ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.»:
Հոդված 2.
Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«Երեխաների դաստիարակության հետ առնչվող կատարողական գործողություններն իրականացվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:»:
Հոդված 3.
Օրենքի 28-րդ`
ա) հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:».
բ) հոդվածի 4-րդ կետի «դատարան`» բառի բութը հանել, կետը «դատարան» բառից հետո լրացնել «կամ վերադասության կարգով» բառերով.
գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6. Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:»:
Հոդված 4.
Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ մասով.
«Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարություն է վերցնում պարտապանից` նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության սահմանած կարգով: Պարտապանի կողմից` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 5.
Օրենքի 33-րդ`
ա) հոդվածի 1-ին կետի «ժամը 08.00-ից մինչև 18.00-ը» բառերը փոխարինել «ժամը 08.00-ից մինչև 20.00-ն» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Կատարողական գործողությունների կատարմանը հարկադիր կատարողի որոշմամբ պարտադիր մասնակից են դարձվում նաև ընթերականեր:»:
Հոդված 6.
Օրենքի 34-րդ հոդվածը «ժամկետում» բառից հետո լրացնել «, որի մեջ չի մտնում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու և պարտապանի կամ նրա գույքի հետախուզման ժամկետը,» բառերով:
Հոդված 7.
Օրենքի 40-րդ հոդվածի`
ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պարտապանի գույքի և (կամ) պարտապան իրավաբանական անձի հետախուզումն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը, իսկ ֆիզիկական անձի հետախուզումն իրականացնում են ներքին գործերի մարմինները, ինչպես նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):».
բ) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-րդ հոդվածով.
«Հոդված 43.1. |
Հարկադիր կատարողի կողմից բռնագանձում կատարելու համար բնակարան (շենք, շինություն, պահեստարան և այլն) մուտք գործելը |
Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու համար հարկադիր կատարողը պարտապանի բնակարան (շենք, շինություն, պահեստարան և այլն) ազատ մուտք գործելու իրավունք ունի:
Այլ անձանց մոտ գտնվող` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու համար հարկադիր կատարողը բնակարան (շենք, շինություն, պահեստարան և այլն) մուտք է գործում այդ բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի) համաձայնությամբ:
Բնակարան (շենք, շինություն, պահեստարան և այլն) մուտք գործելու մասին սեփականատիրոջ (վարձակալի) համաձայնությունը չստանալու կամ նրա բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է այնտեղ մուտք գործել դատարանի որոշման հիման վրա:»:
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-րդ հոդվածով.
«44.1. |
Պարտապանի գույքն արգելանքից հանելը |
Պարտապանի` արգելանքի տակ գտնվող գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.
2) պարտապանը և պարտատերը կնքել են հաշտության համաձայնություն.
3) կատարվել է պարտավորությունը.
4) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:»:
Հոդված 10.
Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գույքի իրացումից ստացված գումարը հարկադիր կատարողի որոշմամբ բաշխվում է սույն օրենքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 11.
Օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12.
Օրենքի 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. |
Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը |
1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից:
2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերն արվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Եթե կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի գույքի անբավարար լինելու կամ գույքի բացակայության հետևանքով, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերի չփոխհատուցված մասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից:
4. Եթե կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա կատարողական գործողությունների ծախսերը հարկադիր կատարողի որոշմամբ բռնագանձվում են պահանջատիրոջից:»:
Հոդված 13.
Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետը «գումարից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից,» բառերով:
Հոդված 14.
Օրենքի 70-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.
«Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո: Բռնագանձված գումարն անբավարար լինելու դեպքում դա համապատասխան հերթի պահանջատերերի միջև բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:»:
Հոդված 15.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 70.1-րդ հոդվածով.
«Հոդված 70.1. |
Պահանջատերերի պահանջների բավարարումը նույն պարտատիրոջ գույքի նկատմամբ բռնագանձման երկու կամ ավելի վճիռների առկայության դեպքում |
Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ կան բռնագանձման երկու կամ ավելի դատարանի վճիռներ, ապա պահանջատերերի պահանջները բավարարվում են ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության:»:
Հոդված 16.
Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 17.
Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը կրկին անգամ դիտավորյալ չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքում հարկադիր կատարողը միջնորդություն է ներկայացնում դատարան` մեղավոր անձանց` օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դատախազություն` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:»:
Հոդված 18.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 72.1-րդ հոդվածով.
«Հոդված 72.1. |
Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը |
1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձվում են դատարանի վճռով:
Դատարանը տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումը քննում է դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը և տուգանքի ենթարկված անձը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:
2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա սույն օրենքի համաձայն նշանակված տուգանքները չեն բռնագանձվում, իսկ բռնագանձված տուգանքները վերադարձվում են պետական բյուջեից:»:
Հոդված 19.
Օրենքի 78-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 78. |
Սակարկությունների կազմակերպումը |
1. Պարտապանի գույքի իրացումը կատարվում է գույքը սակարկություններով վաճառելու միջոցով:
Սակարկություններն անցկացվում են աճուրդի ձևով:
Աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:
3. Պարտապանի` շուտ փչացող, ինչպես նաև սակավարժեք (սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով) գույքն իրացվում է ինչպես սակարկությունների, այնպես էլ առևտրային կազմակերպությունների միջոցով` պայմանագրային հիմունքներով:»:
Հոդված 20.
Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումն աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ ուղարկվում է պարտապանին:»:
Հոդված 21.
Օրենքի 80-րդ հոդվածի`
ա) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնող անձինք վաճառվող գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով նախավճար են մուծում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին` այն կարգով ու ժամկետներում, որոնք նշված են աճուրդի անցկացման հաղորդագրության և կանոնակարգի մեջ:».
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Այդ գումարը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:»:
Հոդված 22.
Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին կետը «օրենքի» բառից հետո լրացնել «79-րդ հոդվածի 4-րդ կետով և» բառերով:
Հոդված 23.
Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.»:
Հոդված 24.
Օրենքի 83-րդ`
ա) հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Չկայացած աճուրդից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է կրկնակի աճուրդ:».
բ) հոդվածի 2-րդ կետում «քսան» բառը փոխարինել «տասը» բառով.
գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Երկրորդ աճուրդից հետո գույքը չվաճառվելու դեպքում գույքն առաջարկվում է պահանջատիրոջը:»:
Հոդված 25.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 6 հոկտեմբերի 2001 թ. ՀՕ-222
|
|