Համարը 
N 217-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.03.18/14(1103).1 Հոդ. 188.15
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.03.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2015 թվականի N 217-Ն

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 10
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 5-ի N 217-Ն որոշման

 

2 0 1 5  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ»

 

ԳԼՈՒԽ 1. ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) զարգացումն է կոչված ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:

ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական ու գերակա ուղղություններից մեկն է: Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով ու զարգացմամբ ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:

Կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և դրանով իսկ աղքատության հաղթահարման, ինչպես նաև երկրում սոցիալական համերաշխության ու քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում` ուղղված ՓՄՁ-ին պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ):

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ՝ 2014 թվականին հետևողական աշխատանք է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման քաղաքականության ու ռազմավարության, ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ-ին պետական աջակցությամբ համապատասխան ծրագրերի (միջոցառումների) իրականացման ուղղությամբ:

Այս համատեքստում իրականացման փուլում է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը, որով նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը (շուրջ 90 տոկոսը) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը: Դրա հետ մեկտեղ՝ սույն ծրագրի իրականացումը նպաստում է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և դրանց միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի համախառը ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը:

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ 2014 թվականին ֆինանսական ու ներդրումային աջակցության, տեղական և տարածքային տնտեսական զարգացման, ոլորտային (արդյունաբերական համակարգերի կառուցմանը) աջակցության, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցության և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովման, սկսնակ գործարարների ու կանանց ձեռներեցությանն աջակցության ուղղություններով, ինչպես նաև գործարար ուսուցողական, տեղեկատվական ու խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում շուրջ 6200 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` ապահովելով շուրջ 15000 անգամ աջակցություն:

 

ԳԼՈՒԽ 2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է (4-րդ հոդվածի պահանջ):

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշումը (N 1 հավելվածի 76-րդ կետ).

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 32 արձանագրային որոշումը (3-րդ կետ).

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1511-Ն որոշմամբ հաստատված «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագրով նախատեսված ծրագրային ցուցանիշների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները:

 

ԳԼՈՒԽ 3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Ծրագրի նպատակներն են`

1) պետական ուղղակի աջակցության մեխանիզմների (գործիքների) միջոցով երկրում ՓՄՁ-ի զարգացման խթանումը.

2) ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի, հատկապես նրա հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը նպաստելը.

3) ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելը և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովումը.

4) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:

2. Ծրագրի նպատակների իրագործման ապահովման համար նախատեսվում են`

1) գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու, ինչպես նաև նրանց ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում` նախապատվությունը տալով Հայաստանի Հանրապետության մարզերին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման առանձնահատկությունները.

2) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության առկա մեխանիզմների (գործիքների) (ֆինանսական, տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական և այլն) կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում.

3) ՓՄՁ-ի սուբյեկտներին պետական աջակցության նոր մեխանիզմների (գործիքների) ներդրում, մասնավորապես, տեղական տնտեսական զարգացում ու ոլորտային բիզնեսներին աջակցություն.

4) ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացում, մասնավորապես, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն` գործող միջազգային կառույցներին և ցանցերին ինտեգրում.

5) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ռեսուրսախնայողական և մաքուր արտադրության սկզբունքների կիրառման խրախուսում.

6) ծրագրի իրականացման շրջանակներում ավելի շատ ՓՄՁ-ի սուբյեկտների ներգրավում և նրանց ցուցաբերվող պետական աջակցության շրջանակների ընդլայնում.

7) ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող ենթակառուցվածքների հզորացման միջոցառումների իրականացում:

 

ԳԼՈՒԽ 4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացման սկզբունքներն են`

1) ծրագիրն իրականացվում է ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող կառույցների միջոցով.

2) ծրագրի իրականացման շրջանակներում նախապատվությունը տրվում է արտադրության և ծառայությունների ոլորտում գործող, նորարարություններ ներդնող, ժամանակակից ու մաքուր տեխնոլոգիաներ կիրառող, հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող՝ գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցությանը.

3) ծրագրի իրականացման նշանակալի մասն ուղղվում է Երևան քաղաքից դուրս` Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը.

4) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում մշակվում և իրականացվում են ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ (ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումները (ուղղությունները) են`

1. ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում

Սույն ծրագրային միջոցառման (ուղղության) շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման, ինչպես նաև աջակցության ծրագրերում գործընկեր կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:

Դրա հետ մեկտեղ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի պահպանմանը, ամրապնդմանը, դրանց նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացմանը, դրանց գործունեության ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը:

2. ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում)

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցության շրջանակներում կիրականացվեն սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրեր, որոնք ընդգրկում են հետևյալ բաղադրիչները` մասնակիցների ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում, մանրակրկիտ ընտրության փուլ անցած գաղափարների կյանքի կոչման նպատակով գործարար ծրագրերի մշակում: Այդ ամենի արդյունքում սկսնակ գործարարները ձեռք կբերեն իրենց բիզնեսի, անձնակազմի և ֆինանսական միջոցների կառավարման (պլանավորման) ու շուկայավարման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

2015 թվականին «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում:

Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության մարզերում կիրականացվեն նաև սկսնակ գործարարներին աջակցության ոլորտային ծրագրեր, որոնց իրականացման վայրը և բնույթը կորոշվեն կարիքների գնահատման հիման վրա` ըստ առկա պահանջարկի:

Սույն ծրագրային միջոցառման (ուղղության) իրականացման ժամանակ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ինչպես միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի), այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հետ:

Բացի դրանից, տվյալ ծրագրային միջոցառման (ուղղության) շրջանակներում կիրականացվեն նաև ուսուցողական դասընթացներ՝ գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար, որոնք կկազմակերպվեն միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում և հիմնված կլինեն 2013-2014 թվականներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործարարների շրջանում գործարար ծառայությունների կարիքների գնահատման նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործարար ուսուցողական դասընթացներին կմասնակցեն 200-250 սկսնակ գործարարներ:

3) ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի հետևյալ ուղղություններով՝

ՓՄՁ-ի սուբյեկտների առավել լայն շրջանակների համար գործարար տեղեկատվության և խորհրդատվության հասանելիության և մատչելիության ապահովման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եռամսյակային պարբերականությամբ խմբային և անհատական հանդիպումներ կկազմակերպվեն ՓՄՁ-ի սուբյեկտների ներկայացուցիչների (գործարարների) հետ, որոնք կանցկացվեն հատուկ մշակված ձևաչափով: Հանդիպումների ընթացքում գործարարներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում տեղի ունեցած ու նախատեսվող փոփոխությունները և կտրվեն պարզաբանումներ: Մասնագետները կպատասխանեն նաև մասնակիցների կողմից տրվող հարցերին: Նախատեսվում է հանդիպումներին մասնակից դարձնել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին: Որոշակի հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ կկազմակերպվեն նաև հատուկ թիրախավորված խմբերի հետ: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից պարբերաբար կմշակվեն ու գործարարներին կտրամադրվեն տեղեկատվական նյութեր, կհրատարակվի մասնագիտական գրականություն, ինչպես նաև կօգտագործվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային կայքի հնարավորությունները:

2015 թվականի ընթացքում այս բաղադրիչի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն նաև ՓՄՁ-ի սուբյեկտների համար գործարար խորհրդատվական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից համաֆինանսավորման սկզբունքով աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ-ի սուբյեկտներին` մրցութային կարգով ընտրված գործարար ծառայություններ մատուցող (ԳԾՄ) կառույցների միջոցով որակյալ հաշվապահական հաշվառման, ներդրումային և զարգացման ծրագրերի մշակման և այլ ուղղություններով ծառայությունների մատուցման ճանապարհով:

Պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդման շրջանակներում նախատեսվում է ձևավորել մի հարթակ, որտեղ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի ՓՄՁ-ի սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և առանձին գործարար խմբերի հետ: Համագործակցության շրջանակներում կքննարկվեն առանձին ոլորտներում առկա խնդիրները, ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենսդրության և վարչարարության բնագավառներում գոյություն ունեցող հիմնահարցերը, կձևավորվեն խնդիրների լուծման և պետական աջակցության նոր գործիքների վերաբերյալ առաջարկություններ: Քննարկումների արդյունքները կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և շահագրգիռ ճյուղային նախարարություններին: Նշված հարթակը Հայաստանի Հանրապետության կառավարության համար միաժամանակ կծառայի նաև որպես հետադարձ կապի միջոց, որի միջոցով հնարավոր կլինի գործարար համայնքի հետ նախապես քննարկել ՓՄՁ-ի սուբյեկտների զարգացմանն ու նրանց գործունեության կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնությունները և իրավական ակտերի նախագծերը: Այս հարթակը համադրելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում առկա մասնագիտական կարողությունների և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործարարների հետ հաստատված երկարամյա համագործակցության հետ՝ կձևավորվի մի միջավայր, որը կնպաստի Հայաստանում պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետությանը և գործարար միջավայրի բարելավմանը:

ՓՄՁ-ի սուբյեկտների շահերի պաշտպանության ուղղությամբ հասցեական աջակցություն կցուցաբերվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ օրենսդրական և պետական վարչարարության շրջանակներում վերջիններիս շահերի պաշտպանության ուղղությամբ: Այս նպատակով համապատասխան պետական մարմինների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում համատեղ կմշակվեն համագործակցության և տեղեկատվության փոխանակման աշխատակարգեր:

ՓՄՁ-ի վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրությունների իրականացման շրջանակներում մի շարք պետական մարմիններից կհայցվի ՓՄՁ-ի մասին համապատասխան տեղեկատվություն՝ հետագա վերլուծությունների իրականացման նպատակով: Ուսումնասիրությունների շրջանակներում կբացահայտվեն և կվերլուծվեն ՓՄՁ-ն բնութագրող հիմնական ցուցանիշները: Նշված ուսումնասիրությունները կարող են որպես տեղեկատվության աղբյուր ծառայել ՓՄՁ-ի հետագա զարգացման քաղաքականության և ռազմավարության մշակման ու հիմնավորման համար:

Տվյալ բաղադրիչի շրջանակներում համագործակցություն կհաստատվի միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ` Հայաստանում ՓՄՁ-ի մասին վիճակագրական տվյալների հասանելիության, ինչպես նաև ՓՄՁ-ն բնութագրող մի շարք ինդեքսային ցուցանիշների ձևավորման ուղղություններով միջազգային լավագույն փորձի տեղայնացման նպատակով:

ՓՄՁ-ն կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների ազդեցության գնահատման գործընթացներում մասնակցության համատեքստում նախատեսվում է ուժեղացնել օրենսդրական նախաձեռնությունների ազդեցության գնահատման գործընթացներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դերակատարության կարողությունները: Այս նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կօգտագործվեն ՓՄՁ-ի սուբյեկտների հետ անհատական և խմբային քննարկումների արդյունքները, ՓՄՁ-ի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունները, կներդրվեն ազդեցության գնահատման միջազգային պրակտիկայում կիրառվող մի շարք գործիքներ:

2015 թվականին կշարունակի գործել և կընդլայնվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջը, որը պարբերաբար կհամալրվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության մասին և գործարարների համար օգտակար տեղեկատվությամբ: Մասնավորապես, նախատեսվում է տեղեկատվական ու վերլուծական նյութերի (մասնագիտական և տեղեկատվական բնույթի գործարար ուղեցույցների, բրոշյուրների, տեղեկագրերի) հրատարակում, որոնք անվճար կտրամադրվեն ՓՄՁ-ի սուբյեկտներին և գործարարությանն աջակցող կազմակերպություններին, ինչպես նաև դրանք կտեղադրվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:

Դրա հետ մեկտեղ զանգվածային լրատվության միջոցներով (ԶԼՄ-ներ) (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԶԼՄ-ներով) գործարար համայնքին կներկայացվի համապատասխան տեղեկատվություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների (ծրագրերի) մասին, ինչպես նաև կներկայացվի առանձին ՓՄՁ-ի սուբյեկտների հաջողված փորձը: Միաժամանակ կվերահեռարձակվի «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդաշարը:

2015 թվականին անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն նաև Հաշվապահական կենտրոնի գործունեության կազմակերպման համար, ինչը ՓՄՁ-ի սուբյեկտներին հնարավորություն կտա օգտվելու հաշվապահական հաշվառման վարման և հարկային հաշվետվությունների պատրաստման մատչելի ծառայություններից: Դրա հետ մեկտեղ Հաշվապահական կենտրոնի կողմից կկազմակերպվեն խորհրդատվական և ուսուցողական բնույթի սեմինարներ՝ ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատողների մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 4500-5000 ՓՄՁ-ի սուբյեկտի` ապահովելով 8000-10000 անգամ աջակցություն:

4. ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն

ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության զարգացման համար կարևոր խնդիր է ֆինանսական (վարկային) ռեսուրսների հասանելիությունը: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում 2015 թվականին կշարունակվեն ֆինանսական և ներդրումային աջակցության մեխանիզմների (գործիքների) կիրառումը և դրանց ընդլայնումը: Դրա հետ մեկտեղ ծրագրի շրջանակներում կհաստատվի համագործակցություն մի շարք նոր ֆինանսական կազմակերպությունների հետ:

Ծրագրային այս միջոցառումը (ուղղությունը) ներառում է հետևյալ ֆինանսական մեխանիզմները (գործիքները)`

1) ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում).

2) սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում).

3) գործարար նախաձեռնություններին աջակցություն.

4) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում:

Անհրաժեշտության դեպքում՝ կդիտարկվեն (կքննարկվեն ու կմշակվեն) նաև այլ ֆինանսական մեխանիզմներ (գործիքներ), որոնց ընդունման և փորձնական գործարկման պայմաններում դրական արդյունքների ապահովումը հիմք կհանդիսանա դրանց հետագա ներդրման համար:

1) ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում)

ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման և այդ ուղղությամբ նրանց համար ֆինանսական (վարկային) ռեսուրսների մատչելիության ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում, որպես ֆինանսական աջակցության գործիք, 2015 թվականին կշարունակվի ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրումը, որը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Այն նպատակաուղղված է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով գրավադրման խնդրի հաղթահարմանը, Հայաստանի Հանրապետության մարզերում, հատկապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում ՓՄՁ-ի սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը:

Այստեղ նախապատվությունը տրվում է գրավի անբավարարության կամ ցածր իրացվելիության պատճառով չվարկավորված արտադրության կամ ծառայությունների ոլորտում գործող, ինչպես նաև տնտեսական ցածր ակտիվությամբ առանձնացող բնակավայրերում և շրջաններում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին կամ ներմուծումը փոխարինող, արտահանող, արտահանման ներուժ ունեցող, նորարարություններ ներդնող, ժամանակակից ու մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

2015 թվականին նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի իրականացման ֆինանսական (վարկային) ռեսուրսների ծավալի ավելացում՝ Ասիական զարգացման բանկից ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին:

ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման առավելագույն ժամկետը 5 տարի է: ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրվող վարկային երաշխավորության գումարը չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70 տոկոսը և 15,000.0 հազ. դրամը: Սույն ծրագրի շրջանակներում վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով:

Առանձին դեպքերում ՓՄՁ-ի սուբյեկտներին կարող են տրամադրվել 15,000.0 հազ. դրամը գերազանցող վարկային երաշխավորություններ` 5 տարվանից ավելի ժամկետով, որոնց տրամադրման մեխանիզմները յուրաքանչյուր դեպքի համար կսահմանվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

2) սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն (վարկային երաշխավորությունների տրամադրում)

Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության շրջանակներում կցուցաբերվի աջակցություն՝ սկսնակ գործարարների ֆինանսավորման (վարկավորման) հնարավորություններն ընդլայնելու և ֆինանսավորման (վարկավորման) պայմանները բարելավելու համար:

Ֆինանսական աջակցություն (վարկավորում) կցուցաբերվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող՝ «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակներում իրականացված ուսուցման դասընթացների արդյունքում իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակ գործարարներին:

Սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 5,000.0 հազ. դրամ, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, մինչև 5 տարի մարման ժամկետով: Կախված իրականացվող ծրագրերի բնույթից` ֆինանսավորումը (վարկավորումը) կիրականացվի փուլային սկզբունքով` ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունը և վերահսկելիության արդյունավետության բարձրացումը: Ընդ որում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից վարկային երաշխավորությունները շահառուներին (սկսնակ գործարարներին) կտրամադրվեն վարկային պարտավորության 100 տոկոսի չափով:

3) Գործարար նախաձեռնություններին աջակցություն

2015 թվականից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կսկսվի իրականացվել ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցության (վարկավորման) նոր` «Գործարար նախաձեռնություններին աջակցություն» փորձնական ծրագիրը: Այս ծրագրի նպատակներն են նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծումը, ներքին և արտաքին ներդրումների խթանումը, Հայաստանի տնտեսական զարգացման նպատակով սփյուռքի ներուժի ներգրավումը, Հայաստանում նորարարական գործարար գաղափարների ներդրումը և արտահանման ներուժ ունեցող, ներմուծմանը փոխարինող ՓՄՁ-ի սուբյեկտների ստեղծումն ու զարգացումը և ներգաղթի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Ծրագրի նպատակային խմբերն են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրության և ծառայությունների ոլորտներում մինչև 3 տարի գործող ՓՄՁ-ի սուբյեկտները, օտարերկրյա պետություններում բնակվող հայազգի ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են գործարարությամբ զբաղվել Հայաստանում:

Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից շահառուներին կտրամադրվեն վարկային երաշխավորություններ՝ վարկային պարտավորության մինչև 100 տոկոսի չափով, սակայն շահառուից նախապես կպահանջվի իրականացնել դրամական ներդրումներ:

«Գործարար նախաձեռնություններին աջակցություն» փորձնական ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող գործարար ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու և ձախողման ռիսկերը նվազեցնելու նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից շահառուներին համալիր կիրառական աջակցություն կցուցաբերվի ֆինանսական աջակցության ամբողջ գործիքակազմի միջոցով, որտեղ հատկապես կարևորվում է գործարար խորհրդատվության և հաշվապահական հաշվառման ծառայությունների համաֆինանսավորումը:

3) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում

 2015 թվականին ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորման և սեփական կապիտալի ֆինանսավորման ծրագրեր կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության շրջանակներում:

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է 2015 թվականին ակտիվ շարունակել ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսավորման` ուղղակի վարկավորման և սեփական կապիտալի ֆինանսավորման գործընթացը:

Միաժամանակ, բացի ուղղակի վարկավորումից և սեփական կապիտալի ֆինանսավորումից, 2015 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը կշարունակի ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցել ֆինանսական ծառայության նոր տեսակ` առևտրային երաշխիքների տրամադրում: Մասնավորապես, կտրամադրվեն մրցույթներին մասնակցության, կանխավճարների ապահովման, պայմանագրերի կատարման, հետավարտման (որակի) և արտահանման երաշխիքներ, որոնք կնպաստեն ինչպես տեղական շուկայում գործունեություն իրականացնող, այնպես էլ՝ արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների գործունեության զարգացմանը:

Այս ֆինանսական գործիքի կիրառմամբ կարևոր նշանակություն կտրվի ՓՄՁ-ի սուբյեկտների՝ սեփական կապիտալում մասնակցություն ձեռք բերելուն: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կբացահայտվեն ՓՄՁ-ի սուբյեկտներ (հիմնականում Հայաստանի Հանրապետության մարզերում), որոնք հետաքրքրված կլինեն այս ֆինանսական գործիքի կիրառմամբ, և որոնց զարգացումը հնարավոր կլինի ապահովել այս ֆինանսական գործիքի ներդրմամբ: Այդ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցություն կտրամադրվի գործարար առաջարկների ձևավորման գործում: Հետագայում գործարար առաջարկները կներկայացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն՝ այդ գործարար առաջարկների կենսունակությունը գնահատելու և դրական գնահատված գործարար առաջարկներ ներկայացրած ՓՄՁ-ի սուբյեկտների՝ սեփական կապիտալում մասնակցություն ձեռք բերելու նպատակով:

 Ընդլայնելով աջակցության ֆինանսական գործիքների շարքը` 2015 թվականին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը կշարունակի գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններին ցուցաբերել ֆինանսական աջակցություն` ֆինանսական վարձակալության (լիզինգի) սկզբունքով:

Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականին գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների տրամադրման) և գործարար նախաձեռնություններին աջակցության շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 150-200 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի:

5. Տեղական տնտեսական զարգացում

«Տեղական տնտեսական զարգացում» ծրագրային միջոցառման (ուղղության) նպատակն է Հայաստանի Հանրապետության համայնքների համաչափ զարգացման խնդիրների լուծման նպատակով մասնակցային պլանավորման և արդյունքների մասնակցային գնահատման մեթոդների վրա հիմնված տարածաշրջանային և համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ արտադրության խթանումը, տեղական ապրանքանիշերի ձևավորումը և հետագա առաջմղումը` նորարարական մոտեցումների կիրառմամբ: Դրա հետ մեկտեղ տեղական տնտեսական զարգացումը միտված է բացահայտելու Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական ներուժը և դրա հիման վրա ձեռնարկելու Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման նախաձեռնություններ‚ որոնք կբարձրացնեն Հայաստանի Հանրապետության համայնքների մրցունակությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի արդյունավետությունը:

2015 թվականին նախատեսվում է շարունակել աշխատանքները տեղական տնտեսական զարգացման միջազգային լավագույն փորձի տեղայնացման ու ներդրման ուղղությամբ (այդ թվում՝ ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգը): Վերջինիս շրջանակներում կշարունակվի 2012 թվականին մեկնարկած Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ծրագիրը՝ ուղղված տեղական արտադրանքի խթանմանը և ապրանքանիշերի ձևավորմանը:

Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականին կիրականացվի տեղական տնտեսական զարգացման 10 ծրագիր՝ ներառելով 30-40 համայնքներ, կբացահայտվեն առնվազն 150 տնտեսական նախաձեռնություններ:

6. Ոլորտային բիզնեսներին աջակցություն

Ոլորտային բիզնեսներին աջակցության նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության` հատկապես արտահանման ներուժ ունեցող մրցունակ ոլորտների զարգացումը և ներմուծմանը փոխարինող տեղական արտադրությունների ձևավորման խթանումը՝ օրինակելի գործարար մոդելների ներդրման միջոցով:

Ոլորտային բիզնեսներին աջակցության շրջանակներում կստեղծվեն և կգործարկվեն նոր օրինակելի գործարար մոդելներ, ինչպես նաև օժանդակություն կցուցաբերվի արդեն իսկ ստեղծված ոլորտային բիզնեսներին: Մասնավորապես, կշարունակվի աջակցություն ցուցաբերվել չրագործությամբ, ջերմոցային ու սառնարանային տնտեսություններով ու պանրի արտադրությամբ զբաղվող բիզնեսներին, ինչպես նաև կմեկնարկեն այլ մրցունակ ենթաճյուղերի աջակցության աշխատանքները:

Ոլորտային բիզնեսներին աջակցության շրջանակներում կիրականացվեն օրինակելի գործարար մոդելների ստեղծում և ներդրում, տեխնոլոգիական ձեռնարկ-ուղեցույցի հրատարակում, տեխնոլոգիական դրամաշնորհի տրամադրում, ուղեկցում, մոնիթորինգ և գնահատում:

Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականին կմշակվեն մինչև 3 ոլորտի վերաբերյալ օրինակելի գործարար մոդելներ, համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն 10-20 տեխնոլոգիական դրամաշնորհներ` ժամանակակից սարքավորումների (միջոցների) տեսքով, ինչպես նաև կցուցաբերվի շարունակական աջակցություն գործող բիզնեսներին:

7. Կանանց ձեռներեցությանն աջակցություն

 Կանանց ձեռներեցությանն աջակցության համատեքստում Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի նպատակն է բարելավել կանանց ձեռնարկատիրական կարողությունները և բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կին գործարարների համար:

«Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի մարտի 1-ից և շարունակվելու է մինչև 2015 թվականի դեկտեմբերը: Սույն ծրագիրն իրականացնող կազմակերպությունը գերմանական «Փեմ Քընսալթ» ընկերությունն է:

«Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի շրջանակներում 2015 թվականին կշարունակվեն իրականացվել հետևյալ հիմնական գործողությունները`

1) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կարողությունների, Հայ-գերմանական հիմնադրամի ծրագրերի կառավարման վարչության, ինչպես նաև մասնակից ֆինանսական կառույցների կարողությունների հզորացում` կանանց ձեռներեցության զարգացման գործում.

2) կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացում, մասնավորապես, դասընթացների կազմակերպում և խորհրդատվության մատուցում սկսնակ կին գործարարներին, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի առկա ֆինանսական աջակցության մեխանիզմներով (գործիքներով).

3) կին գործարարների և նրանց գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացում և կարողությունների զարգացում:

Սույն ծրագրի շրջանակներում 2015 թվականի ընթացքում կշարունակվեն իրականացվել հետևյալ միջոցառումները`

1) սկսնակ գործարարների աջակցության ծրագրերի կազմակերպում կին գործարարների համար.

2) դասընթացների (սեմինարների) կազմակերպում կին գործարարների համար.

3) տեղեկատվական (խորհրդատվական) բնույթի հանդիպումների կազմակերպում կին գործարարների համար.

4) միջոցառումներ՝ կանանց ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում.

5) «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության կազմակերպում:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողականության խրախուսման, Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների՝ ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով 2015 թվականին կշարունակվի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը:

8. Տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում

Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման կարևոր խնդիրներից է ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տեղական ՓՄՁ-ի սուբյեկտների համար՝ արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացում: Աջակցության տվյալ ուղղության շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կօգտագործվեն Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի (այսուհետ` ՁԵՑ) գործարար համագործակցության կենտրոնի հնարավորությունները, ինչպես նաև կուժեղացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների կարողությունները` ՓՄՁ-ի սուբյեկտներին՝ համապատասխան հարցերին վերաբերող գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերման ուղղությամբ:

ՁԵՑ-ի գործունեության նպատակն է աջակցել ՁԵՑ-ի անդամ երկրներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին` վերջիններիս նորարարական ներուժը զարգացնելու և Եվրամիության շրջանակներում գործարարության խթանման համար իրականացվող գործընթացներին մասնակից դառնալու նպատակով:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2008 թվականից ի վեր, հանդիսանալով ՁԵՑ-ի հյուրընկալող կառույց, ներկայումս գործում է որպես Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոն:

Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի գործունեությունն ուղղված է հայ գործարարների գործունեության միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:

Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի կողմից 2015 թվականին նախատեսվում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք կուղղվեն ՁԵՑ-ի գործունեության լուսաբանմանն ու հնարավոր շահառուների շրջանում տեղեկատվության տարածմանը, եվրոպական շուկաներ մուտք գործելու օրենսդրական ընթացակարգերի և ստանդարտների պարզաբանմանը, Հայաստանի ՓՄՁ-ի սուբյեկտների համար ՁԵՑ-ի անդամ երկրների շրջանում գործընկերների որոնմանը և գործարար կապերի հաստատմանը, գործարար տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանցմանը, նորարարությունների խթանմանը և այլն:

Բացի դրանից, ՓՄՁ-ի սուբյեկտների և այլ շահագրգիռ կազմակերպությունների շրջանում ամսական կտրվածքով կտարածվի Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի էլեկտրոնային տեղեկաթերթը, որտեղ գործարարները կարող են ստանալ գործարար տեղեկատվություն, մասնավորապես, տեղեկանալ Հայաստանում գործընկերների որոնման առաջարկներին, ինչպես նաև՝ ՁԵՑ-ի անդամ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին: Նշված գործարար տեղեկատվությունը կտեղադրվի նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ինտերնետային էջում:

2015 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության ընդլայնման նպատակով աշխատանքներ կիրականացվեն տեղական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ՝ համագործակցության հաստատման նպատակով:

Այս համատեքստում նպատակ ունենալով խթանելու ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացումը` ՁԵՑ-ի գործընկեր տեղական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում կապահովվի ՓՄՁ-ի սուբյեկտների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և գործարար համագործակցության հաստատման այլ միջոցառումներին:

Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականին Հայաստանում ՁԵՑ-ի գործարար համագործակցության կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող հայ գործարարների կողմից ներկայացվող 50-60 նոր գործարար համագործակցության վերաբերյալ առաջարկներով, ինչպես նաև գործունեության միջազգայնացման նպատակով աջակցություն կցուցաբերվի շուրջ 200 հայ գործարարների:

9. Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում

Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) իրականացման արդյունավետության բարձրացման ու ընդլայնման և այդ համատեքստում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակով՝ ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ՝ նոր ծրագրերի մշակման ու իրականացման, նաև միջազգային լավագույն փորձի փոխանցման նպատակով աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր իրականացնող միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկների մշակման ու իրականացման ուղղությամբ: Մասնավորապես`

2015 թվականին կշարունակվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համագործակցությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ՝ «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ՝ «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի, Ասիական զարգացման բանկի հետ՝ «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագրի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ «Փոքր և միջին ձեռնարկություններում բնապահպանական գործունեության խրախուսում» ծրագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հետ` «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության հետ` «Շահութաբեր և ռեսուրսաարդյունավետ կառավարման համակարգ» նախաձեռնության շրջանակներում, Գերմանական տնտեսական միավորման, ինչպես նաև այլ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ:

Աշխատանքներ կիրականացվեն նաև Եվրամիության կողմից իրականացվող «Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակություն» ծրագրին Հայաստանի անդամակցության համար:

Միաժամանակ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համագործակցությամբ նախատեսվում է ձևավորել համակարգող մարմին, որի գործունեությունը միտված կլինի Հայաստանում գործարարության զարգացմանն ուղղված միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի ու առանձին նախաձեռնությունների միասնական համակարգմանը, ինչի արդյունքում նախատեսվում է բարձրացնել վերջիններիս արդյունավետությունը, ապահովել դրանց միջև փոխկապակցվածությունը և բացառել կրկնությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների` ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին տողով: Այն կարող է իրականացվել (համալրվել) նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից հատկացնել 152,300.0 հազ. դրամ, որի հաշվին կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությունը` լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ:

Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) ֆինանսական ապահովումը կիրականացվի հետևյալ ֆինանսական միջոցների հաշվին`

1) «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» ծրագրային միջոցառումը (ուղղությունը) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին.

2) սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների) տրամադրումը և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական ու ներդրումային աջակցության (վարկային երաշխավորությունների) տրամադրումը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված դրամագլխի միջոցների (1,787,082.7 հազ. դրամ) հաշվին, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվող ֆինանսական միջոցների (900,000.0 հազ. դրամ) ներգրավման հաշվին, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին (այդ թվում` սկսնակ կին գործարարներին) վարկային երաշխավորություններ տրամադրելուն.

3) ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորումը և սեփական կապիտալի ֆինանսավորումը կիրականացվեն «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների (10,288,100.0 հազ. դրամ) հաշվին.

4) հաշվապահական կենտրոնի գործունեությունը կապահովվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին, ինչպես նաև նախատեսվում է շարունակել Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 հասցեում տեղակայված տարածքի օգտագործումը.

5) մնացած ծրագրային միջոցառումները (ուղղությունները) նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում ներգրավված միջոցների, ինչպես նաև «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված շահաբաժնի հաշվին.

6) նշված ծրագրային միջոցառումների (ուղղությունների) իրականացման նպատակով կարող են լրացուցիչ ներգրավվել նաև միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները, այդ թվում` համաֆինանսավորման սկզբունքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 5-ի N 217-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1

2

3

4

1.

ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում

2015 թվականին կիրականացվեն աշխատանքներ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման և որակավորման բարձրացման, ինչպես նաև աջակցության ծրագրերում գործընկեր կազմակերպությունների ներգրավման համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

2.

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում)

2015 թվականին սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործարար ուսուցողական դասընթացներին կմասնակցեն 200-250 սկսնակ գործարարներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

3.

ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն

2015 թվականին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի 4500-5000 ՓՄՁ-ի սուբյեկտի` ապահովելով 8000-10000 անգամ աջակցություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

4.

ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն

2015 թվականին գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին և սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների տրամադրման) և գործարար նախաձեռնություններին աջակցության շրջանակներում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 150-200 գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

«ՓՄՁ ներդրումեր» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

5.

Տեղական տնտեսական զարգացում

2015 թվականին կիրականացվի տեղական տնտեսական զարգացման 10 ծրագիր՝ ներգրավելով 30-40 համայնքներ, կյանքի կոչելով առնվազն 150 տնտեսական նախաձեռնություններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

6.

Ոլորտային բիզնեսներին աջակցություն

2015 թվականին կմշակվեն մինչև 3 ոլորտի վերաբերյալ օրինակելի գործարար մոդելներ, համաֆինանսավորման սկզբունքով կտրամադրվեն 10-20 տեխնոլոգիական դրամաշնորհներ` ժամանակակից սարքավորումների (միջոցների) տեսքով, ինչպես նաև շարունակական աջակցություն կցուցաբերվի գործող բիզնեսներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

7.

Կանանց ձեռներեցությանն աջակցություն

2015 թվականին կին գործարարների համար կկազմակերպվեն սկսնակ կին գործարարներին աջակցության ծրագրեր, գործնական դասընթացներ (սեմինարներ), տեղեկատվական (խորհրդատվական) բնույթի հանդիպումներ, «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխություն, ինչպես նաև կիրականացվեն միջոցառումներ՝ կանանց ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության շրջանակներում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

8.

Տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն և ՓՄՁ-ի սուբյեկտների միջազգային համագործակցության ընդլայնման ապահովում

2015 թվականին Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործարար համագործակցության կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում ՁԵՑ-ի գործարար համագործակցության հիմնապաշարը կհամալրվի միջազգային համագործակցության ներուժ ունեցող հայ գործարարների կողմից ներկայացվող 50-60 նոր՝ գործարար համագործակցության վերաբերյալ առաջարկներով, ինչպես նաև գործունեության միջազգայնացման համար աջակցություն կցուցաբերվի շուրջ 200 հայ գործարարների:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

9.

Միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի մշակում և իրականացում

2015 թվականին ծրագրային միջոցառումների (ուղղությունների) իրականացման արդյունավետության բարձրացման ու ընդլայնման և այդ համատեքստում լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակով՝ ինչպես ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ՝ նոր ծրագրերի մշակման ու իրականացման, նաև միջազգային լավագույն փորձի փոխանցման նպատակով աշխատանքներ կիրականացվեն Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր իրականացնող միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նոր ծրագրային առաջարկների մշակման և իրականացման ուղղությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ շահագրգիռ կառույցներ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան