Համարը 
ՀՕ-328
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.06.12/18(193) Հոդ.400
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.05.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
02.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են լինել ազատ մաքսային պահեստներ և ազատ տնտեսական գոտիներ, որոնց տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս գտնվող տարածքներ:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը «այլ անձանց կողմից» բառերից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով՝

 

«ժե) ներմուծում ազատ տնտեսական գոտի:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ  կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն  նորմը չի կիրառվում «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմների փոփոխությունների նկատմամբ, որոնք կատարվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմները կարող են փոփոխվել դրանց՝  Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում դրանք համապատասխանաբար պահպանվում են ազատ մաքսային պահեստում կամ գտնվում են ազատ տնտեսական գոտում:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 33.

«Ներմուծում անմաքս առևտրի խանութ» ռեժիմը

1. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային սույն ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների։

3. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4. Անմաքս առևտրի խանութների նկատմամբ մաքսային հսկողությունը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով:»։

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 471-րդ, 472-րդ և 473-րդ հոդվածներով՝

 

«Հոդված 471.

«Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը

1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմը կարգավորում է ազատ տնտեսական գոտում թույլատրված գործունեություն ծավալելու նպատակով այդ գոտու տարածք ապրանքներ ներմուծելը, այդ տարածքից ապրանքներ արտահանելը, ինչպես նաև այդ գոտում թույլատրված գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝

ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.

բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված միջոցների:

3. Մաքսային այս ռեժիմը չի կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար արգելված ապրանքների նկատմամբ։ Այդ ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

4. Թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք և այլ ապրանքներ, որոնք համարվում են սահմանափակ շրջանառության օբյեկտներ, ազատ տնտեսական գոտու տարածք կարող են ներմուծվել համապատասխան թույլտվության առկայության դեպքում։

 

Հոդված 472.

«Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ գործողությունները

1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ գործողությունները՝

ա) ապրանքների պահպանություն.

բ) ապրանքների նախապատրաստում՝ հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության.

գ) ապրանքների վերամշակում.

դ) օգտագործում ազատ տնտեսական գոտում շինարարության ընթացքում.

ե) օգտագործում՝ որպես օժանդակ նյութ, գործիք կամ սարքավորում, սույն հոդվածի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նկարագրված գործողությունների ընթացքում.

ը) ոչնչացում:

2. Ազատ տնտեսական գոտու տարածքում  արգելվում է այդտեղ գտնվող ապրանքների մանրածախ վաճառքը, բացառությամբ օրենսդրությամբ հատուկ նշված դեպքերի։

 

Հոդված 473.

«Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով ապրանքների պահպանման տևողությունը

1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով ապրանքները կարող են պահպանվել անժամկետ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետը կարող է սահմանափակվել մաքսային մարմինների կողմից՝ ելնելով ապրանքների պիտանիության ժամկետներից: Ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, ապրանքը ենթակա է հայտարարագրման՝ այլ մաքսային ռեժիմով, կամ հանձնման՝ մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին  կետը  «ներմուծում ազատ մաքսային գոտի» բառերից հետո լրացնել «, ներմուծում ազատ տնտեսական գոտի» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

 

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» ենթակետերով՝

«զ) ազատ տնտեսական գոտու շահագործում.

է) ազատ տնտեսական գոտու կազմակերպում:».

բ) 3-րդ կետի  «դ» ենթակետում «,,ա” - ,,գ” և ,,ե”»  թվարկումը փոխարինել «,,ա” - ,,գ” ,,ե”» և ,,զ”»  թվարկումով։

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 64.

Անմաքս առևտրի խանութը, դրա հիմնումը և տեղակայումը

 

1. Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել բացառապես «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները։

2. Անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները նախատեսված են անձնական օգտագործման համար կամ որպես նվերներ։

3. Անմաքս առևտրի խանութներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք՝ սույն  օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

4. Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն՝

ա) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո.

բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղերը։

5. Անմաքս առևտրի խանութը, բացի առևտրի սրահից, պետք է ունենա նաև մաքսային հսկողության գոտում տեղակայված պահեստային տարածք։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունն անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության իրականացման լիցենզիա ունեցող որոշ անձանց կարող է օժտել մաքսային գործակալի, այսինքն՝ անմաքս առևտրի խանութներից գնված և մաքսային սահմանով տեղափոխման կապակցությամբ մաքսային վճարներով հարկման ենթակա ապրանքներ վաճառելիս, մաքսային մարմինների հսկողության ներքո, գնորդից համապատասխան մաքսային վճարները գանձելու և մաքսային մարմինների միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու, ինչպես նաև մաքսային ապահովման միջոցների որոշ տեսակների կիրառման լիազորությամբ: Սույն կետում նշված՝ մաքսային ապահովումների միջոցների տեսակները և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 65.

Անմաքս առևտրի խանութներում իրացման ենթակա ապրանքների ձեռքբերումը և պահպանումը

 

1. Անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները նախ հայտարարագրվում են «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով, որից հետո անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով։

2. Անմաքս առևտրի խանութներում իրացման նպատակով այլ երկրներից ներմուծվող ապրանքներն անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով։

3. «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքները պահպանվում են անմաքս առևտրի խանութի պահեստում։»:

 

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 651-րդ, 652-րդ և 653-րդ հոդվածներով՝

 

«Հոդված 651.

Անմաքս առևտրի խանութներում ապրանքների վաճառքը

 

1. Ապրանքների վաճառքն իրականացվում է բացառապես անմաքս առևտրի խանութի առևտրի սրահից։ Անմաքս առևտրի խանութի պահեստից ապրանքների վաճառք չի թույլատրվում:

2. Անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից ապրանքներ գնելու իրավունք ունեն՝

ա) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.

բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձինք։ Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք, եթե մինչև մաքսային սահմանն անցնելն օդանավակայանում գտնվող անմաքս առևտրի խանութներից որևէ գնում չեն կատարել, ապա իրավունք ունեն ժամանման պահից 24 ժամվա ընթացքում վերադառնալ անմաքս առևտրի խանութներ և կատարել գնումներ.

գ) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող ֆիզիկական անձինք.

դ) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն ժամանող օդանավերի անձնակազմերը.

ե) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի հրամանատարները կամ այլ լիազորված անձինք՝ օդանավում ուղևորներին վաճառելու համար։ Սույն ենթակետով նախատեսված անձանց անմաքս առևտրի խանութներն ապրանքներ տրամադրում են ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

3. Մաքսային վերադաս մարմնի կողմից սահմանված մաքսային հսկողություն ապահովելու համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում մաքսային վերադաս մարմնի կողմից կարող է թույլատրվել անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից օդային տրանսպորտով երթևեկելու հետ առնչություն չունեցող անձանց ոչ ենթաակցիզային ապրանքներ վաճառելը։

4. Անմաքս առևտրի խանութներում վաճառքն իրականացվում է հսկիչ դրամարկղային մեքենաներով։

5. Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։ Անմաքս առևտրի խանութ մուտքագրված ապրանքների, ինչպես նաև վաճառված ապրանքների և առևտուր կատարած անձանց հաշվառումը և հաշվառման տրամադրումը մաքսային մարմիններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

6. Անմաքս առևտրի խանութներում առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով։ Կազմակերպիչը կարող է առևտուրը կազմակերպել նաև այլ՝ Հայաստանի Հանրապետությունում ազատ փոխարկելի օտարերկրյա արժույթով։

7. Անմաքս առևտրի խանութներում կազմակերպիչը կարող է առևտուրն իրականացնել ինչպես կանխիկ դրամով, այդպես էլ չեկերով, վճարային քարտերով և այլն։

 

Հոդված 652.

Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից

 

1. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց որևէ սահմանափակման, այդ թվում՝ քանակական և գնային։

2. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվում են առանց մաքսային վճարներ գանձելու և ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու։

 

Հոդված 653. Անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի մյուս մասերը

 

1. Անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվելիս (ներմուծվելիս) ենթակա են մաքսային ձևակերպման։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակը։

3. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնման ենթակա ոչ ենթաակցիզային ապրանքների առավելագույն քանակ և գին չեն սահմանվում։ Այնուամենայնիվ, գնորդն այդ ապրանքներն իրավունք չունի հետագայում օգտագործել ձեռնարկատիրական գործունեության նպատակով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու (ներմուծելու) նպատակով յուրաքանչյուր ժամանած քաղաքացու կողմից անմաքս առևտրի խանութներից գնված ապրանքների այն առավելագույն քանակը կամ գինը, որն ազատվում է մաքսային վճարներից։ Գերազանցող մասը ենթակա է մաքսային վճարների։

5. Սույն օրենսգրքի 651-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից անմաքս առևտրի խանութներից գնված բոլոր ապրանքները ենթակա են մաքսային վճարների։»:

 

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91 գլխով՝

 

«Գ Լ ՈՒ Խ  91.

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 671.

Ազատ տնտեսական գոտու հիմնումը

 

1. Ազատ տնտեսական գոտին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատուկ սահմանված տարածք է՝ մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ, որտեղ «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքների նկատմամբ կարող են իրականացվել սույն օրենսգրքի 472 հոդվածով նախատեսված գործողությունները։

2. Ազատ տնտեսական գոտու սահմանագիծը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետորեն ապահովելու այդ տարածքի մեկուսացվածությունը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից, որպեսզի բացառվեն մաքսային հսկողությունից դուրս ապրանքների մուտքն ու ելքը գոտուց։ Ազատ տնտեսական գոտին չի կարող շահագործվել, մինչև չապահովվի սույն կետում նշված պայմանը։ Սահմանագծի տեխնիկական չափանիշները սահմանում է վերադաս մաքսային մարմինը։

 

Հոդված 672.

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը

 

1. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն այն իրավաբանական անձն է, որը կազմակերպում է այդ գոտին, ապահովում է գոտում գործունեության համար անհրաժեշտ ենթակառույցների ստեղծումը և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։

2. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կարող են լինել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք՝ սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա։ Նշված իրավաբանական անձինք պետք է ստեղծված լինեն բացառապես ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով։

3. Կազմակերպիչը պարտավոր է ապահովել՝

ա) տնտեսական գոտու տարածքի ցանկապատումը կամ պարսպապատումը.

բ) տնտեսական գոտու տարածքի պահպանությունը, այդ թվում՝ պահպանիչ և հակահրդեհային համակարգերի միջոցով.

գ) գոտու կազմակերպման կանոնների կատարումը.

դ) տարածքի ցանկապատումը կամ պարսպապատումը.

ե) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների, կապի և այլ միջոցների առկայությունը.

զ) մաքսային մարմնի աշխատողների համար համապատասխան պայմաններ՝ մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու համար.

է) իր կողմից մատուցած ծառայությունների գների ողջամտությունը և համամասնությունն արդյունավետ սպասարկման ծախսերին.

ը) օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ։

4. Կազմակերպիչն իրավունք ունի՝

ա) տիրապետել և օգտագործել գոտի համարվող հողատարածքները.

բ) վարձակալության կամ օգտագործման տրամադրել գոտու տարածքում գտնվող հողատարածքները.

գ) կառուցապատել գոտու տարածքը.

դ) վարձակալության և օգտագործման տալ գոտու տարածքում գտնվող անշարժ գույքը.

ե) գոտում կառուցել և շահագործել ինժեներական ցանցեր և ենթակառույցներ.

զ) իրականացնել այլ գործունեություն, որն անհրաժեշտ է գոտու պատշաճ շահագործումն ապահովելու համար.

է) սահմանափակել ազատ տնտեսական գոտի մտցվող ապրանքների ցանկը, եթե վերջիններս կարող են վնասել գոտում գտնվող այլ ապրանքներին։

 

Հոդված 673.

Ազատ տնտեսական գոտու շահագործողը

 

1. Ազատ տնտեսական գոտու շահագործողը կազմակերպչի հետ կնքված պայմանագրի հիման վրա ազատ տնտեսական գոտում  իրականացնում է տնտեսական գործունեություն։

2. Ազատ տնտեսական գոտու շահագործող կարող են լինել իրավաբանական անձինք՝ սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա։ Նշված իրավաբանական անձինք պետք է ստեղծված լինեն բացառապես ազատ տնտեսական գոտում գործելու նպատակով։

 

Հոդված 674.

Ազատ տնտեսական գոտի ներմուծվող ապրանքների ձեռքբերումը

 

1. Ազատ տնտեսական գոտի ներկրվող՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները, այդ թվում՝ շինարարություն, ինչպես նաև շենքերի շահագործում իրականացնելու նպատակով ձեռք բերված ապրանքները նախ հայտարարագրվում են «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր արտահանում վերամշակման համար», «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով, որից հետո ազատ տնտեսական գոտու շահագործողը կամ կազմակերպիչն այդ ապրանքները հայտարարագրում է «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով։

2. Ազատ տնտեսական գոտի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ներկրվող այն սննդամթերքը, որն օգտագործվելու է ազատ տնտեսական գոտում հասարակական սննդի կազմակերպման համար, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության նպատակներով չի համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս բերված։ Այդ ապրանքներն ամբողջությամբ պետք է սպառվեն ազատ տնտեսական գոտու տարածքում և չեն կարող հանվել այդ տարածքից։

3. Ազատ տնտեսական գոտի այլ երկրներից ներմուծվող ապրանքներն ազատ տնտեսական գոտու շահագործողը կամ կազմակերպիչը հայտարարագրում է «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմով։

 

Հոդված 675.

Ազատ տնտեսական գոտուց ապրանքների արտահանումը

 

1. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ենթակա է սակագնային ու ոչ սակագնային կարգավորման և մաքսային հսկողության նույն կարգով, որով այլ երկրներից ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք:

2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված ապրանքները, ինչպես նաև նրանց օգտագործմամբ ազատ տնտեսական գոտում արտադրված այլ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից այլ երկրներ կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով՝ առանց մաքսային վճարների գանձման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման: Մաքսային մարմինները պետք է հնարավորություն ունենան անհրաժեշտ հսկողություն սահմանելու արտահանվող ապրանքների նկատմամբ։

3. Ազատ տնտեսական գոտու տարածքից ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, այդ թվում՝ օդանավակայանի բեռնային համալիրի միջոցով, իրականացվում է տարանցիկ փոխադրման համար սահմանված կանոններով։

 

Հոդված 676.

Ազատ տնտեսական գոտու իրավական ռեժիմը

 

1. Ազատ տնտեսական գոտում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

2. Ազատ տնտեսական գոտի կարող են մուտք գործել համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմինների աշխատակիցները և պաշտոնատար անձինք։ Գոտի կարող են մուտք գործել նաև կազմակերպչի և շահագործողների աշխատակիցները՝ պատշաճ ձևակերպված փաստաթղթերի առկայության դեպքում։

3. Գոտում մշտապես բնակվելն արգելվում է։

4. Ֆիզիկական անձանց մուտքը և ելքն ազատ գոտուց ենթակա են մաքսային հսկողության։

5. Ապրանքների մուտքը, առկայությունը և ելքն ազատ գոտուց ենթակա են մաքսային հսկողության։ Մաքսային մարմիններն իրավունք ունեն մաքսային հսկողություն իրականացնել գոտու ներսում, այդ թվում՝ պահանջել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, տեղում ստուգել գոտի ներմուծված ապրանքների փաստացի առկայությունը, կատարել այլ գործողություններ, որոնք կկանխեն մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխումը, մաքսային կանոնների այլ խախտումները։

6. Ազատ տնտեսական գոտիների նկատմամբ մաքսային հսկողությունը պետք է սահմանափակված լինի անհրաժեշտ նվազագույնով։

7. Ազատ տնտեսական գոտի ապրանքների ներկրման և արտահանման մաքսային ձևակերպումը կարող է իրականացվել վերադաս մաքսային մարմնի սահմանած պարզեցված ձևով:

8. Ազատ տնտեսական գոտու շահագործողները և կազմակերպիչը պարտավոր են իրականացնել ազատ տնտեսական գոտի ներմուծված ապրանքների հաշվառումը և համապատասխան հաշվետվությունների տրամադրումը մաքսային մարմիններին։ Հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով՝

«ժե) «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնվող ապրանքները:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը «ազատ մաքսային պահեստների» բառերից հետո լրացնել «և ազատ տնտեսական գոտիների» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 139-րդ հոդվածի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«է) «ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմի դեպքում՝ ներմուծման պահից մինչև բացթողնման պահը:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
 1 հունիսի 2002 թ.
ՀՕ-328