Համարը 
ՍԴՈ-1325
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.12.07/87(1267).1 Հոդ.1154.3
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվը 
29.11.2016
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.11.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԻԱՄ ԼԱԼԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 12-ՐԴ ԿԵՏԻ`ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 նոյեմբերի 2016թ. 

 

ՄԱՐԻԱՄ ԼԱԼԱՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 12-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Մ. Լալայանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի, նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարիամ Լալայանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Մարիամ Լալայանի` 2016 թվականի հունիսի 14-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 22.12.2010 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 30.12.2010 թվականին և ուժի մեջ է մտել 01.01.2011 թվականից: Վիճարկվող դրույթն օրենքում տեղ է գտել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 19.03.2012 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 12.04.2012 թվականին և ուժի մեջ է մտել 05.05.2012 թվականին:

Օրենքի վիճարկվող դրույթը սահմանում է, որ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է... «12) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2003 թվականին դիմողի նկատմամբ նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Կենսաթոշակը դիմողն ստացել է մինչև 2004 թվականի մարտ ամիսը, որից հետո դիմում է ներկայացրել, որպեսզի կենսաթոշակը փոխանցվի ՀՀ կենտրոնական բանկում առկա իր բանկային հաշվին:

Ըստ դիմողի՝ համոզված լինելով, որ իր կենսաթոշակը կուտակվում է, տարիների ընթացքում չի փորձել ստուգել: 2013 թվականին դիմողին հայտնի է դարձել, որ 2012 թվականի հունիսի 1-ից կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարեցվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով:

2013 թվականի դեկտեմբերի 19-ին դիմողը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության աշխատակազմի Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժնին պարտավորեցնել վերականգնել կենսաթոշակ ստանալու իր իրավունքը և վճարել անցած տարիների չվճարված կենսաթոշակը:

2014 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է հայցը մերժել (վարչական գործ թիվ ՎԴ6/0666/05/13):

ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ մի մասով թողնվել է առանց քննության, իսկ մյուս մասով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

3. Դիմողը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, ինչպես նաև 83-րդ հոդվածին, քանի որ իրեն զրկում է իր սեփականությունից:

Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2006թ. թիվ 3-1260 (ՎԴ) որոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, Բեյլերն ընդդեմ Իտալիայի գործերով վճիռները` դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ կենսաթոշակի նշանակման պահից իրեն տրամադրման ենթակա գումարները հանդիսացել են իր սեփականությունը, որ ինքն ունեցել է այդ գումարներն իր հայեցողությամբ օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրավունք, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներն իր բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ դիմումով ինքն ընդամենը որոշել է գույքի տիրապետման եղանակը, և ինքը չի կատարել սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից հրաժարվելուն ուղղված որևէ գործողություն:

Դիմողը նաև նշում է, որ կենսաթոշակի դադարեցման համար օրենքի վիճարկվող դրույթով նման ժամկետի սահմանումը չունի որևէ հիմնավորում, և արդյունքում տուժում է խոցելի խավի ապրուստի և գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ապահովության իրավունքը և սեփականության իրավունքը:

4. Պատասխանողը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ` պատասխանողն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ կենսաթոշակն իր բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ դիմողի կողմից ենթադրյալ դիմում ներկայացնելու պահին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի իմաստով դիմողը չուներ վճարվելիք դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունք, քանզի կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու և կենսաթոշակի ստացման շարունակականության ապահովման համար օրենսդիրը սահմանել է որոշակի խումբ իրավաչափ պարտականություններ, ինչպիսիք են անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը, կենսաթոշակն անկանխիկ ստանալու դեպքում` տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալը:

Ըստ պատասխանողի` կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցումը չի հանգեցնում կենսաթոշակի իրավունքի կորստի:

5. Հաշվի առնելով դիմողի փաստարկները` սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը հարկ է համարում նախ անդրադառնալ օրենքում օգտագործվող «կենսաթոշակի իրավունքը» և «կենսաթոշակ ստանալու իրավունքը» եզրույթների սահմանադրաիրավական բովանդակությանը:

 Օրենքի՝ «Կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը» վերտառությամբ 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), և նրան նշանակվել է կենսաթոշակ (այսուհետ` կենսաթոշակառու)»:

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ»:

Վերը նշված իրավական նորմերից հետևում է, որ.

ա/ կենսաթոշակի իրավունքը, որպես սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի դրսևորման ձև, ելակետային է, այն նախապայման է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու համար,

բ/ կենսաթոշակի իրավունքն ունի ծագման իր նախադրյալներն ու օրինական հիմքերը,

գ/ կենսաթոշակ ստանալու իրավունքը կենսաթոշակի իրավունքի իրացման երաշխիքն է` օրենքով սահմանված իրավապայմանների առկայության պարագայում:

Տարբեր են կենսաթոշակի իրավունքի և կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման նախադրյալները. եթե, կոնկրետ դեպքում, տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունքի ծագման նախադրյալներն են որոշակի տարիքը լրանալը և որոշակի աշխատանքային ստաժի առկայությունը, ապա կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման նախադրյալներն են կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում դիմում ու անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը:

Օրենսդիրն օրենքով ամրագրել է այն պայմանները, որոնք անձի համար նախադրյալ են սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի իրացման համար: Նախ` օրենքի 35-րդ հոդվածը որոշակի պարտականություն է ամրագրում, մասնավորապես 6-րդ մասը սահմանում է` «Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին»: Իսկ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` կենսաթոշակ վճարելը դադարեցվում է «սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու) դեպքում»:

Ընդ որում, օրենքի 36 և 41-րդ հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է միայն կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման, այլ ոչ թե կենսաթոշակի իրավունքի դադարեցման հնարավորություն: Դրանից բխում է նաև խնդրո առարկա օրենքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու վերաբերյալ դրույթների նախատեսումը /օրենքի 41-րդ հոդվածի համապատասխանաբար 3-րդ և 4-րդ մասեր/: Ընդ որում, օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներից հետևում է, որ, նախ` պետք է վերականգնվի կենսաթոշակ ստանալու իրավունքը, հետո միայն վերսկսվի կենսաթոշակ վճարելը:

6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերի միջև ներքին տրամաբանական կապի առավել հստակեցման անհրաժեշտություն գոյություն ունի: Ակնհայտ է, որ «կենսաթոշակ ստանալու իրավունքը» բխում է «կենսաթոշակի իրավունքից»: Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքերը: Նույն հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես, նախատեսում է, որ կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում: Իսկ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` կենսաթոշակ չվճարելն է դառնում կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հիմք: Օրենքի 41-րդ հոդվածում հետևողական ու տարբերակված մոտեցում չի դրսևորվում «դադարում» և «դադարեցում» եզրույթների նկատմամբ: Եթե «դադարումը» ենթադրում է իրավունքի ուժով առաջացող իրավական հետևանք, ապա «դադարեցումը» որոշակի իրավական գործընթացի հետևանք է, պետաիշխանական լիազորությամբ օժտված մարմնի կամաարտահայտման հետևանք: Նման պարագայում կարող է առաջանալ նաև ընդհուպ դատական կարգով անձի իրավունքների պաշտպանության խնդիր: Բացի դրանից, նույն հոդվածի 1-ին մասի իրավապայմաններից հետևում է, որ, բացառությամբ 12-րդ կետի, մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը բխում են կենսաթոշակի իրավունքի դադարման հանգամանքից:

Միաժամանակ, օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասից հետևում է, որ կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնման պարագայում: Սակայն համակարգային կապն առկա չէ նույն հոդվածի 4-րդ մասի /կենսաթոշակ վճարելը վերսկսելու/ և 1-ին մասի 12-րդ կետի հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման իրավակարգավորումների միջև: Եթե տվյալ դրույթի առնչությամբ օրենսդիրը նկատի է ունեցել, որ կենսաթոշակի իրավունքը դադարում է, և որպես հետևանք` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, երբ անձը հինգ տարի անընդմեջ կենսաթոշակը չի ստացել, ապա այդպես էլ պետք է հստակ շարադրվեր տվյալ դրույթը: Հակառակ պարագայում հարցեր են առաջանում, թե, մասնավորապես, ինչու՞ չի վճարվել, ի՞նչ հնարավորություն է ունեցել անձը պաշտպանելու իր իրավունքները, ի՞նչ կարգով և ո՞վ պետք է դադարեցնի կենսաթոշակ վճարելը և այլն:

7. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտառությամբ 75-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»: Չնայած օրենսդրական կանոնակարգման տվյալ սահմանադրական պահանջն անմիջականորեն վերաբերում է հիմնական իրավունքներին և ազատություններին, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ գլխում ամրագրված երաշխիքները նույնպես պետք է բավարարեն արդյունավետության սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորմամբ այդ պահանջը հետևողականորեն չի իրացվել: Աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելը կարող է ունենալ տարբեր պատճառներ և ինքնին չի կարող ենթադրել, որ առկա է կենսաթոշակի իրավունքի դադարման հանգամանքը: Բացի դրանից, խախտվում է նաև պատճառահետևանքային կապը: Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` … կենսաթոշակ չվճարելու դեպքում», իսկ նույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է` … կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում»: Նման իրավակարգավորումը հանգեցնում է նրան, որ անձն ունենում է միայն մեկ հնարավորություն` վերականգնել կենսաթոշակի իրավունքը /ինչն իրականում նա չէր կորցրել/ և կրկին ձեռք բերել կենսաթոշակ ստանալու նոր իրավունք:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումը, երբ հաշվի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը` առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին: Նման իրավակարգավորման պարագայում անձը զրկվում է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հարցը դատական կարգով բողոքարկելու, ինչպես նաև իր սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 60, 61, 78, 79 և 83-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթը համակարգային առումով փոխկապակցված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 36-րդ, 41-րդ և մի շարք այլ հոդվածների դրույթների հետ, և հաշվի առնելով սույն որոշման հրապարակման պահին տվյալ դրույթի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությամբ պայմանավորված հնարավոր հետևանքները, ՀՀ Սահմանադրության /2005 թվականի փոփոխություններով/ 102-րդ հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի մասով սույն որոշման ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի հոկտեմբերի 1-ը` հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանն իրենց իրավասությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել համակարգային ամբողջականության մեջ վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը երաշխավորելու ուղղությամբ:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման։

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

   Նախագահող

Գ. Հարությունյան

 

29 նոյեմբերի 2016 թ.

        ՍԴՈ-1325