Համարը 
ՀՕ-38-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.74
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հասարակական կազմակերպությունները վարչական դատարան կարող են դիմել նաև սույն օրենսգրքի 29.3-րդ գլխով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.3-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 29.3

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՑՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 216.6. Հասարակական կազմակերպության կողմից հայց հարուցելը

 

1. Հասարակական կազմակերպությունը իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

2. Կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե`

1) հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից և ուղղված է կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը.

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, և

3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ոլորտում:

 

Հոդված 216.7. Հայցադիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը

 

1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության մասին, ինչպես նաև հայցադիմումին, ի լրումն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, պետք է կցվեն սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող ապացույցներ:

 

Հոդված 216.8. Հայցադիմումը վերադարձնելը

 

1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերի, վերադարձվում է նաև սույն օրենսգրքի 216.7-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 16

Երևան
ՀՕ-38-Ն