Համարը 
ՀՕ-10-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.28
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականությունը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ մասերով.

«6. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենսգրքով սահմանված դեպքերում առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

7. Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ապահովումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ երեխայի իրավունքների արդյունավետ և ամբողջական իրականացմանը, ինչպես նաև երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքի և դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարևորությունը, երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու կարևորությունը, ազգային պատկանելության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում և այլ կարիքները, պահանջները և շահերը (այսուհետ` Երեխայի լավագույն շահեր):

8. Եթե որևէ նորմ կարող է տարաբնույթ կիրառվել, ապա այն կիրառելիս առաջնահերթ հաշվի են առնվում Երեխայի լավագույն շահերը:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում «երեխաներին ընտանիքում տեղավորելու» բառերը փոխարինել «երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության «նրա» բառը փոխարինել «իր» բառով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «չեն ազդում երեխայի իրավունքների վրա» բառերը փոխարինել «չեն սահմանափակում երեխայի իրավունքները» բառերով.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 44-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «շահերը» բառից առաջ լրացնել «իրավունքներն ու» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով։»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 51-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք։».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության մասին:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 53-րդ հոդվածում 1-ին մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «պետք է բացառեն» բառերից հետո լրացնել «ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերից, 54-րդ հոդվածի 3-րդ մասից, 56-րդ հոդվածի 3-րդ մասից, 57-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից, 62-րդ հոդվածի 4-րդ մասից, 66-րդ հոդվածի 2-րդ մասից, 130-րդ հոդվածի 2-րդ մասից և 139-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «տասը տարին լրացած» բառերը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 55-րդ հոդվածում`

1) վերնագրի «պարտականությունը» բառը փոխարինել «իրավունքները և պարտականությունները» բառերով.

2) 1-ին մասը «Խորթ ծնողները» բառերից հետո լրացնել «իրավունք ունեն և» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 59. Ծնողական իրավունքներից զրկելը

 

1. Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`

1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.

2) չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.

3) առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

4) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.

5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.

6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.

7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

8) դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես`

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,

բ. պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:

2. Ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ամրագրված դեպքերը ծնողական իրավունքներից զրկելու հիմք չեն, եթե ծնողը գտնվում է բժշկական հաստատությունում, կարգապահական գումարտակում, ուղղիչ հիմնարկում, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում, մասնակցում է վարժական հավաքներին կամ գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում, գերության մեջ, մեկնել է օտարերկրյա գործուղման, եթե ծնողական իրավունքներից զրկելը չի բխում Երեխայի լավագույն շահերից։ Դատարանը, որպես հարգելի պատճառ, կարող է դիտարկել նաև այլ իրավիճակներ:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 60-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել`

ա. ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը),

բ. խնամակալության և հոգաբարձության մարմինը,

գ. այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված մարմինները և կազմակերպությունները սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից մեկ ամիս հետո:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս հաշվի է առնվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրամադրված՝ երեխայի և ծնողի սոցիալական կարիքների գնահատման մասին եզրակացությունը (դիրքորոշումը):»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 63-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «երեխայի» բառից հետո լրացնել «կենսական» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի ծնողը, մերձավոր ազգականը, երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություն:».

3) 5-րդ մասի «մարմին» բառը փոխարինել «և երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններ» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 67-րդ հոդվածում`

1) վերնագիրը և 1-ին մասը «դաստիարակության» բառից առաջ լրացնել «խնամքի և» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում` նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 6-րդ բաժնի վերնագիրը «ԵՐԵԽԱՆԵՐԻ» բառից հետո լրացնել «ԽՆԱՄՔԻ ԵՎ» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 17-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 109-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ծնողներին անգործունակ» բառերից հետո լրացնել «կամ անհայտ բացակայող» բառերով.

2) 1-ին մասի երկրորդ պարբերության «այդ երեխաներին տեղավորելու ձևերը» բառերը փոխարինել «այդ երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպման ձևերը» բառերով.

3) 1-ին մասի երրորդ պարբերության «տեղավորման» բառը փոխարինել «խնամքի և դաստիարակության կազմակերպման» բառերով.

4) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համայնքի ղեկավարը:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 110-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կազմակերպությունների (նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ հաստատությունների) պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ մասին, անհապաղ հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:».

2) 1-ին մասի երկրորդ պարբերության «տեղավորման» բառը փոխարինել «խնամքի և դաստիարակության կազմակերպման» բառերով.

3) 2-րդ մասի «յոթնօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով.

4) 3-րդ մասի առաջին, երրորդ պարբերությունների «տեղավորումը» բառը, իսկ չորրորդ պարբերության «տեղավորմանը» բառը փոխարինել «խնամքի և դաստիարակության կազմակերպումը» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 111-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 111. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը».

 

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են որդեգրման կամ խնամակալության (հոգաբարձության) միջոցով կամ խնամատար ընտանիքում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում:».

3) 1-ին մասի երկրորդ պարբերության «Երեխային տեղավորելիս» բառերը փոխարինել «Երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելիս» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման հետ կապված բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն Երեխայի լավագույն շահերի ապահովման և նրա կարիքների բազմամասնագիտական գնահատման վրա և համապատասխանեն հետևյալ հիմնական նպատակներին.

1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանեկան միջավայրում, իսկ անհնարինության դեպքում` դրան առավել մոտ միջավայրում.

2) ապահովել երեխայի կրթությունը, խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները, ներառյալ` սոցիալական ու բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները` հաշվի առնելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումները:

1.2. Խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատարության միջոցով, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում) խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում պետք է ապահովված լինեն երեխայի ու նրա ծնողի և մերձավոր ազգականների շփումն ու կապը, բացառությամբ այն դեպքի, երբ այդ շփումը, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին:».

5) 2-րդ մասից հանել «դաստիարակության համար» բառերը և նույն մասի «տեղավորելը» բառը փոխարինել «խնամքը և դաստիարակությունը կազմակերպելը» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու ընթացքում խնամակալության և հոգաբարձության մարմինը շարունակում է համագործակցել նրա ծնողի հետ` հնարավորության դեպքում երեխային ծնողներին վերադարձնելու համար:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 112-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Որդեգրումը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ: Որդեգրումն իրականացվում է` ելնելով Երեխայի լավագույն շահերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման հիման վրա:».

2) 1-ին մասի երկրորդ պարբերության «տեղավորման» բառը փոխարինել «խնամքի և դաստիարակության կազմակերպման» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի որդեգրում թույլատրվում է այն դեպքում, երբ որդեգրողի մոտ առկա է երեխային բուժման և խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու հնարավորությունը:

2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է որդեգրման հանձնվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին տրված՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունն ստանալուց հետո, որը Ոստիկանությունը ներկայացնում է ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:»։

 

Հոդված 21. Օրենսգրքի 113-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է`

ա. որդեգրել ցանկացող անձի, խնամակալության և հոգաբարձության մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում,

բ. որդեգրել ցանկացող անձի, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։».

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության երեխայի որդեգրման դեպքում` կենտրոնական մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին:».

3) 3-րդ մասի երկրորդ պարբերության «վճռի քաղվածքն» բառերը փոխարինել «վճիռը» բառով, իսկ «ըստ վճիռ կայացնելու վայրի:» բառերը՝ «ըստ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:» բառերով.

4) 3-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի վարույթի կարճման կամ երեխայի որդեգրումը մերժելու մասին վճիռ կայացնելու դեպքում դատարանը պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այն ուղարկել գործին մասնակցող անձանց, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, իսկ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում՝ նաև կենտրոնական մարմին:»:

 

Հոդված 22. Օրենսգրքի 114-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ամուսնության մեջ գտնվող անձանցից յուրաքանչյուրը պարտավոր է հաշվառվել որպես որդեգրող:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 116-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Որդեգրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով որպես երեխա որդեգրել ցանկացող հաշվառված չափահաս անձը, որը մասնակցել է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախապատրաստական դասընթացներին, բացառությամբ՝».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Երեխա որդեգրել ցանկացող անձին հոգեբանական, մանկավարժական և իրավական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը իրականացնում է անվճար նախապատրաստական դասընթացներ։

5. Նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությանը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախապատրաստական դասընթացների մասնակցությունը պարտադիր չէ այն անձանց համար, որոնք երեխային որդեգրում են ծնողի գրավոր համաձայնության հիման վրա:

6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված դասընթացները օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվում են վճարովի հիմունքներով` օտարերկրյա պետությունում նման դասընթացներին մասնակցելը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում:»։

 

Հոդված 24. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 118-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 118. Երեխային որդեգրելու համար ծնողների հրաժարումը կամ համաձայնությունը

 

1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է`

1) ծնողների գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ

2) ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երեխա որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ երեխան ունի միայն մեկ ծնող: Ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխան կարող է որդեգրվել միայն խորթ հոր կամ խորթ մոր կամ մերձավոր ազգականների կողմից: Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը։

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում որդեգրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը կամ ծնողների՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությունն արտահայտվում է երեխայի ծնողների ներկայացրած դիմումով, որը կազմվում է բացառապես երեխայի գտնվելու վայրի կամ դրա անհնարինության դեպքում՝ ծնողների գտնվելու վայրի տարածքի սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ, հաստատվում այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է երեխան, կամ նոտարի կողմից, եթե դիմումը կազմվում է երեխայի խնամատար ընտանիքի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ ծնողների գտնվելու վայրում։

6. Դիմումի ձևը հաստատվում է կառավարության լիազորած մարմնի իրավական ակտով:

7. Ծնողները կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված գրավոր հրաժարումը կամ համաձայնությունը մինչև նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 120-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «, խնամատար ծնողների» բառերը.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 27. Օրենսգրքի 122-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 28. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ազգանունը,» բառը և նույն մասը «ցուցումով» բառից հետո լրացնել «, իսկ ազգանունը՝ որդեգրող անձի ազգանվամբ» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. 18 տարին լրացած անձն իրավունք ունի իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում` ազգության, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները այդպիսի տեղեկություններ կարող են տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել ապանձնավորված:

4. Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 30. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 128.1-ին հոդվածով.

 

«Հոդված 128.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունը

 

1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և մարզպետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) կողմից` համատեղ, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին): Հայաստանի Հանրապետությունից այլ պետությունում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ մյուս պետության օրենքով։

2. Որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության նպատակն է նպաստել երեխայի ինտեգրմանը և բարեկեցությանը, ինչպես նաև իրավունքների և շահերի ոտնահարման կանխարգելմանը որդեգրողի ընտանիքում:

3. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:

4. Որդեգրված երեխայի բնակության վայրի փոփոխության դեպքում որդեգրողը պարտավոր է բնակության վայրի փոփոխությունից հետո՝ առնվազն մեկ ամսվա ընթացքում, տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմնին։

5. Վերահսկողության ժամանակահատվածում որդեգրողը պարտավոր է աջակցել վերահսկողություն իրականացնող մարմնին որդեգրված երեխայի մասին տեղեկատվություն ձեռք բերելու գործընթացում:

6. Վերահսկողությունն իրականացնող մարմինն իրավունք ունի`

1) սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի (այսուհետ` սեփականատեր) համաձայնությամբ մուտք գործելու երեխայի բնակության վայր.

2) ուսումնասիրելու երեխայի կենսապայմանները և դրանց ապահովվածությունը.

3) անարգել շփվելու երեխայի և որդեգրողի (որդեգրողների), ինչպես նաև նրա մերձավոր ազգականների, հարևանների, կրթական հաստատությունների աշխատակիցների հետ` պահպանելով որդեգրման գաղտնիությունը.

4) կատարելու Երեխայի լավագույն շահերից բխող՝ օրենքով նախատեսված այլ գործողություններ:

7. Այն դեպքում, երբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից երեխայի բնակության վայր մուտք գործելը նպատակ է հետապնդում կանխել երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով սահմանված համաձայնությունը բացակայում է, ապա վերահսկողություն իրականացնող մարմինը Ոստիկանության աջակցությամբ և բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ իրավունք ունի մուտք գործելու երեխայի բնակության վայր:

8. Բնակության վայր մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են արձանագրության կազմման օրը և ժամը, բնակարանի գտնվելու վայրը, գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները և իրականացված գործողությունները։

9. Արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ հանձնվում է բնակարանի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին։

10. Եթե վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում Ոստիկանության աջակցությամբ մուտք է գործել երեխայի բնակության վայր դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողություններն ավարտելուց հետո Ոստիկանության կողմից ապահովվում է բնակարանի հետագա պահպանությունը` մինչև երեք ժամ տևողությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ բնակելի տարածքում գտնվում է այն օգտագործելու իրավունք ունեցող չափահաս անձը: Համապատասխան գործողությունները կատարելուց հետո կամ երեք ժամը լրանալուց հետո երեխայի բնակվելու վայրի բանալիներն ի պահ են տրվում բազմաբնակարան շենքի կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին Ոստիկանության կնիքով կնքված փակ ծրարով, որն առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում է տվյալ բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք ունեցող չափահաս անձին: Եթե երեխայի բնակության վայր մուտք գործելն իրականացվել է մուտքի դուռը վնասելով, ապա մինչև բանալիները ի պահ հանձնելը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը միջոցներ է ձեռնարկում մուտքի դուռը վերանորոգելու ուղղությամբ:»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 130-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը` երեխայի որդեգրումը կարող է վերացվել, եթե որդեգրողը`

1) խուսափում է իր վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց.

2) չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.

3) երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու համար որդեգրողը վարչական պատասխանատվության է ենթարկվել և 15-օրյա ժամկետում չի կատարել ստանձնած պարտավորությունը.

4) առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

5) մեկ տարի անընդմեջ առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.

6) չարաշահում է իր ծնողական իրավունքները, այդ թվում` իր վարքագծով վնասակար ազդեցություն է գործում երեխայի վրա.

7) տառապում է քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.

8) տառապում է քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

9) դաժանաբար է վարվում երեխայի հետ, մասնավորապես`

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,

բ. հոգեբանական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը.

10) դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու հիմքով դատարանի համապատասխան վճիռը նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վերացվել է, և այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով.

11) դատարանի դատական ակտի համաձայն անգործունակ ճանաչված ծնողի գործունակությունը վերականգնվել է, և այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով:»:

2. Որդեգրումը վերացվում է, եթե որդեգրողը դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:»:

 

Հոդված 32. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով վերադարձվում է ծնողներին։ Եթե ծնողները բացակայում են, կամ երեխային ծնողներին վերադարձնելը հակասում է նրա շահերին, ապա երեխայի խնամքի կազմակերպման պարտականությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 134-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Խնամակալների և հոգաբարձուների ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սույն օրենսգրքի 139.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 34. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում, 72-րդ հոդվածի 2-րդ մասում, 109-րդ հոդվածի 1-ին մասում, 110-րդ հոդվածի 2-րդ մասում, 136-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասի առաջին պարբերությունում «ազգաբնակչության» բառը փոխարինել «բնակչության» բառով:

 

Հոդված 35. Օրենսգրքի 20-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 20.

ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

 

Հոդված 137. Խնամատարությունը

 

1. Խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է այլ ընտանեկան միջավայրում իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված, որակավորված անձի միջոցով մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը: Սույն մասով սահմանված անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և վերապատրաստման կարգը, ինչպես նաև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացող վիճակի փոփոխումն ու դրա չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Այն անձը, որը խնամքի և դաստիարակության պարտավորություն է ստանձնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի նկատմամբ, համարվում է խնամատար ծնող: Այն երեխան, որի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են խնամատար ընտանիքում, համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողից և հոգեզավակից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք:

3. Խնամատար ընտանիքում խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են խնամատարության պայմանագրով նախատեսված ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև երեխայի 18 տարին լրանալը։ Խնամատարությունը կարող է իրականացվել մինչև 23 տարեկանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

4. Սուր կամ քրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կարող են կազմակերպվել, եթե վերջինս անցել է հաշմանդամություն կամ այլ հատուկ կարիք կամ դաստիարակության դժվարություն ունեցող երեխային խնամելու և դաստիարակելու համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև ունի երեխայի կարիքներին համապատասխանող կենցաղային և այլ անհրաժեշտ պայմաններ:

5. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման հնարավորությունը դիտարկվում է նախքան երեխայի խնամքը և դաստիարակությունը դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունում կազմակերպելը:

6. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպումը հիմք չէ երեխային որդեգրելը կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնելը մերժելու համար։

7. Երեխայի ծնողն իրավունք ունի մասնակցելու իր երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու գործընթացին, եթե դա չի հակասում երեխայի շահերին:

8. Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու դեպքում երեխայի ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են կապ պահպանել երեխայի հետ, եթե նրանք դատական կարգով չեն զրկվել ծնողական իրավունքներից, և եթե այդ կապի պահպանումը բխում է երեխայի շահերից: Ծնողն իրավունք ունի վարչական կամ դատական կարգով վիճարկելու երեխային խնամատարության հանձնելու որոշումը:

9. Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելը չի սահմանափակում նաև մերձավոր ազգականների` երեխայի հետ կապ պահպանելու իրավունքը, եթե կապի պահպանումը բխում է երեխայի շահերից:

10. Եթե ծնողը գտնվում է արգելանքի տակ, ապա Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանները, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանը պարտավոր են տեղեկացնել ծնողին երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատարության տեսակի, խնամքի և դաստիարակության ընթացքի և երեխային վերաբերող այլ որոշումների մասին դրանց ընդունումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Խնամատար ընտանիքի ընտրությունը Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնում են մարզպետարանները, իսկ Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը։

12. Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 137.1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագիրը

 

1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը իրականացվում են երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի (այսուհետ` Խնամատարության պայմանագիր) հիման վրա:

2. Խնամատարության պայմանագիրը ծնողների (երեխայի այլ օրինական ներկայացուցչի), խնամատար ծնողի և Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիր է:

3. Ծնողը չի կարող հանդես գալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ, եթե նա`

1) դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից.

2) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

3) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած:

4. Ծնողը կարող է հանդես չգալ որպես Խնամատարության պայմանագրի կողմ արգելանքի տակ գտնվելու, ծանր հիվանդության կամ ներկայանալու անհնարինության հիմնավոր պատճառով` այդ մասին գրավոր հայտնելով Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետարաններ, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան:

5. Խնամատարության պայմանագրով սահմանվում են երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այդ պայմանագրի ժամկետի երկարաձգման, դադարման հիմքերն ու հետևանքները։

6. Խնամատարության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերի համաձայնությամբ`

1) խնամատար ծնողների նախաձեռնությամբ` հարգելի պատճառների (հիվանդության, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխման, հոգեզավակի հետ փոխըմբռնման բացակայության, երեխաների անհամատեղելիության և այլն) առկայության դեպքում.

2) երեխայի ծնողի (օրինական ներկայացուցչի) պահանջով` խնամատարության կիրառման համար հիմք հանդիսացած պատճառի վերացման, այդ թվում` ընտանիքի հետ վերամիավորման դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության մարզերում՝ մարզպետարանների, իսկ Երևանում քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ խնամատար ընտանիքում երեխայի խնամքն ապահովելու, նրան դաստիարակելու և կրթություն ստանալու համար անբարենպաստ պայմաններ առաջանալու կամ երեխային ծնողներին վերադարձնելու կամ ազգականների խնամակալությանը (հոգաբարձությանը) հանձնելու կամ երեխային որդեգրելու դեպքերում:

7. Խնամատարության պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 138. Հոգեզավակը

 

1. Հոգեզավակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխան է, որի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են խնամատար ընտանիքում։

2. Արգելվում է եղբայրների և քույրերի խնամքը և դաստիարակությունը տարբեր խնամատար ընտանիքներում կազմակերպելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է նրանց կամ նրանցից մեկի շահերից։

3. Հոգեզավակը պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի, բնակելի տարածության սեփականության օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակելի տարածություն ստանալու իրավունքը։ Հոգեզավակը պահպանում է նաև սույն օրենսգրքի 42-44-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները։

4. Հոգեզավակի ալիմենտի համար վճարները և կենսաթոշակը տնօրինում է խնամատար ծնողը` հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը: Խնամատար ծնողը գումարի ծախսման մասին վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից հարցում ստանալու դեպքում այդ մասին տալիս է համապատասխան տեղեկատվություն:

5. Հոգեզավակի որդեգրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով: Որդեգրման պահից Խնամատարության պայմանագիրը դադարում է:

6. Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին:

 

Հոդված 138.1. Խնամատար ծնողները

 

1. Խնամատար ծնող կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, բացառությամբ`

1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

2) ամուսինների, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ սահմանափակ ծնողական իրավունքներով անձանց.

4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.

5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատական կարգով վերացվել է նրանց մեղքով.

6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական պարտականություններ.

7) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին.

8) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն` մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար.

9) այն անձանց, որոնք կախվածություն ունեն ալկոհոլից, թմրանյութերից, տառապում են թունամոլությամբ կամ զբաղվում են մարմնավաճառությամբ և հաշվառված են համապատասխան բժշկական կազմակերպությունում կամ ոստիկանությունում համապատասխան ստորաբաժանման կողմից։

2. Խնամատար ծնողները հոգեզավակի նկատմամբ ձեռք են բերում խնամակալի իրավունքներ ու պարտականություններ:

 

Հոդված 139. Խնամատար ընտանիքի տեսակները և խնամատարության ժամկետները

 

1. Խնամատար ընտանիքի տեսակներն են`

1) մասնագիտացված խնամատար ընտանիքը, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով տառապող, խոր սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները.

2) ճգնաժամային խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են`

ա. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) ծանր հիվանդության դեպքում,

բ. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) կալանավորման կամ ազատազրկման դեպքում, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել,

գ. եթե երեխային պետք է անհապաղ առանձնացնել ծնողից (այլ օրինական ներկայացուցչից) վերջինիս գործողության կամ անգործության հետևանքով երեխայի կյանքին կամ առողջությանն սպառնացող անմիջական վտանգի դեպքում,

դ. եթե տարերային կամ տեխնածին աղետի հետևանքով երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) համար անհնար է իրականացնել կամ ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը,

ե. եթե ծնողը (այլ օրինական ներկայացուցիչը) հոգ չի տանում երեխայի մասին, այդ թվում` չի ապահովում նրա պատշաճ խնամքը և դաստիարակությունը,

զ. ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում, եթե ծնողները համաձայնություն ձեռք չեն բերել երեխայի բնակության վայրի կամ տեսակցությունների վերաբերյալ.

3) արձակուրդային խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր տևողությամբ, այդ թվում` ոչ աշխատանքային` տոնական, հիշատակի և հանգստյան օրերին: Արձակուրդային խնամատարությունը կազմակերպվում է դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը հոգալու և կազմակերպելու կամ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (այլ օրինական ներկայացուցչին) աջակցելու նպատակով.

4) ընդհանուր խնամատար ընտանիքը, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել այն դեպքում, երբ առկա չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքներ ընտրելու հիմքերը:

2. Մասնագիտացված խնամատարությունը կարող է իրականացվել նաև 18-23 տարեկան անձանց նկատմամբ` որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ճգնաժամային խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպվում է ընդհանուր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխայի մերձավոր ազգականը գրավոր համաձայնություն է տալիս երեխայի խնամքը և դաստիարակությունն ստանձնելու մասին: Այդ դեպքում, հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը և երեխայի խնամատարությունն ստանձնելու ցանկություն հայտնած մերձավոր ազգականի` օրենքով սահմանված պահանջներին համապատասխանությունը, երեխան ճգնաժամային խնամատարության հանձնվում է այդ մերձավոր ազգականին: Ճգնաժամային խնամատարությունը կազմակերպվում է մինչև մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` ևս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ: Այն համարվում է անցումային փուլ, որի ընթացքում պետք է որոշվեն երեխայի հետագա խնամքի ձևը, ժամկետներն ու պայմանները:

4. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ և երկարաժամկետ մինչև երեխայի չափահաս դառնալը: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խնամատար ընտանիքները կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքները՝ միայն կարճաժամկետ, իսկ 4-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքները` միայն երկարաժամկետ:

5. Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչև մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` ևս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը և դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:

6. Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի և ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:

 

Հոդված 139.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողությունը

 

1. Խնամատար ծնողի ստանձնած պարտականությունների և հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների վերահսկողություն։

2. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում:

3. Վերահսկողության ժամանակահատվածում խնամատար ծնողը վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացուցչին սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրամադրում է հոգեզավակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը ձեռք բերելուն խոչընդոտելու դեպքում վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի ներկայացուցիչը պարտավոր է այդ տեղեկությունն ստանալ անձամբ երեխայից:

5. Վերահսկողությունն իրականացվում է՝

1) երեխայի, խնամատար ծնողի հետ պարբերաբար հանդիպումների և հարցազրույցների միջոցով.

2) խնամատար ընտանիք պարբերաբար այցելությունների, մշտադիտարկման (մոնիտորինգ), տեղում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով:

6. Վերահսկողության ընթացքում կիրառվում են սույն օրենսգրքի 128.1-ին հոդվածի 6-10-րդ մասերով սահմանված դրույթները:

7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո` եռօրյա ժամկետում` տեղեկացնելով նաև Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին։

8. Վերահսկողության կարգը, խնամատար ընտանիքի հետ հանդիպումների և այցելությունների պարբերականությունը, ուսումնասիրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 140. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները

 

1. Խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով վճարվում են դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով և չափով:

2. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները կազմված են`

1) երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներից.

2) երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրությունից:

3. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները չեն կարող պակաս լինել մեկ երեխայի համար նախատեսված` պետության հոգածության կենտրոններում երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության համար գումարի չափից:»:

 

Հոդված 36. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթների:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող` Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 19-րդ հոդվածի 7-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը, 23-րդ հոդվածը, 29-րդ հոդվածը, 31-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող` Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 35-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող` Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը և 12-րդ մասը, 139-րդ հոդվածի 2-րդ մասը և 139.1-ին հոդվածի 8-րդ մասն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և սույն օրենքով նախատեսված մարմիններն ընդունում են սույն օրենքով նախատեսված ակտերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-10-Ն