Համարը 
N 1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.12.03/32(272)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվը 
26.11.2007
Ստորագրող մարմինը 
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123.5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

26 նոյեմբերի 2007 թ.

  N 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123.5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է սահմանում առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) տրանսպորտային միջոցները վարելու համար:

Նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ «Սույն օրենսգրքի 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 123.5, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4 և 124.5, 125, 126, 128, 129, 131, 132 և 133-րդ հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմոբիլների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները, իսկ նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասում` լողամիջոցները»:

Վերոգրյալից հետևում է, որ 123.5-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «տրանսպորտային միջոցներ» հասկացությունն իր մեջ ներառում է ինչպես ավտոմոբիլները և ավտոբուսները, որոնց ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1854-Ն որոշման համաձայն հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող երկու (դիմացի և հետին) համարանիշներ, այնպես էլ մոտոտրանսպորտային միջոցները, կցորդներն ու կիսակցորդները, որոնց հատկացվում է մեկ համարանիշ: Այսինքն, հոդվածում «համարանիշներ (համարանիշ)» ձևով ամրագրումը կատարվել է նկատի ունենալով, որ երկու համարանիշներ ունեցող տրանսպորտային միջոցների վրա կարող են բացակայել ոչ միայն երկու համարանիշները, այլ նաև մեկ համարանիշը:

Ելնելով վերոգրյալից պաշտոնապես պարզաբանում ենք`

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է սահմանում.

1. ինչպես առանց հաշվառման երկու համարանիշների, այնպես էլ առանց հաշվառման մեկ համարանիշի ավտոմոբիլներ կամ ավտոբուսներ վարելու համար,

2. ինչպես մեկ, այնպես էլ երկու կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով ավտոմոբիլներ կամ ավտոբուսներ վարելու համար,

3. առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով մոտոտրանսպորտային միջոցներ, կցորդներ կամ կիսակցորդներ վարելու համար:

 

Ոստիկանության

գեներալ-գնդապետ՝

Հ. Հարությունյան