Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.34
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.04.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/2085/05/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ  
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2085/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/2085/05/12

2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

Դատավորներ`

Ա. Աբովյան

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լյուբով Փիլոյանի ընդդեմ Քաղաքապետարանի, Ընկերության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի հիման վրա Լյուբով Փիլոյանին հատկացման ենթակա 332,6քմ մակերեսով հողամասի մասով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը, դրա հիման վրա Քաղաքապետարանի և Ընկերության միջև 27.05.2008 թվականին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Ընկերության անվամբ 01.07.2008 թվականին կատարված պետական գրանցումը մասնակիորեն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լյուբով Փիլոյանը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի հիման վրա իրեն հատկացման ենթակա 332,6քմ մակերեսով հողամասի մասով, առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը, դրա հիման վրա Քաղաքապետարանի և Ընկերության միջև 27.05.2008 թվականին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Ընկերության անվամբ 01.07.2008 թվականին կատարված պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ․ Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2014 թվականի որոշմամբ Լյուբով Փիլոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 02.08.2013 թվականի վճիռը մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի հիման վրա Լյուբով Փիլոյանին հատկացման ենթակա 332,6քմ մակերեսով հողամասի մասով Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը, դրա հիման վրա Քաղաքապետարանի և Ընկերության միջև 27.05.2008 թվականին կնքված պայմանագիրը և Ընկերության անվամբ 01.07.2008 թվականին կատարված պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով, բեկանվել է և փոփոխվել` այդ մասով հայցը բավարարվել է, իսկ մնացած մասով Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունը և Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Լյուբով Փիլոյանը:

 

2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը և 30-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել սույն գործի փաստերին, ճիշտ չի մեկնաբանել համապատասխան իրավական ակտերի նորմերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով իրավական վեճի հիմքում ընկած միակ խնդիրը Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշման իրավաչափության հարցի պարզումն է, այսինքն` Վերաքննիչ դատարանը պետք է պատասխաներ այն հարցին, թե արդյո՞ք նշված վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Փոխարենը Վերաքննիչ դատարանը, դուրս գալով սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակներից, Քաղաքապետի թիվ 357-Ա որոշման իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է այդ վարչական ակտի իրավաչափության հարցին` անհիմն կերպով բացառելով դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ այդ վարչական ակտը որևէ ձևով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել և չի վիճարկվում սույն գործի շրջանակներում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի գնահատել Քաղաքապետի թիվ 623-Ա որոշումը, որի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ընդունել այդ վարչական ակտի իրավաչափ լինելու փաստը, ինչը չի արել:

Վերաքննիչ դատարանը սխալմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճիռը չի կատարվել, և այն պարտադիր ենթակա է կատարման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարևոր հանգամանքը, որ Լյուբով Փիլոյանի կառուցապատման իրավունքը ծագել է ոչ թե ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի, այլ Քաղաքապետի թիվ 2594-Ա որոշման հիման վրա, որը հետագայում թիվ 357-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճիռն ընդամենը նախատեսել է Լյուբով Փիլոյանի համար արդեն իսկ ծագած կառուցապատման իրավունքի իրացման եղանակներ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով վեճը վերաբերում է ոչ թե Լյուբով Փիլոյանի և Քաղաքապետարանի միջև որևէ ժամանակահատվածում իրավահարաբերության ճանաչմանը, այլ Քաղաքապետի կողմից 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումից բխող` Ընկերությանը տրամադրված իրավունքների իրավաչափության հարցին:

Ավելին, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճիռը կատարված լինելու հանգամանքը հաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 21.04.2006 թվականի թիվ 3-851(ՎԴ) որոշմամբ:

Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, որով խախտվել են նաև Լյուբով Փիլոյանի իրավունքները կամ օրինական շահերը, սակայն չի պատճառաբանել, թե կոնկրետ որ փաստական և իրավական հիմքերից ելնելով է նման հետևության հանգել: Բացի այդ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունն իրավունք ունի վստահելու վիճարկվող վարչական ակտի գոյությանը, որպիսի պայմաններում սխալ հետևություններ կատարելու արդյունքում մրցակցության մեջ է դրել սեփականության բացարձակ իրավունքը կառուցապատման ենթադրյալ իրավունքի հետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հայցը բավարարելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.08.2013 թվականի վճռին:

 

2.2. Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 27-րդ և 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմք կարող է հանդիսանալ միայն այն օրենքի սխալ կիրառումը, որի հիման վրա կայացվել է այդ վարչական ակտը, և իր որոշմամբ չի մատնանշել, թե հատկապես որ օրենքն է սխալ կիրառվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, օբյեկտիվորեն գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշմամբ Լյուբով Փիլոյանի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել, քանի որ այդ վարչական ակտի կայացման օրվա դրությամբ Լյուբով Փիլոյանի կառուցապատման իրավունքն արդեն իսկ դադարած է եղել Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշման ուժով: Եթե նույնիսկ այդ վարչական ակտով Ընկերությանը տրամադրված հողամասի նկատմամբ Լյուբով Փիլոյանը երբևէ ունեցել է որևէ իրավունք, ապա այն դադարել է Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշմամբ, իսկ Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշումը որևէ կերպ անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել և չի վիճարկվում սույն վարչական գործի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը հատկացվել է Լյուբով Փիլոյանին ոչ թե ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռով, այլ Քաղաքապետի որոշմամբ, այսինքն` այդ վճռով հաստատված հաշտության համաձայնության հիմքում ընկած է եղել Քաղաքապետի որոշումը: Հետագայում Քաղաքապետը դադարեցրել է Լյուբով Փիլոյանի կառուցապատման իրավունքը և այն փոխարինել դրամական փոխհատուցմամբ:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը որևէ իրավական գնահատական չի տվել Դատարանի այն իրավաչափ եզրահանգմանը, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Լյուբով Փիլոյանի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվել: Վիճարկվող վարչական ակտով պետությունը` որպես սեփականատեր, օրենքի սահմաններում իրականացրել է իրեն պատկանող գույքի օտարում:

Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.09.2006 թվականի վճռին, որով պարտադրվել է Լյուբով Փիլոյանին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հետ կնքել փոխհատուցման պայմանագիր և նրան վտարել Երևան քաղաքի Արամի թիվ 38 հասցեում տրամադրված տարածքից:

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Արամի թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Լյուբով Փիլոյանի սեփականության իրավունքը դադարել է, ինչը հաստատվում է օրինական ուժի մեջ մտած Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2007 թվականի վճռով:
 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.08.2013 թվականի վճռին:

 

2.3. Վճռաբեկ բողոքների պատասխանների փաստարկները

Ընկերության և Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքներն անհիմն են և ենթակա են մերժման:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտը պատճառաբանված չլինելու, ինչպես նաև վիճարկվող վարչական ակտերով Լյուբով Փիլոյանի իրավունքները խախտված չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքների փաստարկներն իրավաչափ չեն: Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ «լեգիտիմ ակնկալիք» եզրույթի գործածմամբ մատնանշել է Լյուբով Փիլոյանի` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի ուժով իրեն հատկացման ենթակա 332,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ «օրինական սպասելիք», այսինքն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունք ունենալու փաստը:

Ընկերությունը և Քաղաքապետարանը, իրենց վճռաբեկ բողոքներում Քաղաքապետի ընդունած վարչական ակտերը հակադրելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտին, նախապատվությունը տվել են այդ վարչական ակտերին` վտանգելով արդարադատության պատշաճ իրականացումը:

Սույն գործում առկա է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` վճռում թույլ տրված գրավրիպակը շտկելու մասին որոշումը, որի համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի` հաշտության համաձայնությունը հաստատելու մասում «որոշումներից» բառի փոխարեն պետք է կարդալ «որոշումից» բառը: Դրանով իսկ հստակ սահմանվել է, որ կողմերի հետագա փոխհարաբերությունները կարող են վերաբերել միայն Քաղաքապետի այն որոշմանը և դրա հիման վրա կնքված այն պայմանագրին, որը դրվել է հաշտության համաձայնության հիմքում: Հետևաբար Քաղաքապետի 13.03.2006 թվականի թիվ 357-Ա և 26.04.2006 թվականի թիվ 623-Ա որոշումները չեն կարող իրավաչափ համարվել:

ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշման ուժով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ն իր գործողություններով անմիջականորեն իրավունքներ և պարտականություններ է ստեղծել Քաղաքապետի համար: Հետևաբար Վերաքննիչ դատարանը ոչ թե նույնացրել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին Քաղաքապետարանի հետ, այլ ընդամենը փաստել է վերջինիս անունից «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործելու փաստը:

ՀՀ վճռաբեկ դատարանի 21.04.2006 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքը` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի կատարված լինելու վերաբերյալ, չի կարող սույն գործով նախադատելի համարվել: Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռներով հաստատվել է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճիռը մինչև օրս չի կատարվել:

Լյուբով Փիլոյանը չի ժխտել, որ վիճելի հողամասը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, հակառակ դեպքում կբացառվեին բոլոր գործընթացները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կնքելուն:

Ընկերության և Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքների այն փաստարկները, որոնք վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի միջև հակասությունների առկայությանը և Լյուբով Փիլոյանի կողմից փոխհատուցում ստացած լինելու հանգամանքին, անհիմն են:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքապետի 25.11.2005 թվականի թիվ 2594-Ա որոշմամբ Լյուբով Փիլոյանին Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 38 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրվել է 332,6քմ մակերեսով հողամաս` որպես վերջինիս սեփականությունը հանդիսացող, նույն հասցեում գտնվող, Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի կառուցման նպատակով պետության կարիքների համար վերցված անշարժ գույքի դիմաց տրվող փոխհատուցում (հատոր 3-րդ, գ.թ. 73):

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի թիվ 05-3374 վճռով հաստատվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Լյուբով Փիլոյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն` «(...) Մենք հայցվոր` «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, հայտնում ենք, որ Լյուբով Փիլոյանին` համաձայն Քաղաքապետի որոշման, Հյուսիսային պողոտայի իրացման գոտում տրամադրվել է կառուցապատման իրավունք։ Հետագայում մեր և Լյուբով Փիլոյանի միջև իրավահարաբերությունները կկարգավորվեն քաղաքապետի որոշումից բխող կնքվելիք պայմանագրի դրույթներից։ Ես` պատասխանող Լյուբով Փիլոյանս, ընդունում եմ, որ Քաղաքապետի կողմից կայացվել է ինձ կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու որոշումը և համաձայն եմ, որ իմ և «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջև հետագա իրավահարաբերությունները կարգավորվեն Քաղաքապետի որոշման դրույթներով (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 74-77, գթ. 51):

3) Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել Քաղաքապետի 25.11.2005 թվականի թիվ 2594-Ա որոշումը, իսկ Քաղաքապետի և Լյուբով Փիլոյանի միջև կնքված «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նպատակով Հյուսիսային պողոտային հարակից օտարման գոտում հողամասի վարձակալության մասին» պայմանագիրը համարվել է վաղաժամկետ լուծված, որոշվել է համարժեք գնային առաջարկ ներկայացնել Լյուբով Փիլոյանին և դիմել ՀՀ վճռաբեկ դատարան` նոր երևան եկած հանգամանքի հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի թիվ 05-3374 վճիռը վերանայելու և բեկանելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 106):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի 21.04.2006 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց բավարարման (հատոր 1-ին, գ.թ. 15-17):

5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.09.2006 թվականի վճռով վճռվել է Լյուբով Փիլոյանին` որպես Երևան քաղաքի Արամի թիվ 38 հասցեի 1/3 մասի սեփականատիրոջ, պարտադրել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հետ կնքել փոխհատուցման պայմանագիր 37.363.733 ՀՀ դրամով և նրան վտարել Երևան քաղաքի Արամի թիվ 38 հասցեում տրամադրված 332,6քմ մակերեսով տարածքից (հատոր 3-րդ, գ.թ. 52-61):

6) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.07.2007 թվականի թիվ 2-2950/2007թ. վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ քաղաքացիներ Լյուբով Փիլոյանի, Տիգրան Փիլոյանի, Լամարա Ղանդիլյանի և Վլադիմիր Փիլոյանի սեփականության իրավունքները Երևան քաղաքի Արամի թիվ 38 հասցեում գտնվող շինությունների և հողամասի նկատմամբ, դրանք պետության կարիքների համար վերցնելու կապակցությամբ, դադարել են, և սեփականության իրավունքով տիրապետվում են Հայաստանի Հանրապետության կողմից (հատոր 4-րդ, գ.թ. 73-76):

7) Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշմամբ որոշվել է Հյուսիսային պողոտայի թիվ 16/1 հասցեում գտնվող, Ընկերությանը պատկանող շինությամբ զբաղեցված 10.000քմ մակերեսով հողամասին կից` կառուցապատման ծրագիրը լիովին իրականացնելու համար, ընդլայնման նպատակով լրացուցիչ 780,46քմ մակերեսով հողամասն առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի միջոցով տարածագնահատման 1-ին գոտու կադաստրային արժեքով օտարել Ընկերությանը (հատոր 4-րդ, գ.թ. 9-10):

8) «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» 21.05.2008 թվականի թիվ Հ.58/2-ՊՓ պայմանագրի համաձայն` Հյուսիսային պողոտայի թիվ 16/1 հասցեին կից գտնվող 780,46քմ մակերեսով հողամասը 46.827.600 ՀՀ դրամով վաճառվել է Ընկերությանը (հատոր 4-րդ, գ.թ. 68-70):

9) Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 16/1 հասցեին կից գտնվող 780,46քմ մակերեսով հողամասը 01.07.2008 թվականից սեփականության իրավունքով գրանցված է Ընկերության անվամբ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01006-3-15 մատյանի 00221 համարի տակ (հատոր 4-րդ, գ.թ. 140):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաչափ է վարչական մարմնի իրավասության շրջանակներում ընդունված` պետական սեփականություն հանդիսացող հողամասի տնօրինմանն ուղղված վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի բավարարումն այն պայմաններում, երբ տվյալ հողամասի նկատմամբ հայցվորի ենթադրյալ գույքային իրավունքները դադարել են չվիճարկված և ոչ իրավաչափ չճանաչված մեկ այլ վարչական ակտով:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե'ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալու արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Փաստորեն, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ, որպես ընդհանուր կանոն, դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` ,շահագրգիռ անձե հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե'ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (տես, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Լյուբով Փիլոյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի հիման վրա իրեն հատկացման ենթակա 332,6քմ մակերեսով հողամասի մասով, անվավեր կամ առ ոչինչ ճանաչել Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը, ինչպես նաև դրա հիման վրա Քաղաքապետարանի և Ընկերության միջև 27.05.2008 թվականին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Ընկերության անվամբ 01.07.2008 թվականին կատարված պետական գրանցումը: Փաստորեն, սույն վարչական գործի շրջանակներում որպես հիմնական պահանջ` վիճարկվում է Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշման իրավաչափությունը, որով որոշվել է Հյուսիսային պողոտայի թիվ 16/1 հասցեում գտնվող, Ընկերությանը պատկանող շինությամբ զբաղեցված 10.000քմ մակերեսով հողամասին կից` կառուցապատման ծրագիրը լիովին իրականացնելու համար, ընդլայնման նպատակով լրացուցիչ 780,46քմ մակերեսով հողամասն առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի միջոցով տարածագնահատման 1-ին գոտու կադաստրային արժեքով օտարել Ընկերությանը, իսկ որպես ածանցյալ պահանջներ` այդ վարչական ակտի հիման վրա կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագրի և Ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը:

Սույն գործով Դատարանը Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը, ինչպես նաև դրա հիման վրա կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Ընկերության անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու Լյուբով Փիլոյանի պահանջը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշմամբ Լյուբով Փիլոյանի իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել: Մասնավորապես` Դատարանը գտել է, որ վիճելի հողամասի նկատմամբ Լյուբով Փիլոյանի կառուցապատման իրավունքը դադարել է Քաղաքապետի 16.03.2006 թվականի 357-Ա որոշմամբ, որը երբևէ չի վիճարկվել և ներկայումս էլ չի վիճարկվում, որևէ այլ կերպ ոչ իրավաչափ` անվավեր չի ճանաչվել: Հետևաբար սույն գործով վիճարկվող վարչական ակտով Լյուբով Փիլոյանի որևէ իրավունք չի խախտվել, քանի որ, եթե նույնիսկ Ընկերությանը տրամադրված հողամասի նկատմամբ Լյուբով Փիլոյանը երբևէ ունեցել է որևէ իրավունք, ապա այն դադարել է մինչև սույն գործով վիճարկվող թիվ 2249-Ա որոշման ընդունման պահը: Այլ կերպ ասած` սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին` 15.05.2008 թվականին, վիճելի հողամասի նկատմամբ Լյուբով Փիլոյանը որևէ իրավունք չի ունեցել, և վիճելի հողամասը սեփականության իրավունքով պատկանել է Հայաստանի Հանրապետությանը:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով, գտել է, որ Դատարանն անհիմն է մերժել Լյուբով Փիլոյանի հայցը` Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը, ինչպես նաև դրա հիման վրա Քաղաքապետարանի և Ընկերության միջև 27.05.2008 թվականին կնքված պայմանագիրը և Ընկերության անվամբ 01.07.2008 թվականին կատարված պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով, և եզրահանգել է, որ հայցն այդ մասով ենթակա է բավարարման: Իր այդ եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է այն հանգամանքով, որ Քաղաքապետարանն առանց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռով Լյուբով Փիլոյանին տրամադրվելիք 332,6քմ մակերեսով հողամասի հատկացման հարցը լուծելու (որով լուծում կստանար Լյուբով Փիլոյանի «լեգիտիմ ակնկալիքը»), իրավասու չէր նշված տարածքն օտարել այլ անձի: Հետևաբար Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը պետք է ճանաչվի անվավեր, քանի որ այն կայացվել է օրենքի խախտմամբ (սխալ կիրառման հետևանքով)` խախտելով Լյուբով Փիլոյանի իրավունքներն ու օրինական շահերը։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք` Լյուբով Փիլոյանի հայցը մասնակիորեն բավարարելու մասով, անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ սույն գործով բերված վճռաբեկ բողոքներով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը, ըստ էության, հանգում է հետևյալին. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը մասնակիորեն ենթակա է անվավեր ճանաչման, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս փաստում է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողություները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում, մասնավորապես` անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: Եթե գործի քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` վարչական դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ հայցով դատարան դիմած անձի որևէ իրավունք չի խախտվել, կամ վիճարկվող վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը որևէ կերպ չեն առնչվում տվյալ անձի` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, ապա պետք է վճիռ կայացնի վերջինիս հայցը մերժելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Լյուբով Փիլոյանը չի կարող հանդիսանալ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը դատական կարգով վիճարկելու իրավական շահագրգռվածություն ունեցող անձ, այսինքն` իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով տվյալ վարչական ակտը վիճարկելու «իրական (ռեալ)» իրավունք ունեցող «շահագրգիռ անձ», քանի որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Լյուբով Փիլոյանի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով երաշխավորված որևէ իրավունք կամ օրինական շահ չի խախտվել` հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Քաղաքապետի 25.11.2005 թվականի թիվ 2594-Ա որոշմամբ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 38 հասցեում Լյուբով Փիլոյանին կառուցապատման իրավունքով տրամադրվել է 332,6քմ մակերեսով հողամաս` որպես Լյուբով Փիլոյանից պետության կարիքների համար վերցված անշարժ գույքի դիմաց տրվող փոխհատուցում: Լյուբով Փիլոյանին կառուցապատման իրավունք տրամադրող Քաղաքապետի 25.11.2005 թվականի թիվ 2594-Ա որոշման հիման վրա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր 16.12.2005 թվականի վճռով հաստատել է Լյուբով Փիլոյանի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով կողմերը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ Քաղաքապետի որոշման համաձայն Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի իրացման գոտում Լյուբով Փիլոյանին տրամադրվել է կառուցապատման իրավունք, և իրենց հետագա հարաբերությունները կկարգավորվեն Քաղաքապետի որոշումով և այդ որոշումից բխող կնքվելիք պայմանագրի դրույթներով: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից կայացված նշված վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Քաղաքապետն ընդունել է մեկ այլ` 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշումը, որով Քաղաքապետի 25.11.2005 թվականի թիվ 2594-Ա որոշումը չեղյալ է ճանաչվել, և որոշվել է համարժեք գնային առաջարկ ներկայացնել Լյուբով Փիլոյանին:

Փաստորեն, Լյուբով Փիլոյանին պատկանող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու դիմաց Քաղաքապետի 25.11.2005 թվականի թիվ 2594-Ա որոշմամբ հողամասի կառուցապատման իրավունքի տեսքով նրան տրամադրված փոխհատուցումը Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշմամբ փոխարինվել է դրամական հատուցմամբ: Այսինքն` Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշման ուժով Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 16/1 հասցեին կից գտնվող 332,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ Լյուբով Փիլոյանի կառուցապատման իրավունքը` որպես Լյուբով Փիլոյանից պետության կարիքների համար վերցված անշարժ գույքի դիմաց տրվող փոխհատուցում, դադարել է և նախատեսվել է համարժեք փոխհատուցում մեկ այլ եղանակով, մասնավորապես` դրամական փոխհատուցմամբ:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներում ձևավորել է իրավական դիրքորոշում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանմամբ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետևաբար քննվող գործի շրջանակներում որևէ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նաև դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությանը: Այլ կերպ` դատարանը պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ գնահատականներ տալուց (տե'ս, օրինակ, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Հրաչյա Քարամյանի թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշումը, որով չեղյալ է ճանաչվել Լյուբով Փիլոյանին տրամադրված կառուցապատման իրավունքը, սույն գործով չի վիճարկվում, ավելին, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ նշված ակտը վիճարկման արդյունքում օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ է ճանաչվել, հետևաբար սույն վարչական գործի քննության ընթացքում դատարանները պետք է ելնեն Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշման իրավաչափության կանխավարկածից` չբացառելով դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

Նման պայմաններում ելնելով Քաղաքապետի 16.03.2006 թվականի թիվ 357-Ա որոշման իրավաչափության կանխավարկածից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի շրջանակներում չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Լյուբով Փիլոյանն ապօրինի կերպով է զրկվել Երևանի քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 16/1 հասցեին կից գտնվող 332,6քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի, այն է` Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշման ընդունման օրվա դրությամբ Լյուբով Փիլոյանը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 16/1 հասցեին կից գտնվող 332,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ որևէ գույքային իրավունք չի ունեցել: Ասվածը հիմնավորվում է նաև օրինական ուժի մեջ մտած` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 31.07.2007 թվականի վճռով, որով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ պետության կարիքների համար վերցնելու կապակցությամբ Երևան քաղաքի Արամի թիվ 38 հասցեում գտնվող շինությունների և հողամասի նկատմամբ Լյուբով Փիլոյանի սեփականության իրավունքը դադարել է, և այն (հողամասը) սեփականության իրավունքով տիրապետվում է Հայաստանի Հանրապետության կողմից:

Հետևաբար Քաղաքապետը, սույն գործով վիճարկվող 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշմամբ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 16/1 հասցեին կից գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասն օրենքով սահմանված կարգով Ընկերությանն օտարելով, գործել է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով ոչ միայն չեն խախտվել Լյուբով Փիլոյանի իրավունքները կամ օրինական շահերը, այլև ավելին` այդ վարչական ակտը, վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո, չի առնչվել Լյուբով Փիլոյանի իրավունքներին կամ օրինական շահերին:

Ինչ վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի, այն է` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի կատարման անհրաժեշտության մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դատական ակտի կատարման կամ չկատարման հանգամանքը սույն վարչական գործի քննության և լուծման համար էական նշանակություն չունի, քանի որ Լյուբով Փիլոյանին կառուցապատման իրավունքը տրամադրվել է ոչ թե ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռով, այլ Քաղաքապետի որոշմամբ, կառուցապատման իրավունքը դրամական փոխհատուցմամբ ևս վերացվել է Քաղաքապետի որոշմամբ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ Լյուբով Փիլոյանը և «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը սահմանել են իրենց միջև հարաբերությունների հետագա կարգավորման եղանակը, ինչի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը 21.04.2006 թվականի թիվ 3-851(ՎԴ) որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ [ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռով հաստատված] հաշտության համաձայնության կողմերը ոչնչով կաշկանդված չեն իրենց միջև առաջացած կամ առաջացող տարաձայնություններն առանձին հայցապահանջներով դատական քննության առարկա դարձնելու հարցում:

Անդրադառնալով Լյուբով Փիլոյանի` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի ուժով իրեն հատկացման ենթակա 332,6քմ հողամասի նկատմամբ «օրինական սպասելիք» ունենալու` Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանք նույնպես անհիմն են, քանի որ Լյուբով Փիլոյանի օրինական սպասելիքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի ուժով կարող է դրսևորվել միայն դրանով հաստատված հաշտության համաձայնության շրջանակներում, մինչդեռ նշված հաշտությամբ համաձայնություն է կայացվել կողմերի` հետագայում իրենց հարաբերությունները Քաղաքապետի որոշման դրույթներով և Քաղաքապետի որոշումից բխող կնքվելիք պայմանագրի դրույթներով կարգավորելու մասին: Այլ կերպ ասած` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռով Լյուբով Փիլոյանին 332,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունք տրամադրված չլինելու պայմաններում, այդ վճռի ուժով 332,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի «օրինական սպասելիք» Լյուբով Փիլոյանի մոտ չէր կարող ձևավորվել, հետևաբար ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի կատարումը և/կամ այդ վճռով Լյուբով Փիլոյանի մոտ ձևավորված օրինական սպասելիքը սույն վարչական գործի քննության և լուծման համար էական նշանակություն չունեն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են, քանի որ սույն գործի քննությամբ չի հիմնավորվել, որ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, բացի այդ, այն չի առնչվում սույն գործով հայցվոր Լյուբով Փիլոյանի իրավունքներին կամ օրինական շահերին և չի խախտում դրանք: Հետևաբար Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը չի կարող անվավեր ճանաչվել, և Լյուբով Փիլոյանի հայցը ենթակա է մերժման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը հաշվի չի առնվել, ինչի արդյունքում էլ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է հանգել այն եզրակացության, որ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչպես նաև խախտում է Լյուբով Փիլոյանի իրավունքները և օրինական շահերը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը սույն գործի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել ոչ իրավաչափ վարչական ակտ և ենթակա չէ անվավեր ճանաչման։ Միաժամանակ հաշվի առնելով, որ վիճարկվող վարչական ակտն անվավեր չճանաչելը կանխորոշում է սույն գործով ներկայացված մյուս հայցապահանջների մերժման հարցը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի և Ընկերության միջև 27.05.2008 թվականին կնքված «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և Ընկերության անվամբ 01.07.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ևս ենթակա չեն անվավեր ճանաչման:

 

Սույն գործով Լյուբով Փիլոյանի` վիճարկվող վարչական ակտի անվավեր ճանաչման հարցում իրավական շահագրգռվածություն ունեցող անձ չհանդիսանալու պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոք բերած անձանց մյուս փաստարկներին չի անդրադառնում:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքների պատասխաններում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում և բեկանում է միայն վարչական ակտն անվավեր ճանաչելու և դրանից բխող ածանցյալ հայցապահանջների մասով հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով ներկայացված են վարչական ակտն առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջներ, ինչպես նաև դրանցից բխող ածանցյալ պահանջներ, որոնք Դատարանի վճռով ամբողջությամբ մերժվել են: Լյուբով Փիլոյանը Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է ամբողջությամբ, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից Դատարանի վճիռը` վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու և դրանից բխող ածանցյալ պահանջները մերժելու մասով, թողնվել է անփոփոխ, իսկ վարչական ակտն անվավեր ճանաչելու և դրանից բխող ածանցյալ պահանջները մերժելու մասով բեկանվել և փոփոխվել է` հայցն այդ մասով բավարարվել է: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքները ներկայացված են Վերաքննիչ դատարանի որոշման միայն հայցը բավարարելու մասի դեմ, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայման և բեկանման ենթակա է միայն այդ մասով: Իսկ վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու և դրանից բխող ածանցյալ պահանջները մերժելու մասով Վերաքննիչ դատարանի որոշմանը Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում` վճռաբեկ բողոքներում այդ հայցապահանջի մասով հիմքեր և հիմնավորումներ ներկայացված չլինելու պատճառով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն գործով նկատի ունենալով, որ Քաղաքապետարանը և Ընկերությունը վճռաբեկ բողոքների համար վճարել են 60.000-ական ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել բողոք բերող անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Լյուբով Փիլոյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.02.2014 թվականի որոշման` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.2005 թվականի վճռի հիման վրա Լյուբով Փիլոյանին հատկացման ենթակա 332,6քմ մակերեսով հողամասի մասով Երևանի քաղաքապետի 15.05.2008 թվականի թիվ 2249-Ա որոշումը, դրա հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի միջև 27.05.2008 թվականին կնքված պայմանագիրը և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի անվամբ 01.07.2008 թվականին կատարված պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով Լյուբով Փիլոյանի հայցը բավարարելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 02.08.2013 թվականի վճռին:

2. Լյուբով Փիլոյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Լյուբով Փիլոյանից հօգուտ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊետրոսՅԱՆ