) նշում այն մասին, որ Անհատական թերթիկը չի փոխարինում և չի հանդիսանում կրեդիտավորման պայմանագրի մաս, և սպառողը պետք է առաջնորդվի պայմանագրով,

11) երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվությունը:

37. Անհատական թերթիկում տվյալները լրացվում են լրացման ուղեցույցի օգնությամբ՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի: Վարկային գծերի (օվերդրաֆտների) Անհատական թերթիկը լրացվում է՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Լրացման ուղեցույցը նախատեսված է միայն ընկերության համար և չի տրամադրվում սպառողին:

38. Կրեդիտավորողը չի կարող փոխել Անհատական թերթիկի տեքստը և դիզայնը, սակայն կարող է ավելացնել իր լոգոն՝ ելնելով մարքետինգային քաղաքականությունից:

39. Այն դեպքում, երբ մեկ կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց, ապա կրեդիտավորողը Անհատական թերթիկի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր սպառողին՝ սույն գլխով սահմանված կարգով:

40. Այն դեպքում, երբ սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է մեկից ավելի անձանց երաշխավորությամբ, ապա կրեդիտավորողը Անհատական թերթիկի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր երաշխավորին՝ սույն գլխով սահմանված կարգով:»:

 

15) Կանոնակարգը լրացնել Հավելված 1-ով, Հավելված 2-ով, Հավելված 3-ով և Հավելված 4-ով` համաձայն սույն որոշման` համապատասխանաբար Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի և Հավելված 4-ի (կցվում են):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. նոյեմբերի 20

Երևան

 

Հավելված 1
«Հավելված 1

 

Ներմուծեք նկարագրությունը_5968

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5973

»:

      

Հավելված 2
«Հավելված 2

 

Սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկի (այսուհետ՝ Անհատական թերթիկ) լրացման ուղեցույց

 

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

 

1. Անհատական թերթիկը տրամադրվում է միայն 10,000,000 դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «1.1 Թերթիկի համար» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող Անհատական թերթիկի հերթական համարը:

3. «1.2 Վարկային հայտի դրական որոշման մասին վարկառուին տեղեկացման ամսաթիվ» տողում լրացվում է վարկատուի կողմից վարկառուին վարկային հայտի դրական որոշման մասին տեղեկացման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով:

4. «2.1 Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ՝ +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ՝ նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

5. «2.2 Վարկառուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկառուի անունը, ազգանունը, փոստային հասցեն(երը), հեռախոսահամար(ներ)ը և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկատուն կարող է կապ հաստատել վարկառուի հետ, ինչպես նաև վարկառուի՝ վարկատուի հետ հաղորդակցման նախընտրելի եղանակը: Օրինակ՝ էլ. փոստ:

6. «3.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ՝ «Էքսպրես վարկ» սպառողական վարկ:

7. «3.2 Վարկի գումարը» տողում լրացվում է վարկի գումարի արժեքը: Օրինակ՝ 800,000:

8. «3.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում է վարկի ժամկետը ամիսներով: Օրինակ՝ 24:

9. «3.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Օրինակ՝ 18:

10. «3.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Օրինակ՝ 19,70:

11. «4.1 Վարկի մարման ընդհանուր վճար» տողում լրացվում է վարկի մայր գումարի, տոկոսագումարների և այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 920,000:

12. «4.2 Տոկոսագումարների ընդհանուր վճար» տողում լրացվում է վարկի տոկոսագումարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 700,000:

13. «4.3 Այլ վճարներ» տողում լրացվում է 7.1-7.6-րդ կետերով սահմանված այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 65,000:

14. «5.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և նկարագրությունը: Օրինակ՝ 2014թ. «ԱԲԳԴ» մակնիշի ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

15. «5.2 Երաշխավորություն» տողում լրացվում է երաշխավոր(ներ)ի անունը և ազգանունը: Վարկի երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

16. «6.1. Մայր գումարի մարումների հաճախականություն» և «6.1. Տոկոսագումարի մարումների հաճախականություն» տողերում համապատասխանաբար լրացվում է վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման պարբերականությունները (ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և այլ): Եթե վարկատուի կողմից նախատեսված է վարկի մարման «այլ» պարբերականություն, ապա նշվում է պարբերականությունը և ձևը:

17. «6.2 Կանխավճար» տողում լրացվում է վարկի կանխավճարի գումարի չափը: Օրինակ՝ 50,000: Կանխավճարի չափ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

18. «7.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

19. «7.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

20. «7.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

21. «7.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

22. «7.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ՝ 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

23. «7.6 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

24. «9.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ 3 և ավելի աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

25. «9.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

26. «9.3 Այլ վճարները չկատարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքների չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում::

27. «9.4 Մարումների հերթականություն» վանդակում լրացվում է վարկառուի կողմից պարտավորությունների մարման հերթականությունը (տույժ/տուգանքներ, տոկոսագումարներ, մայր գումար):

28. «Հաստատում եմ, որ սույն թերթիկում ներկայացված տեղեկությունները ճշգրիտ են» վանդակում պարտադիր դրվում է վարկատուի պատասխանատու անձի ստորագրությունը և վարկառուին թերթիկի տրամադրման ամսաթիվը: Թերթիկը փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով վարկառուին ուղարկելու դեպքում լրացվում է թերթիկի ուղարկման ամսաթիվը: Թերթիկը վարկառուին առձեռն տրամադրելու դեպքում լրացվում է թերթիկի փաստացի տրամադրման ամսաթիվը:

29. «Հաստատում եմ, որ նախքան պայմանագրի կնքումը ստացել և հասկացել եմ սույն թերթիկում ներկայացված բոլոր տեղեկությունները» վանդակում պարտադիր դրվում է վարկառուի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը: Երաշխավորի առկայության դեպքում դրվում է նաև երաշխավորի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը:»։

 

Հավելված 3
«Հավելված 3

 

Ներմուծեք նկարագրությունը_5971

 

Ներմուծեք նկարագրությունը_5973

»:

 

Հավելված 4
«Հավելված 4

 

Վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների անհատական թերթիկի (այսուհետ՝ Անհատական թերթիկ) լրացման ուղեցույց

 

Սույն ուղեցույցը չի տրամադրվում վարկառուին:

 

1. Անհատական թերթիկը տրամադրվում է միայն 10,000,000 ՀՀ դրամը չգերազանցող վարկերի համար:

2. «1.1 Թերթիկի համար» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող Անհատական թերթիկի հերթական համարը:

3. «1.2 Վարկային հայտի դրական որոշման մասին վարկառուին տեղեկացման ամսաթիվ» տողում լրացվում է վարկատուի կողմից վարկառուին վարկային հայտի դրական որոշման մասին տեղեկացման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով:

4. «2.1 Վարկատուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկատուի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, փոստային հասցեն(երը) (օրինակ՝ ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Աբգ 11), հեռախոսահամար(ներ)ը (օրինակ՝ +(37410) 123456) և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկառուն կարող է սպառիչ տեղեկություններ ստանալ տրամադրվող վարկի վերաբերյալ: Ընդ որում, եթե առկա է կենտրոնացված թեժ գիծ, ապա նշվում է թեժ գծի հեռախոսահամարը, եթե ոչ՝ նշվում է այն հեռախոսահամարը, որի միջոցով վարկառուն կարող է առանց խոչընդոտների կապ հաստատել վարկատուի հետ:

5. «2.2 Վարկառուի վերաբերյալ» վանդակում լրացվում է վարկառուի անունը, ազգանունը, փոստային հասցեն(երը), հեռախոսահամար(ներ)ը և էլեկտրոնային հասցեն(երը), որոնցով վարկատուն կարող է կապ հաստատել վարկառուի հետ, ինչպես նաև վարկառուի՝ վարկատուի հետ հաղորդակցման նախընտրելի եղանակը: Օրինակ՝ էլ. փոստ:

6. «3.1 Վարկի անվանում» տողում լրացվում է վարկատուի կողմից տրամադրվող սպառողական վարկի անվանումը և տեսակը: Օրինակ՝ «Էքսպրես» վերականգնվող վարկային գիծ:

7. «3.2 Վարկի գումարը» տողում լրացվում է վարկի գումարի արժեքը: Օրինակ՝ 1,800,000:

8. «3.3 Վարկի ժամկետ» տողում լրացվում է վարկի ժամկետը ամիսներով: Օրինակ՝ 24:

9. «3.4 Տարեկան անվանական % (ՏԱՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը: Օրինակ՝ 18:

10. «3.5 Տարեկան փաստացի % (ՏՓՏ)» տողում լրացվում է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը: Օրինակ՝ 19,70:

11. «4.1 Վարկի մարման ընդհանուր վճար» տողում լրացվում է վարկի մայր գումարի, տոկոսագումարների և այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 1,120,000:

12. «4.2 Այլ վճարներ» տողում լրացվում է 7.1-7.8-րդ կետերով սահմանված այլ վճարների ընդհանուր գումարը: Օրինակ՝ 65,000:

13. «5.1 Գրավ» տողում լրացվում է վարկի ապահովման միջոց հանդիսացող գրավի տեսակ(ներ)ը և նկարագրությունը: Օրինակ՝ 2014թ. «ԱԲԳԴ» մակնիշի ավտոմեքենա: Վարկի գրավի պահանջի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

14. «5.2 Երաշխավորություն» տողում լրացվում է երաշխավոր(ներ)ի անունը և ազգանունը: Վարկի երաշխավորի բացակայության դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

15. «6.1 Արտոնյալ ժամկետ (Գրեյս պերիոդ)» տողում լրացվում է վարկի համար սահմանված արտոնյալ ժամկետը և կիրառման դեպքը: Օրինակ՝ վարկի կանխիկացմանը հաջորդող 15 օրվա ընթացքում վարկը օգտագործելու դեպքում տոկոսագումար չի գանձվում կամ վարկի կանխիկացումից հետո մինչև հաջորդ ամսվա 20-ը վարկը օգտագործելու դեպքում տոկոսագումար չի գանձվում: Եթե սահմանված է արտոնյալ ժամկետի այլ ձև, ապա նշվում է այդ ձևը։ Արտոնյալ ժամկետ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի սահմանվում:

16. «6.2 Հաշվի նվազագույն շարժ և վճարման կարգ» տողում լրացվում է հաշվի նվազագույն շարժը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս և այդ գումարի վճարման կարգը (պարբերականությունը): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ կամ օգտագործված մասի նկատմամբ 5% վճարում մինչև հաջորդ ամսվա 10-ը: Հաշվի նվազագույն շարժ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

17. «6.3 Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող %» տողում լրացվում է վարկի չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը: Օրինակ՝ 13: Չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող % սահմանված չլինելու դեպքում լրացվում է՝ Չի սահմանվում:

18. «7.1 Վարկային հայտի ուսումնասիրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 25,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Վարկային հայտի ուսումնասիրության վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

19. «7.2 Վարկի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի նկատմամբ) և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 125,000 ՀՀ դրամ, տարեկան կամ 5% մնացորդի նկատմամբ, տարեկան: Վարկի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

20. «7.3 Գրավի գնահատման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Գրավի բացակայության կամ գրավի գնահատման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

21. «7.4 Նոտարական վավերացման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի նկատմամբ) և պարբերականությունը (միանվագ): Օրինակ՝ 15,000 ՀՀ դրամ, միանվագ կամ 5% մայր գումարի նկատմամբ, միանվագ: Նոտարական վավերացման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

22. «7.5 Գրավի ապահովագրության» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս (մայր գումարի, մնացորդի, գույքի արժեքի, մնացորդի և տոկոսագումարների նկատմամբ), և պարբերականությունը (միանվագ, տարեկան և այլն): Օրինակ՝ 250,000 ՀՀ դրամ, տարեկան: Գրավի բացակայության կամ գրավի ապահովագրման պահանջ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

23. «7.6 Քարտի սպասարկման» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար և պարբերականությունը (ամսական, տարեկան և այլն): Օրինակ՝ 10,000 ՀՀ դրամ, տարեկան: Քարտի սպասարկման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

24. «7.7 Կանխիկացման (վարկատուի բանկոմատներից կանխիկացման)» տողում լրացվում է տվյալ վճարի գանձման չափը՝ որպես բացարձակ գումար կամ որպես տոկոս: Օրինակ՝ 500 ՀՀ դրամ կամ 3% կամ 1%, նվազագույնը 300 ՀՀ դրամ: Կանխիկացման վճար սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

25. «7.8 Այլ միջնորդավճարներ» տողում այլ միջնորդավճարների առկայության դեպքում լրացվում է տվյալ վճարի անվանումը, գանձման չափը և պարբերականությունը: Այլ միջնորդավճարներ սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

26. «9.1 Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի մայր գումարը չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ 3 և ավելի աշխատանքային օր ուշացման դեպքում` ժամկետանց վարկի մնացորդի 2%, օրական:

27. «9.2 Տոկոսագումարները չվճարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժ/տուգանքի չափը և կիրառման դեպքերը: Օրինակ՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.1%, օրական:

28. «9.3 Այլ վճարները չկատարելու դեպքում» տողում լրացվում է տվյալ վարկի գծով պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող այլ տույժ/տուգանքների չափը: Այլ տույժ/տուգանք սահմանված չլինելու դեպքում համապատասխան տողում լրացվում է՝ Չի պահանջվում:

29. «9.4 Մարումների հերթականություն» վանդակում լրացվում է վարկառուի կողմից պարտավորությունների մարման հերթականությունը (տույժ/տուգանքներ, տոկոսագումարներ, մայր գումար):

30. «Հաստատում եմ, որ սույն թերթիկում ներկայացված տեղեկությունները ճշգրիտ են» վանդակում պարտադիր դրվում է վարկատուի պատասխանատու անձի ստորագրությունը և վարկառուին թերթիկի տրամադրման ամսաթիվը: Թերթիկը փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով վարկառուին ուղարկելու դեպքում լրացվում է թերթիկի ուղարկման ամսաթիվը: Թերթիկը վարկառուին առձեռն տրամադրելու դեպքում լրացվում է թերթիկի փաստացի տրամադրման ամսաթիվը:

31. «Հաստատում եմ, որ նախքան պայմանագրի կնքումը ստացել և հասկացել եմ սույն թերթիկում ներկայացված բոլոր տեղեկությունները» վանդակում պարտադիր դրվում է վարկառուի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը: Երաշխավորի առկայության դեպքում դրվում է նաև երաշխավորի ստորագրությունը և ստորագրման ամսաթիվը:»: