Համարը 
ՀՕ-182-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1304
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.11.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 15-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 24-26-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24.

Տուգանքի կատարումը

 

1. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը:

2. Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին:

 

Հոդված 25. Տուգանքը վճարելու անհնարինությունը և դրա հետևանքները

 

1. Դատարանը դատապարտյալի միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասը կամ մասերը ժամանակին չի մուծում, և պատժի չկրած մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իր գույքային դրությունը պարզելու նպատակով տա համապատասխան պարզաբանումներ:

 

Հոդված 26. Տուգանքը չվճարելը և դրա հետևանքները

 

1. Տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով:

2. Դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Եթե տուգանքը վճարված է մասնակիորեն, ապա հանրային աշխատանքների ժամկետը որոշվում է` հաշվի առնելով, թե տուգանքի որ մասն է վճարված:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքների փաստացի ներգրավվելու պահից:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դատապարտյալի` ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով կասեցվում է:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-182-Ն