Համարը 
ՀՕ-13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.108
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.12.2003
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.01.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.04.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի`

1) 4-րդ մասի 1-ին կետից հանել «բացառությամբ հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների, ինչպես նաև պետական արժեթղթերի տեղաբաշխման հետ կապված պարտականությունների,» բառերը.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Օրենքով նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների սահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններն ու կարգերն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են սահմանվել օրենսդրական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

Օրենքով նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների սահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող տեխնիկական նորմերը (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են սահմանվել այլ իրավական ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:».

3) 4-րդ մասի 12-րդ կետից հանել «, բացառությամբ պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններն իրականացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական գործառնությունները կատարելու, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները կազմելու, կատարելու և հաշվետվություններ ներկայացնելու, տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրերը պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցնելու կարգերի, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից համայնքային բյուջեներ մասնահանվող միջոցների հաշվին իրականացվող ծախսերի ուղղությունների» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 87-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պաշտոնական պարզաբանումների մեկ օրինակը, դրանց ստորագրման օրվան հաջորդող երրորդ օրը, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը պարտավոր է «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» առաջիկա համարում հրապարակել դա: Պաշտոնական պարզաբանումների մեկ օրինակը սույն պարբերությամբ նախատեսված ժամկետում չուղարկելն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի «2003» թիվը փոխարինել «2007» թվով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի նորմը կիրառվում է 2003 թվականի հունիսի 30-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հունվարի 14
Երևան
ՀՕ-13-Ն