Համարը 
ՀՕ-172-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.610
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.04.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:

Հոդված 2. Հրապարակային ծանուցումը պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով

Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք):

(2-րդ հոդվածը փոփ. 22.10.08 ՀՕ-181-Ն)

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարումը

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:

(3-րդ հոդվածը խմբ. 22.10.08 ՀՕ-181-Ն)

Հոդված 4. Հայտարարությունը ներկայացնելը

1. Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը հայտարարության տեքստը էլեկտրոնային կրիչով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային ֆորմատով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

2. Հայտարարությունը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը: Հայտարարության բովանդակության համար պատասխանատու է այն ներկայացնող անձը:

3. Հայտարարության ընդունման և կայքը վարող անձին փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը փոփ. 22.10.08 ՀՕ-181-Ն)

Հոդված 5. Կայքում հայտարարությունը տեղադրելը

1. Կայքը վարող անձը հայտարարությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է հայտարարության տեքստը կայքում:

2. Կայքում հայտարարությունների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը փոփ. 22.10.08 ՀՕ-181-Ն)

Հոդված 6. Կայքից տեղեկատվություն ստանալը

1. Կայքում տեղադրված հայտարարությանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:

2. Կայքում տեղադրված հայտարարություններն անձը կարող է ստանալ նաև էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:

3. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 4
Երևան
ՀՕ-172-Ն