Համարը 
ՀՕ-313-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1339
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
13.12.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասն առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է:».

2) 5-րդ մասի «իր խնդիրներն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «խնդիրներն» բառը փոխարինել «նպատակներն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «նպատակներն ու գործառնություններն» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2.  Կենտրոնական բանկի գործառույթները».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կենտրոնական բանկն իր նպատակներն իրագործելիս իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները:».

3) ամբողջ հոդվածը «նորմատիվ» բառից առաջ լրացնել «ենթաօրենսդրական» բառով.

4) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի՝ որպես բանկ հանդես գալու դեպքում՝ ներքին իրավական ակտեր՝ որոշումներ:

Կենտրոնական բանկի նախագահն ընդունում է անհատական, իսկ Կենտրոնական բանկի՝ որպես բանկ հանդես գալու դեպքում՝ ներքին իրավական ակտեր` որոշումներ ու կարգադրություններ:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.

 

«Հոդված 3.1. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը

 

1. Կենտրոնական բանկը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունում է միայն օրենքով լիազորված լինելու դեպքում և օրենքով սահմանված շրջանակներում՝ պահպանելով օրինականության և որոշակիության սկզբունքները: Այդ ակտերն ընդունվում ու հրապարակվում են օրենքով սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր կարող է ընդունել հետևյալ դեպքերում՝

ա) ֆինանսական կազմակերպությունների տնտեսական նորմատիվների սահմանմանը և հաշվարկմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտեր.

բ) արժութային կարգավորման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

գ) սպառողների շահերի պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտեր.

դ) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.

ե) ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, գրանցման, վերակազմավորման, լուծարման, սնանկության, անվճարունակության, գործունեության դադարեցման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

զ) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցների ու ղեկավարների նկատմամբ պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր.

է) ֆինանսական կազմակերպությունների կամ դրանց մասնակիցների կողմից կնքվող գործարքների նկատմամբ պահանջներ սահմանող նորմատիվ իրավական ակտեր.

ը) արժեթղթերի շուկան և ներդրումային ծառայությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.

թ) ֆինանսական համակարգում տեղեկությունների, անձնական տվյալների մշակման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

ժ) կուտակային կենսաթոշակային համակարգի և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կարգավորմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր.

ժա) ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

ժբ) ավանդների երաշխավորման համակարգը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.

ժգ) վճարահաշվարկային համակարգերի կարգավորմանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր.

ժդ) օրենքով նախատեսված դեպքերում՝ ֆինանսական համակարգին վերաբերող պետական այլ մարմինների հետ կնքվող համատեղ նորմատիվ իրավական ակտեր.

ժե) ֆինանսական համակարգում տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր.

ժզ) օրենքով նախատեսված այլ ոլորտներում ու դեպքերում:»:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն ու գործառույթները

 

1. Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը:

2. Գների կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Գների կայունության նպատակն իրագործելու համար Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:

3. Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, ապա Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին և ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ:»:

 

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Կենտրոնական բանկի այլ նպատակներն ու գործառույթները

 

1. Կենտրոնական բանկի այլ նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.

գ) գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն ու զարգացումը.

դ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.

ե) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.

զ) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

է) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

ը) ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը:

2. Իր նպատակներն իրագործելու համար Կենտրոնական բանկը`

ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.

բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.

գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կազմակերպությունները ճանաչում է որպես ֆինանսական խումբ, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.

դ) որպես վերջին ատյանի վարկատու՝ վարկեր է տրամադրում բանկերին.

ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգերը, իրականացնում է վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի հսկողություն.

զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.

է) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրման, ամփոփման և հրապարակման համար ստանում է անհրաժեշտ տվյալներ, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական անհատական (անվանական) տվյալներ (վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալներ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից ստացվող անհատական (անվանական) տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջների: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Կենտրոնական բանկը համատեղ որոշում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրվող վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ հավաքագրման ենթակա տվյալների բովանդակությունը և հավաքագրման մեթոդաբանությունը.

ը) իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին.

թ) օրենքով սահմանված կարգով ապահովում է ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցություն, ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և տիպաբանություններ.

ժ) իրականացնում է մակրոտնտեսական, ֆինանսական քաղաքականությունների, տնտեսագիտության և կարգավորման դաշտի վերաբերյալ հետազոտություններ:»:

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ամիսների» բառը փոխարինել «եռամսյակների» բառով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.

 

«Հոդված 7.1. Կենտրոնական բանկի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ

 

1. Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացնում է Կենտրոնական բանկի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

2. Կենտրոնական բանկը գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում է Հանձնաժողով՝ կարծիքի:

3. Կենտրոնական բանկը և Հանձնաժողովը կնքում են համագործակցության հուշագիր, որով կարգավորվում են՝

ա) մրցակցության պաշտպանության խնդիրների հետ կապված համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը.

բ) Հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի միջև տեղեկատվության, այդ թվում՝ տնտեսական մրցակցության խնդիրների վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը.

գ) այն դեպքերը, երբ Հանձնաժողովն ու Կենտրոնական բանկը իրականացնում են իրենց իրավասությունները Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց նկատմամբ.

դ) ոլորտում մրցակցության պաշտպանության վերաբերյալ սույն հոդվածով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված այլ հարցեր:

4. Սույն հոդվածով նախատեսված ոլորտում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

5. Հանձնաժողովը ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որևէ միջամտությունից, եթե Կենտրոնական բանկը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կենտրոնական բանկին, և Կենտրոնական բանկը իրականացնում է օրենքով սահմանված գործառույթներ:

Հանձնաժողովը սույն հոդվածով սահմանված կարգով կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումն ընդունում է Կենտրոնական բանկը:

6. Կենտրոնական բանկը ձեռնարկվող միջոցառումների ընթացքում Հանձնաժողովին պետք է օրենքով սահմանված շրջանակներում հնարավորություն ընձեռի ներկայացնելու իր դիրքորոշումը: Կենտրոնական բանկը պարտադիր անդրադառնում է Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին և արտահայտած դիրքորոշումներին՝ նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները:

Կենտրոնական բանկն իր վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ պետք է հիշատակի Հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև այն չընդունելու դեպքում՝ դրա հիմնավորումները:

Սույն մասով սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից դիրքորոշում չներկայացվելու դեպքում Կենտրոնական բանկի որոշումը կամ դիրքորոշումը ընդունվում է առանց Հանձնաժողովի կարծիքի:

7. Սույն հոդվածի 2-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված ընթացակարգը չի կիրառվում այն բացառիկ դեպքերում, երբ Կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությանը ճանաչում է անվճարունակ կամ սնանկ, իրականացնում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացնում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված համագործակցության հուշագրով կարող են սահմանվել նաև այլ բացառիկ դեպքեր:

Կենտրոնական բանկը սույն մասով նախատեսված որոշումներն ընդունելուց հետո այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին, եթե դրանք չեն պարունակում բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ:»:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու այլ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների հետ: Այդ համագործակցության շրջանակներում Կենտրոնական բանկն իրավունք ունի առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման այլ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմիններից ստանալու ու նրանց տրամադրելու վերահսկողական տեղեկություններ` թեկուզև դրանք օրենքով պաշտպանվող գաղտնիք լինեն, պայմանով, որ տվյալ տեղեկությունն անհրաժեշտ լինի տվյալ մարմնին՝ օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև տվյալ մարմինն ունենա վերահսկողական տեղեկությունների պաշտպանման համարժեք ռեժիմ: Առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման սույն պարբերությունով նախատեսված համագործակցությունն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ այլ պետության օրենսդրությամբ թույլատրվում է սույն պարբերությունով նախատեսված տեղեկատվության տրամադրումն առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման:»:

 

Հոդված 10. Օրենքի 11.1-ին հոդվածից հանել «վճարային հաշվեկշռի կարգավորման,» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «և ձեռքբերումից» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «ա» կետի «սղաճը» բառը փոխարինել «գնաճը» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետով.

«ա1) ֆինանսական կայունությունն ապահովելու».

3) «բ» կետից հանել «և հայկական դրամի փոխարժեքը կարգավորելու» բառերը.

4) «գ» կետի «բանկային» բառը փոխարինել «ֆինանսական համակարգի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կենտրոնական բանկն Ազգային ժողով է ուղարկում Կենտրոնական բանկի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների վերաբերյալ տեղեկատվություն:»:

 

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունները յուրաքանչյուր տարի ենթարկվում են արտաքին աուդիտի՝ մասնագիտացված, այդ թվում՝ աուդիտորական ընկերությունների վարկանշմամբ զբաղվող միջազգային ճանաչում ունեցող ինտերնետային կայքերում գրանցված կամ վարկանշված, համընդհանուր միջազգային ճանաչում ունեցող 10 խոշորագույն (բիգ թեն) անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Սույն հոդվածում նշված աուդիտի իրականացումից բացի, այլ անձանց և մարմինների կողմից Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ աուդիտ (հաշվեքննություն) չի իրականացվում: Արտաքին աուդիտորական կազմակերպությունն ընտրվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մինչև երեք տարի ժամկետով:»:

 

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Կենտրոնական բանկի հաշվետվությունները և գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է՝

ա) ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունը.

բ) Կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթները:».

3) 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի «հաշվետվություն» բառը փոխարինել «փաստաթուղթ» բառով.

5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը բաղկացած է`

ա) ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումից.

բ) նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումից:».

6) 5-րդ մասը «հաշվետվություններում» բառից հետո լրացնել «, հաղորդումներում և փաստաթղթերում» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:

Կենտրոնական բանկի նախագահ և նրա տեղակալներ կարող են ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող այն անձինք, որոնք՝

ա) ֆինանսական համակարգում ունեն բարձր հեղինակություն և

բ) դրամավարկային քաղաքականության իրականացման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա ղեկավարի կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններում երեք տարվա մասնագիտական ստաժ կամ բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն չորս տարվա ղեկավարի կամ մակրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

 

«Հոդված 18.1. Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն

 

1. Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նախագահի տեղակալներից և Կենտրոնական բանկի նախագահի նշանակած Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներից:

2. Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեն՝

ա) քննարկում և Կենտրոնական բանկի խորհուրդ է ներկայացնում կարծիք Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.

բ) Կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ քննարկում և նախագահին է ներկայացնում կարծիք Կենտրոնական բանկի նախագահի կողմից ընդունվող իրավական ակտերի վերաբերյալ.

գ) քննարկումներ է կազմակերպում և եզրակացություններ կամ կարծիք է ներկայացնում Կենտրոնական բանկի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ այլ գործառույթներ:»:

 

Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով:»,

բ. երկրորդ նախադասության մեջ «և հետագայում նշանակված բոլոր անդամները» բառերը փոխարինել «անդամը» բառով,

գ. երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հետագայում նշանակված խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:».

2) 3-5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող այն անձինք, որոնք՝

ա) ֆինանսական համակարգում ունեն բարձր հեղինակություն և

բ) դրամավարկային քաղաքականության իրականացման բնագավառում ունեն առնվազն երկու տարվա ղեկավարի կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններում երկու տարվա մասնագիտական ստաժ կամ բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն չորս տարվա ղեկավարի կամ մակրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ և

գ) իրենց մասնագիտական կարողություններով և գիտելիքներով ի վիճակի են ապահովել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իրավասությունների կատարումը:

4. Բացի սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված չափանիշներից, խորհուրդը պետք է ձևավորվի այնպես, որ՝

ա) խորհրդի անդամների առնվազն կեսն ունենա մակրոտնտեսագիտության բնագավառում մասնագիտական աշխատանքային փորձ.

բ) խորհրդի անդամներն ունենան բանկային, աուդիտի, ֆինանսական հաշվետվությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ոլորտների վերաբերյալ գիտելիքներ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, նախագահ կամ տեղակալ չեն կարող լինել այն անձինք, որոնք`

ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:

5. Կենտրոնական բանկի նախագահը, տեղակալները և խորհրդի այլ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, նախագահը, տեղակալներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել: Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանատու է Կենտրոնական բանկի խորհրդում իր կատարած աշխատանքի համար:»:

 

Հոդված 19. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ե» և «զ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) ընդունում է Կենտրոնական բանկի ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի՝ որպես բանկ հանդես գալու դեպքում՝ ներքին իրավական ակտեր՝ որոշումներ.

զ) ֆինանսական համակարգում ազատ տնտեսական մրցակցություն ապահովելու նպատակով ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ նորմատիվ իրավական ակտեր և տիպաբանություններ.»:

 

Հոդված 20. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22. Կենտրոնական բանկի նախագահին, տեղակալներին, խորհրդի այլ անդամներին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի այլ անդամները կարող են պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից 30 օր առաջ գրավոր տեղեկացնելով Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից նրանք համարվում են պաշտոնից ազատված:

2. Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ խորհրդի մյուս անդամներինը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում:

3. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի այլ անդամների լիազորությունները դադարում են, եթե նրանք՝

ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

բ) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.

գ) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց կամ զրկվել են ընտրական իրավունքից.

դ) մահացել կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անհայտ բացակայող:

4. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի այլ անդամների լիազորությունները դադարում են նաև, եթե նրանք՝

ա) ժամանակավոր անաշխատունակության հիմքով վեց ամսից ավելի կամ ոչ օրինական հիմքերով երեք ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները.

բ) մեկ տարվա ընթացքում մեկ քառորդից ավելի անհարգելի բացակայել են խորհրդի նիստերից:

Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում սույն մասով նախատեսված հիմքերով փաստերն արձանագրելու մասին, և այդ պահից Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի այլ անդամների լիազորությունները համարվում են դադարած:»:

 

Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը, նախագահի տեղակալները և խորհրդի մյուս անդամներն իրենց գույքի և եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:»:

 

Հոդված 22. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Կենտրոնական բանկը, նրա կառավարման մարմինները, ծառայողները, ինչպես նաև որևէ այլ անձ, որը ներկայացնում է Կենտրոնական բանկը կամ պատշաճ կերպով լիազորված է գործելու Կենտրոնական բանկի անունից, չեն կարող պատասխանատվության ենթարկվել (այդ թվում՝ հատուցել վնասներ) ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության կապակցությամբ կայացված որոշման, կատարված գործողության կամ անգործության համար, եթե գործել են օրենքին համապատասխան (bona fide):»:

 

Հոդված 23. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 25. Կենտրոնական բանկի ներքին աուդիտը

 

1. Կենտրոնական բանկում ներքին աուդիտի գործառույթն իրականացնում է Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանումը, որն անկախ է Կենտրոնական բանկի գործառույթներից և հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին:

2. Ներքին աուդիտը Կենտրոնական բանկի խորհրդին, Կենտրոնական բանկի նախագահին և աուդիտի կոմիտեին Կենտրոնական բանկի ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման արդյունավետության վերաբերյալ անկախ և անաչառ գնահատական տվող գործառույթ է:

3. Ներքին աուդիտի ստորաբաժանումը ղեկավարում է գլխավոր աուդիտորը, որին նշանակում և ազատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Ներքին աուդիտի ստորաբաժանումն իր գործունեությունն իրականացնում է սույն օրենքի և Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած կանոնադրության համաձայն և առաջնորդվում Ներքին աուդիտորների ինստիտուտի հրապարակած ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներով և էթիկայի կանոններով:»:

 

Հոդված 24. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

 

«Հոդված 25.1.  Կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեն

 

1. Աուդիտի կոմիտեն գործադիր պարտականություններից և իրավասություններից անկախ մարմին է, որի նպատակն է աջակցել Կենտրոնական բանկի խորհրդին՝ իրականացնելու աուդիտի ոլորտում իր իրավասությունները:

2. Աուդիտի կոմիտեն բաղկացած է Կենտրոնական բանկի խորհրդի երեք անդամից: Կոմիտեի անդամ չեն կարող լինել Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները: Կոմիտեի անդամները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը նրանք կատարում են որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

3. Աուդիտի կոմիտեն հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին:

4. Աուդիտի կոմիտեն հսկողություն է իրականացնում ներքին աուդիտի գործառույթի նկատմամբ, դիտարկում է հավաստիացման արտաքին ծառայություններ մատուցողների, այդ թվում՝ արտաքին աուդիտորի աշխատանքների արդյունքները, ինչպես նաև իրականացնում է աուդիտի կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

5. Աուդիտի կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվող աուդիտի կոմիտեի կանոնադրությամբ:»:

 

Հոդված 25. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «գ» կետի «վերստուգիչ խմբին» բառերը փոխարինել «ներքին աուդիտին» բառերով.

2) 3-րդ մասն «իրականացման» բառից հետո լրացնել «և ֆինանսական կայունության ապահովման» բառերով:

 

Հոդված 26. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում ֆինանսական կայունության ապահովման, վիճակագրության, պատշաճ վերահսկողության իրականացման նպատակով ստեղծվում է բանկերի և վարկային կազմակերպությունների հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ` վարկային ռեգիստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները:»:

 

Հոդված 27. Օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) երկրորդ նախադասության «՝ Կենտրոնական բանկի և սույն մասով սահմանված անձի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով» բառերը փոխարինել «՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2) վերջին նախադասությունը հանել:

 

Հոդված 28. Օրենքի 39.7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այդ պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է՝ ելնելով Կենտրոնական բանկի՝ ֆինանսական համակարգի կարգավորման խնդիրներից ու նպատակներից, և դրանք հանդիսանում են ֆինանսական համակարգի կարգավորիչ միջոցներ:»:

 

Հոդված 29. Օրենքի 43-րդ հոդվածից հանել «դրամավարկային քաղաքականության տարեկան ծրագրից և» բառերը:

 

Հոդված 30. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը «դրամի» բառից հետո լրացնել «հաշվարկային» բառով:

 

Հոդված 31. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում «Նախագահին և Ազգային ժողովին» բառերը փոխարինել «վարչապետին և Ազգային ժողովի նախագահին» բառերով:

 

Հոդված 32. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասը և 18-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը չեն տարածվում Կենտրոնական բանկի գործող նախագահի, տեղակալների և խորհրդի անդամների վրա: Նրանց վրա տարածվում են մինչև սույն օրենքի փոփոխությունները գործող դրույթները:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Հանձնաժողովն ու Կենտրոնական բանկը կնքում են սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված համագործակցության հուշագիրը` կնքելուց առաջ կարծիքի ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան
ՀՕ-313-Ն