Համարը 
ՀՕ-440-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.11.29/52(227) Հոդ.1216
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.11.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 5-ին

ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքն ուսումնասիրության և (կամ) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու կարգը, ինչպես նաև կարգավորում է հանքային իրավունքների շուրջ ծագող իրավահարաբերությունները:

Հոդված 2. Միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ընդերքի տեղամաս` երկրի մակերեսին սահմանագծված որոշակի տարածքի տակ գտնվող ընդերքի հատված.

հողատարածք` երկրի մակերևույթի որոշակի հատված.

հանքարդյունահանում` հանքավայրից ընդերքում պարփակված օգտակար հանածոյի արդյունահանում (շահագործում).

հանքարդյունահանման լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնել հանքարդյունահանում: Այն տրամադրվում է 12 տարին չգերազանցող ժամկետով.

հանքարդյունահանման հատուկ լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնել հանքարդյունահանում: Այն տրամադրվում է ավելի քան 12 տարի, բայց 25 տարին չգերազանցող ժամկետով, և դրա ձեռքբերողի առաջարկությամբ կարող է կնքվել սույն օրենքով սահմանված կոնցեսիոն պայմանագիր.

ընդերքի ուսումնասիրություն` օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման աշխատանքներ, ինչպես նաև շահագործվող հանքավայրերի լրահետախուզման և շահագործական հետախուզության աշխատանքներ` օգտակար հանածոների լրացուցիչ պաշարների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման, ինչպես նաև շահագործման ընթացքում պաշարների շարժի հաշվառման և ռացիոնալ օգտագործման նպատակով.

ուսումնասիրության լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնել ընդերքի ուսումնասիրություն: Այն տրամադրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով.

ուսումնասիրության հատուկ լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնել ընդերքի ուսումնասիրություն: Այն տրամադրվում է ավելի քան 3 տարի, բայց 5 տարին չգերազանցող ժամկետով, և դրա ձեռքբերողի առաջարկությամբ կարող է կնքվել սույն օրենքով սահմանված Կայունացման պայմանագիր.

հանքային իրավունքներ` ուսումնասիրության հատուկ լիցենզիայով, ուսումնասիրության լիցենզիայով, հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով, հանքարդյունահանման լիցենզիայով հավաստվող ընդերքի որոշակի տեղամասի ուսումնասիրության և շահագործման բացառիկ իրավունքներ.

լիցենզառու` հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտ.

տնտեսավարող սուբյեկտ` Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր և (կամ) առևտրային կազմակերպություն, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպություն.

հանքարդյունահանման համալիր` լիցենզառուի կողմից հանքարդյունահանման և վերամշակման նպատակով կառուցված շենք, շինություն, տեղակայված սարքավորումներ, հաղորդակցուղիներ և (կամ) այլ գույք.

հանքարդյունահանման ծրագիր` ընդերքից տվյալ օգտակար հանածոյի արդյունահանման համար անհրաժեշտ եղանակների, մեթոդների և ժամկետների, ինչպես նաև աշխատանքների անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսվող միջոցառումների համառոտ նախագիծ.

ուսումնասիրության ծրագիր` ընդերքում պարփակված տվյալ օգտակար հանածոյի երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ մեթոդների, եղանակների և ժամկետների, ինչպես նաև աշխատանքների անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության համար նախատեսվող միջոցառումների համառոտ նախագիծ.

ծրագիր` հանքարդյունահանման ծրագիր և (կամ) ուսումնասիրության ծրագիր.

նախագիծ` սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված երկրաբանական ուսումնասիրության և (կամ) հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագիծ.

էական խախտում` ուսումնասիրության կամ հանքարդյունահանման աշխատանքների նախագծերի իրականացմանը, տեխնոլոգիական նորմերի, նորմատիվների, ժամկետների, անվտանգության կանոնների պահպանմանը, ֆինանսական պարտավորությունների կատարմանն առնչվող խախտում.

լիցենզային պայմանագիր` լիազոր մարմնի և լիցենզառուի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են տվյալ հանքային իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

Կոնցեսիոն պայմանագիր` Հայաստանի Հանրապետության (հանձինս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի) և հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով կարգավորվում են կողմերի` սույն օրենքով սահմանված պարտավորությունները.

Կայունացման պայմանագիր` Հայաստանի Հանրապետության (հանձինս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի) և ուսումնասիրության հատուկ լիցենզառուի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով կարգավորվում են կողմերի` սույն օրենքով սահմանված պարտավորությունները:

Սույն օրենքում օգտագործվող և սույն հոդվածով չսահմանված հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:

Հոդված 4. Ընդերքի ուսումնասիրության և հանքարդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման տրամադրման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը

Ընդերքի ուսումնասիրության և հանքարդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման տրամադրման բնագավառի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Հոդված 5. Լիազոր մարմնի խնդիրները

Լիազոր մարմնի խնդիրներն են`

1) ընդերքի ռացիոնալ օգտագործման,

2) ուսումնասիրման և հանքարդյունահանման արդյունավետ իրականացման,

3) հանքավայրերի անվտանգ շահագործման,

4) շրջակա միջավայրի պահպանության ապահովումը:

Հոդված 6. Լիազոր մարմնի իրավասությունները

Լիազոր մարմնի իրավասություններն են`

1) սույն օրենքի համաձայն` հանքային իրավունքների և թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև այդ իրավունքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

2) ընդերքի օգտագործման բնագավառում գործող օրենսդրության համաձայն` ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակումը և իր իրավասության սահմաններում դրանց ընդունումը, փոփոխումը, ուժը կորցրած ճանաչումը.

3) հանքահումքային հենքի զարգացման ծրագրերի մշակումը և գործադրումը.

4) սույն օրենքով նախատեսված պայմանագրեր նախապատրաստելը, պետության անունից դրանց շուրջ բանակցելը և լիցենզառուների հետ պայմանագրեր կնքելը.

5) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը.

6) ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական փորձաքննության իրականացումը.

7) ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի ցանկը կազմելը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

8) ընդերքի այն տեղամասերի ցանկը կազմելը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը, որոնց նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիաների տրամադրումն իրականացվում է մրցույթով.

9) օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրված տեղամասերի պետական հաշվառումը, օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարումը.

10) ընդերքի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.

11) ընդերքի օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

12) Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության հանքահումքային հենքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

13) ընդերքի օգտագործման բնագավառում իր իրավասության շրջանակներում միջազգային համագործակցության իրականացումը:

Հոդված 7. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը

1. Հանքային իրավունքների տրամադրման վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացության ապահովման նպատակով ստեղծվում է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով:

2. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը բաղկացած է ինն անդամից: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Հանձնաժողովի 3 անդամներ նշանակվում են պետական մարմիններից, իսկ վեցը` տվյալ ոլորտի հեղինակավոր գիտնականներից և մասնագետներից: Հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատած կանոնակարգը:

3. Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովը լիազոր մարմնին եզրակացություն է տալիս վերջինիս կողմից դրական կարծիքի արժանացած ուսումնասիրության հատուկ և հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների դիմումների վերաբերյալ, բացառությամբ մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիաների: Հանձնաժողովը եզրակացությունները տալիս է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Այն դեպքում, երբ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի եզրակացությունը տարբերվում է լիազոր մարմնի կարծիքից, ապա լիազոր մարմինը տվյալ հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Հոդված 8. Երկրաբանական այլ ուսումնասիրություններ

1. Լիազոր մարմինը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված և սույն օրենքով չկարգավորվող երկրաբանական այլ ուսումնասիրություններ: Այդ նպատակով լիազոր մարմինն իրավունք ունի մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով լիցենզառուին:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով լիազոր մարմինն իրավունք ունի ընդերքի տեղամասում անցնել լեռնային փորվածքներ, հորատել հորատանցքեր և իրականացնել այլ երկրաբանահետախուզական աշխատանքներ, կատարել նմուշարկման աշխատանքներ, տեղակայել աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ և սարքավորումներ:

3. Հանքային իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասում հորատանցքեր, լեռնային փորվածքներ, օգտակար հանածոների նմուշարկում պահանջող աշխատանքները կարող են իրականացվել միայն լիցենզառուի հետ փոխհամաձայնեցված երկրաբանական ուսումնասիրությունների նախագծի հիման վրա:

4. Իրականացված աշխատանքների արդյունքում լիցենզառուի կրած վնասները ենթակա են համարժեք փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Տեղեկատվության բացահայտման սահմանափակումը

1. Լիցենզառուի կողմից լիազոր մարմին ներկայացված` ընդերքի տեղամասին վերաբերող տեղեկատվությունը չի կարող բացահայտվել առանց լիցենզառուի համաձայնության, քանի դեռ ուժի մեջ են տվյալ ընդերքի տեղամասի նկատմամբ նրա ունեցած իրավունքները:

2. Տեղեկատվության բացահայտման արգելքը չի գործում, եթե տեղեկատվությունը տրամադրվում է`

1) սույն օրենքի դրույթները կիրառելու նպատակով.

2) տվյալ հանքային իրավունքին առնչվող դատավարական գործընթացների նպատակով.

3) սույն օրենքի համաձայն` վեճերը քննելու նպատակով.

4) հանքային իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով:

ԲԱԺԻՆ II

ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 10. Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման իրավունքը

1. Ընդերքի ուսումնասիրության աշխատանքներ կամ հանքարդյունահանում կարող է իրականացվել միայն սույն օրենքի համաձայն տրամադրված հանքային իրավունքների կամ սույն օրենքով նախատեսված այլ իրավասության առկայության դեպքում:

2. Լիազոր մարմինը կարող է հանքային իրավունքի օբյեկտ չհամարվող տարածքի նկատմամբ տալ օդից կամ տվյալ տարածք մուտք գործելու միջոցով այն ուսումնասիրելու գրավոր արտոնություն` աշխատանքների ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնելու պայմանով: Նման արտոնության ստացումը չի ենթադրում լիցենզիաներով հավաստվող հանքային բացառիկ իրավունքի ձեռքբերում:

3. Սույն օրենքի պահանջներին համապատասխան դիմում ներկայացրած ցանկացած տնտեսավարող սուբյեկտին կարող է, կախված հայցվող լիցենզիայի ժամկետից, տրամադրվել ուսումնասիրության հատուկ լիցենզիա, ուսումնասիրության լիցենզիա, հանքարդյունահանման հատուկ լիցենզիա, հանքարդյունահանման լիցենզիա: Յուրաքանչյուր տեսակի լիցենզիայի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

4. Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզիա հայցելու նպատակով, ներկայացված դիմումի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում, լիազոր մարմինը, սույն օրենքով սահմանված կարգով, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա լիցենզիան համարվում է տրված:

Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա (բացառությամբ մրցույթի միջոցով տրամադրվող լիցենզիաների) հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից 15 օրվա ընթացքում լիազոր մարմինն Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով է ներկայացնում 7-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված դիմումի վերաբերյալ կարծիքը: Եթե Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի եզրակացությունը դիմումի վերաբերյալ դրական է, ապա լիազոր մարմինը 7-օրյա ժամկետում որոշում է կայացնում լիցենզիա տրամադրելու մասին: Եթե Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի եզրակացությունը բացասական է, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տվյալ հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: Դիմումի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պաշտոնական հրապարակման պահից եռօրյա ժամկետում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան տրամադրում է լիցենզիան կամ մերժում է դիմումը:

5. Լիցենզիան տրվում է անմիջապես` օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

6. Հանքային իրավունք կրողի և լիազոր մարմնի միջև կնքվում է լիցենզային պայմանագիր: Լիցենզային պայմանագիրը, ինչպես նաև սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված նախագիծը հանդիսանում են տվյալ հանքային իրավունքը հավաստող լիցենզիայի անբաժանելի մասը: Լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը: Լիցենզիայի տրման և լիցենզային պայմանագրի կնքման միջև ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել`

1) ուսումնասիրության հատուկ լիցենզիայի համար` 5 ամիսը.

2) ուսումնասիրության լիցենզիայի համար` 2 ամիսը.

3) հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի համար` 9 ամիսը, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքի.

4) հանքարդյունահանման լիցենզիայի համար` 6 ամիսը, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքի.

5) օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվող պաշարների վերահաստատման անհրաժեշտության դեպքում պաշարների վերահաստատումից հետո` 9 ամիսը.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվող պաշարների վերահաստատման անհրաժեշտության դեպքում պաշարների վերահաստատումից հետո` 6 ամիսը:

7. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուի և լիազոր մարմնի միջև կարող է կնքվել Կայունացման պայմանագիր, իսկ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի և լիազոր մարմնի միջև` նաև Կոնցեսիոն պայմանագիր` սույն օրենքով սահմանված դեպքերում: Նշված պայմանագրերի կնքման վերաբերյալ առաջարկը ներկայացնում է լիցենզառուն:

8. Սույն օրենքի VI բաժնի համաձայն կարող է տրամադրվել նաև առանց լիցենզավորման հանքարդյունահանում իրականացնելու թույլտվություն:

Հոդված 11. Փոխանցելի հանքային իրավունքները

1. Բոլոր հանքային իրավունքները փոխանցելի են: Հանքային իրավունքների փոխանցման կարգը սահմանվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դրույթը չի վերաբերում առանց լիցենզավորման հանքարդյունահանում իրականացնելու թույլտվությանը:

ԲԱԺԻՆ III

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1.

ՈԻՍՈԻՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Հոդված 12. Ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու դիմումը

1. Ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:

2. Դիմումին կից ներկայացվում են`

1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) սահմանված կարգով ստացված երկրաբանական տեղեկատվության հիման վրա ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որի վրա ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը և այդ ընդերքի տեղամասի հատակագիծը.

3) այն օգտակար հանածոների ցանկը, որոնք դիմումատուն ցանկանում է ուսումնասիրել.

4) ուսումնասիրության առաջարկվող ծրագիրը.

5) դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած հանքային իրավունքի մասին տվյալներ.

6) դիմումատուի կառավարմանը մասնակցող անձանց և բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերի անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), ինչպես նաև նրանց վերաբերյալ այլ տեղեկություններ` լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան:

Սույն օրենքի իմաստով` բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր է յուրաքանչյուր անձ, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմումատուի` որևէ դասի բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը:

7) այլ տեղեկություններ դիմումատուի հայեցողությամբ:

3. Սույն օրենքով սահմանված ձևով ներկայացված ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումն անմիջապես գրանցվում է գրանցամատյանում: Նման գրանցում ստացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում է ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին:

Հոդված 13. Դիմումի վերաբերյալ որոշման կայացումը

1. Ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմում ներկայացրած դիմումատուին տրամադրվում է ուսումնասիրության հատուկ լիցենզիա, եթե`

1) ընդերքի այն տեղամասը, որի համար նա դիմել է, կամ դրա մի մասը այլ հանքային իրավունքի օբյեկտ չէ.

2) ընդերքի տեղամասն ընդգրկված չէ լիազոր մարմնի նախանշած ընդերքի այն տեղամասերի սահմաններում, որոնց նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիաների տրամադրումը նախատեսված է մրցույթով.

3) ընդերքի տեղամասն ընդգրկված չէ ընդերքի այն տեղամասի սահմաններում, որի համար դիմում է ներկայացրել սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն նախապատվության իրավունք ունեցող անձը.

4) նրա ներկայացրած դիմումի վերաբերյալ առկա է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

2. Եթե երկու կամ ավելի դիմում է ներկայացվել ընդերքի միևնույն տեղամասի կամ ընդերքի այնպիսի տեղամասերի համար, որոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվություն է տրվում այն անձին, որի դիմումը, 12-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, առաջինն է գրանցվել: Համաձայն սույն հոդվածի առաջին մասի` նրան տրվում է ուսումնասիրության հատուկ լիցենզիա:

3. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`

1) սույն օրենքով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած որևէ հանքային իրավունք.

2) դիմումը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված ձևին.

3) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

4) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված պահանջները:

Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը տասնօրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, պարտավոր է վերացնել նշված թերությունները: Եթե դրանք սահմանված ժամկետում չի վերացրել դիմումատուն, ապա լիազոր մարմինն իրավունք ունի այդ հիմքով մերժել դիմումը:

Եթե դիմումի բավարարման մասին ծանուցումն ստանալու պահից 30 օրվա ընթացքում դիմումատուն լիազոր մարմնին չի տեղեկացնում առաջարկված լիցենզիայի ընդունման իր ցանկության մասին, ապա լիազոր մարմինը որոշում է ընդունում դիմումն այդ հիմքով մերժելու մասին:

Սույն մասով չսահմանված այլ պատճառներով դիմումի մերժումն արգելվում է:

Դիմումի մերժման դեպքում ծանուցման մեջ նշվում են մերժման պատճառները:

4. Սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կանոնները կիրառվում են բոլոր տեսակի լիցենզիաների տրամադրման դեպքում:

Հոդված 14. Մրցույթի միջոցով տրամադրվող ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան` ընդերքի առանձին, ռազմավարական նշանակություն ունեցող տեղամասերի նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիաները տրամադրվում են մրցույթով: Մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի նախագահությամբ ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի նախագահը կամ նրա ներկայացմամբ` հանձնաժողովի անդամներից մեկը:

2. Մրցութային հանձնաժողովը ոչ պակաս, քան 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում հայտարարություն հրապարակելու միջոցով տեղեկացնում է տվյալ տարածքի նկատմամբ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի տրամադրման համար մրցույթ անցկացնելու մասին: Նման հայտարարությունը պետք է ներառի մրցույթի պայմանները և դրան մասնակցելու համար հայտերի ներկայացման ժամկետը: Այդ ժամկետը չի կարող մեկ ամսից պակաս լինել:

3. Մրցույթին մասնակցելու հայտերը, համաձայն մրցույթի պայմանների, պետք է ներառեն 12-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով` դիմումների համար նախատեսված պահանջները:

4. Մրցութային հանձնաժողովը 14 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացված հայտերը և սահմանված կարգով ընդունում է որոշում: Հաղթող է ճանաչվում այն հայտը, որն առավելագույնս է խթանում տարածքի հանքահումքային հենքի արագ և շահավետ շահագործումը, ապահովում շրջակա միջավայրի վրա հնարավոր վնասակար ազդեցությունների նվազեցումը` հաշվի առնելով`

1) ուսումնասիրության ծրագիրը.

2) հայտատուի ֆինանսական և տեխնիկական միջոցները.

3) հայտատուի ունեցած փորձը ուսումնասիրության և հանքարդյունահանման ոլորտում.

4) մրցույթի անցկացման կարգով սահմանված այլ չափանիշներ:

Սույն մասում սահմանված ժամկետի ավարտման օրը մրցույթի արդյունքները մրցութային հանձնաժողովը հրապարակում է մրցույթին մասնակցելու հայտեր ներկայացրած հայտատուների ներկայությամբ:

Հոդված 15. Ուսումնասիրության հատուկ լիցենզիայի ժամկետը և դրա երկարաձգումը

1. Ուսումնասիրության հատուկ լիցենզիան տրվում է երեքից հինգ տարի ժամկետով:

2. Լիազոր մարմինը ուսումնասիրության հատուկ լիցենզառուի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգել ուսումնասիրության հատուկ լիցենզիայի ժամկետը միմյանց հաջորդող երկու ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ երկու տարուց ոչ ավելի ժամկետով, եթե`

1) լիցենզառուն չի կատարել էական խախտում.

2) լիցենզառուն ներկայացնում է անհրաժեշտ հիմնավորումներ ուսումնասիրությունները շարունակելու համար:

Հոդված 16. Ուսումնասիրության հատուկ լիցենզիայի բովանդակությունը

Ուսումնասիրության հատուկ լիցենզիան մասնավորապես ներառում է`

1) լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.

2) կոորդինատային համակարգով առանձնացված ընդերքի տեղամասի քարտեզը, որին կցվում են երկրաբանական հանույթների և երկրաբանական հատկացման սահմանները:

Հոդված 17. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուի իրավունքները

Ուսումնասիրության հատուկ լիցենզիան, սույն օրենքի և լիցենզիայի պայմանների համաձայն, լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք` կատարելու ուսումնասիրության աշխատանքներ տվյալ երկրաբանական հատկացման սահմաններում (այդ թվում` ջրային), որի իրականացման ընթացքում լիցենզառուն իրավունք ունի մտնել ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամաս, այդտեղ կառուցել ճամբարներ և ժամանակավոր շինություններ, ինչպես նաև կառույցներ` նախագծով սահմանված կարգով:

Հոդված 18. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուի պարտականությունները

1. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն պարտավոր է`

1) սկսել ուսումնասիրության աշխատանքները լիցենզիայի տրամադրման մասին որոշման կայացման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե լիցենզիայով այլ ժամկետ նախատեսված չէ.

2) աշխատանքներն իրականացնել համաձայն հաստատված նախագծի:

2. Ուսումնասիրության աշխատանքների վրա ծախսելու համար պահանջվող գումարը, որը նպատակային չի ծախսվել, և այդ կապակցությամբ փոփոխություններ չեն կատարվել նախագծում, տարեկան հաշվետվության հիման վրա ձևակերպվում է որպես լիցենզառուի պարտք պետությանը և կարող է գանձվել դատական կարգով:

Գ Լ ՈՒ Խ  2.

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Հոդված 19. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու դիմումատուները

1. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ կարող է դիմել լիազոր մարմին` ընդերքի հաստատված պաշարներով հանքավայրի կամ դրա տեղամասի նկատմամբ օգտակար հանածոներ արդյունահանելու նպատակով հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու համար:

2. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն, համաձայն 20-րդ հոդվածի, իրավունք ունի լիազոր մարմնին տված դիմումի հիման վրա ստանալ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա` ուսումնասիրության տարածքում օգտակար հանածոներ արդյունահանելու համար: Սույն մասի համաձայն դիմում ներկայացրած ուսումնասիրության հատուկ լիցենզիա ունեցող անձը կհամարվի արտոնյալ դիմումատու:

Հոդված 20. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումը

1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումին կից ներկայացվում են`

1) նշում այն մասին, թե ինչ ժամանակահատվածի համար է հավակնում ստանալ լիցենզիան.

2) սպառիչ տեղեկություններ ընդերքի այն տեղամասում գտնվող օգտակար հանածոների հանքավայրի մասին, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցենզիա, ներառյալ` ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների, ինչպես նաև հանքարդյունահանման պայմանների վերաբերյալ.

3) հանքարդյունահանման ծրագիր, որը պետք է ներառի ներդրումների կանխատեսումը, հանքաքարի արդյունահանման հաշվարկված չափաքանակը և օգտակար հանածոների հարստացման ու թափոնների հեռացման վերաբերյալ դիմումատուի առաջարկները.

4) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ.

5) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:

2. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի պահանջների, արտոնյալ դիմումատուի դիմումին կից պետք է ներկայացվեն տեղեկություններ համապատասխան ուսումնասիրության հատուկ լիցենզիայի վերաբերյալ և ուսումնասիրության տարածքում գտնվող ընդերքի այն տեղամասի լրիվ նկարագրությունը, որի համար դիմումատուն հավակնում է ստանալ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա, ինչպես նաև առաջարկվող հանքարդյունահանման տարածքի հատակագիծը` հնարավոր մանրամասներով:

3. Ի լրումն սույն հոդվածի առաջին մասի պահանջների, ոչ արտոնյալ դիմումատուն հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դիմումում պետք է ներառի նաև այնպիսի տվյալներ, որոնք, 12-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, պահանջվում են ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դիմումի համար:

Հոդված 21. Դիմումի վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը

Լիազոր մարմինը դիմումատուին հանքարդյունահանման հատուկ լիցենզիա է տրամադրում նրա դիմումում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ` հաշվի առնելով հանքարդյունահանման ծրագրով նախատեսված հետևյալ պայմանները.

1) հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ սահմանված կարգի տեղեկանքի առկայությունը.

2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցենզիա, չի գերազանցում դիմումատուի կողմից հանքարդյունահանման գործողությունների առաջարկվող ծրագրի իրականացման համար պահանջվող տարածքը.

3) արտոնյալ դիմումատուն չի ունեցել իր ուսումնասիրության լիցենզիայի պայմանների որևէ էական խախտում.

4) նրա ներկայացրած դիմումի վերաբերյալ առկա է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի դրական եզրակացությունը.

5) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները բավարարում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված պահանջները:

Հոդված 22. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ժամկետը

Հանքարդյունահանման հատուկ լիցենզիան տրվում է 12-ից 25 տարի ժամկետով:

Հոդված 23. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի բովանդակությունը

1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիան մասնավորապես ներառում է`

1) լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.

2) հանքավայրի հաստատված պաշարների մասին տեղեկություններ.

3) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ լիցենզիան տրված է.

4) այն օգտակար հանածոյի սահմանումը, որի արդյունահանման համար տրվել է լիցենզիան:

2. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիային կցվում են հանքարդյունահանման նախագիծը և լիցենզային պայմանագիրը, որոնք լիցենզիայի անքակտելի մասերն են:

Հոդված 24. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ժամկետի երկարաձգումը

1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան լիցենզիայի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ, դիմել լիազոր մարմին` ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ լիցենզիայի ժամկետը երկարաձգելու համար:

2. Սույն հոդվածի համաձայն` դիմումին կից ներկայացվում են`

1) տեղեկություններ`

- այն ժամանակահատվածի մասին, որի համար ներկայացվել է դիմումը,

- օգտակար հանածոների հանքավայրի հաստատված մնացորդային (լրահետախուզվող) պաշարների մասին,

- երկարաձգման ժամանակահատվածում կատարվելիք կապիտալ ներդրումների, արտադրական ծախքերի և եկամուտների կանխատեսումների մասին,

- հանքարդյունահանման և հարստացման մեթոդներում առաջարկվող փոփոխությունների մասին,

- հանքարդյունահանման գործունեության ակնկալվող ընդլայնման կամ կրճատման մասին.

2) երկարաձգման ժամանակահատվածում իրականացվելիք հանքարդյունահանման աշխատանքների առաջարկվող նախագիծը կամ նախագծի լրացումները, եթե հանքավայրի շահագործման տեխնոլոգիայում նախատեսվում են էական փոփոխություններ:

3. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա հանքարդյունահանման հատուկ լիցենզիան լիազոր մարմինը երկարաձգում է 12 տարին չգերազանցող ժամկետով: Լիազոր մարմինը կարող է երկարաձգել լիցենզիան լիցենզիայի պայմանների փոփոխմամբ կամ առանց դրա: Լիցենզիայի փոփոխությունները կարող է առաջարկել լիցենզառուն:

4. Լիազոր մարմինը կարող է մերժել լիցենզիայի երկարաձգման դիմումը, եթե դիմումատուն թույլ է տվել պարտավորությունների էական խախտում:

5. Լիցենզիայի երկարաձգման դեպքում դրանում կատարվում են նշումներ երկարաձգման մասին:

Հոդված 25. Հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի իրավունքները

Հանքարդյունահանման հատուկ լիցենզիան, սույն օրենքի և լիցենզիայի պայմանների համաձայն, լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք` կատարելու օգտակար հանածոների ուսումնասիրության և հանքարդյունահանման աշխատանքներ ընդերքի հատկացված տեղամասում: Լիցենզառուն իրավունք ունի`

1) մտնել ընդերքի տեղամաս և իրականացնել նախագծով նախատեսված բոլոր անհրաժեշտ աշխատանքները օգտակար հանածոների արդյունահանման և ուսումնասիրության նպատակով.

2) հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցել անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցուղիներ, տեղադրել սարքավորումներ, փոխադրել, հարստացնել հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում իր արդյունահանած օգտակար հանածոն.

3) տնօրինել արդյունահանված օգտակար հանածոները.

4) ընդերքի տեղամասում իրականացնել նախագծով նախատեսված ցանկացած օգտակար հանածոյի ուսումնասիրություն: Եթե սույն կետով նախատեսված իրավունքն իրականացնելիս լիցենզառուն ընդերքի տեղամասում հայտնաբերում է իր լիցենզիայում չնշված այլ օգտակար հանածո, ապա այդ օգտակար հանածոն արդյունահանելու նպատակով լիցենզիա ստանալու դիմում ներկայացնելու դեպքում նա օգտվում է արտոնյալ դիմումատուի իրավունքներից:

Հոդված 26. Հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի պարտականությունները

Սույն օրենքի և լիցենզիայի պայմանների համաձայն` հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն պարտավոր է`

1) աշխատանքներն իրականացնել լիցենզիայի և հաստատված նախագծի պայմաններին համապատասխան.

2) կատարել լիազոր մարմնի` սույն օրենքով սահմանված կարգով տրված ցուցումները.

3) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Գ Լ ՈՒ Խ  3.

ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Հոդված 27. Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ընդերքի տեղամասի ընդլայնումը

1. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կարող է դիմել լիազոր մարմին` լիցենզիայով իրենց տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար: Լիազոր մարմինը կարող է բավարարել կամ մերժել դիմումը` սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերի համաձայն:

2. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի այն տեղամասի նկատմամբ ներկայացված դիմումը, որն այլ հանքային իրավունքի օբյեկտ է:

3. Սույն հոդվածով սահմանված համաձայնությունը տրվում է առանց վերապահումների կամ լիազոր մարմնի կողմից սահմանված պայմաններով: Այդ պայմանները պետք է նշված լինեն դիմումի բավարարումը հավաստող փաստաթղթում:

4. Սույն հոդվածի համաձայն` ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումի բավարարումը և ընդլայնման պայմանները նշվում են լիցենզիայի վրա, և լիցենզիան համարվում է փոփոխված` այդ նշագրմանը համապատասխան:

Հոդված 28. Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիաների փոփոխությունը

1. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կարող է փոփոխություններ կատարել ուսումնասիրության կամ հանքարդյունահանման նախագծում:

2. Լիցենզիայի, այդ թվում` նախագծի պայմաններից որևէ մեկի փոփոխությունն ուժի մեջ է մտնում դրա վերաբերյալ լիազոր մարմնի համաձայնությունն ստանալուց հետո:

Հոդված 29. Լիցենզիայի գործողության տևողությունը դիմումի ներկայացման պարագայում

Եթե ուսումնասիրության հատուկ լիցենզառուն լիցենզիայի գործողության ընթացքում դիմում է ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի ամբողջ տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկարաձգման կամ սահմանված կարգով հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու համար, կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն լիցենզիայի գործողության ընթացքում դիմում է դրա երկարաձգման համար, ապա գործող լիցենզիան շարունակում է ուժի մեջ մնալ մինչև`

1) լիցենզիայով սահմանված ժամկետի ավարտը, եթե ներկայացված դիմումը մերժվում է.

2) ներկայացված դիմումի համաձայն` լիցենզիայի տրման կամ երկարաձգման օրը:

Գ Լ ՈՒ Խ  4.

ՀՐԱԺԱՐՈՒՄ, ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Հոդված 30. Հրաժարումը հանքային իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից

1. Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի այն տեղամասից կամ դրա մի մասից, որի նկատմամբ տրվել է լիցենզիա, հրաժարումը հավաստելու նպատակով պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի օրվանից առնվազն երեք ամիս առաջ: Սույն օրենքի համաձայն` լիազոր մարմինը դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր` առանց պայմանների կամ հրաժարման ենթակա տարածքի նկատմամբ իր կողմից սահմանված պայմաններով:

2. Դիմումին կից ներկայացվում են`

1) նշում դիմումատուի` հրաժարումն ուժի մեջ մտնելու համար ցանկալի օրվա մասին.

2) հրաժարման ենթակա ընդերքի տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրություն.

3) նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր:

Եթե դիմումը ներկայացված է հանքային իրավունքի օբյեկտ հանդիսացող ընդերքի տեղամասի մի մասից հրաժարվելու նպատակով, ապա այն պետք է նկարագրի այդ ընդերքի տեղամասը, ընդգրկի հրաժարման ենթակա, ինչպես նաև ընդերքի մնացած` տեղամասերի հստակ նկարագրումն ապահովող հատակագիծը:

3. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաստագիր`

1) այն դիմումատուին, որն ունի պարտավորությունների էական խախտում.

2) այն դիմումատուին, որը չի ներկայացրել սույն հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով նախատեսված փաստաթղթերը.

3) եթե հանքային իրավունքի օբյեկտ մնացող ընդերքի տեղամասը չի կարող լիցենզիայի պայմաններին համապատասխան արդյունավետ օգտագործվել կամ շահագործվել:

4. Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված դիմումում նշված օրվանից կամ այն օրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից: Եթե հավաստագիրը վերաբերում է հանքային իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամասին, ապա լիցենզիան նույն օրվանից ուժը կորցրած է ճանաչվում, հակառակ դեպքում լիցենզիան փոփոխվում է` հաշվի առնելով հրաժարումը:

5. Ընդերքի տեղամասից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամասի նկատմամբ մինչև հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պատասխանատվությունից:

Հոդված 31. Զգուշացումը և հանքային իրավունքի դադարեցումը

1. Լիազոր մարմինը կարող է ուսումնասիրության հատուկ լիցենզառուին կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուին տալ գրավոր զգուշացում, եթե նա`

1) չի կատարում սույն օրենքով նախատեսված պարտավորությունները.

2) չի կատարում լիցենզիայի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով նախատեսված և լիցենզիայով սահմանված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները.

3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները` դրա համար սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. Լիազոր մարմնի որոշմամբ հանքային իրավունքը դադարեցվում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում հանքային իրավունք կրողը չի վերացրել զգուշացման պատճառները:

Հանքային իրավունքը դադարում է լիցենզառու իրավաբանական անձի լուծարման կամ լիցենզառու անհատ ձեռնարկատիրոջ մահվան պատճառով:

3. Հանքային իրավունքը կարող է դադարեցվել նաև ազգային անվտանգության նկատառումներով: Այս դեպքում հանքային իրավունքի դադարեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սահմանելով վնասների փոխհատուցման կարգը:

4. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունել հանքային իրավունքի դադարեցման մասին, եթե լիցենզառուն զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված պատճառները, կամ եթե այդ պատճառները հնարավոր չէ վերացնել, ապա դրա դիմաց համարժեք փոխհատուցում է առաջարկել:

5. Հանքային իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն լիցենզառուի նկատմամբ սկսված հանքային իրավունքների հետ կապված դատավարական գործընթացները:

Հոդված 32. Արդյունահանման ոչ բավարար լինելու դեպքում հանքային իրավունքի դադարեցումը

Եթե ոչ պակաս, քան երեք տարվա ընթացքում հանքարդյունահանման լիցենզառուն չի կարողացել իրականացնել հանքարդյունահանման աշխատանքներն իր հանքարդյունահանման նախագծին համապատասխան, և այդ ընթացքում արդյունահանել է արդյունահանման սահմանված չափաքանակի 50 տոկոսից պակասը, ապա լիազոր մարմինը դադարեցնում է այդ հանքային իրավունքը, եթե լիցենզային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

ԲԱԺԻՆ IV

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1.

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Հոդված 33. Ուսումնասիրության լիցենզիաների դիմումը և տրամադրումը

1. Ուսումնասիրության լիցենզիայի դիմումը ներկայացվում է լիազոր մարմին: Դիմումին կից ներկայացվում են`

1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) այն օգտակար հանածոների ցանկը, որոնք դիմումատուն ցանկանում է ուսումնասիրել.

3) սահմանված կարգով ստացված երկրաբանական տեղեկատվության հիման վրա ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որի վրա ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը.

4) տվյալներ այն գումարի մասին, որը դիմումատուն մտադիր է ծախսել ուսումնասիրության աշխատանքների վրա.

5) այն հանքային իրավունքի նշումը, որը նախկինում տրվել էր դիմումատուին.

6) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:

2. Լիազոր մարմինը չի տրամադրում ուսումնասիրության լիցենզիա, եթե`

1) որևէ այլ հանքային իրավունքի առնչությամբ դիմումատուն ունեցել է կամ ունի պայմանագրային պարտավորությունների խախտում և չի վերացրել դա.

2) ընդերքի այն տեղամասը, որի համար նա դիմել է, կամ դրա մի մասը այլ հանքային իրավունքի օբյեկտ է:

3. Ուսումնասիրության լիցենզիան տրամադրվում է երեք տարուց ոչ ավելի ժամկետով և չի երկարաձգվում:

Հոդված 34. Ուսումնասիրության լիցենզիայի բովանդակությունը

1. Ուսումնասիրության լիցենզիան մասնավորապես ներառում է լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը:

2. Ուսումնասիրության լիցենզիային պետք է կցված լինեն այդ լիցենզիայի հիման վրա իրականացման ենթակա ուսումնասիրության աշխատանքների նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասի հատակագիծը:

Հոդված 35. Ուսումնասիրության լիցենզառուի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնասիրության լիցենզիան լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք` ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասում իրականացնելու օգտակար հանածոների ուսումնասիրության աշխատանքներ: Այդ իրավունքի իրականացման ընթացքում լիցենզառուն իրավունք ունի մտնել ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամաս, կառուցել ճամբարներ և ժամանակավոր շինություններ կամ տեղադրել սարքավորումներ այդ տեղամասի ցանկացած հատվածում (այդ թվում` ջրային)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ուսումնասիրության լիցենզառուն պետք է լիազոր մարմնին ծանուցի արդյունաբերական նշանակություն ունեցող հնարավոր օգտակար հանածոների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում:

Գ Լ ՈՒ Խ  2.

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Հոդված 36. Հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար դիմելու իրավունքը

1. Ուսումնասիրության լիցենզառուն լիցենզիայի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ կարող է դիմել լիազոր մարմին` ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասում օգտակար հանածոներ արդյունահանելու նպատակով հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար: Ուսումնասիրության լիցենզառուն, որը սույն հոդվածի համաձայն դիմել է հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար, համարվում է արտոնյալ դիմումատու:

2. Ցանկացած տնտեսավարող սուբյեկտ կարող է դիմել լիազոր մարմին հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար ընդերքի այն տեղամասից օգտակար հանածոներ արդյունահանելու նպատակով, որի նկատմամբ նա չունի ուսումնասիրության լիցենզիա: Եթե սույն մասով նախատեսված դիմումի հետ ընդերքի միևնույն տեղամասի նկատմամբ լիցենզիա ստանալու համար դիմում է ներկայացնում արտոնյալ դիմումատուն, ապա այդ դեպքում նախապատվություն է տրվում արտոնյալ դիմումատուին:

Հոդված 37. Հանքարդյունահանման լիցենզիայի դիմումը

Հանքարդյունահանման լիցենզիա ստանալու դիմումին կից ներկայացվում են`

1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ լիցենզիան` այնպիսի մանրամասնություններով գծագրված հատակագծով, որը բավարար կլինի լիազոր մարմնի համար այդ տարածքը տարբերակելու համար.

3) արտոնյալ դիմումատուի դեպքում` ընդերքի տվյալ տեղամասի նկատմամբ ուսումնասիրության լիցենզիայի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

4) ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ.

5) հանքարդյունահանման ծրագիրը, որը պետք է ներառի ներդրումների կանխատեսում, հանքաքարի արդյունահանման հաշվարկված չափաքանակն ու օգտակար հանածոների հարստացման ու թափոնների հեռացման վերաբերյալ դիմումատուի առաջարկները.

6) հանքարդյունահանման լիցենզիայի տևողության սահմանումը, որը չպետք է գերազանցի 12 տարին.

7) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:

Հոդված 38. Հանքարդյունահանման լիցենզիայի տրամադրումը

Լիազոր մարմինը բավարարում է հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար տրված դիմումը, որը ներկայացվել է սույն բաժնի պահանջներին համապատասխան, եթե`

1) լիազոր մարմինը չի պահանջել դիմումատուից սույն օրենքի համաձայն դիմել հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու համար.

2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ հանքարդյունահանման լիցենզիա ստանալու համար ներկայացվել է դիմում, չի գերազանցում դիմումատուի կողմից նշված օգտակար հանածոն արդյունահանելու համար ընդերքի անհրաժեշտ տեղամասը.

3) դիմումատուն չի ունեցել պայմանագրային պարտավորությունների խախտում այլ հանքային իրավունքի առնչությամբ, կամ նրան հաջողվել է վերացնել դրանք.

4) ընդերքի այն տեղամասը, որի համար ներկայացվել է դիմում, այլ հանքային իրավունքի օբյեկտ չէ.

5) ընդերքի այն տեղամասը, որի համար ներկայացվել է դիմում, չի համընկնում ընդերքի որևէ այլ տեղամասի որևէ մասի հետ, որի նկատմամբ մեկ այլ դիմումատու դիմում է ներկայացրել, և վերջինս, սույն օրենքի համաձայն, ունի նախապատվության իրավունք.

6) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված պահանջները:

Հոդված 39. Հանքարդյունահանման լիցենզիայի բովանդակությունը

1. Հանքարդյունահանման լիցենզիան մասնավորապես ներառում է`

1) լիցենզիայի հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.

2) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը և հատակագիծը, որի նկատմամբ դա տրված է:

2. Հանքարդյունահանման լիցենզիային կցվում է հանքարդյունահանման նախագիծը, որը լիցենզիայի անքակտելի մասն է:

Հոդված 40. Հանքարդյունահանման լիցենզիայի ժամկետի երկարաձգումը

1. Հանքարդյունահանման լիցենզառուն կարող է դիմել լիազոր մարմին` լիցենզիայի ժամկետը երկարաձգելու նպատակով:

2. Դիմումի հիման վրա լիազոր մարմինը երկարաձգում է լիցենզիայի ժամկետը դիմումի մեջ նշված վեց տարին չգերազանցող ժամանակահատվածով, եթե օգտակար հանածոների պաշարները բավարար են դրանց արդյունահանումը շարունակելու համար:

Հոդված 41. Հանքարդյունահանման լիցենզառուի իրավունքներն ու պարտականությունները

1. Հանքարդյունահանման լիցենզիան, սույն օրենքի համաձայն, լիցենզառուին տալիս է բացառիկ իրավունք ընդերքի տեղամասում իրականացնելու հանքարդյունահանման աշխատանքներ, և այդ նպատակով լիցենզառուն իրավունք ունի`

1) մտնել ընդերքի տեղամաս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հանքարդյունահանման աշխատանքներն իրականացնելու նպատակով.

2) հանքարդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցել անհրաժեշտ շինություններ, կառույցներ, տեղադրել սարքավորումներ, փոխադրել, հարստացնել հանքարդյունահանման աշխատանքների ընթացքում իր արդյունահանած հանքանյութը.

3) տնօրինել արդյունահանված օգտակար հանածոները.

4) ընդերքի տեղամասում ուսումնասիրել այլ օգտակար հանածոներ.

5) թափոնները տեղադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հանքարդյունահանման լիցենզառուի պարտականություններն են`

1) նախապատրաստել ընդերքի տեղամասը, սկսել և իրականացնել հանքարդյունահանման աշխատանքները` հանքարդյունահանման նախագծին համապատասխան.

2) սահմանագծել ընդերքի տեղամասը և սահմանված ձևով պահպանել այդ սահմանագծումը:

Հոդված 42. Ուսումնասիրության և հանքարդյունահանման լիցենզիաներից հրաժարումը, զգուշացումը և դադարեցումը

Սույն օրենքի III բաժնով սահմանված հանքային իրավունքներին վերաբերող հրաժարման, զգուշացման և դադարեցման դրույթները տարածվում են նաև սույն բաժնով սահմանված հանքային իրավունքների վրա:

ԲԱԺԻՆ V

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Գ Լ ՈՒ Խ  1.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 43. Սույն գլխի դրույթների կիրառումը

Սույն գլխով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից և տարածվում են III և IV բաժիններով նախատեսված լիցենզառուների վրա:

Հոդված 44. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ ֆինանսական տերմինները.

հաշվարկային արժեք` մետաղական օգտակար հանածոյի իրացման արժեքն է` հաշվարկված մատակարարում գործարանի պահեստից պայմանով:

Այն դեպքում, երբ իրացման արժեքը չի համապատասխանում այն գնին, որը կարող էր վճարվել մետաղական օգտակար հանածոների դիմաց, եթե դրանք գործարքի նույն պայմաններով վաճառվեին շուկայում վաճառողից անկախ գործող գնորդին, ապա լիազոր մարմինը համապատասխան ծանուցում է ներկայացնում լիցենզառուին, որից հետո շուկայական արժեքը որոշվում է լիազոր մարմնի և լիցենզառուի միջև անցկացված բանակցությունների միջոցով:

Եթե տվյալ հարցի շուրջ լիազոր մարմնի և լիցենզառուի բանակցություններն արդյունք չեն տալիս, ապա շուկայական արժեքը որոշում է լիցենզային պայմանագրով որոշված անկախ փորձագետը.

շահագործման ծախսեր` մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկվող շահույթը հաշվարկելիս համարվում են թույլատրելի նվազեցումներ, բացառությամբ`

1) կապիտալ ծախսերի,

2) նյութական և ոչ նյութական ակտիվների նկատմամբ կիրառվող ամորտիզացիոն հատկացումների,

3) ֆինանսական հատկացումների, ներառյալ` վարկերի սպասարկման տոկոսադրույքները, տուրքերը և ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված վճարները.

շահութաբերության նորմա` (R-C)/R, որտեղ` 

R-ռոյալթիների վճարման ցանկացած ժամանակահատվածում արդյունահանված մետաղական օգտակար հանածոյի իրացումից առաջացած ընդհանուր հաշվարկային արժեք, 

C-նույն ժամանակահատվածում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կատարված շահագործման ծախսեր.

ռոյալթի` հանքարդյունահանման դիմաց լիցենզառուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումար.

ռոյալթիի վճարման ժամանակահատված` յուրաքանչյուր եռամսյակ` իրացման պահից սկսած:

2. Հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն և հանքարդյունահանման լիցենզառուն ռոյալթիների վճարման յուրաքանչյուր ժամանակահատվածում պարտավոր են վճարել`

1) ռոյալթի` տվյալ ժամանակահատվածում իրացված մետաղական օգտակար հանածոների համախառն հաշվարկային արժեքի մեկ տոկոսը.

2) լրացուցիչ ռոյալթի` շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում` ևս 0,1 տոկոս, շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0,8 տոկոսի համար:

3. Ռոյալթիները և լրացուցիչ ռոյալթիները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ռոյալթիների վճարման յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա 30-ը:

Ռոյալթիների հաշվարկման և վճարման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմին` վերջինիս սահմանած կարգով և ժամկետներում:

Հոդված 45. Ոչ մետաղական օգտակար հանածոների և գունագեղ քարերի համար գանձվող ռոյալթիները

Արդյունահանված ոչ մետաղական օգտակար հանածոների և գունագեղ քարերի համար գանձվում է ռոյալթի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով:

Հոդված 46. Ռոյալթիների պայմանական գանձումը

1. Այն դեպքում, եթե որևէ պատճառով հնարավոր չէ գնահատել տվյալ ժամանակահատվածում վճարման ենթակա ռոյալթիների չափը, ապա լիազոր մարմինը կարող է սահմանել պայմանական ռոյալթի, իսկ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր է վճարել պայմանական ռոյալթի:

2. Վճարման ենթակա ռոյալթիների գումարի ճշտվելուց հետո լիցենզառուն`

1) պարտավոր է վճարել ճշտված ռոյալթիի և պայմանական ռոյալթիի տարբերությունը` տարբերության ճշտման պահից 20 օրվա ընթացքում.

2) հետ է ստանում պայմանական ռոյալթիի ճշտված ռոյալթին գերազանցող գումարը:

Ռոյալթիների տարբերության ճշտման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 47. Օգտակար հանածոների տնօրինման սահմանափակումը

Եթե հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն կամ հանքարդյունահանման լիցենզառուն վճարման ժամկետում կամ լիազոր մարմնի երկարաձգած այլ ժամկետում չի վճարում վճարման ենթակա ռոյալթի կամ պայմանական ռոյալթի, ապա լիազոր մարմինն իրավասու է արգելել օգտակար հանածոյի արդյունահանումը տվյալ ընդերքի տեղամասից մինչև վճարման ենթակա բոլոր ռոյալթիների վճարումը կամ մինչև ռոյալթիների վճարման վերաբերյալ լիազոր մարմնի համար ընդունելի համաձայնության ձեռքբերումը:

Հոդված 48. Կոնցեսիոն վճարը

Ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն, ինչպես նաև ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր են տարեկան վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կոնցեսիոն միանվագ վճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով, ընդ որում, դա չպետք է գերազանցի`

1) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը.

2) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:

Հոդված 49. Բոնուսը

1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի տրամադրումը կարող է պայմանավորվել հատուկ վճարի` բոնուսի վճարման պայմանով: Բոնուսային վճարի պահանջ առաջանում է այն դեպքում, երբ պետությունը լիցենզառուին տրամադրում է առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվություն տվյալ հանքավայրի մասին, որը ձեռք է բերվել նախկինում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա:

2. Բոնուսի մեծության հաշվարկման մեխանիզմը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Բոնուսները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Գ Լ ՈՒ Խ  2.

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Հոդված 50. Կայունացման պայմանագիրը

1. Ուսումնասիրության հատուկ լիցենզիա ստանալու նպատակով դիմումատուի գրավոր դիմումի, ինչպես նաև դրա վերաբերյալ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Կայունացման պայմանագիր:

2. Կայունացման պայմանագրի կնքման դեպքում ուսումնասիրության հատուկ լիցենզառուի համար նրա ցանկությամբ կիրառվում են պաշտպանվածության և հավելյալ ծախսերի փոխհատուցման` սույն օրենքով նախատեսված մեխանիզմները:

3. Կայունացման պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ուսումնասիրության հատուկ լիցենզիայի հետ միաժամանակ և գործում է օգտակար հանածոյի արդյունաբերական արդյունահանման սկզբից ոչ ավելի, քան 12 տարի:

Հոդված 51. Կոնցեսիոն պայմանագիրը

1. Հանքարդյունահանման հատուկ լիցենզիա ստանալու նպատակով դիմումատուի գրավոր դիմումի, ինչպես նաև դրա վերաբերյալ Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Կոնցեսիոն պայմանագիր` ի լրումն Կայունացման պայմանագրի կամ դրա փոխարեն:

2. Կոնցեսիոն պայմանագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի հետ միաժամանակ և գործում է այդ լիցենզիայի գործողության ամբողջ ժամանակահատվածում:

Հոդված 52. Կայունացման պայմանագրի բովանդակությունը

1. Կայունացման պայմանագիրը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պարտավորություն համարվող հետևյալ դրույթները.

1) ուսումնասիրության հատուկ լիցենզառուի` ընդերքի տվյալ տեղամասի նկատմամբ մեկ կամ մի քանի հանքարդյունահանման հատուկ լիցենզիա սույն օրենքով և տվյալ ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերով սահմանված կարգով ստանալու իրավունքի երաշխավորություն.

2) Կայունացման պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում ուսումնասիրության հատուկ լիցենզառուների պաշտպանվածության ապահովումը, այդ թվում` Կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին սահմանված շահութահարկի, ավելացված արժեքի հարկի դրույքաչափերի բարձրացման հետևանքով լիցենզառուի հավելյալ ծախսերի փոխհատուցման երաշխիքը Կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեության մասով: Սույն մասով նախատեսված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

3) վեճերի կարգավորման մեխանիզմները:

2. Կայունացման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 53. Կոնցեսիոն պայմանագրի բովանդակությունը

1. Կոնցեսիոն պայմանագրով կարգավորվում են`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի նկատմամբ հարկման այլընտրանքային եղանակի ընտրության սահմանումը, ընդ որում, անկախ հարկման ընտրված եղանակից` ռոյալթիները և ընդերքի տվյալ տեղամասի համար սույն օրենքով սահմանված այլ վճարները ենթակա են պարտադիր վճարման.

2) հանքավայրի Կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում իրականացվող արդյունահանման ֆինանսավորման ընդունելի պայմանների սահմանումը, ներառյալ` սեփական և ներգրավված միջոցների թույլատրելի հարաբերակցությունը, ինչպես նաև ներգրավված ֆինանսական միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույքի առավելագույն չափերը.

3) հանքարդյունահանման նպատակով հատուկ լիցենզիա ստանալու` դիմումատուի կողմից առաջարկվող ծրագրերի վերաբերյալ առկա համապատասխան տեղեկատվության, ինչպես նաև պահանջվող այլ նյութերի տրամադրումը` սույն օրենքի պահանջներին համապատասխան.

4) օգտակար հանածոների հնարավոր հանքավայրերում արդյունահանման և շահագործման նպատակով առևտրային հիմունքներով իրականացվող ուսումնասիրության պայմանների հստակ սահմանումը.

5) բնապահպանական խնդիրները, ներառյալ` հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի պարտավորությունների և պարտականությունների սահմանների, ինչպես նաև առանձին դեպքերի համար դրանց սահմանափակման նախատեսումը.

6) լիազոր մարմնի կողմից սույն օրենքով նախատեսված իրավասության շրջանակներում իրականացվող լիազորությունների, ինչպես նաև դրանց կիրառման դեպքերի հստակ սահմանումը:

2. Կոնցեսիոն պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԲԱԺԻՆ VI

ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ) ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Հոդված 54. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու պայմանները

1. Հանքարդյունահանում իրականացնելու համար լիցենզիա չի պահանջվում, եթե`

1) արդյունահանվելու են ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոներ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեղական նշանակության հանքավայրերից.

2) հանքարդյունահանումն իրականացվելու է միայն բաց եղանակով, մինչև 2 մետր արդյունահանվող շերտի հզորությամբ` առանց հորատապայթեցման աշխատանքների:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանները բավարարող և սույն օրենքի համաձայն` համապատասխան բովանդակությամբ դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, որն օրենքով սահմանված կարգով դիմումատուին տալիս է հանքարդյունահանում իրականացնելու գրավոր թույլտվություն: Թույլտվությունը տրվում է անժամկետ:

3. Թույլտվություն ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքները, առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի:

4. Թույլտվություն ստացած անձը հանքարդյունահանման աշխատանքներն ավարտելուց 30 օրվա ընթացքում պարտավոր է այդ մասին տեղեկացնել լիազոր մարմին:

Հոդված 55. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու համար դիմումը

Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու համար դիմումին կից ներկայացվում են`

1) դիմումատուի անվանումը (անունը).

2) ընդհանուր տարածում ունեցող այն օգտակար հանածոյի վերաբերյալ տեղեկությունները, որը դիմումատուն ցանկանում է արդյունահանել.

3) այն տարածքի հատակագիծը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ թույլտվություն.

4) նախատեսվող աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների բացառման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկությունները և նախատեսվող բնապահպանական միջոցառումները:

Հոդված 56. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու համար դիմումի վերաբերյալ որոշումը

1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի առաջին մասով և 55-րդ հոդվածով նախատեսված պայմանները բավարարող դիմումի վերաբերյալ լիազոր մարմինը դիմումը ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում որոշում է բավարարել կամ մերժել դա, որի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է դիմումատուին:

2. Դիմումը մերժվում է, եթե`

1) տարածքը, որի նկատմամբ ներկայացվել է դիմումը, արդեն տրամադրված է հանքարդյունահանման նպատակով.

2) նախատեսված աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների բացառման կամ նվազեցման վերաբերյալ առաջարկությունները և նախատեսվող բնապահպանական միջոցառումները չեն բավարարում սահմանված պահանջները:

Հոդված 57. Թույլտվության հիման վրա հանքարդյունահանում իրականացնելու դիմաց վճարները

1. Սույն բաժնով նախատեսված հանքարդյունահանումն իրականացնելու համար համապատասխան թույլտվություն ստացած անձը, այդ թույլտվությունն ստանալուց 14 օրվա ընթացքում, պարտավոր է կատարել վճարում` յուրաքանչյուր 0,1 հեկտար հողատարածքի դիմաց` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվում է միանվագ կարգով:

Հոդված 58. Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը

Լիազոր մարմինն ուժը կորցրած է ճանաչում թույլտվությունը, եթե այդ թույլտվությունն ստացած անձը օգտակար հանածոների արդյունահանումն իրականացնում է սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի պահանջների խախտմամբ:

ԲԱԺԻՆ VII

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 59. Շրջակա միջավայրի պահպանության պայմանները

1. Հանքային իրավունքներ հայցելիս դիմումատուի առաջարկվող ծրագիրը պետք է ներառի պայմաններ` ուղղված հետևյալ միջոցառումների իրականացմանը.

1) օդային և ջրային ավազանի, հողի, կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մշակութային, ճարտարապետական, հնէաբանական, պատմական և աշխարհագրական նշանակություն ունեցող հողատարածքների պաշտպանությանն ու պահպանմանը.

2) ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքների իրականացման հետևանքով ընդերքի տեղամասի որոշ հատվածներում ռեկուլտիվացիայի, հարթեցման, կանաչապատման, ծառատնկման, ցանկապատման աշխատանքների իրականացմանը.

3) խորշերի, թունելների և հորատանցքերի լցմանը, մեկուսացմանը կամ ցանկապատմանը:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պայմանների կատարումը պետք է համապատասխանի շրջակա միջավայրի պահպանության ազգային չափանիշներին:

Հոդված 60. Դիտարկվող շրջակա միջավայրը

Որևէ հանքային իրավունքի տրամադրման հարց քննարկելիս լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքների հիման վրա հաշվի է առնում դրա ազդեցությունը օդային և ջրային ավազանի, հողի, կենդանական և բուսական աշխարհի վրա, ինչպես նաև մշակութային, ճարտարապետական, հնէաբանական, պատմական և աշխարհագրական առանձնահատկությունները:

Հոդված 61. Լիազոր մարմնի ցուցումները

Լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտից պահանջում է իր սահմանած ժամկետում իրականացնել նախագծով նախատեսված կամ այլ կերպ ստանձնած բնապահպանական ու տեխնոլոգիական միջոցառումների կատարումը, որոնցով պայմանավորված է եղել հանքային իրավունքի տրամադրումը:

Հոդված 62. Ռեկուլտիվացիոն աշխատանքները

1. Եթե տնտեսավարող սուբյեկտը չի կատարում 61-րդ հոդվածով նախատեսված ցուցումը, ապա լիազոր մարմինն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ` այդ մասին նախապես` առնվազն մեկ ամիս առաջ, տեղյակ պահելով լիցենզառուին: Կատարված ծախսերը դիտարկվում են որպես լիցենզառուի պարտք պետությանը և ենթակա են փոխհատուցման լիցենզառուի կողմից:

2. Սույն հոդվածով նախատեսված պարտքի չափը հավաստվում է կատարված աշխատանքների ծավալները հաստատող սահմանված կարգով կազմված կատարողական ակտերով:

Հոդված 63. Հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումը

Հանքային իրավունք կրողը պարտավոր է հանքային իրավունքի դադարման պահից վեց ամսվա ընթացքում ապամոնտաժել հանքարդյունահանման աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված հանքարդյունահանման համալիրը:

Հոդված 64. Հանքարդյունահանման համալիրի վաճառքը

1. Եթե հանքարդյունահանման համալիրը չի ապամոնտաժվել 63-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ապա լիազոր մարմինն իրավունք ունի դատարանի վճռի հիման վրա վաճառել դա` հրապարակային աճուրդի միջոցով:

2. Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համալիրը կամ դրա մի մասը չի վաճառվում, ապա դա կարող է վաճառվել ուղղակի վաճառքի ձևով:

3. Վաճառքից գոյացած գումարից հանվում են`

1) վաճառքի անցկացման հետ կապված ծախսերը.

2) հրապարակային աճուրդի միջոցով համալիրի չվաճառված մասի տեղափոխման ծախսերը.

3) պետությանը կամ երրորդ անձին պատճառված` լիցենզիայով տրված իրավունքների իրացմամբ պայմանավորված վնասի փոխարեն` որպես փոխհատուցում վճարման ենթակա գումարի պարտք մնացած մասը:

4. Նվազեցումներից հետո մնացած գումարը փոխանցվում է պետական բյուջե:

5. Եթե վաճառքից գոյացած գումարը քիչ է նվազեցումներից, ապա`

1) պակասող գումարը համարվում է պարտք պետությանը համապատասխան ցուցում ստացած անձի կողմից և պետք է փոխհատուցվի դատական կարգով.

2) լիազոր մարմինը որոշում է սույն հոդվածի երրորդ մասում սահմանված ծախսերի փոխհատուցման հերթականությունը:

Հոդված 65. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը

1. Հանքային իրավունք կրողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվում և բացառապես օգտագործվում են`

1) լիցենզառուի կողմից իրականացվող, նախագծով ստանձնած բնապահպանական աշխատանքների կատարման նպատակով.

2) լիցենզառուի կողմից նախագծով ստանձնած, բայց իր կողմից չիրականացված բնապահպանական աշխատանքների կատարման նպատակով.

3) լիցենզառուի գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով:

3. Բնապահպանական աշխատանքների իրականացման համար դրամագլխից լիցենզառուին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել լիցենզառուի կատարած` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հատկացումները:

4. Պարտավորությունների կատարումից հետո լիցենզառուի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է լիցենզառուին:

ԲԱԺԻՆ VIII

ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 66. Հանքային իրավունքների փոխանցումը

1. Սույն հոդվածի իմաստով` «փոխանցում» նշանակում է հանքային իրավունքների նկատմամբ որևէ գործարք` ի շահ երրորդ անձի:

2. Հանքային իրավունքները չեն կարող փոխանցվել կամ գրավադրվել առանց լիազոր մարմնի համաձայնության, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքի:

Առանց նման համաձայնության, հանքային իրավունքների փոխանցման կամ գրավադրման ցանկացած գործարք առ ոչինչ է:

3. Սույն հոդվածով նախատեսված համաձայնության ստացման համար ներկայացված դիմումը պետք է ներառի փոխանցվող իրավունքը ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի մասին այն բոլոր տեղեկությունները, որոնք իրավունքի փոխանցողը ներկայացրել է համապատասխան հանքային իրավունքը ձեռք բերելիս: Լիազոր մարմնի համաձայնությունը պահանջող հանքային իրավունքների փոխանցման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը:

4. Հանքային իրավունքները կարող են փոխանցվել առանց լիազոր մարմնի համաձայնության, եթե լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում տեղի է ունեցել իրավահաջորդություն: Վերակազմակերպված տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հանքային իրավունքի իրավահաջորդության մասին տեղեկացնել լիազոր մարմին` վերակազմակերպման գրանցման պահից 14 օրվա ընթացքում:

Հոդված 67. Լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողությունը

1. Սույն հոդվածի իմաստով` անձը դիտվում է լիցենզառու տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ վերահսկողություն ունեցող, եթե`

1) նա մենակ կամ իր հետ փոխկապակցված անձանց հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է տնտեսավարող սուբյեկտի` ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի հիսուն և ավելի տոկոսին.

2) պայմանագրի կամ այլ համաձայնության ուժով իրավունք է ստացել նշանակելու տնտեսավարող սուբյեկտի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելիին, տնօրենին կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձանց:

2. Լիցենզառու տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է լիազոր մարմնին տեղեկություններ տրամադրել իր նկատմամբ վերահսկողություն ունեցող անձանց փոփոխության մասին:

ԲԱԺԻՆ IX

ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 68. Հանքային իրավունքների գրանցումը

1. Լիազոր մարմինը վարում է հանքային իրավունքների կենտրոնացված գրանցամատյան, որտեղ պահվում են այդ իրավունքներին առնչվող ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև` իրավունքների փոփոխությունները, փոխանցումները, զգուշացումը և դադարեցումը:

2. Գրանցամատյանը բաց է հասարակության համար և դրանից կարելի է օգտվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարի դիմաց:

Հոդված 69. Լիազոր մարմնի տեղեկանքները

Լիազոր մարմինը պարտավոր է լիցենզառուի դիմումի հիման վրա նրան տրամադրել իր հանքային իրավունքների մասին պահանջվող տեղեկանքներ` համապատասխան մարմիններ ներկայացնելու համար:

ԲԱԺԻՆ X

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 70. Լիցենզառուի հանքային իրավունքների սահմանափակումը

Հանքային իրավունք կրողը չի կարող իրականացնել սույն օրենքով սահմանված իր հանքային իրավունքները`

1) առանց համապատասխան մարմինների գրավոր համաձայնության, այն դեպքում, եթե`

- տարածքը հատկացված է գերեզմանի համար,

- տարածքում գտնվում են բնության, պատմական և մշակույթի հուշարձաններ,

- տարածքը պետական սեփականություն համարվող որևէ կառույց կամ ջրային օբյեկտ է կամ այդ կառույցից կամ ջրային օբյեկտից մինչև 90 մետր հեռավորության վրա է,

- տարածքը օդանավակայանի մաս է,

- տարածքում գտնվում են Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված տեսակներ, կամ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ.

2) առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի գրավոր համաձայնության, այն դեպքում, եթե`

- տարածքը որևէ չբնակեցված, վարձակալված կամ ժամանակավորապես չբնակեցված տան կամ կառույցի մասն է կամ գտնվում է այդ տնից կամ կառույցից մինչև 180 մետր հեռավորության վրա,

- տարածքը գտնվում է այն հողատարածքից 45 մետրի սահմաններում, որը մաքրված կամ վարված է կամ այլ ձևով նախապատրաստված է բույսերի աճեցման համար, կամ որի վրա դրանք արդեն աճում են,

- տարածքից գյուղատնտեսական բերք է հավաքվել նախորդ տասներկու ամիսների ընթացքում,

- տարածքը խոշոր եղջերավոր անասունների խմելու համար նախատեսված ջրավազանի, որևէ արհեստական կամ բնական ջրամբարի կամ որևէ այլ մասնավոր ջրային ֆոնդի մաս է,

- տարածքը օդանավակայանի մաս է.

3) առանց համապատասխան մարզպետի գրավոր համաձայնության, եթե տարածքը բնակավայր է.

4) առանց համապատասխան մարմնի գրավոր համաձայնության, եթե տարածքը նախատեսված է որևէ երկաթուղու շինարարության համար կամ որևէ երկաթուղուց մինչև 45 մետր հեռավորության վրա է.

5) առանց համապատասխան մարմնի գրավոր համաձայնության, եթե տարածքը գտնվում է որևէ բնակավայրի տարածքում կամ նրա սահմաններից 60 մետրի վրա է.

6) առանց համապատասխան մարմնի գրավոր համաձայնության, եթե տարածքը պետական անտառային ֆոնդի մաս է.

7) առանց համապատասխան մարմնի գրավոր համաձայնության, եթե տարածքով ճանապարհ է անցնում.

8) առանց համապատասխան օրենքի դրույթների պահպանման, եթե տարածքը հատուկ պահպանվող տարածքի մաս է:

Հոդված 71. Օգտակար հանածոների տեղափոխումը

Ուսումնասիրության հատուկ լիցենզառուն և ուսումնասիրության լիցենզառուն չպետք է տեղափոխեն որևէ օգտակար հանածո ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է օգտակար հանածոյի հետազոտման համար` օգտակար հանածոյի արժեքի որոշման կամ օգտակար հանածոյի փորձաքննություն անցկացնելու նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում:

Հոդված 72. Զեկույցները, գրանցումները և տեղեկատվությունը

Հանքային իրավունք կրողը պարտավոր է կազմել զեկույցներ, կատարել գրանցումներ, տրամադրել տեղեկություններ և ներկայացնել հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 73. Մուտքի իրավունքը

1. Լիազոր մարմինն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մտնել ուսումնասիրության և հանքարդյունահանման համար տրամադրված ընդերքի տեղամասեր` լիցենզառուի կողմից սույն օրենքի և լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

2. Հանքային իրավունք կրողն իրավունք չունի խոչընդոտել լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործառույթների իրականացմանը:

ԲԱԺԻՆ XI

ՎԵՃԵՐ

Հոդված 74. Վեճերի լուծումը

Ընդերքի օգտագործման կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

ԲԱԺԻՆ XII

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 75. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

Սույն օրենքի և ընդերքի օգտագործումը կարգավորող իրավական այլ ակտերի դրույթների խախտման համար տնտեսավարող սուբյեկտներն ու (կամ) դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ XIII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 76. Անցումային դրույթները

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում ստեղծվում է Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով:

2. Սույն բաժնի իմաստով` «անցումային ժամանակաշրջան» նշանակում է մեկ տարի` սկսած սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց: Այն տնտեսավարող սուբյեկտը, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուներ հանքային իրավունք, անցումային ժամանակաշրջանում կհամարվի ժամանակավոր լիցենզառու: Անցումային ժամանակաշրջանում ժամանակավոր լիցենզառուն իրավասու է իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք նա իր լիցենզիայի համաձայն իրականացնում էր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

3. Անցումային ժամանակաշրջանի ընթացքում ժամանակավոր լիցենզառուն իրավունք ունի դիմել լիազոր մարմին` սույն օրենքով սահմանված կարգով հանքային իրավունք ստանալու նպատակով: Այն լիցենզառուն, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուներ ուսումնասիրության կամ հետախուզման լիցենզիա, ժամանակավոր լիցենզիայում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ իրավունք ունի դիմել իր ընտրությամբ ստանալու`

1) ուսումնասիրության լիցենզիա.

2) ուսումնասիրության հատուկ լիցենզիա:

Ժամանակավոր լիցենզառուն, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, 1992 թվականի մարտի 19-ի` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն ուներ հանքարդյունահանման լիցենզիա, ապա իրավունք ունի դիմել ժամանակավոր լիցենզիայում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ իր ընտրությամբ ստանալու`

1) հանքարդյունահանման լիցենզիա.

2) հանքարդյունահանման հատուկ լիցենզիա:

Նշված լիցենզիաներից որևէ մեկի համար դիմած ժամանակավոր լիցենզառուին 1992 թվականի մարտի 19-ի` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն ստացած լիցենզիայի հիման վրա տրվում է համապատասխան լիցենզիա` լիցենզիայի ժամկետ սահմանելով նախկին լիցենզիայում սահմանված ժամկետի ավարտը:

Լիցենզիայի փոխարինումը կատարվում է նախկին լիցենզիայի բնօրինակը լիազոր մարմին ներկայացնելու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Անցումային ժամանակաշրջանում տրված լիցենզիաների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:

1992 թվականի մարտի 19-ի` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն տրված բոլոր լիցենզիաներն անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո ճանաչվում են ուժը կորցրած:

ԲԱԺԻՆ XIV

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 77. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 27
Երևան
ՀՕ-440-Ն