Համարը 
N 857-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.08.28/47(987) Հոդ.798
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.07.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.08.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1146-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1893-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1724-Ն ՈՒ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1316-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 857-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1146-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1893-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1724-Ն ՈՒ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1316-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Լուծարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայկական ատոմային էլեկտրակայանի և տրանսպորտի ու հաղորդակցության կենտրոնները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 7-րդ կետի «թ» ենթակետը «առողջության» բառից հետո լրացնել «և անվտանգության» բառերով,

բ. 8-րդ կետի «գ» ենթակետը «կանխարգելման և բուժման» բառերից հետո լրացնել «աշխատանքի վայրում առողջության և անվտանգության պահպանման,» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետական առողջապահական տեսչություն

1. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1) Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժին

2) Հիգիենայի բաժին

3) Բժշկական օգնության և սպասարկման, կլինիկական ստանդարտների և ուղեցույցների վերահսկողության բաժին

4) Դեղերի և դեղագործական գործունեության վերահսկողության բաժին

5) Ռիսկերի գնահատման և ստուգումների պլանավորման բաժին

6) Ներքին հսկողության բաժին

7) Իրավական ապահովման և բողոքարկման բաժին

8) Վիճակագրության բաժին

9) Աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժին

10) Աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժին

2. Տարածքային մարմիններ

1) Երևանի քաղաքային կենտրոն

2) Արագածոտնի մարզային կենտրոն

3) Արարատի մարզային կենտրոն

4) Արմավիրի մարզային կենտրոն

5) Գեղարքունիքի մարզային կենտրոն

6) Լոռու մարզային կենտրոն

7) Կոտայքի մարզային կենտրոն

8) Շիրակի մարզային կենտրոն

9) Սյունիքի մարզային կենտրոն

10) Վայոց ձորի մարզային կենտրոն

11) Տավուշի մարզային կենտրոն

12) «Զվարթնոց» միջազգային օդանվակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

13) Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

14) Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

15) «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

16) Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

17) Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

18) Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ»,

բ. «Լիցենզավորման գործակալություն» բառերից առաջ լրացնել «3» թիվը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 7-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «աշխատանքի և» բառերը,

բ. 16-րդ կետից հանել «տեսչությանը» բառը,

գ. 30-րդ կետից հանել «տեսչություն» բառը.

2) որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն» բառերը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1319-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, որից հետո տասնհինգօրյա ժամկետում հաստատել տեսչության հաստիքացուցակը և ապահովել տեսչության պաշտոնների անձնագրերի հաստատումը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության պահպանման ծախսերի վերաբերյալ` հաշվի առնելով այն, որ տեսչության ընթացիկ տարվա և հաջորդ տարվա պահպանման ծախսերը չեն կարող պակաս լինել սույն որոշման համաձայն միաձուլվող տեսչությունների պահպանման ծախսերի հանրագումարից.

3) ստեղծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գույքի փոխանցման հանձնաժողով` վերջինիս կազմում ներգրավելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին:

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ծանուցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունների աշխատողներին տեսչությունների միաձուլման արդյունքում հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից հնարավոր ազատումների մասին.

2) փոխանցման ակտում ներառել և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանն ամբողջությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունների ընթացիկ վարույթների (դիմումների ուսումնասիրություններ, ստուգումներ, պարզաբանումներ և այլն) նյութերը, փաստաթղթերը:

9. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1146-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանը տեղեկատվություն տրամադրելու մասին» N 1893-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1724-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 857-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ներկայացմամբ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության և պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդն է: Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Լիցենզավորման մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունը, տեսչության Երևանի և մարզային կենտրոնները և սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը.

3) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում, առաջարկությունները ներկայացնելը.

4) բժշկական օգնության և սպասարկման բնագավառը կարգավորող օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ հսկողությունը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը.

5) դեղերի և դեղագործական գործունեության բնագավառը կարգավորող օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ հսկողությունը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը.

6) առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման բնագավառը կարգավորող օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ հսկողությունը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը.

7) վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելումը.

8) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման օրենսդրության խախտումների հայտնաբերումը, վարչական վարույթի իրականացումը, պատասխանատվության միջոցների կիրառումը և կանխարգելումը.

9) Հայաստանի Հանրապետության տարածքի և պետական սահմանների սանիտարական պաշտպանության ապահովումը.

10) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողության ապահովումը.

11) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը.

12) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային իրավունքների և ազատությունների պահպանման ու պաշտպանության ապահովումը` ներառյալ աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը, որը ներառում է՝

ա. իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից (բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառի պահանջների) սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը՝ լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների բացահայտման, դրանց վերացման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներից անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը,

բ. բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,

գ. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության (ներգործության) համապատասխան միջոցների կիրառումը,

դ. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը` բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառի պահանջների,

ե. վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) ու քննումը,

զ. բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիթորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

է. վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

ը. վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների վարչական վիճակագրական հաշվառումը,

թ. հիգիենիկ փորձաքննության և լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով օդի, ջրի, հողի և այլ արտադրանքի, առարկաների ու նյութերի նմուշառումը,

ժ. Հայաստանի Հանրապետության տարածքում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով իրավասու մարմիններ առաջարկություններ կամ պահանջ ներկայացնելը՝ կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող՝ վարակիչ հիվանդությունների տարածման հնարավոր աղբյուր հանդիսացող ու վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց հետ շփված անձանց բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ,

ժա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն անձանց, որոնք մանրէակիր կամ որդակիր (հելմինտակիր) են ու վտանգ են ներկայացնում շրջապատի համար և, ելնելով արտադրության կամ կատարվող աշխատանքի առանձնահատկություններից, կարող են հանդիսանալ վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների տարածման աղբյուր, ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելը,

ժբ. շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և մակաբուծային հիվանդություններով տառապող անձանց հոսպիտալացումը,

ժգ. վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում ու այն շենքերում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ, ախտահանում և կրծողների ոչնչացում (դերատիզացիա) կատարել պահանջելը,

ժդ. պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի համակարգի կողմից կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,

ժե. գործող արդյունաբերական, այդ թվում՝ տրանսպորտի, կապի, ոչ պարենային արտադրանքի առևտրի կազմակերպությունների, դպրոցների, մանկական ու բուժկանխարգելիչ հիմնարկների, առողջարանների, մշակութային, կենցաղային նշանակության շենքերի և այլ օբյեկտների, սարքավորումների, հիդրոտեխնիկական սարքավորումների գործունեությունը, կառուցվածքների շահագործումը, տեխնոլոգիական գործընթացները (բացառությամբ սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի արտադրության, իրացման, վաճառքի, պահպանման, օգտահանման կամ ոչնչացման գործընթացների) ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը,

ժզ. քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծումը, կառուցապատումը, վերակառուցումը կամ առանձին տեսակի աշխատանքների կատարումը, շենքերի ու շինությունների կառուցումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ որոշումների ընդունումն այն դեպքերում, երբ դրանք իրականացվում են սանիտարական կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների խախտումներով: Նախագծման, կառուցման ու վերակառուցման աշխատանքները սանիտարական կանոնների խախտումներով կատարելու դեպքում համապատասխան առաջադրանքներ տալը,

ժէ. տնտեսության մեջ և կենցաղում օգտագործման համար նախատեսված հումքի նոր տեսակների, տեխնոլոգիաների, նյութերի (բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի ու պատրաստուկների), արտադրանքի (բացառությամբ սննդամթերքի, սննդային հավելումների), շինարարական նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, կենսաբանական միջոցների, տարաների, փաթեթավորման, պլաստիկ, պոլիմերային և այլ նյութերի արտադրությունը, կիրառումն ու իրացումը կասեցնելու մասին որոշումների ընդունումն այն դեպքում, երբ դրանք հիգիենիկ փորձաքննության արդյունքներով ճանաչվել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր,

ժը. սահմանված կարգով չգրանցված քիմիական նյութերի, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների արտադրությունը, օգտագործումն ու կիրառումն արգելելու մասին որոշումների ընդունումը,

ժթ. խմելու, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրօգտագործման բնագավառում քիմիական նյութերի, միջոցների ու մեթոդների կիրառումը, այլ քիմիական նյութերի, օծանելիքի, գեղահարդարման արտադրանքի կիրառումը ժամանակավորապես արգելելու մասին որոշումների ընդունումն այն դեպքում, երբ առաջացել է մարդու առողջության վրա դրանց վնասակար ազդեցության վտանգ՝ մինչև մշակողի կամ արտադրողի կողմից դրանց անվտանգության վերաբերյալ գիտափորձնական հիմնավորում ներկայացնելը,

ի. խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումների ընդունումը, եթե ջրի որակը չի համապատասխանում անվտանգության սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին,

իա. բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչությունը, բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը,

իբ. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը,

իգ. սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացում, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, նմուշառման և լաբորատոր հետազոտությունների իրականացումը, սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, համատեղ մշակումը և իրականացումը.

2) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում ստուգումների իրականացումը`

ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից քաղաքացիներին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի և անվտանգության, քանակական ու որակական բնութագրիչների, կլինիկական ստանդարտների և ուղեցույցների կատարման նկատմամբ,

բ. ախտաբանաանատոմիական հետազոտությունների, փորձաքննությունների, հերձումների կատարման նկատմամբ,

գ. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման կանոնների, տեխնիկական կանոնակարգերի, կարգերի, չափորոշիչների, չափանիշների, նորմերի և բժշկական զննության իրականացման` օրենսդրության պահանջների համապատասխանության նկատմամբ,

դ. բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության և քաղաքացիներին դրանց կամ դրանցից քաղվածքներ տրամադրելու նկատմամբ,

ե. բժշկական ամլացման իրականացման նկատմամբ.

3) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ ստուգումների իրականացումը.

4) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում ստուգումների իրականացումը`

ա. դեղեր ներմուծող, արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ,

բ. դեղագործական գործունեության նկատմամբ.

5) «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում ստուգումների իրականացումը`

ա. արյան և դրա բաղադրամասերի դոնորության նկատմամբ,

բ. վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման նկատմամբ,

գ. հղիության արհեստական ընդհատման նկատմամբ,

դ. փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ.

6) «Գովազդի մասին», «Դեղերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` առողջապահության բնագավառի և հատուկ նշանակության սննդամթերքի գովազդի մասին օրենսդրության պահանջների ստուգումների իրականացումը.

7) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական վարույթի իրականացումը.

8) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննումը և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառումը.

9) առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

10) աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը, որը ներառում է`

ա. գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ սեմինարների կազմակերպում,

բ. աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպում` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն,

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,

դ. աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառների վերլուծում և գործատուին դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը,

ե. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը,

զ. աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման վիճակի ուսումնասիրում,

է. աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանում` ըստ հաստատված նորմատիվների, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը` մինչև խախտումների վերացումը,

ը. գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում,

թ. աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման և ազատման մասին իրավական ակտերի ընդունման և պահպանման, աշխատանքային գրքույկների վարման ու պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում,

ժ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի հսկում և վերահսկում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների վերականգնման համար,

ժա. աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում,

ժբ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների` ժամանակին վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում,

ժգ. մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողներին` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում,

ժդ. սեռային հատկանիշով պայմանավորված` աշխատանքի ընդունման խտրականության դեպքերի ուսումնասիրում և միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության համար,

ժե. աշխատանքի վայրում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման և օգտագործման կարգի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով,

ժզ. գործատուներից պահանջվում է համապատասխան միջոցների ձեռնարկում` ուսումնասիրության և (կամ) ստուգումների արդյունքում աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները վերացնելու համար, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը,

ժէ. ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներին վերաբերող նյութերն իրավապահ մարմիններ ներկայացնելը,

ժը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դատարան դիմելը,

ժթ. տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին տարեկան հաշվետվությունների կազմում,

ի. քաղաքացիների ընդունելության կատարում, քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումների, բողոքների և առաջարկների քննարկում:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է և դրա գործունեությանը համակարգում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ՝ նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Տեսչության ընդհանուր կառավարման նպատակով ստեղծվում է տեսչության կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ):

12. Խորհրդի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

13. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

14. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

15. Խորհրդի գործունեության նպատակն է ապահովել տեսչության գործունեության արդյունավետությունը և նպաստել ոլորտի անվտանգության ապահովմանը:

16. Խորհրդի լիազորություններն են`

1) տեսչության գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերին հավանություն տալը.

2) ստուգումներին առնչվող ուղեցույցներին հավանություն տալը.

3) տեսչության պետի կողմից ներկայացված տեսչության տարեկան և ընթացիկ հաշվետվություններին հավանություն տալը.

4) տեսչության պետի կողմից ներկայացված` կիրառված պատասխանատվության միջոցների մասին հաշվետվություններին հավանություն տալը.

5) յուրաքանչյուր տարի նախատեսված ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված` տեսչության գործունեության թիրախների սահմանումը, որոնք ներառում են`

ա. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ՝ ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտներ) թվի աճ,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտում հանրությանն սպառնացող ռիսկերի կրճատում,

գ. տեսչության կատարողականի և գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացում.

6) տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկին հավանություն տալը, որոնցով նախատեսված է գնահատելու տեսչության կողմից իր խնդիրների իրագործումը: Խորհուրդը կարող է մերժել ցանկում ներառված ցուցանիշները կամ նպատակահարմար գտնելու դեպքում ավելացնել այլ ցուցանիշներ: Խորհրդի կողմից հաստատված ցանկը պետք է ներառի հետևյալ ցուցանիշները`

ա. հաշվետու ժամանակաշրջանում պլանավորված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների հարաբերակցություն,

բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների քանակ,

գ. ստուգման կամ դրա ավարտից հետո վերացված խախտումների քանակ,

դ. հայտնաբերված և դատական կարգով լուծված խախտումների քանակ,

ե. տեսչության կողմից վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտներին տրված ուղեցույցների քանակ:

17. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում տեսչությունը խորհրդին ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ ընթացիկ եռամսյակային հաշվետվություններ, որոնք խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ: Սահմանված ցուցանիշներին կամ թիրախներին չբավարարելու դեպքում խորհուրդը կարող է տեսչությանը տալ կատարողականի բարելավմանն ուղղված ցուցումներ:

18. Սույն կանոնադրության 17-րդ կետի իմաստով` տնտեսավարող սուբյեկտը համարվում է համապատասխանող, եթե համապատասխանում է ստուգաթերթի ռիսկայնության միավորների առնվազն 80%-ին բաժին ընկնող հարցերին:

18. Խորհուրդն իր նիստերը հրավիրում է առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

19. Խորհուրդը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

20. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:

21. Խորհրդի քարտուղարությունն իրականացվում է տեսչության աշխատողների միջոցով:

22. Խորհրդին կից գործում է բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով), որն ստեղծվում է տեսչության և նրա աշխատողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ բերված բողոքների քննության և լուծման նպատակով:

23. Բողոքարկման հանձնաժողովը խորհրդի կողմից ձևավորվող մարմին է, որը բաղկացած է նախագահից և վեց անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում իրականացնում են հասարակական հիմունքներով: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել տվյալ տեսչության աշխատող:

24. Բողոքարկման հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե այդ նիստերին մասնակցել են հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

25. Բողոքարկման հանձնաժողովին դիմում-բողոք ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցվում է փոստի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը (մասնագետը): Դիմում-բողոքները տեսչության կողմից քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 30 օրվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություններ պահանջող դեպքերում տեսչության ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Բողոքարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքը ներկայացնողին ուղարկում է դիմում-բողոքի վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումը:

26. Բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողով դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատում է խորհուրդը:

27. Տեսչության պետը պատասխանատու է սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

28. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, տեսչության կառավարման խորհրդին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նախարարության աշխատակազմի ղեկավարին:

29. Տեսչության պետը՝

1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) նախարարին կամ նրա տեղակալին, տեսչության կառավարման խորհրդին, նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև տալիս տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում տեսչության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) նախարարին և աշխատակազմի ղեկավարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, ապահովում նախարարի կամ նրա տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը.

6) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

7) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության տարածքային մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, որոշումները և ցուցումները.

9) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունը, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

10) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

13) իրավասու մարմիններին ներկայացնում է առաջարկություններ մարդու կյանքի և առողջության համար անվտանգության ցուցանիշներ սահմանող Հայաստանի Հանրապետության ստանդարտները, տեխնիկական պայմանները, նորմատիվային այլ ակտեր բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ.

14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

30. Տեսչության պետի բացակայության դեպքում տեսչության պետի ներկայացմամբ և նախարարի համաձայնությամբ կամ դրա անհնարինության դեպքում՝ նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

31. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

32. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Տեսչության մարզային կենտրոնները և սանիտարական կարանտինային կետերն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր:

33. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական աշխատանք իրականացնող վարձու աշխատողներ և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք են:

34. Տեսչության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 857-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

1. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1) Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժին

2) Հիգիենայի բաժին

3) Բժշկական օգնության և սպասարկման, կլինիկական ստանդարտների և ուղեցույցների վերահսկողության բաժին

4) Դեղերի և դեղագործական գործունեության վերահսկողության բաժին

5) Ռիսկերի գնահատման և ստուգումների պլանավորման բաժին

6) Ներքին հսկողության բաժին

7) Իրավական ապահովման և բողոքարկման բաժին

8) Վիճակագրության բաժին

9) Աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժին

10) Աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժին

 

2. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

1) Երևանի քաղաքային կենտրոն

2) Արագածոտնի մարզային կենտրոն

3) Արարատի մարզային կենտրոն

4) Արմավիրի մարզային կենտրոն

5) Գեղարքունիքի մարզային կենտրոն

6) Լոռու մարզային կենտրոն

7) Կոտայքի մարզային կենտրոն

8) Շիրակի մարզային կենտրոն

9) Սյունիքի մարզային կենտրոն

10) Վայոց ձորի մարզային կենտրոն

11) Տավուշի մարզային կենտրոն

12) «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

13) Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

14) Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

15) «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

16) Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

17) Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

18) Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան