Համարը 
N 318-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2019.09.02/21(657) Հոդ.205
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.08.2019
Ստորագրող մարմինը 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 օգոստոսի 2019 թվականի

ք. Երևան

N 318-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 33-րդ կետից հանել «էլեկտրական էներգիայի» բառերը.

2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-րդ և 33.2-րդ կետերով.

«33.1. էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում, բացառությամբ սույն կարգի 33.2-րդ կետում նշված դեպքի, կառուցման ժամանակահատված սահմանվում է՝

1) 2 տարի՝ մինչև 5 ՄՎտ տեղակայվող հզորությամբ արևային կայանի և մինչև 30 ՄՎտ տեղակայվող (հաշվարկային) հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող այլ կայանի դեպքում, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի և սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի,

2) 3 տարի՝ փոքր հիդրոէլեկտրակայանի դեպքում, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված այլ տեսակի կայանի, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի դեպքում՝ համաձայն հայցվող ժամկետի և գործարար ծրագրի (փորձաքննություն անցած նախագծի),

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է նշված ենթակետերով սահմանված ժամկետներից։

33.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրվող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում կառուցման ժամանակահատվածը ամրագրվում է համաձայն այդ գործարքի։».

3) Կարգի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«81. Տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանման նպատակով էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվում է.

1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում՝ լիցենզիայում ամրագրված ժամանակահատվածից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ երկարաձգվելու դեպքում՝ նախորդ երկարաձգման ժամկետից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

3) Լիցենզավորված անձի կողմից Նախագիծը ներկայացնելու դեպքում՝ կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից կամ նախորդ երկարաձգման ժամկետից կրճատելով Նախագծի ներկայացման համար լիցենզիայի պայմաններով սահմանված ժամկետը (եթե այն պակաս չէ 2 ամսից)՝ բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

4) Լիցենզավորված անձի դիմումով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է սույն կետի 1-3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված ժամկետից։».

4) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 81.1-րդ կետով.

«81.1. Սույն կարգի 81-րդ կետով սահմանված կարգավորումը կիրառելի չէ կառուցման (վերակառուցման) 6 ամիս և (կամ) պակաս ժամանակահատվածի պարագայում, իսկ եթե կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը նույն կետի համաձայն կրճատվելու դեպքում կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը կկազմի 6 ամսից պակաս, ապա այն կրճատվում է այնքանով, որ տվյալ ժամանակահատվածը կազմի 6 ամիս։».

5) ուժը կորցրած ճանաչել Կարգի 2-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը.

6) Կարգի 4-րդ հավելվածի 11-րդ կետում «փուլերի» բառից հետո լրացնել «(ներառյալ՝ կայանի կառուցման նախագծի կազմման և փորձաքննությունների անցկացման ժամկետները)» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան