Համարը 
N 757-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Լոկալ որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է կայքում 25.06.2019
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.06.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2019 թվականի N 757-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2019 թ. հունիսի 24

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 757-Լ որոշման

    

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

    

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում (այսուհետ՝ աշխատակազմ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման հետ կապված հարաբերությունները։

2. Աշխատակազմում վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման մեկ միասնական էլեկտրոնային մատյան (այսուհետ` մատյան)։

3. Մատյանում ըստ հերթականության լրացվում են՝

1) նորմատիվ իրավական ակտի ընդունման և ստորագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

2) նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը.

3) նորմատիվ իրավական ակտի տեսակը.

4) նորմատիվ իրավական ակտի վերնագիրը:

4. Մատյանի հաշվառման համարների հերթականությունը վերսկսվում է հունվարի 1-ից։

5. Մատյանում նշումները պետք է կատարվեն առանց կրճատումների:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը հաշվառվում, այնուհետև սահմանված կարգով արխիվացվում և պահպանվում են աշխատակազմի կենտրոնական արխիվում, իսկ սահմանված ժամկետների ավարտից հետո փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ՝ պահպանման:

7. Սույն կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման վրա, որոնց համար աշխատակազմում վարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշումների հաշվառման առանձին մատյաններ:

8. Սույն կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կողմից ընդունված ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման և պահպանման վրա:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի` պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող որոշումները ևս հաշվառվում և համար են ստանում մատյանից՝ առանց մատյանում համապատասխան իրավական ակտի վերնագիրը լրացնելու՝ գաղտնիության վերաբերյալ նշումով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան