Համարը 
ՀՕ-117-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.643
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.06.2014
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
02.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իզ» կետով.

 

«իզ) գույք` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված գույք:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանխիկ Հայաստանի Հանրապետության արժույթի կամ արտարժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի հայտարարագրման դեպքում նշվում են նաև տեղեկություններ դրանք ձեռք բերելու աղբյուրի վերաբերյալ: Ըստ ներկայացնողի արժեթղթերի հայտարարագրումն իրականացվում է Կենտրոնական բանկի սահմանած կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությամբ:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4. Մաքսային մարմինը մերժում է արժութային արժեքների և ըստ ներկայացնողի արժեթղթերի վերաբերյալ ֆիզիկական անձի լրացրած մաքսային հայտարարագրի ընդունումը, եթե դրանում բացակայում են օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված լրացման համար պարտադիր տեղեկություններ:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 155-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ոսկու, այլ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք քարերի անսովոր տեղափոխումների դեպքում պետք է միջազգային պայմանագրերի հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա տեղեկացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքների արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանման երկրի մաքսային կամ այլ իրավասու մարմիններին, ինչպես նաև համագործակցեն այդ մարմինների հետ` այդ ապրանքները ձեռք բերելու աղբյուրը, արտահանման երկիրը և տեղափոխման նպատակը պարզելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:»:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 155.1-ին հոդվածով.

 

«Հոդված 155.1. Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը

 

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն կամ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված ահաբեկչության հետ կապված անձանց անունների հետ արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում իրականացնող անձանց անունների համընկնումների դեպքում մաքսային մարմինը պետք է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անմիջապես որոշում կայացնի այդ անձանց գույքն անորոշ ժամկետով սառեցնելու մասին:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 156-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.

 

«3. Արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի ներմուծման, արտահանման, ինչպես նաև տարանցիկ փոխադրման դեպքերում մաքսային մարմինները պետք է տեղեկություններ ներկայացնեն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմին՝ վերջինիս սահմանած կարգով:

4. Մաքսային մարմիններն առնվազն 5 տարի ժամկետով պետք է պահպանվեն արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի գումարի և դրանք տիրապետողներին նույնականացնող տեղեկություններն այն դեպքերում, երբ ներմուծման, արտահանման, ինչպես նաև տարանցիկ փոխադրման վերաբերյալ՝

1) սահմանված հայտարարագիր է ներկայացվում մաքսային մարմիններ.

2) ներկայացվում է ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագիր, կամ խախտվում են փոխադրման արգելքի վերաբերյալ սահմանված պահանջները.

3) կասկածներ են առաջանում փողերի լվացման և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ:»:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 156.1-ին հոդվածով.

 

«Հոդված 156.1. Արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխման կասեցումը

 

1. Մաքսային մարմինները «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնից կամ իրավապահ մարմնից, օրենսդրությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստացված տեղեկությունների հիման վրա կասեցնում են ֆիզիկական անձի կողմից արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը և կազմում են արձանագրություն 2 օրինակից՝ օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Արձանագրության մեկ օրինակ հանձնվում է արժութային արժեքները և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը տեղափոխող անձին, իսկ մյուս օրինակը պահպանվում է մաքսային մարմնի մոտ:

2. Մաքսային մարմինները արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը կասեցնելուց հետո անմիջապես տեղեկացնում են համապատասխան տեղեկությունները տրամադրած, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված լիազոր մարմնին կամ իրավապահ մարմնին:

3. Եթե մաքսային մարմինն արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի կասեցման պահից 30 օրվա ընթացքում չի ստանում լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի կայացրած որևէ որոշում (տեղեկացում), ապա մեկ օրվա ընթացքում որոշում է կայացնում արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի կասեցումը վերացնելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում պատվիրված նամակով (հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնում է արժութային արժեքները և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը տեղափոխող անձին: Սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետում արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի կասեցումը լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի կողմից վերացնելու մասին որոշում (տեղեկացում) ստանալու դեպքում կամ իրավապահ մարմնի կողմից կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի վրա կալանք կիրառելու դեպքում մաքսային մարմինը մեկ օրվա ընթացքում պատվիրված նամակով (հանձնման մասին ծանուցմամբ) տեղեկացնում է արժութային արժեքները և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը տեղափոխող անձին: Կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի կասեցումը վերացնելու դեպքում նամակում պետք է նշվեն արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի հանձնելու կարգը, ինչպես նաև սահմանված ժամկետներում դրանք չստանալու հետևանքները։

5. Կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը ենթակա են պահպանության դրանց տեղափոխումը կասեցրած մաքսային մարմնի կողմից՝ օրենսդրական կամ գերատեսչական ակտի հիման վրա:

 6. Հանձնման ենթակա կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի պահպանման առավելագույն ժամկետը կազմում է չորս ամիս, որի ընթացքում անձի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից արժութային արժեքները և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերը չպահանջվելու դեպքում դրանք դառնում են պետության սեփականությունը՝ օրենսդրության համաձայն։

7. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է փոստային առաքանու վրա նշված հանձնման օրվանից կամ մաքսային մարմնի կողմից փոստային առաքանու հանձնման անհնարինության մասին ծանուցման ստացման օրվանից։»:

 

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 156.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 156.2. Մաքսային մարմիններին և ծառայողներին պատասխանատվությունից ազատելու հիմքերը

 

1. Իրենց գործառույթներն իրականացնելիս մաքսային մարմինները և ծառայողները չեն կարող ենթարկվել քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենսգրքով նախատեսված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում օրենսդրությամբ իրենց պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում:»:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 202.1-ին հոդվածով.

 

«Հոդված 202.1. Մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ արժույթի չափով կամ ըստ ներկայացնողի արժեթղթի անվանական արժեքի կամ դրանով տրվող հանձնարարության գումարի չափով:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-117-Ն