Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.02.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.02.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-57(ՎԴ)-Ի ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3869/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-57(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Մ. Ասատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

                                                                                                     

 2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդիթեր Եղիազարյանի և Ալիսա Շիրինյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Ուրարտու» արտադրական միավորում մսի կոմբինատ ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) բաժնետեր Ռազմիկ Դարբինյանի, Վրեժ Հարությունյանի և Ընկերության ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Վարդիթեր Եզիազարյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ Սասունցի Դավթի փողոց թիվ 13 հասցեում գտնվող «Բիթլիս» ֆիրմային խանութի վերաբերյալ աճուրդն, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Վարդիթեր Եղիազարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Սասունցի Դավթի փողոց թիվ 13 հասցեում գտնվող «Բիթլիս» ֆիրմային խանութի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը ճանաչելու և վերը նշված անշարժ գույքը Վարդիթեր Եղիազարյանի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, ինչպես նաև ըստ Ընկերության լրացուցիչ հայցի ընդդեմ Վարդիթեր Եղիազարյանի և Ալիսա Շիրինյանի՝ վերջիններիս միջև 10.10.2003 թվականի Երևան քաղաքի Սասունցի Դավթի փողոց թիվ 13 հասցեում գտնվող 84,9 քմ տարածքի թիվ 5802 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 15.10.2003 թվականին Ալիսա Շիրինյանի անվամբ կատարված թիվ 1736405 իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նշված անշարժ գույքը Ալիսա Շիրինյանի ապօրինի տիրապետումից Ընկերությանը վերադարձնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ռազմիկ Դարբինյանը և Վրեժ Հարությունյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Սասունցի Դավթի փողոց թիվ 13 հասցեում գտնվող «Բիթլիս» ֆիրմային խանութի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Վարդիթեր Եզիազարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ճանաչել Ընկերության սեփականության իրավունքը Երևանի Սասունցի Դավթի փողոց թիվ 13 հասցեի «Բիթլիս» ֆիրմային խանութի նկատմամբ, ինչպես նաև վերոհիշյալ անշարժ գույքը Վարդիթեր Եղիազարյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել:

Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Սասունցի Դավթի փողոց թիվ 13 հասցեում գտնվող «Բիթլիս» ֆիրմային խանութի վերաբերյալ անցկացված աճուրդը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Վարդիթեր Եզիազարյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը: Ճանաչել Ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Սասունցի Դավթի փողոց թիվ 13 հասցեի «Բիթլիս» ֆիրմային խանութի նկատմամբ, ինչպես նաև վերոհիշյալ անշարժ գույքը Վարդիթեր Եղիազարյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել:

Լրացուցիչ հայցադիմումով դիմելով դատարան, Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Վարդիթեր Եղիազարյանի և Ալիսա Շիրինյանի միջև Երևան քաղաքի Սասունցի Դավթի փողոց թիվ 13 հասցեի շենքի 84,9 քմ տարածքի վերաբերյալ 10.10.2003 թվականին կնքված թիվ 5802 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 15.10.2003 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը: Ալիսա Շիրինյանի ապօրինի տիրապետումից վերը նշված անշարժ գույքը Ընկերությանը հետ վերադարձնել:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.09.2007 թվականի վճռով հայցը և լրացուցիչ հայցը բավարարվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդիթեր Եղիազարյանը և Ալիսա Շիրինյանը:

Վճռաբեկ բողոքներին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

      

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ Ալիսա Շիրինյանի վճռաբեկ բողոքի՝

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դատաքննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը,

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործը քննել է Ալիսա Շիրինյանի բացակայությամբ, առանց վերջինիս դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասը, 274-րդ հոդվածը, 275-րդ հոդվածի առաջին մասը, 279-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 171-րդ հոդվածը և 279-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը, 273-րդ և 274-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 14.07.1995 թվականի թիվ 340 և 20.06.2001 թվականի թիվ 550 որոշումները, «Գույք օտարելու թույլտվություն տալու և ՀՀ կառավարության 26.12.2002 թվականի թիվ 2178 և 09.01.2003 թվականի թիվ 6 որոշումներում փոփոխություն կատարելու մասին» 20.03.2003 թվականի թիվ 692-Ն որոշման 6.1 կետի և կից ցանկի 20-րդ կետի պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, 335-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 334-րդ հոդվածի 5-րդ մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածի առաջին մասը, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել 02.10.1996 թվականին թիվ 315-2 սեփականաշնորհման պայմանագիրը, որի համաձայն մասնավորեցվել է «Բիթլիս» ֆիրմային խանութի միայն 41.000 ՀՀ դրամ արժողությամբ հիմնական միջոցները, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 06.11.1996 թվականի «Ոչ բնակելի տարածքները վարձակալության հանձնելու մասին» թիվ 776 որոշումը, որով հիմնավորվում է այն հանգամանքը, որ 02.10.1996 թվականի սեփականաշնորհումից հետո Ընկերությունն ազատել է Էրեբունու շրջխորհրդից նախկինում վարձակալած քաղաք Երևան, Սասունցի Դավթի 13 հասցեում գտնվող տարածքը և «Բիթլիս» ֆիրմային խանութի հիմնական միջոցները տեղափոխել է և վերոհիշյալ հասեցում գտնվող ազատված ոչ բնակելի տարածքը հատկացվել է Վարդիթեր Եղիազարյանին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքի նկատմամբ Ընկերությունը գրանցված սեփականության իրավունք չի ունեցել, հետևաբար սույն քաղաքացիական գործով կիրառելի չէին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ սեփականության իրավունքի պաշտպանությանը նվիրված 279-րդ հոդվածի 2-րդ մասը, 273-րդ և 274-րդ հոդվածները:

Անհիմն է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 334-րդ հոդվածի 5-րդ մասի չկիրառումը այն պատճառաբանությամբ, որ հայցային վաղեմությունը չի տարածվում պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց այն ակտերն անվավեր ճանաչելու պահանջների վրա, որոնցով խախտվել է անձի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

Ըստ Վարդիթեր Եղիազարյանի վճռաբեկ բողոքի՝

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը, 273-րդ և 274-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 171-րդ հոդվածը, 279-րդ հոդվածի 3-րդ մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման (ապապետականացման) մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 24.1 հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 334-րդ հոդվածի 5-րդ մասը, որը չպետք է կիրառեր ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 53-րդ հոդվածի առաջին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ վեճի առարկա գույքը 02.10.1996 թվականի թիվ 315-2 սեփականաշնորհման պայմանագրի կնքման պահին եղել է Ընկերության գույքի կազմում, անտեսել է այն հանգամանքը, որ այդ գույքը վերոնշյալ պայմանագրի կնքման պահին արդեն իսկ սեփականաշնորհված է եղել:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Վերաքննիչ դատարանին ներկայացրել է սեփականաշնորհման փաթեթը, որի համաձայն՝ «Բիթլիս» ֆիրմային խանութի տարածքը երբևէ ընդգրկված չի եղել Ընկերության կազմում և երբևէ վերջինիս չի սեփականաշնորհվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել 02.10.1996 թվականին թիվ 315-2 սեփականաշնորհման պայմանագիրը, համաձայն որի մասնավորեցվել է «Բիթլիս» ֆիրմային խանութի միայն 41.000 ՀՀ դրամ արժողությամբ հիմնական միջոցները:

Ավելին, սեփականաշնորհման փաթեթում առկա գնի որոշման վերաբերյալ թիվ 13 եզրափակիչ ակտի համաձայն՝ Ընկերությունը ձեռք է բերել «Բիթլիս» ֆիրմային խանութի հիմնական միջոցները՝ բացառությամբ շենքերի ու շինությունների:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքի նկատմամբ Ընկերությունը գրանցված սեփականության իրավունք չի ունեցել, հետևաբար սույն քաղաքացիական գործով կիրառելի չէին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ սեփականության իրավունքի պաշտպանությանը նվիրված 279-րդ հոդվածի 2-րդ մասը, 273-րդ և 274-րդ հոդվածները:

Անհիմն է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 334-րդ հոդվածի 5-րդ մասի չկիրառումը այն պատճառաբանությամբ, որ հայցային վաղեմությունը չի տարածվում պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց այն ակտերն անվավեր ճանաչելու պահանջների վրա, որոնցով խախտվել է անձի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

     

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

29.11.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ալիսա Շիրինյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

   

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Ալիսա Շիրինյանի վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ալիսա Շիրինյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ 29.11.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ալիսա Շիրինյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) Վարդիթեր Եղիազարյանի վճռաբեկ բողոքին և Ալիսա Շիրինյանի բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել Ալիսա Շիրինյանի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք Վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում:

Այսպիսով, Ալիսա Շիրինյանի վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան