Համարը 
ՀՕ-140-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.2
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.12.2013
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

 

«Հոդված 29.1. Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

 

Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` սույն օրենքի 30.2 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:

Պարտավոր անձի կողմից գումարը գանձելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

Գանձման ընթացքում պարտավոր անձի կողմից հարկային պարտավորությունները մարվելու դեպքում գումարը գանձելու մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում, և գանձումը դադարեցվում է:

Եթե մինչև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածի 2-րդ մասով սահմանված 10-օրյա ժամկետը լրանալը պարտավոր անձը մարում է պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը, և ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ գույքի վրա արգելանք դնելու և պարտավորությունն ըստ ժամանակացույցի չմարելու դեպքում ակնհայտորեն կվտանգվի իր գործունեությունը, ապա տեղական ինքնակառավարման մարմինը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածի 2-րդ մասով արգելանք կիրառելու համար սահմանված հիմքերի բացակայության դեպքում պարտավոր անձի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչև 6 ամիս ժամկետով: Պարտավորության մարման ժամանակացույց կնքելու դեպքում պարտավոր անձի գույքի վրա արգելանք չի դրվում:

Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց կարող են կնքել նաև պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելուց հետո` սույն հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան: Գույքի վրա արգելանք դնելուց հետո պարտավորության մարման ժամանակացույց կնքելու դեպքում արգելանք դնելու մասին որոշումը ճանաչվում է ուժը կորցրած:

Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր վճարման ժամկետն ավելի քան 10 օրով խախտելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը դադարեցնում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը: Պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը դադարեցնելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինն ընդունում է վարչական ակտ, որի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում է պարտավոր անձին: Այդ վարչական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու օրվանից 30 օր հետո պարտավոր անձից գումարը գանձելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի, և պարտավոր անձից գումարը գանձվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88 հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 29.2. Սույն օրենքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59 հոդվածով սահմանված կարգով՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:

 

Եթե հարկ վճարողը դիմել է հարկային մարմին, առաջարկելով սույն օրենքի 29.1 հոդվածի 1-ին և 7-րդ, ինչպես նաև 30.2 հոդվածի 4-րդ և 5-րդ պարբերություններում նշված վարչական ակտերն իրեն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ իր կողմից հարկային մարմնին տրամադրված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, ապա պատշաճ ծանուցում է նաև հարկ վճարողի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կատարված ծանուցումը, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 4. Օրենքի 30.2-րդ հոդվածում`

 

1) երկրորդ պարբերությունը «կազմելու դեպքում» բառերից հետո լրացնել «, եթե հարկային մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա» բառերով.

2) երրորդ պարբերության «Գույքի արգելանքը» բառերը փոխարինել «Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը» բառերով.

3) հինգերորդ պարբերությունը «հարցը,» բառից հետո լրացնել «չկատարված պարտավորության չափը,» բառերով.

4) տասներեքերորդ պարբերության «արգելանք դնելուց հետո՝ 1-ամսյա ժամկետում,» բառերը հանել, «դատարան հայց» բառերը փոխարինել «վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերով, իսկ «կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության» բառերը հանել.

5) տասներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արգելանք կիրառած անձինք և մարմինները պարտավոր են անհապաղ վերացնել իրենց կիրառած արգելանքը, եթե հարկ վճարողը ներկայացնում է պարտավորությունը լրիվ չափով վճարելը հավաստող անդորրագիրը կամ 29.1 հոդվածով սահմանված կարգով կնքված պարտավորության աստիճանական մարման ժամանակացույցը:».

6) տասնչորսերորդ պարբերությունը առաջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել գումարը գանձելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետում: Արգելանք դնելու մասին որոշումը դառնում է անբողոքարկելի հարկ վճարողից գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու հետ միաժամանակ:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-140-Ն